Ավանդական արհեստներ և կիրառական արվեստ

Թեմաներ

Ավանդական արհեստներ և կիրառական արվեստ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՆ ՈՒ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ արցախցու կյանքի ու ժամանակի մեջ հյուսված կենդանի հիշողություն են՝ ձեռքի շարժման, նյութի շնչի և մարդու ներաշխարհի ներդաշնակ համաձուլվածք։ Յուրաքանչյուր շարժում, գիծ, գույն ու ձև ծնվում են ոչ միայն սովորույթի ու վարպետության, այլև հավատքի, փորձի ու ժառանգական գիտելիքի խորքից՝ դառնալով անտեսանելի կապ անցյալի և ներկայի միջև։

Քարի, փայտի, մետաղի, կավի ու թելի հետ երկխոսության մեջ ձևավորվում է մի աշխարհ, որտեղ նյութը խոսում է, իսկ վարպետը լսում ու փոխանցում է նրա գաղտնիքները։ Ձեռագրի նուրբ գծերից մինչև խաչքարի փորագրություն, գորգի զարդանախշերից մինչև զարդարվեստի փայլ՝ ամենը խորհրդանշանների լեզու է, որը ընկալելի է դառնում սրտով ու հոգով տեսնել կարողացողին։

Այս ժառանգությունը չի սահմանափակվում տարածքով, թեպետ իր մեջ կրում է տարածքի հիշողության կոդերը․ այն շարունակվում է ձեռքի քնքշանքով, շարժման ռիթմում և սերնդեսերունդ փոխանցվող փորձառությամբ։ Այստեղ վարպետությունը դառնում է պատմելու ձև, իսկ յուրաքանչյուր ստեղծագործություն՝ ինքնության մի մասնիկ։ Այս ենթաբաժինը կօգնի զգալու, բացահայտելու և վերապրելու այն ներքին աշխարհը, որտեղ արհեստը վերածվում է արվեստի, իսկ արվեստը՝ ժառանգության։ Հնուց ի վեր Արցախում տարածված էին տարբեր արհեստներ: Տարբեր բնակավայրերում գործող արհեստավորները՝ որմնադիրները (բա̈ննահ), հյուսները (դո̈ւլգյա̈ր), դարբինները (դա̈մո̈ւրչի), պայտարները (նալբա̈նդ), տակառագործները (բօնդուր), կլեկչիները (ղըլէչի), համետագործները (փալանդո̈ւզ), դերձակները (դա̈րզի), սափրիչները (դա̈լլաք), կոշկակարները (սապօժնիգյ), կարպետագործները ևն, մեծ անուն ունեին, նրանք ապահովում էին թե՛ իրենց, թե՛ հարևան գյուղե րի բնակիչների պահանջները, իսկ շատերը` նաև մեկնում արտագնա աշխատանքի: Արհեստավորների մեծ մասն ունենում է աշակերտ (շագյէրդ): 19-րդ դարի վերջերին-20-րդ դարի սկզբներին իր արհեստավորներով առանձնապես հռչակված էր Շուշի քաղաքը:

Ղարաբաղցէն մըղըրաճա̈նջյ ա՝ խարտը կուրցըրած։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 1․Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 82-85։ 2․Աբրահամյան Ե., Մեծ Թաղեր, Ստեփանակերտ, 2009, էջ 246-262։ 3․Тер-Саркисянц А., Армяне Нагорного Карабаха. История. Культура. Традиции, Москва, 2015, էջ 591: 4․ Мкртчян А., Общественный быт армян Нагоного Карабаха (вторая половина XIX– начало XX в.), Ереван, 2010, 168 с.

Ավելի մանրամասն գիտական աղբյուրները ՝ տե՛ս մեր Գրադարանի, Արցախի ժողովրդագիտություն մատենաշարը, հ 1-6 և թեմատիկ շարքը։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft