Կյիրը սօ̈րփ ա, աշկէրը յա կյիրին կալյած, յա յիրգյինքյին․․․
Արցախի ձեռագրական ավանդույթը հայ միջնադարյան մշակույթի կարևոր դրսևորումներից է։ Այն ներառում է ձեռագիր մատյանների ստեղծումը, ընդօրինակումը, նկարազարդումն ու պահպանումը, գրչության հետ կապված գիտելիքների, հմտությունների, կրթական փորձի և հոգևոր արժեքների փոխանցումը սերնդեսերունդ։
Միջնադարում Արցախի վանքերն ու եկեղեցիները՝ Խադավանքը, Դադիվանքը, Գանձասարը, Գտչավանքը, Հակոբավանքը, Եղիշե առաքյալի վանքը, Երից Մանկանց վանքը և այլ հոգևոր կենտրոններ, եղել են գրչության, ուսուցման և մատենական ժառանգության պահպանման կարևոր վայրեր։ Այստեղ աշխատել են գրիչներ, ծաղկողներ, կազմողներ, ուսուցիչներ ու հոգևորականներ, որոնց շնորհիվ ստեղծվել և տարածվել են աստվածաբանական, մեկնողական, պատմական, ծիսական, ուսումնական և այլ բնույթի ձեռագիր մատյաններ։
Ձեռագիր մատյանը Արցախում միայն գրված տեքստ կամ արվեստի նմուշ չէր։ Այն հավատքի, գիտելիքի, հիշողության և համայնքային ինքնության կրող էր։ Մատյանների ստեղծման գործընթացը միավորում էր տարբեր հմտություններ՝ գրի մշակույթ, լեզվի իմացություն, գեղագրություն, մանրանկարչություն, կազմարարություն, նյութերի պատրաստում և պահպանման խնամք։ Այս ամբողջ շղթան ձևավորում էր կենդանի ավանդույթ, որի կենտրոնում մարդն էր՝ իր գիտելիքով, հավատքով և պատասխանատվությամբ փոխանցվող ժառանգության հանդեպ։
Արցախի ձեռագրական մշակույթի կարևոր առանձնահատկություններից է նաև ձեռագրապահպանությունը։ Արցախի վանքերում և բնակավայրերում ոչ միայն ստեղծվել են ձեռագրեր, այլև դարերով պահպանվել են հայկական ձեռագրական մշակույթի բացառիկ հուշարձաններ։ Դրանց թվում են Վեհամոր Ավետարանը, Հռոմկլայի Ավետարանը, Հաղբատի Ավետարանը, Թարգմանչաց Ավետարանը, Գանձասարի Կարմիր Ավետարանը և այլ արժեքավոր մատյաններ։ Այս հանգամանքը վկայում է, որ Արցախը եղել է ոչ միայն գրչության, այլև մշակութային հիշողության պահպանման կարևոր տարածք։
Առանձնահատուկ նշանակություն ունի Խադավանքը, որտեղ 13-րդ դարի սկզբին ձևավորվել է մատենադարան և գրչության կենտրոն։ Արձանագրական և ձեռագրական աղբյուրները վկայում են, որ այստեղ գործել է կրթական ու գրավոր մշակույթի հաստատուն միջավայր։ Դադիվանքը ևս կարևոր կենտրոն էր, որտեղ հոգևոր կյանքը, ճարտարապետությունը, որմնանկարչությունը և ձեռագրական ավանդույթը փոխկապակցված էին։ Գանձասարը՝ որպես Արցախի նշանավոր հոգևոր ու մշակութային կենտրոն, կապված է արժեքավոր ձեռագրերի պահպանման և տարածման հետ։
Արցախում ստեղծված կամ պահպանված ձեռագրերի զգալի մասը այսօր գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ինչպես նաև աշխարհի տարբեր գրադարաններում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Դրանց հիշատակարանները արժեքավոր տեղեկություններ են հաղորդում գրիչների, պատվիրատուների, վանքերի, իշխանական տների, նվիրատվությունների, կրթական միջավայրի և ժամանակի պատմական իրադարձությունների մասին։
2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Արցախի տարածքում մնացած հայկական վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, արձանագրությունները և մշակութային այլ հուշարձաններ կանգնած են լուրջ վտանգի առաջ։ Այդ պայմաններում Արցախի ձեռագրական ավանդույթի ուսումնասիրությունն ու հանրահռչակումը դառնում են ոչ միայն գիտական, այլև հիշողության պահպանման և մշակութային շարունակության կարևոր գործ։
Արցախի ձեռագրական ավանդույթը մեր ժողովրդի հոգևոր տոկունության, գիտելիքի հանդեպ հարգանքի և ստեղծարար մտքի վկայությունն է։ Այն հիշեցնում է, որ անգամ պատմական ամենածանր պայմաններում Արցախում շարունակվել է գիրք ստեղծելու, գիտելիք պահպանելու և սերունդներին փոխանցելու բարձր մշակույթը։
Ավելին իմանալու համար
Տե՛ս՝ Կարեն Մաթևոսյան, Թամարա Մինասյան, «Արցախ․ վանքեր, եկեղեցիներ և ձեռագրեր», Սուրբ Էջմիածին, 2025։
Թեմայի վերաբերյալ կարող եք ծանոթանալ նաև Թամարա Մինասյանի «Արցախի գրչության կենտրոնները» աշխատությանը, ինչպես նաև «Manuscript Heritage of Artsakh and Utik և Le Patrimoine Manuscrit de l’Artsakh et de l’Outik» հրատարակություններին։