Գորգագործություն և տեքստիլ ավանդույթներ

Ենթաթեմաներ

Նյութեր

Գորգագործություն և տեքստիլ ավանդույթներ

Գորգագործությունն Արցախի արհեստագործության հնագույն ճյուղերից է:

Ծըմըէռն ա՝ կյարունքը պատէն, Ամըէռն ա՝ կյարունքը պատէն:

Մինչև 20-րդ դարի 20-30-ական թվականները այն հիմնականում տնային արհեստ էր, որով առավելապես զբաղվում էին կանայք և աղջիկները ազատ ժամանակ, հատկապես՝ ձմռանը: Որպես հիմնական հումք՝ օգտագործում էին ոչխարի բուրդը (երբեմն՝ ուղտի բուրդը, այծի մազը, բամբակը), որից ստացված թելը գունավորում էին հանքային, կենդանական ու հատկապես բուսական ներկերով (ըռանգյ):

Գորգը գործվում էր գորգագործական հաստոցի (տօրք) վրա՝ հանգուցավոր եղանակով հյուսելով երեք տեսակի թելերով՝ հենքի թել, միջնաթել, գործաթել, որոնցից առաջին երկուսը թողնվում էր հյուսվածքի մեջ, իսկ երրորդի միջոցով, որով կապում էին առանձին հանգույցները, ստեղծվում էր գորգի խավը: Գորգագործը թելերը հյուսվածքի մեջ էր անցկացնում կեռ գործիքով (թիլատու) և յուրաքանչյուր անգամ ատամնավոր գործիքով (կուփէչ) հարվածելով (կուփկուփէլ)՝ նստեցնում և խտացնում գործածը: Թելը կտրում էին կոր և սուր դանակով, ավելորդ, ցցված մազերը խուզում մկրատով:

Մեծ գորգերի հենքի վրա միաժամանակ աշխատում էին մի քանի հոգի, առանց իրար խանգարելու: Գորգագործը սովորաբար գործում էր՝ ընդօրինակելով ձեռքի տակ եղած որևէ գորգ (ըրէնակ):

Գորգագործությունը աշխատատար և մեծ լարում պահանջող բնագավառ է, ահա թե ինչու պատմում են, որ այն մարդուն սովորեցրել է սատանան՝ ցանկանալով հալումաշ անել նրանց: Արցախում էլ, ինչպես ազգագրական այլ շրջաններում, գորգագործը խույս էր տալիս իր գործած գորգի ծավալը ուրիշին հայտնելուց՝ միաժամանակ զգուշանալով նաև ծանր ոտք (ծանդըր վըէննը) ունեցողից, և որպես չար աչքը (չար աշկ) խափանող միջոց՝ տորքի ետևում կամ մեկ այլ ծածուկ տեղ ջրով լի գավաթի մեջ դնում էր մի ձու: Գորգերը սովորաբար մաքրում էին տեղացած ձյան վրա փռելով և փայտով ծեծելով, իսկ հաճախ մաքրում ու պայծառեցնում էին քացախաջրով: Արցախյան գորգերը մեծ համբավ ունեին նաև նրա սահմաններից դուրս:

Գորգագործական լուրջ կենտրոն էր Շուշի քաղաքը, որտեղից գնած գորգերը գորգավաճառները վաճառում էին տարբեր երկրներում: Իրենց գորգերով հայտնի էին նաև Հադրութ, Թաղլար, Տումի, Տող, Ճարտար, Աշան, Բերդաշեն, Թաղավարդ, Ավետարանոց, Շոշ, Բադարա, Դաշբուլաղ, Վանք, Կուսապատ, Հաթերք, Թալիշ, Գետաշեն և այլ գյուղերը:

Արցախյան գորգերը բազմազան են ու բազմատեսակ: Դրանք տարբերվում են ըստ ձևերի ու չափերի՝ խալի (մեծ գորգ), խալիչա (փոքր գորգ), յան գյաբա (նեղ և երկար գորգ` ուղեգորգ) ևն, ըստ տեղի և նախշերի՝ Ջրաբերդ, Ամարաս, Խնձորեսկ, Ղօչպօզյ, Ճարտար, Վարանդա, Վիշապագորգ (Յէլմար), Քյըթավուր (կենտրոնում գաթայի նման կլոր նախշազարդ ունեցող) ևն: Արցախյան հրաշապատում որոշ հեքիաթներում հանդես է գալիս կախարդական գորգը(թըռչօղ գյաբա):

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft