Ասեղնագործություն

Նյութեր

Ասեղնագործություն

Ասեղնագործության վաղ վկայությունները

Արցախի գործվածքների մասին մեզ հասած վաղագույն գրավոր վկայություններից մեկը հանդիպում է Մովսես Կաղանկատվացու աշխատության մեջ։ Պատմիչը, անդրադառնալով 680 թվականին Աղվանից Ջիվանշիր իշխանի սպանությանը, Արցախի լեռնային բնակավայրերից մեկում հիշատակում է «մետաքսահյուս ու կերպաս դիպակներ» և «գունագեղ կարպետներ»։

Ասեղնագործության մասին առավել որոշակի տեղեկություններ է հաղորդում Կիրակոս Գանձակեցին։ Նրա վկայությամբ՝ Խաչենի իշխան Վախթանգ Հաթերքեցու կինը՝ Արզուխաթունը, իր աղջիկների հետ 1191–1214 թվականներին Գետիկի, Հաղբատի, Մակարավանքի և Դադիվանքի խորանների համար պատրաստել է գորգագործական և ասեղնակարի տեխնիկայով կատարված վարագույրներ ու ծածկոցներ։ Պատմիչը դրանք ներկայացնում է որպես մեծ վարպետությամբ ստեղծված և հարուստ գեղազարդմամբ առանձնացող աշխատանքներ։

Ասեղնագործությամբ և ոստայնանկությամբ զբաղվելը բնորոշ էր նաև իշխանական տների կանանց ու աղջիկներին։ XIX դարի վերջերին Երվանդ Լալայանը գրել է, որ Արցախի մելիքների ընտանիքների կանայք ու աղջիկները մետաքսե թել էին մանում, ասեղնագործում, քսակներ և այլ ձեռագործ իրեր պատրաստում։

XIX դարի երկրորդ կեսի ազգագրական նյութերը ցույց են տալիս, որ ասեղնագործությունը Արցախում կանանց և աղջիկների լայնորեն տարածված զբաղմունքներից էր։ Այն սովորեցնում էին ոչ միայն ընտանիքներում, այլև դպրոցներում՝ հատուկ հրատարակված ուսումնական ձեռնարկների օգնությամբ։

Ասեղնագործություն էր դասավանդվում ինչպես Շուշիում, այնպես էլ Արցախի այլ խոշոր բնակավայրերում։ Հայտնի է, որ 1880-ական թվականներին այն ուսուցանվում էր նաև Ջրաբերդ գավառի Կարաչինար գյուղի դպրոցում։

Շուշին առանձնանում էր ասեղնագործության առավել զարգացած միջավայրով։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին այնտեղ հայտնի էին ասեղնագործուհիներ Զարուհի Մախմուրյանը, Ոսկի Թունիբեկյանցը և նշանավոր ոսկերիչ ու մանրանկարիչ Գրիգոր Բադամյանցի քույրը՝ Շուշանիկը։ Վերջինիս՝ 1906 թվականին հարթակարով ստեղծած, արծվի պատկերով պատի զարդը պահվում է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում։

XX դարի 1970–1990-ական թվականներին Արցախում կատարված ազգագրական հետազոտությունները ցույց են տվել, որ հարթակար և կտրտովի եղանակներով ստեղծված ասեղնագործ պատի զարդերը դեռևս լայնորեն գործածվում էին բնակարանների ներքին հարդարանքում։ Դրանցում ավանդական տեխնիկան հաճախ զուգակցվում էր ժամանակակից մտահղացումների հետ։

Արցախի ասեղնագործական ավանդույթները միաժամանակ սերտ ընդհանրություններ ունեին Սյունիքի, Տավուշի, Գողթան գավառի և Լոռու ասեղնագործական մշակույթի հետ։

Մանրամասն տե՛ս մեր Գրադարանը․ Արցախի ժողովրդագիտություն, հ․4, էջ 614-625: (Ա. Պողոսյան, ՀԱՐԹԱԿԱՐՈՎ ԱՍԵՂՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՍԻՆ)

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft