Գույնի ընկալումը և արտացոլումը արցախյան կերպարվեստում

Գույնի ընկալումը և արտացոլումը արցախյան կերպարվեստում

Արցախցու գույնի ընկալումը պարզապես տեսողական տպավորություն չէ․ այն բնաշխարհի, կենցաղի, բարոյահոգեբանական փորձի, բնության և նյութական միջավայրի հետ ապրած հարաբերության արդյունք է։

Արցախի բարբառում պահպանված գունանունները ցույց են տալիս, որ գույնը ոչ միայն առարկայի հատկանիշ է, այլև ճանաչողության միջոց, գնահատման եղանակ, խորհրդանշական համակարգ և հոգեվիճակի արտահայտություն։
Գույնը դառնում է աշխարհայացք, իսկ այդ աշխարհայացքը իր արտացոլումն է գտել կերպարվեստում։

Հատկանշելի է, որ Արցախի բարբառում վկայված գույների համակարգը ձևավորվել է բնության ճանաչողության փորձից՝ հողից, բույսից, երկնքից, կենդանական ու բուսական միջավայրից, առօրյա առարկաներից, հագուստից, աշխատանքի գործիքներից, սննդից ու ծիսական պատկերացումներից։ Այդ պատճառով գույնը լեզվում երբեք վերացական չէ․ այն միշտ առարկայական է, շոշափելի, բնորոշվում է որևէ տեսանելի, ծանոթ իրով կամ երևույթով։ Հենց այս հատկանիշն է, որ հատկապես կարևոր է արցախյան կերպարվեստի ավանդականության տեսանկյունից․ կերպարվեստում ևս գույնը հաճախ հանդես է գալիս ոչ թե որպես մաքուր տեսական արժեք, այլ որպես երկրային, նյութական, բնաշխարհով հագեցած իրականություն։

Բարբառում հիմնական գունանուններն են՝ սիպտակ//բո̈ւլբո̈ւլ//խաս, սըէվ//թօխ/մըթէն, տէղէն/վըէսկէ//շէգյ, կա̈պո̈ւտ//լիղակէ, կա̈րմո̈ւր//լալազար//գո̈ւլգա̈զ//նօռնէգյ, կանանչ//խակի, մօխրի//գյօգյի, մինըշակի//խըմըշկըվի, կարէշնըվի։ Այս համակարգը, մի կողմից, ներկայացնում է հիմնական գունային դաշտերը, մյուս կողմից՝ բացում է դրանց ներսում եղած նրբերանգային տարբերակումները, սաստկացման ձևերը, հուզական և խորհրդանշական արժեքները։ Այս գունային համակարգի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ շատ հաճախ գույնը գործածվում է գույնը բնորոշող առարկայի հետ միասին, և այդ միասնությունը գունային ընկալումն ավելի առարկայական ու տեսանելի է դարձնում։ Օրինակ՝ Կա̈պո̈ւտ լէղակ- մուգ կապույտ, սիպտակ բո̈ւլբո̈ւլ- շատ սպիտակ, սիպտակ պիմբըկքօլա/ փըրփօր- ճերմակ, սըէվ տըզ, կանանչ մըրտօց, նաև սըէվ մըրտօց։ Այս կառույցները կարևոր են նաև կերպարվեստի մեկնաբանության համար, որովհետև այստեղ գույնը երբեք միայն գույն չէ, այլ նյութական հիշողություն՝ բամբակ, լեղակ, մուրտ, մուր, հող, ծաղիկ, նուռ, ոսկի, երկինք։

Արցախյան կերպարվեստի ավանդական հիմքի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ ոչ միայն ներկապնակը, այլև այն, թե ինչպես է ժողովուրդը լեզվով տեսնում գույնը ։

Լեզուն այստեղ նախնական գեղարվեստական համակարգ է․ այն նույնացնում է գույնը աշխարհի որևէ առարկայի հետ և այդպես ձևավորում պատկերային մտածողություն։

Արցախյան կերպարվեստում գույնը շարունակությունն է լեզվական աշխարհի՝ արդեն տեսողական։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft