Կավագործություն և խեցեգործություն

Կավագործություն և խեցեգործություն

ՊԸՐՈՒՏ/ՊՈ¨ՒՐՈ¨ՒՏ կավագործ, բրուտ:

Սկսած հին ժամանակներից մինչև 20-րդ դարի կեսերը բրուտագործությունը (պըրուտօթուն) լայն տարածում ուներ Արցախում: Տարբեր բնակավայրերում կային բրուտանոցներ (պըրուտանուց), որտեղ արհեստավորները կատարում էին համագյուղացիների և այլ բնակավայրերի բնակիչների պատվերները՝ հաճախ վարձատրվելով հացահատիկով և այլ մթերքներով:

Բրուտները պատրաստում էին կավե տարբեր ամաններ (կարաս, պուլիկ, կճուճ, կուժ, կուլա, գավաթ, ափսե, աղաման ևն) և թոնիրները (թուրուն), որոնք հատկապես մինչև 20-րդ դարի կեսերը կենցաղում ունեին ամենալայն գործածություն:

Բրուտի հիմնական հումքը տեղական մաքուր կավն էր(շիգյավըէղը), որը մաղելուց և ջրով շաղախելուց ու մինչև քացախելը թողնելուց հետո երկար կողկռտում կամ հունցում էին և գործածում:

Բրուտի հաստոցը սովորաբար կազմված էր մի առանցքի վրա հաստատված ու և առանցքի մի ծայրով գետնի մեջ ցցված երկու սեղաններից, որոնցից վերինը փոքր էր, իսկ ստորինը՝ մեծ, որի վրա տեղադրված անիվը (չարխ) պտտվում էր ոտքերի շարժումների արդյունքում: Որոշ դեպքերում հաստոցը տեղադրվում էր հորի մեջ, իսկ արհեստավորը նստում էր հորի մոտ՝ գետնին:

Բրուտը, վերցնելով կավացեխից պատրաստած շերտերը, դրանք աստիճանաբար պտտվող անիվի վրա իրար էր կպցնում՝ երկու կողմից սեղմելով, բարակացնելով ու վեր քաշելով: Այդ ընթացքում նա մատներն անընդհատ թաթախում էր ջրի մեջ և վարժ շարժումներով պատրաստվող իրին տալիս անհրաժեշտ հաստություն, ձև, ողորկություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով հատուկ փայտիկի օգնությանը:

Երբ իրը վերջնականապես ձևավորվում էր, տեղադրվում էր նաև ունկը (եթե ամանն ունկավոր էր), նա բարակ լարով կամ քուղով հատակը կտրում էր պատվանդանից և չորացնելուց (ոչ արևի տակ) հետո թրծում թոնիրներում կամ հատուկ վառարաններում:

Առանձին բրուտանոցներում էին պատրաստում կղմինդրները (կյիրամիտ) և աղյուսները (քյարփուճ): Արցախում իրենց բրուտանոցներով առավել հայտնի էին Նընգյի, Շէխէր և Ղըվըխան գյուղերը: Վերջինիս անունը նույնիսկ կապվում է կավի հանքի հետ՝ Կավահան։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft