ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ
ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Ոսկերչությունը՝ զըրգյըրօթունը, Արցախում լայն տարածում չուներ։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին ոսկերիչներ կային հիմնականում Շուշի քաղաքում և որոշ մեծ բնակավայրերում։ Նրանք առավելապես աշխատում էին պատվիրատուի հումքով՝ ոսկուց և արծաթից պատրաստելով զարդեր ու զարդարանքի տարբեր պարագաներ։ Պատրաստում էին գոտիներ՝ քյամար, ապարանջան՝ բըրասլէդ, վզնոց՝ ցէպ, կանացի գլխազարդի մասեր՝ ճըկըտանուց, ինչպես նաև քորոցներ, մատանիներ, ականջօղեր և այլ զարդեր։ Այդ վարպետներից մեծ համբավ ուներ հատկապես Գրիգոր Բադամյանը՝ Ուստա Բադամը։ Սովորաբար ոսկերչության արհեստը փոխանցվում էր ժառանգորդաբար։ Այդ մասին է վկայում նաև Մարտունու շրջանի Բերդաշեն՝ Ղըզղալա գյուղի գերդաստաններից մեկի՝ Զըրգյարանք անունը, որը ցույց է տալիս, որ նախինում այդ գերդաստանն զբաղվել է ոսկերչությամբ։
Արցախում ոսկերչական մշակույթի հետ սերտորեն կապված էր նաև կանացի գլխազարդի մի կարևոր մաս՝ ճըկըտանուցը / ղազման։ Այն գործածվել է մինչև 20-րդ դարի կեսերը և ծածկել է ճակատը։ Ճըկըտանուցը իրենից ներկայացնում էր գլխին դրվող շրջանակի՝ պալի ներքևի եզրին ամրացվող դըրէյի կտորից կարած և գույնզգույն թելերով ասեղնագործած երիզ, որին ամրացված էր դրամաշար, իսկ մեջտեղում տեղադրված էր մեծ դրամ՝ մըչըհանուկ։ Դրամները սովորաբար արծաթից էին, իսկ հարուստներինը՝ ոսկուց։ Ոսկերչությունն իրականում առնչվում էր ոչ միայն առանձին զարդերի, այլև տարազային ամբողջական համալիրի ձևավորման հետ։
Ոսկին՝ վըէսկէն, արցախյան կենցաղում և լեզվամտածողության մեջ բազմանշանակ էր։
Այն ազնիվ մետաղ է՝ ոսկի, ոսկեդրամ, ոսկյա՝ ոսկուց պատրաստված, ինչպես նաև փոխաբերական իմաստներով՝ ոսկեգույն, ազնիվ, արդար, դրական հատկություններով օժտված, թանկագին, պերճ, շքեղ իմաստներն ունի։
Առ այսօր լայն տարածում ունեն ոսկյա զարդերը։ Մաքուր ոսկին կոչվում է չէրվօն։
Նախկինում առավել ունևորները գործածում էին նաև ոսկյա գոտիներ՝ քյամար, ինչպես նաև ոսկյա զարդերով դաշույններ, թամբեր և այլ իրեր։ Մինչև 20-րդ դարի սկզբները հատկապես Շուշի քաղաքում գործում էին մեծ համբավ ունեցող ոսկերիչներ՝ զարգյարներ։
Ղարաբաղի բարբառում ոսկով բաղադրված բառեր են՝ վըսկըէղան՝ ոսկուց պատրաստված զարդեր, իրեր, վըսկըհատէգյ՝ ոսկեգույն հատիկներ ունեցող, վըսկաճո̈ւր՝ սնդիկի մեջ լուծած ոսկի, որով ոսկեզոծում են զարդերը կամ զանազան առարկաներ, _վըսկըճիրիլ՝ ոսկեզոծե_լ, վըսկամազյ՝ ոսկեգույն մազերով, _վըսկըշափաղ՝ ոսկեփայլ, ոսկեշող, _ վըսկըքյքյուլ՝ ոսկեգանգուր։
Լեզվական այս շերտը ցույց է տալիս, որ ոսկին նաև գեղագիտական, բարոյական և պատկերավոր մտածողության արտահայտությաան միջոց է։
Ոսկու մասին կան բազմաթիվ դարձվածքներ ու առած-ասացվածքներ։ Վըէսկավ խաղ անէլ / վըէսկէն չօփավ պըրանէլ_՝ շատ հարուստ լինել,
վըէսկէ էվլավ սըրփած՝ շատ մաքուր, մաքրամաքուր,
վըէսկէ ծըէրքէր / մաննէր ինիլ՝ շատ վարժ, հմուտ լինել, մեծ վարպետություն ունենալ,
վըէսկէ սարէր խօսկ տալ՝ շատ, անկարելի բաներ խոստանալ,
վըէսկէն վըէսկավ վըսկըճիրիլ՝ մաքուր բանը կրկին, անտեղի մաքրել։
Առած-ասացվածքներից են՝
վըէսկէ կացէնըն էլ ա ծըմակ քյունում,
վըէսկէն ըխպըհարումըն էլ ա փըլըստըրատէ տամ,
վըէսկէն կուճուր ա, հօքյումը՝ մըէծ, վըէսկէն վըէսկէ խուսկէն հըսնէլ չի և այլն։
Այս ամենը վկայում է, որ ոսկին ժողովրդական մտածողության մեջ արժեքի, մաքրության, հմտության և շքեղության չափանիշ է։
Ոսկին ու ոսկեդրամը տեղ են գտել նաև բանահյուսական պատկերացումներում ու հանելուկներում։ Ոսկին է բնորոշում՝
Ճո̈ւրը քյինի՝ թըրչվիլ չի,
Վըէղը քյինի՝ ընջօտէլ չի։
Իսկ ոսկեդրամը՝
Ինքյը կուճի, հընարը՝ մը2ծ։
Տէղէն ա՝ զափռան չի,
Կյիրած ա՝
Ըվիտարան չի։
Ոսկերչության ավանդույթն Արցախում, թեև լայն տարածում չուներ, բայց և այնպես ներկայացված էր որպես ժառանգաբար փոխանցվող արհեստ, կապված էր տարազի, կենցաղի, լեզվի և բանահյուսության հետ և հատկապես կենտրոնացած էր Շուշիում ու մի շարք մեծ բնակավայրերում։