Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի դուռը: Քանդակագործ՝ Ռոբերտ Ասկարյան

Փայտարվեստ և փորագրություն

Նյութեր

Փայտարվեստ և փորագրություն

Արցախում փայտարվեստի և փայտագործության ավանդույթները դարեր շարունակ կարևոր տեղ են զբաղեցրել արցախցու տնտեսական, կենցաղային և մշակութային կյանքում։

Տեղական անտառների փայտանյութի առատությունը նպաստել է նրան, որ փայտագործությունը՝ հյուսնությունը, տակառագործությունը և հարակից արհեստները, լայնորեն զարգանան և ծառայեն առօրյա կյանքի ամենատարբեր պահանջներին՝ սկսած երկրագործական գործիքների ու սայլերի պատրաստումից մինչև բնակելի տների փայտե հատակ, առաստաղ, սյուներ, տանիքի կմախք, դռներ, պատուհաններ, կահույք և ամանեղեն։

Եվ սա հաստատում է այն փաստը, որ փայտարվեստը Արցախում եղել է ոչ միայն կիրառական նշանակության արհեստ, այլև նյութական մշակույթի ձևավորման կարևոր բաղադրիչներից մեկը, քանի որ այն անմիջականորեն մասնակցել է մարդու կենցաղային միջավայրի կազմակերպմանը և տնտեսության պահպանմանը։ Միաժամանակ, փայտի մշակման հետ կապված մասնագիտական փորձը, գործիքների բազմազանությունը և մշակման եղանակները ցույց են տալիս, որ Արցախում ձևավորված լ էին կայուն արհեստագործական ավանդույթներ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։

Հատկանշական է, որ յուրաքանչյուր բնակավայր սովորաբար ունեցել է իր հյուսնը, իսկ առավել հմուտ վարպետները ճանաչում են ունեցել նաև համայնքից դուրս։

Փայտարվեստի ավանդույթների կարևոր դրսևորումներից էր նաև տակառագործությունը, որը պահանջում էր փայտատեսակների ճիշտ ընտրություն, մանրակրկիտ մշակում, շոգեմշակում, այսինքն՝ մասնագիտական բարձր պատրաստականություն, կարողություններ ու փորձառություն։ Բացի իր տնտեսական և գործնական նշանակությունից՝ փայտարվեստը նաև լեզվամշակութային յուրօրինակ արժեք ունի, քանի որ դրան առնչվող բառապաշարը, գործիքների անվանումները, դարձվածքներն ու ասացվածքները պահպանել են արցախցու լեզվամտածողության և շրջապատը ճանաչելու, այն լեզվաբանորեն կաղապարավորելու նրա յուրօրինակ կերպը։

Արցախի փայտարվեստի ավանդույթներն այսօր պետք է գնահատել ոչ միայն որպես կենցաղային անհրաժեշտությունից ծնված արհեստագործական գործունեություն, այլև որպես ժողովրդի ստեղծագործ մտքի, գործնական գիտելիքի և մշակութային հիշողության կարևոր արտահայտություն։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft