Արցախի տեղանուններ
Թեմաներ

Տեղանվանագիտությունը գիտակարգ է, որն ուսումնասիրում է աշխարհագրական անունների ծագումը, զարգացումը, դրանց բառակազմական ու քերականական կառուցվածքը, բովանդակությունը:
Տեղանվանագիտությունը միջգիտակարգային ուղղություն է, այն մեկտեղում է աշխարհագրության, պատմության ու լեզվաբանության ուսումնասիրությունները իր քննության առարկայի շուրջ: Դրանցից յուրաքանչյուրը նպաստում է տեղանվան էության բացահայտմանը, լիարժեք մեկնաբանմանն ու իբրև իրողություն արժևորմանը:
Աշխարհագրական անունները մեր լեզվամտածողության առաջին իսկ միավորներն են: Մեր ծննդյան իսկ պահից դրանք իբրև մեր ծննդավայրի անուն, հասցե դառնում են անվան ու ազգանվան կից անվանում: Եվ բնական է լինում այն ցանկությունը, որ մեզանից յուրաքանչյուրը փորձում է ընկալել ու մեկնաբանել իր բնականունը՝ դրանում տեսնելով իր նախնիների հետ հարաբերվելու, անցյալն ու պատմությունը ճանաչելու հնարավորություն:
Այդ հետաքրքրություններն ու կատարվող ուսումնասիրությունները նախադրյալներ ստեղծեցին տեղանվանագիտության՝ որպես առանձին գիտակարգի ձևավորման համար: Տեղանվանագիտական ուսումնասիրությունների դաշտում նշանակալի են 20-րդ դարակեսի և դարավերջի ուսումնասիրությունները, որոնք հեղինակել են Վ. Ա. Ժուկևիչը, Վ. Ա. Նիկոնովը, Ա. Ի. Պոպովը, Ե.Մ. Պոսպելովը, Է. Մ. Մուրզաևը: Այդ ուսումնասիրություններն առավելապես նվիրված են տեղանվանագիտության տեսական հարցերի լուսաբանմանը, տեղանվանագիտության առարկայի, խնդիրների հստակեցմանը, ԽՍՀՄ տեղանվանագիտության պատմության ներկայացմանը: Բնականաբար, դրանք լուրջ աշխատություններ են գիտակարգի՝ որպես ձևավորման ու հետագա ուսումնասիրության ճանապարհի նախանշման համար:
Հայ տեղանունների մեկնության սկզբնավորումը կապվում է դեռևս 5-րդ դարի հայ մատենագիների անվան հետ: Նրանք իրենց երկերում ներկայացնում էին հատուկ անունների՝ անձնանունների, տոհմանունների, տեղանունների մեկնություններ: Դրանք ստուգաբանական փորձեր էին, օտար բառերի կամ նրանց բաղադրիչների թարգմանություններ: Լ. Հովհաննիսյանը նշում է, որ մատենագիտական այդ երկերի ցանկում հատկանունների մեկնությունների քանակական կազմով, հիմնավոր փաստարկների բազմազանությամբ, սկզբունքների տրամաբանության առումով առանձնանում է Մովսես Խորենացու ‹‹Հայոց պատմությունը›› : Խորենացու մեկնությունները հետագայում քննության առարկա են դարձել տարբեր ուսումնասիրողների կողմից, իսկ Պատմության թարգմանիչները իրենց ծանոթագրություններում ներկայացնում այլ դիտարկումներ՝ առաջարկելով նոր վարկածներ:
Ակադեմիկոս Գ. Սարգսյանը նշում է, որ Մ. Խորենացու մեկնությունները միանշանակ չեն ընկալվել և որպես համակարգ չեն ուսումնասիրվել, մինչդեռ Խորենացու ստուգաբանությունները կարևորվում են կիրառած սկզբունքների տրամաբանությամբ, դասակարգման, բնութագրական հատկանիշների հստակությամբ:
Լ. Հովհաննիսյանը նույնպես արժևորում է երկը՝ նշելով, որ ‹‹Մ. Խորենացու ‹‹Հայոց պատմության›› գիտական արժանիքներից մեկն էլ հատուկ անունների մեկնությունն է, որն էապես տարբերվում է 5-րդ դարի այլ հեղինակների մեկնություններից: Խորենացին հատուկ նպատակադրմամբ ձեռնարկել և ստեղծել է մի կուռ համակարգ, ստուգաբանական մշակված սկզբունքներ, որը նրա պատմությունը դարձնում է ոչ միայն գրավիչ ու հետաքրքիր, այլև մեր ժողովրդի պատմության խորենացիական մոտեցումների յուրատեսակ փաստարկում››: Մոտ 500 հատուկ անվան մեկնություն է տրված Պատմության մեջ:
Արցախի հնագույն տեղանունների վկայություններ ու մեկնություններ նույնպես առկա են Խորենացու երկում/ Արձախ, Վայկունիք, Հաբանդ և այլն/: Ագաթանգեղոսի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Փարպեցու երկերում նույնպես կան հատուկ անունների մեկնություններ, բայց դրանք մեծ թիվ չեն կազմում և ուսումնասիրության համակարգային բաղադրիչ չեն դառնում:
Հայ մատենագրության մեջ շարունակվում են հատկանունների վկայությունները, երբեմն նաև դրանց մեկնությունները: Բայց դրանք այնքանով էին կարևորվում, որքանով բավարարում էին մատենագրի կամ պատմիչի հիմնական նյութի հաղորդման նպատակի իրականացմանը:
Հայոց տեղանունների, նաև Արցախի տեղանունների հավաքագրման, ուսումնասիրության, գիտական համակարգման բնագավառում հատկանշելի են Ղ. Ալիշանի , Ղ. Ինճիճյանի , Հ. Հյուբշմանի , Հ. Էփրիկյանի , Գր. Ղափանցյանի , Ս. Երեմյանի և այլոց ուսումնասիրությունները:
Հայ տեղավանագիտության՝ որպես գիտական համակարգի սկզբնավորումը կապվում է Հ. Հյուբշմանի անվան հետ: <<Հին Հայոց տեղւոյ անուններ>> աշխատությունն աշխարհագրական անունների առաջին համահավաք ուսումնասիրությունն է, որում Հյուբշմանը տալիս է հայկական հնագույն տեղանունները(Աշխարհացոյց-ով ավանդված), նշում նրանց առաջին հիշատակությունների մասին և տալիս աշխարհագրական ամփոփ նկարագիրը, ինչպես նաև ստուգաբանությունը, եթե հնարավորություն են տալիս առկա փաստերը: Հայկական տեղանունների շարքում նշված են մի շարք արցախյան տեղանուններ, և այդ աշխատությունը համարվում է Արցախի տեղանվանական համակարգի գիտական առաջին նշագրումը:
20-րդ դարակեսի և դարավերջի ուսումնասիրությունները, որոնք նախանշում էին ԽՍՀՄ-ում տեղանվանագիտության զարգացման միտումները, խթանեցին հայոց տեղանունների ուսումնասիրությունը և վերլուծությունը: Հատկանշելի է Գր. Ղափանցյանի վաստակը հայոց տեղանվանագիտության՝ որպես գիտակարգի ձևավորման, տեղանվան՝ որպես պատմալեզվաբանական եզրույթի ընկալման, հնագույն հայկական տեղանունների լեզվաբանական քննության բնագավառում: Գր. Ղափանցյանը իրավամբ կարող է կոչվել առաջին հայ տեղանվանագետը, և նրա ուսումնասիրությունները հայ տեղանվանագիտության զարգացման տիրույթում առայսօր էլ հիմնադրութային նշանակություն ունեն:
Տեղանվանագիտության ձևավորումն ու զարգացումը, տեղանունների ուսումնասիրությունը շարունակվում են մնալ հետաքրքրությունների դաշտում: Լույս են տեսնում հոդվածներ, բառարանններ, առանձին ուսումնասիրություններ: Արցախյան տեղանունների ուսումնասիրության առումով կարևոր են թե՛ հայ մատենագրության արձանագրությունները(Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ , Մովսես Խորենացի , Եղիշե, Ղազար Փարպեցի), թե ՛ միջնադարյան պատմիչների ուսումնասիրությունները՝ Սյունյաց կամ Արցախ աշխարհներին վերաբերող(Մովսես Կաղանկատվացի , Ստեփանոս Օրբելեան , Ղ. Ալիշան), թե՛ առանձին ուսումնասիրությունները(Բ. Ուլուբաբյան , Հ. Կարագյոզյան , Մ. Բարխուդարյան , Ս. Երեմյան , Ս, Մելքումյան , Թ. Ամիրջանյան և Արզումանյան Վ. , Ա. Մաղալյան , Ս. Սարգսյան ), թե՛ բառարաններ ու մատենաշարեր ( Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , Դիվան հայ վիմագրության , ) և թե՛ առանձին բնակավայրերի մասին լույս տեսած մենագրությունները : Բոլոր այս ուսումնասիրությունները կարևոր են ու նշանակալի տեղեկատվական առումով, նաև փաստական հարուստ նյութ են ամբողջացնում և սկզբնաղբյուրային արժեք ունեն:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1․Փաւստոսի Բիւզանդացւոյ, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912:
2․Խորենացի Մ., Հայոց պատմություն, Ե., 1981:
3․Կաղանկատվացի Մ., Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983:
4․Օրբէլեան Ստեփանոս, Պատմութիուն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910:
5․Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը. սկզբից մինչև մեր օրերը, Ե., 1994:
6․Կարագեոզեան Յովհաննէս, Սեպագիր տեղանուններ(Այրարատում եւ հարակից նահանգներում), Երևան, «Մագաղաթե, 1998:
7․Բարխուդարյանց Մ. Եպս., Աղուանից երկիր եւ դրացիք. Արցախ, Գանձասար աստվածաբանական կենտրոն, Ե., 1999:
8․Երեմյան Ա.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Հայկ. ՍՍՌ ԳԱ հրատ., Եր., 1963։
9․Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Ե., 1990:
10․Ամիրջանյան Թ., Արզումանյան Վ., Լեռնային Ղարաբաղի աշխարհագրություն, Ստեփանակերտ, 1994:
11․Մաղալյան Ա., Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ., Երևան, 2007:
12․Սարգսյան Սլ., Արցախի բնակավայրերը, Ե., 2018:
13․Էփրիկեան Հ.Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Վնետիկ-Սբ. Ղազար, 1903:
14․Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Մելիք Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., Հակոբյան Թ., հ. 4, Ե.1986, էջ 777։
15․Դիվան հայ վիմագրության, Պ.5, Արցախ /կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան/, ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982։
16․Լ. Հովհաննիսյան, Հատուկ անունների մեկնությունները Մ. Խորենացու ‹‹Հայոց պատմության›› մեջ, Ե., 2013։
17․Ալիշան Ղ., Արցախ, Երևան, 1993:
18․ Հ Հիւբշման, Հին հայոց տեղւոյ անունները : Հայոց աշխարհին պատմական տեղեկագրութեան մասին ուսումնասիրութիւններով /Թարգմ.` Հ. Բ. Պիլէզիկճեան. - Վիեննա: Մխիթարեան տպարան, 1907:
19․ Капанцян Гр., Историко-лингвистические работы, T II, Изд. Акад. Наук Арм. ССР, Ереван, 1956.
20․ Աթայան Գեղամ, Տող բերդաքաղաքի պատմություն, Ե., 2010, 298 էջ:
21․Գրիգորյան Ժորա, Ուլուբաբ, Ստեփանակերտ, ՙՍոնա՚ գրահրատ., 2011, 116 էջ:
22․Աղասարյան Գուրգեն, Խնձրիստան գյուղի պատմությունը, Ստ., 2012, 176 էջ:
23․Աղաջանյան Մ., Հաթերք. պատմությունը հնադարից մինչև մեր օրերը, ՙԴիզակ Պլյուս՚, Ստեփանակերտ, 2012, 688 էջ:
24․Առուստամյան Գ., Թաղավարդ, Երևան, 1995, ՙԱրևիկ՚, 98 էջ:
25․Առաքելյան Մովսես Փարսադանի, Ասք Ղարաբաղի և Ննգի գյուղի մասին, Երևան, 2005, 578 էջ:
26․Ավետիսյան Նորայր Հայրապետի, Հաղորտի, Ստեփանակերտ, 2009, 216 էջ:
27․Ըռքոյան Զոհրաբ, Քաշաթաղի պատմության ուղեկիցները, hhpress.am.
28․Ղուլյան / Ղուլունց/Ս. , Բանաձոր, ՙԶանգակ՚ հրատ., Երևան, 2013, 320էջ:
29․Սարգսյան Սլավա, Արցախ. պատմաշխարհագրական ճշգրտումներ, ՙ Հայ Էդիթ՚, Ե., 1996, 92 էջ:
30․Վանյան Գրիգոր, Կոճողոտ գյուղի պատմությունը, ՙԴիզակ պլյուս՚, Ստեփանակերտ, 2009, 216 էջ:
31․Ուլուբաբյան Բ., Գանձասար, Ե., 1981:

Ա․ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրը
Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում(այսուհետ՝ ՀՀՇՏԲ) Ղարաբուլաղ-ը Գարաբուլաք, Կարաբուլակ հնչատարբերակներով է վկայված:
Ղ. Ալիշանի մոտ Ղարապուլագ է անվանված:
Բ. Ուլուբաբյանն էլ նշում է, որ 1920թ. ապրիլին Դրոն, գալով Արցախ, իր նստավայրն էր դարձրել Վարանդայի Ղարաբուլաղ գյուղը:
Տեղանվանական բառարանում՝ բնականվան տեղեկանքում, տրվում է, որ նախկինում այն Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառում էր, Քեոնդալան գետով բաժանված էր երկու մասի ու նաև նշվում է, որ այն համանուն հորդառատ աղբյուրի մոտ է գտնվում :
Համանուն աղբյուր ասելով՝ նկատի է առնվում գյուղի նշանավոր Ակն աղբյուրը: Հատկանշելի է, որ երբևէ այդ աղբյուրը Ղարա անվամբ չի կոչվել: Այն իր ծննդյան օրից ցայսօր Ակն էր կոչվում: Ակնը ընդերքից բխող, հորդառատ մեծ աղբյուր էր, ամռանը՝ սառը ջրով, ձմռանը՝ տաք: Գյուղի Ակն աղբյուրը գյուղի ջրային հիմնական պաշարն էր ապահովում, իսկ ձմեռային շրջանում նաև անասուններին ջրելու հիմնական վայրն էր: Ակը գտնելու և հունը փոխելու նպատակով աղբյուրը փորվել է, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում աղբյուրի ջուրը պակասել է, նաև տեսքով անշքացել է, բայց շարունակում էր մնալ որպես գյուղի հիմնաղբյուր:
Բարբառում ակն անվանում են ընդերքից բխող աղբյուրները: Տեղանվանական հայտնի իրողություններից է, երբ ջրանունից բնականունն է ծնվում:
Բնականաբար, ջրանունն ավելի հին է, քան բնականունը: Իսկ ջրանունը Ակն էր և է : Ակնաղբյուրի Ղարաբուլաղ վերանվանումն էլ իրականում հայկական ակն-ի՝ անվան իմաստային թարգմանությունն է՝ ստորգետնյա, ընդերքից բխող նշանակությամբ:
Հայտնի է, որ կարա եզրույթը բազմանշանակ է: Այն ունի ինչպես սև, այնպես էլ մեծ նշանակությունները, նաև ստորգետնյա իմաստն ունի՝ հատկապես աղբյուրների վերաբերմամբ գործածվելիս` ցույց տալով նրանց առաջացման պայմանները :
Ղարաբուլաղ անվան սև աղբյուր վերլուծությունն անիմաստ է: Մինչդեռ հաճախ է տեղանվան բաղադրիչների պարզագույն վերլուծությամբ մեկնաբանվում անվանումը:
Ղարաբուլաղի ստուգաբանությունը փաստաթղթային աղբյուրներում տրված է օտարահունչ այդ բարդության բաղադրիչների բառական իմաստների վերլուծությամբ:
Սերգեյ Մելքումյանը նշում է, որ գյուղանունն առաջացել է գյուղի մոտ գտնվող մեծ աղբյուրի անունից ու անորոշ հայտնում, թե, չգիտես ինչու, այն կոչվել է Սև աղբյուր:
_Սև աղբյուր _ մեկնությամբ է բնականունը նշում նաև Մակար Բարխուդարյանցը:
Իսկ Թեմուր Ամիրջանյանի կարծիքով՝ բնակավայրի նախանվանումը եղել է Վարարակն:
Իբրև ճիշտ անվանաձև Սլավա Սարգսյանը նշում է Քարաղբյուրը:
Մինչդեռ փաստն այն է, որ այդ աղբյուրը երբևէ Ղարա կամ Սև անունով չի կոչվել: Այն միշտ Ակն է կոչվել ու եթե օտար ղարա-ով է թարգմանվել, ապա իր առաջացման պայմանների՝ ընդերքից բխելու և իր մեծության պատճառով: Առավել հավանական է, որ այս դեպքում տեղանիշ կարա համանուն միավորի մեկ այլ եզրն է անվանակոչման հիմք դարձել. կարա-ն ունի նեղուց, անցք, ջրային տարածքի խորք նշանակությունները: Ջրանուն հիմքով մի շարք այլ օտարանուն տեղանունների և մանրատեղանունների հիմք է դարձել հենց այս եզրը : Եվ քննվող բնականվան դեպքում, որի ծագումն, անշուշտ, աղբյուրանունից էր, ղարա-ով փոխադրութունը պիտի ընկալել իր բազմանշանակությամբ ու ամենից առաջ ստորգետնյա անցք, խորք և մեծ իմաստներով:
Փաստորեն, գյուղի անվան մասին արձանագրություններից ակնհայտ է դառնում, որ գյուղանունը ջրանունից է առաջացել՝ թարգմանաբար և օտարալեզու՝ Ղարաբուլաղ, 1920-1962թթ. արխիվային փաստաթղղթերում այն դեռևս օտարալեզու անվամբ է վկայված: Ակնաղբյուր վերանվանման առաջարկ ներկայացվել էր 1988 թ.՝ Արցախյան շարժման զարթոնքի շրջանում: Այս անվանումը՝ որպես գյուղանուն, պատահական չէ, ու այս դեպքում այն տեղանվանական բարեհաջող գյուտ է:
Բ․ Հադրութի շրջանի Ակնաղբյուրը
Մյուս Ակնաղբյուրի՝ նախկին Աղբուլաղի մասին տեղանվանական բառարանում տրվող տեղեկանքում նշվում է, որ այն մտնում էր Դիզակի մեջ, որը կազմում էր Ելիզավետպոլի նահանգի Կարյագինոյի գավառի բաղկացուցիչ մասը: Բնակիչների նախնիները եկել են Ղարադաղից՝ 1829 թ.:
Նշենք, որ նույնանուն գյուղակ, ավերակ իջևանատուն և լեռնանցք կար նաև Իրանում՝ Ղարադաղում:
Սերգեյ Մելքումյանը բնականունը կապում է գյուղի արևելյան մասում՝ անտառում, գտնվող աղբյուրի անվանը, որը կոչվում է Սպիտակ աղբյուր: Ու նաև նշում, որ բնակիչները եկել են Պարսկաստանից:
Մակար Բարխուդարյանցն էլ հաստատում է, որ «բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն արքունի և անջրդի է:
Սոկրատ Խանյանը նշում է, որ գյուղն ուներ Մեծ աղբյուր, որի գուռն ու շրջակա թասը սպիտակ կրաշաղախով էր պատված, որից էլ աղբյուրը ստացել է Սպիտակ անվանումը:
Այն, որ Սպիտակ աղբյուրից է առաջացել գյուղանունը, և Աղբուլաղը պարզապես համարվում է աղբյուրի բառացի պարզագույն թարգմանություն, նշում են գրեթե բոլորը:
Նշենք, որ Աղբուլաղ կարող էր նշանակել ոչ միայն սպիտակ աղբյուր, այլև ամենից առաջ՝ վերգետնյա ջրերից սնվող աղբյուր, որովհետև աղ բաղադրիչը կարա-ի հակառակն է, և աղբյուրները նշելիս այն գործածվում է իր մեկ այլ իմաստով, որով նշում է աղբյուրի առաջացման պայմանը: Հատկանշելի է նաև, որ նշյալ Սպիտակ աղբյուրն իսկապես սնվում է վերգետնյա ջրերից:
Եթե իսկապես գյուղանունը ջրանունից է առաջացել, ապա նշանակում է գյուղի նախանվանումը Սպիտակաղբյուր էր: Մինչդեռ քիչ հավանական է թվում այս մեկնաբանությունը, բացի այդ էլ, այդպիսի արձանագրություն չկա որևէ փաստաթղթում:
Ինչպես արդեն նշեցինք, Ղարադաղում առկա էին նույնանուն բնակավայրեր: Քանիցս բռնագաղթվել է մեր բնակչությունը և բնակություն հաստատել տարբեր վայրերում, ապա և անվտանգ պայմաններ ստեղծվելու դեպքում վերադարձել իր տունը: Այսպես մեր տեղանուններն էլ թափառիկ են դարձել, ու մեր տեղանվանական համակարգում էլ փոխադարձաբար եկամուտ անվանումներն են ավելացել:
Հնարավոր է՝ հայրենիք վերադարձած ու նոր բնակավայր հիմնած մարդիկ իրենց հետ բերել են այնտեղի՝ Ղարադաղի բնակավայրի անվանումը՝ Աղբուլաղ, որը նոր ժամանակներում վերանվանվել է Ակնաղբյուր: Այն, որ ջրանունից չի ծագել բնականունը, ակներև է, որովհետև աղբյուրի սպիտակ գույնն ի բնե չէր և աղբյուրն էլ ինքնաբուխ չէր, այլ կառուցված: Ի տարբերություն Ասկերանի Ակնաղբյուրի՝ այս Ակնաղբյուրն արդեն նոր անվանակոչում է և այդ բնակավայրի անցյալի հետ կապվում է այնքանով, որքանով որ ջրանվանական խորհրդանշում է:
Ակնաղբյուր բնականվան համանունությունը ծնունդ է լեզվական փոխադրության. Ասկերանի շրջանի Ակնաղբյուրը՝ Ղարաբուլաղի, իսկ Հադրութի շրջանի Ակնաղբյուրը՝ Աղբուլաղի փոխադրություն վերանվանումներն են:

Արցախ հայաշխարհը պատմագիտությանը հայտնի աղբյուրներում Ղարաբաղ է կոչվում՝ սկսած 14-րդ դարից: Ղարաբաղ տեղանվան մի հիշատակություն կա վրաց «Քարթլիս ցխովրեբա»- ի հատված ժամանակագրության մեջ, որտեղ նշվում է, « որ Ուլո խանը …եկավ, հասավ իր ամառային կայան Ալատաղը, իսկ ապա գնաց ձմռան բնակատեղի, որին արդ Ղարաբաղ ու Մուղան են կոչում»: Ըստ Պարույր Մուրադյանի` սույն հիշատակումը Ղարաբաղի առաջին անվանանշումն է պատմագրության մեջ(1316-18թթ): Այդ հիշատակումը կարևոր է նրանով, որ փաստում է, թե տեղանունն առաջ գոյություն չի ունեցել և այժմ է, որ կա: Ապա Պ.Մուրադյանը նշում է, որ Ղարաբաղ անվանումը պարսկական ծագում ունի: Ի տարբերություն հարթավայրային մասի, որն անվանվում էր Բաղ-ի Սաֆիդ/սպիտակ այգի/, երկրամասի լեռնային հատվածը սկսել է անվանվել Բաղ ի Սիախ, որը թուրքալեզվական իմաստավորմամբ վերափոխվել է Կարաբաղ-ի/ Սև այգու/ :
Ղարաբաղ անվան հիշատակում կա նաև Համդալլահ Ղամզինիի գրքում` 1334-44թթ. դեպքերը նկարագրող հատվածում: Նշված է «Առանի Ղարաբաղ» ձևակերպմամբ :
Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի…. մասին ուսումնասիրության մեջ թուրք պատմագիրը 16-րդ դարի իր հայրենակիցների ասպատակությունների մասին խոսելիս (1533թ.) նշում է նաև Ղարաբաղի մասին. <<մտան Ղարաբաղ կոչված երկիրն, որն իր լեռներով ու հարուստ այգիներով շատ հայտնի մի գավառ է Աջեմի/Պարսկաստան- Պարսկաստանի հպատակ/ երկրում>>:
16-րդ դարին վերաբերող աղբյուրներից մեկում Ղարաբաղի փոխարեն գործածված է «Սեաւ այգի» Հովհաննիսիկ Ծարեցու կողմից , բայց և դժվար է պնդել, որ այն տարածված անուն էր եղել Ղարաբաղի համար, որովհետև Ծարեցու մեկ այլ ժամանակակցի մոտ «Ղարայպաղ» է հիշվում այդ երկիրը:
«Ղարաբաղ» անվան լեզվաբանական տեղեկանքը բազմանշանակ է:
Ամենատարածված մեկնաբանությունը բառի բաղադրիչների պարզ թարգմանությամբ է վերհանվում՝ կարա/սև/ և բաղ/այ ի/ արմատներից բաղադրված: Տեղանունների այդօրինակ ստուգաբանությունը ճիշտ չէ, այսինքն` բառական նշանակությունը տեղանվանական նշանակությանը նույնացնելը լեզվաբանորեն ու պատմականորեն չի արդարացվում: Առավել ևս երբ այն մեկնաբանվում է ոչ իր ծննդյան ժամանակի լեզվազգացողությամբ ու ընկալումներով: Իրականում յուրաքանչյուր մեկնաբան առաջնահերթել է ղարա-ի մի նշանակությունը միայն:
1․ Կառլ Գանը հակված էր կարա/սև/-ի տակ հասկանալու մուգ կանաչ, թանձրախիտ իմաստները:
2․Նույնը նաև Ղևոնդ Ալիշանի մեկնության մեջ ենք տեսնում: Նա ընդգծում է, որ Արցախա աշխարհը Գարապաղ են անվանում այլազգիները, որ նշանակում է Սև այգի, այսինքն՝ բազմաթիվ այգիներով ստվերված, որը փաստորեն Գանի կողմից նշած թանձրախիտ նշանակությանն է համազորվում:
3․ Մ. Բարխուդարյանի կարծիքով էլ գործածական էր Սև այգի, որն էլ պարսիկները թարգմանաբար դարձրել են Ղարաբաղ :
4․ Բ. Ուլուբաբյանի համոզումով՝ կարա բառի մեջ պիտի տեսնել ոչ թե սև, այլ նրա երկրորդ շատ տարածված իմաստը` մեծ: Թյուրքական լեզվում՝ ղարադամ- մեծ տուն, կամ Ղարա Գրիգոր՝ Ծարեցի Գրիգոր Մեծ իշխանին էին անվանում:
5․ Գր. Ղափանցյանը գտնում է, որ ղարա նշանակել է ցեղ, և այդպիսի կառույցներ է համարում Փայտակարանը, Բաղակարանը, Դաշտակարանը, որոնց մեջ կարան-ը՝ նույն ղարա-ն, ցեղ է կոչվում: Բ. Ուլուբաբյանն անընդունելի է համարում Գր. Ղափանցյանի Բաղակարան-Ղարաբաղ նույնականացման մեկնաբանությունը: Ղափանցյանի այն հավաստմանը, որ արաբ պատմիչ Բալազորին ունի Բաղակարան տեղանուն, որը հետագայում փոփոխվել ու դարձել է Ղարաբաղ, Ուլուբաբյանը հակափաստում է, որ Բալազորիի «Բալական-Բաղասականը» վերաբերում էր Կուրի ձախափնյակին և բուն Աղվանքի Բաղասականի աղավաղումն է։
6․Փաշա Պետրոսի Օհանջանյանը Ղարաբաղը ստուգաբանում է Մեծ այգի նշանակությամբ, որը համանիշ է մոնղոլերենի Ղարաբաղ ձևին: Ըստ այդմ՝ ղարա բառ-մասնիկն ունի մոնղոլական ծագում և իմաստաբանությամբ նշանակում է մեծ:
7․Լ. Հարությունյանն էլ Ղարաբաղ անվանը մեկ այլ մեկնություն է տալիս. 14-րդ դարում իր բազմաքանակ բերդերի ու ամրոցների պատճառով Արցախը կոչել են Ղարաբաղ, որի անհնչյունափոխ ձևն է Կալաբաղ, այսինքն՝ բերդակապ: Բաղ-ը ղաբ արմատի շրջված՝ դրափոխված ձևն է :
8․Ադրբեջանական որոշ աղբյուրներում Ղարաբաղը պեչենեգների ցեղանուն է համարվում կամ էլ բխեցվում գարգար ցեղանունից:
9․Աշոտ Սարգսյանն էլ տեղանվան ստուգաբանության նոր վարկած է առաջադրում, ըստ որի ՝ Ղարաբաղ օտարակազմ բառի հիմքում հայերեն բաղադրիչներ են՝ Առան և Պաղին (կամ՝ պաղ) և դրանք միմյանց միացնելով՝ թուրքալեզու եկվորներն այն իմաստավորել են ոչ թե որպես Սև այգի, այլ վայրի (բնական) այգի նշանակությամբ:
ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒՄ
Կարա եզրույթը բազմանշանակ է: Այն ունի ինչպես սև, այնպես էլ մեծ, հզոր նշանակությունները, նաև ունի արևմուտք կամ արևմտյան տեղանվանական նշանակությունը, կարող է նշանակել նաև ստորգետնյա՝ հատկապես աղբյուրների վերաբերմամբ գործածվելիս՝ ցույց տալով նրանց առաջացման պայմանները :
Ղարաբաղ անվան մեկնություններում ամենատարածվածը Սև այգի թարգմանությունն է, ինչն անհնաձնարարելի է տեղանվանական մեկնություններում, և եթե նույնիսկ ղարա-ն այդ դեպքում սև նշանակությամբ էր գործածվել և ոչ թե մեծ իմաստով, որն ավելի հավանական է, ապա նույնիսկ սև իմաստն էլ չպիտի ընկալել այսօրվա լեզվազգացողությամբ: Հին արևելյան լեզվամտածողությամբ՝ սև-ը նշանակում էր հզոր, վիթխարի, կատարյալ. ինչպես՝ սև գոտին՝ որոշ մարզաձևերում:
Դա նշանակում է որ քննվող տեղանվան մեջ ղարա-ն մեկնաբանելի է իր բազմանշանակությամբ և ամենից առաջ մեծ, հզոր նշանակություններով:
Իսկ բաղ-ը՝ արևելյան լեզուներում խաղողայգի նշանակությունն ունի, ու նաև տեղանվանակերտ ցուցիչ է: Այգի նշանակությամբ բաղ բաղադրիչի մեկնաբանության արժանահավատությունը պատմական իրողություններով է նաև հավաստվում:
Հայտնի է, որ «Ղարաբաղ» տեղանվամբ ի սկզբանե ըմբռնվում էր հիմնականում Մուխանքի դաշտաբերանից մինչև Դիզափայտ- Քիրս- Ղարաբաղյան լեռնաշղթա գիծը և նրանից դուրս էին մնում Սևանի արևելյան ափերը, որոնք գտնվում էին Ծար-Սոդքի կամ Գեղամա մելիքության իրավասության տակ: Հետագայում միայն Արցախի քաղաքական աշխարհագրության մեջ սրբագրում է կատարվում և Ղարաբաղ անվանումը փոխարինում է Արցախ-Ոտիքին:
Համաժամանակյա դիտվածքով՝ Ղարաբաղ տեղանվան նշանակությունը մեկն է. այն պատմական մի շրջանում Արցախի վերանվանման արձանագրություն է՝ թելադրված տվյալ պատմաշրջանի քաղաքական իրողություններով, արտահայտելով այդ շրջանի հարաբերությունները:
Այսօր Ղարաբաղն Արցախին նույնանիշ եզրն է, ու երկու անվանումներն էլ զուգակից գոյակցում են:
Այս բոլոր մեկնությունները որքան էլ տարբեր լինեն, պատմականորեն՝ փոփոխվող, աներկբայորեն փաստում են, որ Արցախ-Ղարաբաղը վաղնջական պատմություն ունի, և նրա կենսագրությունն էլ վաղնջական ժամանակներին է հասցեագրվում:
Պատմական իրողություն է. անվանումները փոփոխական են, անփոփոխ ու մշտամնա է անվանակիրը:

Ամարասը Արցախի 12 նահանգներից Մյուս Հաբանդի կենտրոնատեղին էր, ավան էր։
Առաջին անգամ հիշատակվում է Խորենացու աշխատության մեջ
«Իսկ ի հասանել համբաւոյ վախճանին Տրդատայ, ի դաւելոյ նորին Աանատրկոյ և այլոց ոմանց հանապազասուտ արանց Աղուանից՝ սպանին երանելին, ընթադրեալ ձիովք բարբարոսքն ի Վատնեան դաշտին, մերձ ի Կասբիականն կոչեցեալ ծով։ Զոր բարձեալ սարկաւագաց նորին, բերելով ի փոքր Սիւնիս, թաղեցին յԱմարաս աւանի»։ (տե՛ս Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց Տփղիս, 1913, էջ 260)
Բուզանդի մոտ ևս կա գյուղի անվան հիշատակումը․ <<**_Եւ ապա բարձին գնա որք ընդ երթեալ էին գաւառէն Հաբադեալ, եւ բերին ի գաւառն իւրեանց եւ կողմանս Աղուանից, ի սահմանս Հայոց ի Հաբանդի ի գեօղն, որ անուանեալ կոչի Ամարազ_**>>։ (տե՛ս Փաւստոս Բիւզանդացւոյ, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, էջ 23-24)
Հետագայում՝ վարչատարածքային փոփոխությունների հետևանքով Ամարասը դարձավ Վարանդայի գավառի տարածք, ապա և խորհրդային տարիներին Մարտունու շրջանի կազմում ընդգրկվեց:
Հայ մատենագրության մեջ իբրև ավան, բնակավայր էր նշվում, մինչև 1917թ. որպես բնակավայր դեռևս առկա էր փաստաթղթերում :
Հաջորդիվ այն իբրև բնակավայր դադարում է գոյություն ունենալուց, և Ամարաս անունն արդեն միայն վանքանուն է ճանաչելի մնում:
Խորհրդային տարիներին վանքը գործուն չէր, իսկ տարածքը ծառայում էր շրջակա գյուղական համայնքներին՝ տնտեսական նպատակներով:
Անկախության տարիներին վանքը նորից կենդանություն է ստանում, իսկ Ամարասը անվանումը նոր սերնդի գիտակցության մեջ հաստատվում է արդեն բացառապես որպես վանքի անուն՝ առանց նախկին բնակավայրային ինքնության հստակ գիտակցման։
Ամարասի օրինակը փաստում է տեղանվան իմաստային նեղացման գործընթացը, որի հետևանքով օբյեկտը կորցնում է իր նախնական պատմական ինքնությունը (բնակավայր/կենտրոն) և ստանում նոր, սահմանափակված կարգավիճակ (վանք)։
Սա հանգեցնում է «տարածական անհիշության», անունը զրկվում է իր կենսագրության մի կարևոր շերտից ու դառնում է հուշարձան: Ամարասի օրինակը ցույց տալիս, թե ինչպես կարող է անվան կայունությունը (անունը չի փոխվել) քողարկել օբյեկտի բովանդակային կորուստը։
Ստուգաբանական վարկածներ
Անվան ստուգաբանությունը Վ․ Խաչատրյանը բխեցնում է հայերենի հ.ե. ամառ արմատի ամար տարբերակից և ազազել՝ չորանալ կրկնավոր բայի ազ՝ չոր բաղադրիչից ու նշանակում է չոր ամառ:
Տվյալ ամար արմատը նա զուգահեռում է Վանի շրջանի Ամարաստան, Մուշի Ամարան(մասնիկով), Ալաշկերտի Ամարա(ածանց) հին բնակավայրերի անվանումներին (տե՛ս Վալերի Խաչատրյան, Հայաստանի տեղանունները հայ պատմիչների երկերում, Երևան, Նաիրի, 2015, էջ 18):
Իսկ Հ․ Բեգլարյանը այն կապում է աստվածահայր Արամազդի անվան հետ՝ նշելով, որ պատմական Արցախի տարածքում պահպանվել են հայոց պանթեոնի բոլոր 8 աստվածների անուններով վայրեր՝ գավառներ, սրբավայրեր, աղբյուրներ, սարեր, և ուրեմն Արամազդ-Ամարաս նույնացումն ունի իրական հիմքեր (Հրաչյա Բեգլարյան, Արցախ- Նամե, ԼՂՀ, ԳՄ <<Վաչագան Բարեպաշտ>> հրատ․, Ստեփանակերտ 2005, էջ 42)։

Հայերի և հնագույն ժողովուրդների լեզվական առնչությունները վկայող հետաքրքական վկայություններ կան Արցախի տեղանուններում:
Հայ-խեթական լեզվաղերսակցությունն է փաստում Թաղավարդ տեղանունը։
Խխեթերեն wātar-ջուր բառի հետ է կապվում: Ինչպես նշում է Գ. Ղափանցյանը՝ խեթերեն «widar» = հայերեն «urd» –ջուր իմաստով պահպանված ունենք Եղվարդ (ենթադրաբար՝ Վերին ջուր) և Թաղավարդ (ենթադրաբար` Ներքին ջուր) տեղանուններում:
Թաղավարդ տեղանվան նշյալ ստուգաբանությունը հիմնավորվում է նաև պատմաաշխարհագրական տվյալների ուսումնասիրությամբ: Բնակատեղին հարուստ էր ջրային ռեսուրսներով. 62 աղբյուր է նշում Յուրի Բեգլարյանը:
Մինչդեռ Թաղավարդ անվան ստուգաբանությունը, բացատրությունը բանավոր և գրավոր շատ աղբյուրներում տրվում է բառի ժամանակակից լեզվազգացողությամբ գիտակցվող իմաստով՝ վարդերի թաղ, ինչը թյուրըմբռնման հետևանք է: Հայերենի բառակազմական իրողությունների դիտարկմամբ՝ վարդերի թաղ բացատրությունը չի համապատասխանում կառուցվածքից բխող իմաստին․ եթե վարդերի թաղ լիներ, պիտի բնականունը վարդաթաղ լիներ, ոչ թե հակառակ շարադասությամբ։
Թաղավարդ բնականվան հնագույն լինելն է փաստում նաև թաղ բաղադրիչը: Այն հնդեվրոպական արմատ է՝«թաղ, քաղաքամաս» նշանակությամբ։
Արցախի տեղանուններում այն հաճախական կիրառություն ունի․ ինչպես՝ Հին Թաղեր, Թաղասեռ, Թաղուտ, Քյուրաթաղ, Հոռաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ, Ճանկաթաղ և այլն:
Թաղ աշխարհագրական անվամբ բաղադրված բնականունները հիմնականում տարածված են Հադրութի և Մարտակերտի շրջաններում:
Անվանումների առաջացման հիմնական պատճառը բնակավայրերի՝ միմյանցից հեռու գտնվելու և թաղամասերի բաժանված լինելն է: Դրանք հիմնականում հին բնակավայրեր են. եթե ձոր, աղբյուր բաղադրիչներով թե՛ վերանվանումները, թե՛ նոր անվանումները հաճախական են՝ պայմանավորված այդ եզրույթների ընդգծված աշխարհագրական նկարագրով, ապա թաղ բաղադրիչը նույն հաճախականությունը չունի: Նախ՝ այն ընդհանրական-նկարագրական է իմաստով, բայց տիպական է ներբնակավայրային իրողությունների բնութագրության առումով: Երկրորդ՝ այդ բաղադրիչով վերանվանումները պատահական ու գեղարվեստական բնութագրեր չեն։

«Վանք» անվամբ Արցախում երեք բնակավայր է նշվում:
Մարտակերտի շրջանի Վանք գյուղանունն առաջացել է գյուղի մոտ գտնվող Գանձասար վանքից:
Գյուղը «գտնվում է Գանձասարի վանքի ստորոտում, հնում եղել է վանքի մոտ և սպասարկել նրան: Այն կոչվել է Գանձասարի կամ վանքի գյուղ, հետագայում կրճատ Վանք» :
1745թ. գյուղը կրում էր Վանքեն շեն, 1832-1833թթ.՝ Ալվանքլու, 1853թ.՝ Գանձասար, 1890թ՝ Վանք, Վանք գեղ, Վանքեն շեն, 1910 օգոստոսից՝ Գանձասար , 1922թ. մայիսի 11-ից՝ Վանքլու:
Մարտակերտի շրջկոմի բյուրոյի և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմի 1962թ. օգոստոսի 1-ի որոշմամբ առաջարկվում էր Վանք գյուղը վերանվանել Ռուզանավան կամ Գանձասար և 1988թ. փետրվարից՝ դարձյալ վերանվանվեց Վանք:
Վանք անվամբ գյուղ կա Հադրութի շրջանում:
Ղ. Ալիշանը վկայում է այդ գյուղի մասին՝ հայտնելով, որ այն «Թակասիրի հարավային ծայրում է» և այս գյուղատեղում Վանք մենաստանն էր, որը մեկ այլ քարտեզում Սուրբ-Շիհիճ է նշվում ու երկբայում՝ դա արդյո՞ք Շուփհաղիշն է:
Ապա թվարկում է մյուս գյուղերը՝ «Վանքի հարավային կողմում գտնվում են Սարաճըկը, Պալյանդը, Սյուլեյմանլը, Բիրաճակը, վերջինիս հարավում՝ Տաշ-քեսենը, Կորավլը... » :
Պատմական վավերագրերում գյուղի գոյությունը վկայող տեղեկանքներ կան: Հադրութը շրջապատող հայկական գյուղերի մեջ հարավից նշվում է Վանքը :
1962թ. օգոստոսի 24-ի որոշմամբ առաջարկվում էր Վանքը վերանվանել Վարդավան /Вартаван/, իսկ լրացուցիչ՝ Սառնաղբյուր: Անկախության շրջանում այն Արցախի բնականվանացանկում ամրագրվեց Վանք անվամբ:
Վանք անվամբ մյուս բնակավայրն այսօր վերանվանված է Դադիվանք: Իրականում Վանքն էլ անվանակոչվել էր Դադիվանքից: Ինչպես նշում է Սլավա Սարգսյանը, բնակավայրը սկզբում կոչվել է Խութ, որը հիմնադրվել է Տեր-Գրիգորիսի կողմից՝ 16-րդ դարում :
Համանուն այդ երեք բնակավայրերի պատմական տեղեկանքը հավաստում է, որ երեք դեպքում էլ վանք հասարակ անվան հատկացումն է առկա, և բնականվանումներն արդյունք են մերձակա վանքերի՝ Գանձասարի, Սպիտակ խաչի, Դադիվանքի՝ տվյալ բնակավայրերի նկատմամբ ունեցած նշանակալի և ուղղորդող դերի: Այդ բացառիկ դերակատարումը դարձել է տեղանվանիշ:
Վանք բնականվան ծնունդը պայմանավորված է տվյալ տարածքում ապրող բնակչության համար նշյալ վանքերի խաղացած դերով, նրանց գործառական ու հասարակական նշանակությամբ: Հատկանշելի է, որ նույնիսկ վերանվանումների ժամանակ անշրջանցելի էր մնում հոգևոր այդ կենտրոնների դերը:
Լեզվաբանական տեղեկանք։ Ըստ Ղափանցյանի՝ վան-ը փոքրասիական va(n)ni կամ va(n)na ածանցն է , որի իմաստային ճշգրտումը հայերենի տվյալներով է վերհանելի: Սկզբնական իմաստն էր բնակավայր, ապա՝ օթևան, կացարան:

Ստեփանակերտի կենսագրությունը
Ստեփանակերտը Վարարակն, Ներքին շեն, Սողոմոնի շեն, Կարկաժան, Խանքեանդ, Փահլուր բնակավայրերի միավորմամբ ստեղծված բնակավայր է։
1860-70-ական թթ. Ղարաբաղի կենտրոնը Վարանդա գավառի Շուշին էր՝ 3000 ընտանիք՝ 21131 բնակչով(տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, Ֆոնդ 150, ցուցակ 1, գործ 59)։
Խաչենի գավառում նշվող գյուղեր էին՝
Կարկաժանը/Կիրկիժանը՝ 80 տուն, 580 բնակչով,
Ղայբալի/ Ղայբալիքենդը՝ 79 տուն՝ 448 բնակչով,
Խանքեանդը՝ 50 տուն՝ 619 բնակչով,
Փահլուրը՝ 18 տուն՝ 45 բնակչով (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, Ֆոնդ 150, ցուցակ 1, գործ 59)
Արխիվային մեկ այլ փաստաթղթում գրառում կա Վարարակնի մասին․
1841թ. Վարարակնը՝ 31 տուն` 133 շունչ բնակչով հիշվում է որպես առանձին գյուղ։ (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, Ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 305, 47)
Այն, որ նշած գյուղերը հայկական ու հայաբնակ էին, վկայում է նաև այդ գյուղերի ծխական քահանաների ձեռնադրության փաստը: Ահա քաղվածքը արխիվային փաստաթղթից՝
Ծառայութեանց ցուցակ, տրված է 1910 թ., բայց ընդգրկում է 1870-ական թթ-ից Շուշիի եկեղեցիներում սպասավորած անձանց անձնական գործերը
<<Շուշիի գավառի Ղայբալի գյուղի ծխական Վրթանես քահանայ Յարութիւնյան Տէր- Ղուկասյանց- 1878թ. ձեռնադրվել է քահանա:
Շուշիի գավառի Կարկաժան գյուղի ծխական Իգնատիոս քահանայ Տէր- Գրիգորյանց- 1907թ. ձեռնադրվել է քահանա:
Շուշու գավառի Խանքիանդ ավանի ծխական Պետրոս քահանայ տէր Հովհաննիսյանց(46 տարեկան), 1890թ. ձեռնադրվել է քահանա>>:
ԼՂԻՄ վարչատարածքային միավորը ձևավորելուց հետո(1921թ.), կենտրոն Շուշիի փոխարեն մարզի կենտրոնատեղի ընտրվեց այդ գյուղերի հիմքով խոշորացված նոր միավորումը, և այն անվակոչվեց ի պատիվ մեծ կոմունիստ Ստեփան Շահումյանի՝ Ստեփանակերտ(1923թ․) :
Հատկանշելի է այն, որ թեպետ Խանքենդը բնավ էլ ամենախոշորը չէր այդ գյուղերից, բայց և այնպես իբրև գործող ղեկավարության ընդունելի երկրորդային անուն Խանքենդն ընտրվեց (մինչ Ստեփանակերտ վերանվանվելը) և իրավական վավերացում ստացավ:
Իրականում անվանակոչության գործընթացում տեղի է ունեցել պատմական շերտերի ընտրովի շեշտադրում։ Այն, որ ավելի փոքր բնակավայրի անունը՝ Խանքենդը, ընտրվել է որպես հիմք, վկայում է այն մասին, որ նպատակը ոչ թե պատմական իրողության արտացոլումն էր, այլ այն նոր քաղաքական միավորի ստեղծումը, որը պետք է խզեր կապը բնիկ հայկական անվանումների հետ։
Իրականում Խանքենդը որպես բնակավայր ձևավորվել է Խանէն բաղ՝ Խանի այգի Շուշվա խանի ձմեռանոցի և հետագայում խանապատկան դարձրած Վարարակն բնակակավայրից։
Խանքենդ նշանակում էր խանապատկան, և բնավ կապ չունի օտարացեղ խաների բնակության վայր լինելու կամ նրանց կողմից հիմնադրված լինելու անհիմն պնդման հետ։ Ինչպե՞ս կարող է օտարացեղի հիմնադրած բնակավայրը կաթողիկոսի ձեռնադրությամբ հայ քահանա ունենալ։ Հայկ Խաչատրյանը նշում է, որ Վարարակնը խանի դաստակերտն էր, հայկազուն մելիք Բաղր Խանին էր պատկանում։
Իսկ Խանքենդ անունը տրվել է ռուսների կողմից ոչ պաշտոնական անվանակոչությամբ, այլ խանի դաստակերտ անվան թարգամանությամբ։ 1830-ական թթ․ զորանոց բնակավայր է հիմնվում, և այդ զորանոց ավանի հիմնադրումը, Վարարակնի և շրջակա գյուղերի միավորումը ժամանակագրորեն հաջորդում են միմյանց։
Ստեփանակերտի ձևավորման պատմությունը տեղանունների միջոցով օբյեկտի վերակերտման՝ քաղաքականացված վերակերտման դասական օրինակ է։ Մի քանի հնագույն հայկական բնակավայրերի (Վարարակն, Փահլուր և այլն) հիմքի վրա նոր վարչական միավորի ստեղծումը և «Խանքենդ» անվան կանխամտածված շեշտադրումը ոչ այլ ինչ է, քան տարածական կենսագրության խեղաթյուրում։
Սա նպատակ ուներ բազմաշերտ հայկական պատմական իրականությունը փոխարինել պարզեցված, քաղաքականապես ձեռնտու կաղապարով՝ այդպիսով ստեղծելով օբյեկտի նոր, օտարված ինքնություն։ Այս ամենը փաստում է, որ տեղանունը ոչ թե լոկ լեզվական պիտակ է, այլ օբյեկտի պատմական ինքնությունը կերտող և պահպանող հիմնարար գործիք։

Արցախը տարբեր անուններով է կոչվել իր պատմաքաղաքական կյանքի տարբեր շրջաններում: Ադախ, Արցախ, Ծաւդէից աշխարհ, Ծաւդէք՝ սեպագրերի մեջ ու միջնադարյան հեղինակների երկերում:
Խաչեն, Արեւելք, Արեւելից կողմանք, Աղուանից կողմանք, Աղուանք` X-XII դդ.։ Առան էր կոչվել նույն շրջանում և սակավ XIII –XIV դդ. Ղարաբաղ էր կոչվել սկսած XIVդ. վերջից։
Արցախ տեղանվան վկայությունը դեռևս մ. թ. ա. VIII դարից է. սեպագրերում վկայված՝ Ադախունի: «Վանի կամ Արարատյան հայկական թագավորության երկու գահակալները մ. թ.ա. VIII դարում արձանագրել են, որ իրենք դեպի հյուսիս, հյուսիս-արևելք կատարած արշավանքներով իրենց տերությանն են միացրել նոր երկրամասեր, որոնց հետ է եղել նաև Ադախ-Արցախը/ սեպագրերում՝ Ադախունի/: Որ Ուրտեխեն կամ Ադախունին Արցախն է, վկայում են նաև Սարդուրի Բ-ի արձանագրության մեջ հիշատակվող Արցախի գավառների, բնակավայրերի և գետերի՝ Հարճլանք, Պարծկանք, Պիանք, Գիշի, Տրտու, Կուրական անունները»:
«Սարդուրի Բ-ի կողմից Գանձադռան տարեգրության հատվածներից մեկում Ք. ա. 741 թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ և Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ հիշատակված է Ադախունի տեղանունը»:
Ռուսա թագավորի անվան հիշատակությամբ մի արձանագրություն է հայտնաբերվել Ստեփանակերտի ու Խոջալուի դամբարանաբլուրների պեղումների ժամանակ, որը վկայում է հայկական այդ թագավորության մեջ Ադախ-Արցախ հիշատակությունը։
Թե՛ Բ. Ուլուբաբյանը, թե՛ Վ. Բալայանը, առկա պատմական հնագույն աղբյուրները հիմք ընդունելով, հավաստում են Ադախունի և Արցախ անունների նույնականությունը:
Արցախի մասին հիշատակում է նաև Ստրաբոնը՝ Օրխիստինա անվամբ. Օրխիստինան Արցախի հունարեն անվանումն է: Ստրաբոնը, մ.թ.ա. 1-ին դարի և մ.թ. արշալույսի Հայաստանը նկարագրելով որպես ականատես, նրա կազմի մեջ ներկայացրել է Շակաշեն-Ուտիքը և Օրխիստինա-Արցախը` որպես այդ երկրի բուն նահանգներ :
Արցախ տեղանվան վկայությունը՝ Արձախ հնչատարբերակով տեսնում ենք հայ պատմագրության մեջ. «Տասներորդ նահանգն է Արցախ կամ Արձախ»,- նշում է Խորենացին: Բուզանդի Պատմության մեջ նշվում է. 4-րդ դարի երկրորդ կեսին <<ամուր գաւառն Արձախայ>> բաժանվեց Մեծ Հայքից:
Եղիշեի մոտ նույնպես նշված է Արձախ անունը՝ երեք անգամ: Ադախ հնչատարբերակով տեղանուն նույնպես հիշատակված է հետագա ժամանակների հայկական աղբյուրներում: Ուլուբաբյանը նշում է, որ Ադախ նախնական անվանումը պահպանված է նաև Գանձասարի վանքի մոտերքում գտնվող Ադախ բնակավայրի անվան մեջ, որն անխաթար պահպանվել է միջնադարում: Մ. Կաղանկատվացին գրում է. «Գնաց ի կողմ Խաչենոյ, Տանձեայց և Ադախայ կրկին անգամ» :
Այդ մասին նշում են նաև Մ. Գոշը, Ստ. Օրբելյանը և ուրիշներ: Վ. Բալայանը հավանական է համարում «Ադախ-Արցախ մեկ բնակավայրի անվան հետագա տարածումը ողջ նահանգի վրա» :
Ստուգաբանական վարկած 1-ին
Ուրտեխե-Արձախ-Արցախ նույնականության փաստի առիթով Հովհ. Կարագյոզյանը, հղում անելով Մ. Նիկոլսկուն, նշում է, որ անունը «հիշատակվում է միայն Սարդուրի Բ-ի մոտ՝ Սևանա լճի հարավային ափին, Ծովակ գյուղում գտնված արձանագրության մեջ, իսկ Ուրտեխե-Արձախ զուգահեռը, առանց լեզվական քննության, առաջին անգամ առաջարկել է Գ. Ղափանցյանը»։
Կարագյոզյանի մեկնաբանությամբ՝ Ուրտեխե երկրանվան մեջ ու-ն հավանաբար հնչել է օ, այսինքն՝ Օրտեխե, քանի որ հայերենին հատուկ է ոչ թե ու>ա, այլ օ>ա հնչյունափոխությունը, որը սպասելի է նաև տվյալ դեպքում: Սակայն, ուրարտա-հայկական անցումներում t > ձ հնչյունափոխություն հայտնի չէ, ուստի, կարելի է եզրակացնել, որ, հավանաբար, գոյություն է ունեցել նախնական *Orqehe ձևը։ Եվ հայերենին հասել է այդ ձևից առաջացած *Orgehe տարբերակը, որից о >ա, е>ա անցումներով g>ձ հնչյունափոխությամբ և վերջին կիսաձայն е-ի անկմամբ ստացվել է Արձախ, որը վկայված է, իսկ հետագայում ձ >ց հնչյունափոխությամբ՝ Արցախ, որը նույնպես վկայված է :
Բաբկեն Հարությունյանը Արցախի տեղադրության հարցի շուրջ իր դիտարկումներում նշում է, որ «սեպագիր արձանագրությունների լեզուն չի տարբերակում ու և ո հնչյունները, այսինքն՝ թե մեկը և թե մյուսը տրվում են ու գրությամբ: Սակայն Օրքիստենե անվանաձևը վկայում է , որ Ուրտեխեն հնչել է Օրտեխե :
Ավելի ուշ հայկական աղբյուրների Արդախ անունը պարզորոշ ցույց է տալիս, որ կատարվել է օ >ա հնչյունափոխությունը, որը հատուկ է հնդեվրոպական լեզուներին: Այդ կարող էր կատարվել այն դեպքում, եթե Կուրի և Արաքսի միջագետքը բնակեցված լիներ հնդեվրոպական հայկական բնակչությամբ: Բոլոր «պատմագիտական» մարզանքները՝ նշված շրջանում աղվանական կամ կովկասյան ցեղերին ազգակից բնակչություն տեսնելու վերաբերյալ, անիմաստ են ու անպտուղ»:
Այսինքն՝ Արցախը վաղնջական շրջանից էլ հնդեվրոպական հայկական տարածք էր:
Ուրարտերենի և հայերենի տվյալները զուգադրելով՝ բանասեր, խմբագիր Արտավազդ Նազարյանն էլ գրեթե նույն վարկածն է դիտարկում՝ մեկ այլ մեկնաբանությամբ:
Մատնանշելով բիայնական արքայի՝ Սարդուրի Բ-ի՝ Կտրեցի մինչև Ուրթեխե երկիրը արձանագրությունը և Ուրթեխե-Արցախ նույնականությունը` նա բառարմատը դիտում է Որթ-ը: Նույնպես նշում է, որ ուրարտերենում Ու սեպագրով արտահայտվում էր նաև Օ հնչյունը, որի համար այդ լեզվում առանձին գիր չկար: Ուրարտերենը չի տարբերակում նաև Տ և Թ հնչյունները: Ուրեմն Ուրթեխեն կարող էր արտասանվել նաև Օրթեխե/Օրտեխե: Ըստ այդմ՝ ուրարտերենը հարազատորեն պահպանել է բնիկ հայերեն Որթ (Խաղողի վազ, դյուրաթեք ճյուղ ) բառը: Հայտնի է , որ Ո տառը հին հայերենում կարդում էին պարզապես Օ: Այն, որ ուրատերեն Ուրթեխե-ի Ու -ն հնչել է Օ, ապացուցում է նաև հունարենով ավանդված Արցախի հնագույն հիշատակություններից մեկը՝ Օրխեստենե՝ Օրխիստինա, -հաստատում է Նազարյանը: Ըստ այդմ՝ նա հանգում է, որ մեր թվարկության սկզբներին բառի արմատը հնչել է Որթ կամ Որթս( կանոնավոր հայցականով), իսկ ամբողջ բառը հնչել է Օրթսախ:
ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒՄ․
Եխե/ախ վերջնամասնիկը խուռաուրարտական հատկացուցչական-տեղանվանական մասնիկն է:
Պատմական արձանագրություններին ու տրվող տեսակետներին զուգահեռ՝ լեզվաբանական քննությամբ ևս հաստատվում է Արցախ տեղանվան վաղնջականությունը:
Լեզվաբանական քննությամբ ու բառակազմական տեսանկյունից՝ Արցախը բաղադրյալ կազմություն ունեցող անվանում է դիտվում: Ինչպես նշում է Ղափանցյանը, իսկ նա անառարկելիորեն Ուրտեխեն նույնացնում է Արցախին, հաստատում է, որ Հայաստանի տեղավանագիտության մեջ պահպանվել են մի շարք անուններ –ախ վերջավորությամբ . ինչպես՝ Աթթախ, Շատախ, Քաշախ, նաև Արձախ/Արցախ/:
Այդ –ha մասնիկը խուռաուրարտական –hi հատկացուցչական-տեղանվանական մասնիկն է` i-a հերթագայությամբ:
Գ. Ջահուկյանն այս կարծիքը հավանական է համարում՝ նկատի ունենալով ածանցի տարածման ոլորտը ու նաև հնարավոր համարում խեթալուվական աղբյուրից առաջացումը : Տեղանվանիշ այս ձևույթը փաստորեն նշված հնագույն այդ ժողովուրդների հետ ունեցած մեր հարաբերությունների վկայությունն է:
Ստուգաբանական վարկած 2-րդ
Անվան արմատը դիտվում է արձ/արձն-ը, որը նշանակում է քար, ժայռ: Այդ վարկածը հավաստող արձանագրություններ ևս առկա են:
Այսպես՝ Հարություն Խուդանյանը, քննելով Ալզի/Աղձնիք/ տեղանվան ստուգաբանությունը, հանգում է նրան, որ Աղձնիք անվան հիմքում ընկած է Աղձն/Արձն տեղանունը, որը հանդիսացել է Աղձնիքի առաջին գավառը: Ապա և միևնույն արմատածագումնաբանական առնչակցության մեջ է դիտարկում Ալզի/Աղձն/Արձն տեղանունները: Ամփոփելով` նշում է, որ աղձ/արձ արմատը, ըստ երևույթին, ընկած է պատմական Հայաստանի մի շարք տեղանունների հիմքում և նշանակում է ժայռոտ, լեռնային, քարքարոտ միջավայր ունեցող կամ այդպիսի տարածքում գտնվող, ու ներկայացվող օրինակների շարքում նշում է Արձախ-Արցախը/ Արձախայ աշխարհ/ :
Վահան Գայսերյանը Վանի թագավորության արձանագրություններում վկայված ուրարտական alzini/ բառի հավաստի մեկնությունը համարում է արձ-ը/ արձանը: Եվ նշում, որ l>ր, e>ա անցումները բնորոշ են սեպագրից հայերենին անցած ձևերում. Հետաքրքրական է, որ եթե Արձախ-ը ստուգաբանվի արձ +ախ բաղադրիչների վերլուծությամբ, ապա այն սեպագիր արձանագրության մեջ վկայված alzi բառամիավորի l>ր անցումով առաջացած հայկական արձ-ն է, իսկ e>ա անցմամբ հիմնավորվում է Ուրտեխե-ից Արցախ անցումը :
Հատկանշական է, որ բանահավաք Լևոն Հարությունյանն էլ Արցախ տեղանվան մեկնաբանության մեջ նույն մտքին է հանգում՝ արձ արմատն է առանձնանշում, բայց տվյալ դեպքում այդ ստուգաբանությունն առավելապես արցախյան բանագիտական մտքի հանգում է: Նա նշում է, որ «Արցախ /Արձախ/, Կաղարծի/կախված+ արձն+ի/տեղանուններն ունեն նույն արմատները՝ արձ/ն/, ինչը նշանակում է քար, ժայռ: Նա Արցախ բառի բառակազմական պատկերը արձ և եղ բաղադրիչների տրոհմամբ է ներկայացնում, իմաստը՝ քարեղեն, ժայռեղեն վայր: Արցախը ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի հնագույն տեղանուններից է, նշում է նա: Այսպիսով՝ Արցախի ստուգաբանական մյուս վարկածը՝ արձ+ախ բաղադրիչների տրոհմամբ է մեկնաբանվում՝ ժայռեղեն, լեռնային տարածք:
Այլ վարկածներ(ավանդություն և ժողովրդական ընկալում)
1․Արցախ անվան մեկ այլ մեկնաբանություն է տալիս Ապրես Բեկնազարյանցը(Մակար Բարխուդարյանց)՝ Արցախ անունը բխեցնելով Սար և ցախ բարդությունից՝ լեռնային ու անտառային նշանակություններով: Ըստ որում հետագայում ս հնչյունի անկմամբ բառանվանումը դարձել է Արցախ :
2․ Ըստ Ալեքսանդր Վարպետյանի՝ Արցախը ուրարտական ժամանակաշրջանում կոչվում էր Արիա:
3․ Գագիկ Փխրիկ-Սարգսյանն Արցախ-ը մեկնաբանում է <<Արի երկրի անտառածածկ մաս>> նշանակությամբ: Հեղինակը մեկ այլ տարբերակով ար-ը համադրում է այրված, սև գույնի հետ, իսկ ցախ-ը՝ անտառ, մացառ հասկացության հետ :
4․Ղ.Ալիշանն էլ նշում է. «Երկրամասի անվան ծագումն անհայտ է մնում. թերևս անհարմար չի լինի կարծել ծառերի ու թփերի ցախ անունից ծագած, ըստ երկրի անտառոտ բնույթի. այն մեր նախնիները գրում են նաև ձ տառով» :
5․ Սլավա Սարգսյանն էլ, ի թիվս տեղանվան բազմաթիվ ստուգաբանական վարկածների ներկայացման, նաև ադրբեջանական ստուգաբանական ճիգերը մեկնաբանելով հարցի շուրջ, նշում է, որ այդ անվան մեջ ծագումնաբանորեն առկա են արեգակի և լուսնի պաշտամունքը խորհրդանշող բառեր կամ բառարմատներ:
Ար-ը խորհրդանշում է արեգակը: Ցախ-ը (նախանվանումը դրափոխությամբ՝ խաց, կաս արմատի տարբերակներից մեկն է, որը վերաբերում է լուսնին՝ ունենալով նաև սուրբ, պաշտամունք նշանակությունը: Ապա Սարգսյանը հանգում է, որ Արցախն ունի լեռնային սրբացված տարածք իմաստը: Եվ ընդգծում, որ Արցախ անվանումը ձևավորվել է դարերի ընթացքում, ենթարկվելով փոփոխությունների՝ հետևյալ անցումներով. Կասակ-Կարսակ(երբ տեղանվան առաջին վանկի ձայնավորից հետո հանդես է գալիս ր աճականը՝ դառնալով Կարցակ, ապա՝ Կարցախ ու Արցախ՝ կ տառի անկմամբ :
Բոլոր այս մեկնաբանությունները պարզ հաստատում են այն իրողության, որ Արցախը հնագույն տեղանուն է։ Որքան հին է անվան պատմությունը, այնքան մթագնված է նրա մեջ բառական նյութական նշանակությունը, ինչն էլ հիմք է տալիս տարբեր վարկածների գոյության՝ առանց այս կամ այն տարբերակը որպես բացարձակ ճշմարիտ ընդունելու:
Թե՛ պատմական, թե՛ լեզվաբանական և թե՛ բանագիտական մտահանգումները Արցախ անվան ստուգաբանական տարածքում մեկտեղվում են: Այն է՝ Արցախը վաղնջական շրջանից հայապատկան ու հայալեզու տարածք էր, ու որքան էլ տարբեր են տեղանվան ծագման ու նյութական նշանակության մեկնաբանությունները, միանշանակ է այդ անվան հնագույն վկայությունն ու արձանագրությունը պատմական հուշարձաններում:
Այսօր էլ՝ հազարամյականեր անց, բոլոր այդ նկարագրերը Արցախին բնորոշ են:
Արցախի տեղանուններ
Անվամբ է հողին դաջվում ժողովրդի լինելության վկայագիրը:
Դեռևս հնագույն շրջանից մարդուն հետաքրքրել են ինչպես իր ծագման, իր լեզվի առաջացման հարցերը, այնպես էլ իր բնակավայրի հետ կապված և առանձնապես այդ վայրերի անվանումների ծագումնաբանությունը:
Աշխարհագրական այդ անունները՝ տեղանունները, մեր լեզվապաշարի առանձնահատուկ մասն են կազմում և մեր լեզվամտածողության տարածքում կենսական բաղադրիչ են, մշտակա ուղեկից մեր խոսքին, որովհետև մեր իսկ ճանաչողությունն սկսվում է մեր բնակության տարածքի ճանաչողությունից:
Մեր ծննդյան իսկ պահից տեղանունները՝ իբրև մեր ծննդավայրի անուն, հասցե, դառնում են անձնանվան ու ազգանվան կից անում: Եվ բնական է լինում այն ցանկությունը, որ մեզանից յուրաքանչյուրը փորձում է ընկալել ու մեկնաբանել իր բնականունը՝ դրանում տեսնելով իր նախնիների հետ հարաբերվելու, անցյալն ու պատմությունը ճանաչելու հնարավորություն:
Ավելի մանրամասն աղբյուրները ՝ տե՛ս մեր Գրադարանի, Բնակավայրեր և տեղագրություն, Արցախի պատմություն թեմատիկ շարքը։