Արցախի տեղանվանագիտության պատմության ամփոփ ակնարկ

Արցախի տեղանվանագիտության պատմության ամփոփ ակնարկ

Տեղանվանագիտությունը գիտակարգ է, որն ուսումնասիրում է աշխարհագրական անունների ծագումը, զարգացումը, դրանց բառակազմական ու քերականական կառուցվածքը, բովանդակությունը:

Տեղանվանագիտությունը միջգիտակարգային ուղղություն է, այն մեկտեղում է աշխարհագրության, պատմության ու լեզվաբանության ուսումնասիրությունները իր քննության առարկայի շուրջ: Դրանցից յուրաքանչյուրը նպաստում է տեղանվան էության բացահայտմանը, լիարժեք մեկնաբանմանն ու իբրև իրողություն արժևորմանը:

Աշխարհագրական անունները մեր լեզվամտածողության առաջին իսկ միավորներն են: Մեր ծննդյան իսկ պահից դրանք իբրև մեր ծննդավայրի անուն, հասցե դառնում են անվան ու ազգանվան կից անվանում: Եվ բնական է լինում այն ցանկությունը, որ մեզանից յուրաքանչյուրը փորձում է ընկալել ու մեկնաբանել իր բնականունը՝ դրանում տեսնելով իր նախնիների հետ հարաբերվելու, անցյալն ու պատմությունը ճանաչելու հնարավորություն:

Այդ հետաքրքրություններն ու կատարվող ուսումնասիրությունները նախադրյալներ ստեղծեցին տեղանվանագիտության՝ որպես առանձին գիտակարգի ձևավորման համար: Տեղանվանագիտական ուսումնասիրությունների դաշտում նշանակալի են 20-րդ դարակեսի և դարավերջի ուսումնասիրությունները, որոնք հեղինակել են Վ. Ա. Ժուկևիչը, Վ. Ա. Նիկոնովը, Ա. Ի. Պոպովը, Ե.Մ. Պոսպելովը, Է. Մ. Մուրզաևը: Այդ ուսումնասիրություններն առավելապես նվիրված են տեղանվանագիտության տեսական հարցերի լուսաբանմանը, տեղանվանագիտության առարկայի, խնդիրների հստակեցմանը, ԽՍՀՄ տեղանվանագիտության պատմության ներկայացմանը: Բնականաբար, դրանք լուրջ աշխատություններ են գիտակարգի՝ որպես ձևավորման ու հետագա ուսումնասիրության ճանապարհի նախանշման համար:

Հայ տեղանունների մեկնության սկզբնավորումը կապվում է դեռևս 5-րդ դարի հայ մատենագիների անվան հետ: Նրանք իրենց երկերում ներկայացնում էին հատուկ անունների՝ անձնանունների, տոհմանունների, տեղանունների մեկնություններ: Դրանք ստուգաբանական փորձեր էին, օտար բառերի կամ նրանց բաղադրիչների թարգմանություններ: Լ. Հովհաննիսյանը նշում է, որ մատենագիտական այդ երկերի ցանկում հատկանունների մեկնությունների քանակական կազմով, հիմնավոր փաստարկների բազմազանությամբ, սկզբունքների տրամաբանության առումով առանձնանում է Մովսես Խորենացու ‹‹Հայոց պատմությունը›› : Խորենացու մեկնությունները հետագայում քննության առարկա են դարձել տարբեր ուսումնասիրողների կողմից, իսկ Պատմության թարգմանիչները իրենց ծանոթագրություններում ներկայացնում այլ դիտարկումներ՝ առաջարկելով նոր վարկածներ:

Ակադեմիկոս Գ. Սարգսյանը նշում է, որ Մ. Խորենացու մեկնությունները միանշանակ չեն ընկալվել և որպես համակարգ չեն ուսումնասիրվել, մինչդեռ Խորենացու ստուգաբանությունները կարևորվում են կիրառած սկզբունքների տրամաբանությամբ, դասակարգման, բնութագրական հատկանիշների հստակությամբ: Լ. Հովհաննիսյանը նույնպես արժևորում է երկը՝ նշելով, որ ‹‹Մ. Խորենացու ‹‹Հայոց պատմության›› գիտական արժանիքներից մեկն էլ հատուկ անունների մեկնությունն է, որն էապես տարբերվում է 5-րդ դարի այլ հեղինակների մեկնություններից: Խորենացին հատուկ նպատակադրմամբ ձեռնարկել և ստեղծել է մի կուռ համակարգ, ստուգաբանական մշակված սկզբունքներ, որը նրա պատմությունը դարձնում է ոչ միայն գրավիչ ու հետաքրքիր, այլև մեր ժողովրդի պատմության խորենացիական մոտեցումների յուրատեսակ փաստարկում››: Մոտ 500 հատուկ անվան մեկնություն է տրված Պատմության մեջ: Արցախի հնագույն տեղանունների վկայություններ ու մեկնություններ նույնպես առկա են Խորենացու երկում/ Արձախ, Վայկունիք, Հաբանդ և այլն/: Ագաթանգեղոսի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Փարպեցու երկերում նույնպես կան հատուկ անունների մեկնություններ, բայց դրանք մեծ թիվ չեն կազմում և ուսումնասիրության համակարգային բաղադրիչ չեն դառնում: Հայ մատենագրության մեջ շարունակվում են հատկանունների վկայությունները, երբեմն նաև դրանց մեկնությունները: Բայց դրանք այնքանով էին կարևորվում, որքանով բավարարում էին մատենագրի կամ պատմիչի հիմնական նյութի հաղորդման նպատակի իրականացմանը:
Հայոց տեղանունների, նաև Արցախի տեղանունների հավաքագրման, ուսումնասիրության, գիտական համակարգման բնագավառում հատկանշելի են Ղ. Ալիշանի , Ղ. Ինճիճյանի , Հ. Հյուբշմանի , Հ. Էփրիկյանի , Գր. Ղափանցյանի , Ս. Երեմյանի և այլոց ուսումնասիրությունները: Հայ տեղավանագիտության՝ որպես գիտական համակարգի սկզբնավորումը կապվում է Հ. Հյուբշմանի անվան հետ: <<Հին Հայոց տեղւոյ անուններ>> աշխատությունն աշխարհագրական անունների առաջին համահավաք ուսումնասիրությունն է, որում Հյուբշմանը տալիս է հայկական հնագույն տեղանունները(Աշխարհացոյց-ով ավանդված), նշում նրանց առաջին հիշատակությունների մասին և տալիս աշխարհագրական ամփոփ նկարագիրը, ինչպես նաև ստուգաբանությունը, եթե հնարավորություն են տալիս առկա փաստերը: Հայկական տեղանունների շարքում նշված են մի շարք արցախյան տեղանուններ, և այդ աշխատությունը համարվում է Արցախի տեղանվանական համակարգի գիտական առաջին նշագրումը:

20-րդ դարակեսի և դարավերջի ուսումնասիրությունները, որոնք նախանշում էին ԽՍՀՄ-ում տեղանվանագիտության զարգացման միտումները, խթանեցին հայոց տեղանունների ուսումնասիրությունը և վերլուծությունը: Հատկանշելի է Գր. Ղափանցյանի վաստակը հայոց տեղանվանագիտության՝ որպես գիտակարգի ձևավորման, տեղանվան՝ որպես պատմալեզվաբանական եզրույթի ընկալման, հնագույն հայկական տեղանունների լեզվաբանական քննության բնագավառում: Գր. Ղափանցյանը իրավամբ կարող է կոչվել առաջին հայ տեղանվանագետը, և նրա ուսումնասիրությունները հայ տեղանվանագիտության զարգացման տիրույթում առայսօր էլ հիմնադրութային նշանակություն ունեն:

Տեղանվանագիտության ձևավորումն ու զարգացումը, տեղանունների ուսումնասիրությունը շարունակվում են մնալ հետաքրքրությունների դաշտում: Լույս են տեսնում հոդվածներ, բառարանններ, առանձին ուսումնասիրություններ: Արցախյան տեղանունների ուսումնասիրության առումով կարևոր են թե՛ հայ մատենագրության արձանագրությունները(Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ , Մովսես Խորենացի , Եղիշե, Ղազար Փարպեցի), թե ՛ միջնադարյան պատմիչների ուսումնասիրությունները՝ Սյունյաց կամ Արցախ աշխարհներին վերաբերող(Մովսես Կաղանկատվացի , Ստեփանոս Օրբելեան , Ղ. Ալիշան), թե՛ առանձին ուսումնասիրությունները(Բ. Ուլուբաբյան , Հ. Կարագյոզյան , Մ. Բարխուդարյան , Ս. Երեմյան , Ս, Մելքումյան , Թ. Ամիրջանյան և Արզումանյան Վ. , Ա. Մաղալյան , Ս. Սարգսյան ), թե՛ բառարաններ ու մատենաշարեր ( Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , Դիվան հայ վիմագրության , ) և թե՛ առանձին բնակավայրերի մասին լույս տեսած մենագրությունները : Բոլոր այս ուսումնասիրությունները կարևոր են ու նշանակալի տեղեկատվական առումով, նաև փաստական հարուստ նյութ են ամբողջացնում և սկզբնաղբյուրային արժեք ունեն:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1․Փաւստոսի Բիւզանդացւոյ, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912:

2․Խորենացի Մ., Հայոց պատմություն, Ե., 1981:

3․Կաղանկատվացի Մ., Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983:

4․Օրբէլեան Ստեփանոս, Պատմութիուն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910:

5․Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը. սկզբից մինչև մեր օրերը, Ե., 1994:

6․Կարագեոզեան Յովհաննէս, Սեպագիր տեղանուններ(Այրարատում եւ հարակից նահանգներում), Երևան, «Մագաղաթե, 1998:

7․Բարխուդարյանց Մ. Եպս., Աղուանից երկիր եւ դրացիք. Արցախ, Գանձասար աստվածաբանական կենտրոն, Ե., 1999:

8․Երեմյան Ա.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Հայկ. ՍՍՌ ԳԱ հրատ., Եր., 1963։

9․Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Ե., 1990:

10․Ամիրջանյան Թ., Արզումանյան Վ., Լեռնային Ղարաբաղի աշխարհագրություն, Ստեփանակերտ, 1994:

11․Մաղալյան Ա., Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ., Երևան, 2007:

12․Սարգսյան Սլ., Արցախի բնակավայրերը, Ե., 2018:

13․Էփրիկեան Հ.Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Վնետիկ-Սբ. Ղազար, 1903:

14․Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Մելիք Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., Հակոբյան Թ., հ. 4, Ե.1986, էջ 777։

15․Դիվան հայ վիմագրության, Պ.5, Արցախ /կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան/, ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982։

16․Լ. Հովհաննիսյան, Հատուկ անունների մեկնությունները Մ. Խորենացու ‹‹Հայոց պատմության›› մեջ, Ե., 2013։

17․Ալիշան Ղ., Արցախ, Երևան, 1993:

18․ Հ Հիւբշման, Հին հայոց տեղւոյ անունները : Հայոց աշխարհին պատմական տեղեկագրութեան մասին ուսումնասիրութիւններով /Թարգմ.` Հ. Բ. Պիլէզիկճեան. - Վիեննա: Մխիթարեան տպարան, 1907:

19․ Капанцян Гр., Историко-лингвистические работы, T II, Изд. Акад. Наук Арм. ССР, Ереван, 1956.

20․ Աթայան Գեղամ, Տող բերդաքաղաքի պատմություն, Ե., 2010, 298 էջ:

21․Գրիգորյան Ժորա, Ուլուբաբ, Ստեփանակերտ, ՙՍոնա՚ գրահրատ., 2011, 116 էջ:

22․Աղասարյան Գուրգեն, Խնձրիստան գյուղի պատմությունը, Ստ., 2012, 176 էջ:

23․Աղաջանյան Մ., Հաթերք. պատմությունը հնադարից մինչև մեր օրերը, ՙԴիզակ Պլյուս՚, Ստեփանակերտ, 2012, 688 էջ:

24․Առուստամյան Գ., Թաղավարդ, Երևան, 1995, ՙԱրևիկ՚, 98 էջ:

25․Առաքելյան Մովսես Փարսադանի, Ասք Ղարաբաղի և Ննգի գյուղի մասին, Երևան, 2005, 578 էջ:

26․Ավետիսյան Նորայր Հայրապետի, Հաղորտի, Ստեփանակերտ, 2009, 216 էջ:

27․Ըռքոյան Զոհրաբ, Քաշաթաղի պատմության ուղեկիցները, hhpress.am.

28․Ղուլյան / Ղուլունց/Ս. , Բանաձոր, ՙԶանգակ՚ հրատ., Երևան, 2013, 320էջ:

29․Սարգսյան Սլավա, Արցախ. պատմաշխարհագրական ճշգրտումներ, ՙ Հայ Էդիթ՚, Ե., 1996, 92 էջ:

30․Վանյան Գրիգոր, Կոճողոտ գյուղի պատմությունը, ՙԴիզակ պլյուս՚, Ստեփանակերտ, 2009, 216 էջ:

31․Ուլուբաբյան Բ., Գանձասար, Ե., 1981:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft