«ԱՄԱՐԱՍ»․ պատմություն և իրականություն
Ամարասը Արցախի 12 նահանգներից Մյուս Հաբանդի կենտրոնատեղին էր, ավան էր։
Առաջին անգամ հիշատակվում է Խորենացու աշխատության մեջ
«Իսկ ի հասանել համբաւոյ վախճանին Տրդատայ, ի դաւելոյ նորին Աանատրկոյ և այլոց ոմանց հանապազասուտ արանց Աղուանից՝ սպանին երանելին, ընթադրեալ ձիովք բարբարոսքն ի Վատնեան դաշտին, մերձ ի Կասբիականն կոչեցեալ ծով։ Զոր բարձեալ սարկաւագաց նորին, բերելով ի փոքր Սիւնիս, թաղեցին յԱմարաս աւանի»։ (տե՛ս Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց Տփղիս, 1913, էջ 260)
Բուզանդի մոտ ևս կա գյուղի անվան հիշատակումը․ <<**_Եւ ապա բարձին գնա որք ընդ երթեալ էին գաւառէն Հաբադեալ, եւ բերին ի գաւառն իւրեանց եւ կողմանս Աղուանից, ի սահմանս Հայոց ի Հաբանդի ի գեօղն, որ անուանեալ կոչի Ամարազ_**>>։ (տե՛ս Փաւստոս Բիւզանդացւոյ, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, էջ 23-24)
Հետագայում՝ վարչատարածքային փոփոխությունների հետևանքով Ամարասը դարձավ Վարանդայի գավառի տարածք, ապա և խորհրդային տարիներին Մարտունու շրջանի կազմում ընդգրկվեց:
Հայ մատենագրության մեջ իբրև ավան, բնակավայր էր նշվում, մինչև 1917թ. որպես բնակավայր դեռևս առկա էր փաստաթղթերում :
Հաջորդիվ այն իբրև բնակավայր դադարում է գոյություն ունենալուց, և Ամարաս անունն արդեն միայն վանքանուն է ճանաչելի մնում:
Խորհրդային տարիներին վանքը գործուն չէր, իսկ տարածքը ծառայում էր շրջակա գյուղական համայնքներին՝ տնտեսական նպատակներով:
Անկախության տարիներին վանքը նորից կենդանություն է ստանում, իսկ Ամարասը անվանումը նոր սերնդի գիտակցության մեջ հաստատվում է արդեն բացառապես որպես վանքի անուն՝ առանց նախկին բնակավայրային ինքնության հստակ գիտակցման։
Ամարասի օրինակը փաստում է տեղանվան իմաստային նեղացման գործընթացը, որի հետևանքով օբյեկտը կորցնում է իր նախնական պատմական ինքնությունը (բնակավայր/կենտրոն) և ստանում նոր, սահմանափակված կարգավիճակ (վանք)։
Սա հանգեցնում է «տարածական անհիշության», անունը զրկվում է իր կենսագրության մի կարևոր շերտից ու դառնում է հուշարձան: Ամարասի օրինակը ցույց տալիս, թե ինչպես կարող է անվան կայունությունը (անունը չի փոխվել) քողարկել օբյեկտի բովանդակային կորուստը։
Ստուգաբանական վարկածներ
Անվան ստուգաբանությունը Վ․ Խաչատրյանը բխեցնում է հայերենի հ.ե. ամառ արմատի ամար տարբերակից և ազազել՝ չորանալ կրկնավոր բայի ազ՝ չոր բաղադրիչից ու նշանակում է չոր ամառ:
Տվյալ ամար արմատը նա զուգահեռում է Վանի շրջանի Ամարաստան, Մուշի Ամարան(մասնիկով), Ալաշկերտի Ամարա(ածանց) հին բնակավայրերի անվանումներին (տե՛ս Վալերի Խաչատրյան, Հայաստանի տեղանունները հայ պատմիչների երկերում, Երևան, Նաիրի, 2015, էջ 18):
Իսկ Հ․ Բեգլարյանը այն կապում է աստվածահայր Արամազդի անվան հետ՝ նշելով, որ պատմական Արցախի տարածքում պահպանվել են հայոց պանթեոնի բոլոր 8 աստվածների անուններով վայրեր՝ գավառներ, սրբավայրեր, աղբյուրներ, սարեր, և ուրեմն Արամազդ-Ամարաս նույնացումն ունի իրական հիմքեր (Հրաչյա Բեգլարյան, Արցախ- Նամե, ԼՂՀ, ԳՄ <<Վաչագան Բարեպաշտ>> հրատ․, Ստեփանակերտ 2005, էջ 42)։