«ԱԿՆԱՂԲՅՈՒՐ»․ համանուն բնակավայր Ասկերանի և Հադրութի շրջաններում
Ա․ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրը
Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում(այսուհետ՝ ՀՀՇՏԲ) Ղարաբուլաղ-ը Գարաբուլաք, Կարաբուլակ հնչատարբերակներով է վկայված:
Ղ. Ալիշանի մոտ Ղարապուլագ է անվանված:
Բ. Ուլուբաբյանն էլ նշում է, որ 1920թ. ապրիլին Դրոն, գալով Արցախ, իր նստավայրն էր դարձրել Վարանդայի Ղարաբուլաղ գյուղը:
Տեղանվանական բառարանում՝ բնականվան տեղեկանքում, տրվում է, որ նախկինում այն Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառում էր, Քեոնդալան գետով բաժանված էր երկու մասի ու նաև նշվում է, որ այն համանուն հորդառատ աղբյուրի մոտ է գտնվում :
Համանուն աղբյուր ասելով՝ նկատի է առնվում գյուղի նշանավոր Ակն աղբյուրը: Հատկանշելի է, որ երբևէ այդ աղբյուրը Ղարա անվամբ չի կոչվել: Այն իր ծննդյան օրից ցայսօր Ակն էր կոչվում: Ակնը ընդերքից բխող, հորդառատ մեծ աղբյուր էր, ամռանը՝ սառը ջրով, ձմռանը՝ տաք: Գյուղի Ակն աղբյուրը գյուղի ջրային հիմնական պաշարն էր ապահովում, իսկ ձմեռային շրջանում նաև անասուններին ջրելու հիմնական վայրն էր: Ակը գտնելու և հունը փոխելու նպատակով աղբյուրը փորվել է, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում աղբյուրի ջուրը պակասել է, նաև տեսքով անշքացել է, բայց շարունակում էր մնալ որպես գյուղի հիմնաղբյուր:
Բարբառում ակն անվանում են ընդերքից բխող աղբյուրները: Տեղանվանական հայտնի իրողություններից է, երբ ջրանունից բնականունն է ծնվում:
Բնականաբար, ջրանունն ավելի հին է, քան բնականունը: Իսկ ջրանունը Ակն էր և է : Ակնաղբյուրի Ղարաբուլաղ վերանվանումն էլ իրականում հայկական ակն-ի՝ անվան իմաստային թարգմանությունն է՝ ստորգետնյա, ընդերքից բխող նշանակությամբ:
Հայտնի է, որ կարա եզրույթը բազմանշանակ է: Այն ունի ինչպես սև, այնպես էլ մեծ նշանակությունները, նաև ստորգետնյա իմաստն ունի՝ հատկապես աղբյուրների վերաբերմամբ գործածվելիս` ցույց տալով նրանց առաջացման պայմանները :
Ղարաբուլաղ անվան սև աղբյուր վերլուծությունն անիմաստ է: Մինչդեռ հաճախ է տեղանվան բաղադրիչների պարզագույն վերլուծությամբ մեկնաբանվում անվանումը:
Ղարաբուլաղի ստուգաբանությունը փաստաթղթային աղբյուրներում տրված է օտարահունչ այդ բարդության բաղադրիչների բառական իմաստների վերլուծությամբ:
Սերգեյ Մելքումյանը նշում է, որ գյուղանունն առաջացել է գյուղի մոտ գտնվող մեծ աղբյուրի անունից ու անորոշ հայտնում, թե, չգիտես ինչու, այն կոչվել է Սև աղբյուր:
_Սև աղբյուր _ մեկնությամբ է բնականունը նշում նաև Մակար Բարխուդարյանցը:
Իսկ Թեմուր Ամիրջանյանի կարծիքով՝ բնակավայրի նախանվանումը եղել է Վարարակն:
Իբրև ճիշտ անվանաձև Սլավա Սարգսյանը նշում է Քարաղբյուրը:
Մինչդեռ փաստն այն է, որ այդ աղբյուրը երբևէ Ղարա կամ Սև անունով չի կոչվել: Այն միշտ Ակն է կոչվել ու եթե օտար ղարա-ով է թարգմանվել, ապա իր առաջացման պայմանների՝ ընդերքից բխելու և իր մեծության պատճառով: Առավել հավանական է, որ այս դեպքում տեղանիշ կարա համանուն միավորի մեկ այլ եզրն է անվանակոչման հիմք դարձել. կարա-ն ունի նեղուց, անցք, ջրային տարածքի խորք նշանակությունները: Ջրանուն հիմքով մի շարք այլ օտարանուն տեղանունների և մանրատեղանունների հիմք է դարձել հենց այս եզրը : Եվ քննվող բնականվան դեպքում, որի ծագումն, անշուշտ, աղբյուրանունից էր, ղարա-ով փոխադրութունը պիտի ընկալել իր բազմանշանակությամբ ու ամենից առաջ ստորգետնյա անցք, խորք և մեծ իմաստներով:
Փաստորեն, գյուղի անվան մասին արձանագրություններից ակնհայտ է դառնում, որ գյուղանունը ջրանունից է առաջացել՝ թարգմանաբար և օտարալեզու՝ Ղարաբուլաղ, 1920-1962թթ. արխիվային փաստաթղղթերում այն դեռևս օտարալեզու անվամբ է վկայված: Ակնաղբյուր վերանվանման առաջարկ ներկայացվել էր 1988 թ.՝ Արցախյան շարժման զարթոնքի շրջանում: Այս անվանումը՝ որպես գյուղանուն, պատահական չէ, ու այս դեպքում այն տեղանվանական բարեհաջող գյուտ է:
Բ․ Հադրութի շրջանի Ակնաղբյուրը
Մյուս Ակնաղբյուրի՝ նախկին Աղբուլաղի մասին տեղանվանական բառարանում տրվող տեղեկանքում նշվում է, որ այն մտնում էր Դիզակի մեջ, որը կազմում էր Ելիզավետպոլի նահանգի Կարյագինոյի գավառի բաղկացուցիչ մասը: Բնակիչների նախնիները եկել են Ղարադաղից՝ 1829 թ.:
Նշենք, որ նույնանուն գյուղակ, ավերակ իջևանատուն և լեռնանցք կար նաև Իրանում՝ Ղարադաղում:
Սերգեյ Մելքումյանը բնականունը կապում է գյուղի արևելյան մասում՝ անտառում, գտնվող աղբյուրի անվանը, որը կոչվում է Սպիտակ աղբյուր: Ու նաև նշում, որ բնակիչները եկել են Պարսկաստանից:
Մակար Բարխուդարյանցն էլ հաստատում է, որ «բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն արքունի և անջրդի է:
Սոկրատ Խանյանը նշում է, որ գյուղն ուներ Մեծ աղբյուր, որի գուռն ու շրջակա թասը սպիտակ կրաշաղախով էր պատված, որից էլ աղբյուրը ստացել է Սպիտակ անվանումը:
Այն, որ Սպիտակ աղբյուրից է առաջացել գյուղանունը, և Աղբուլաղը պարզապես համարվում է աղբյուրի բառացի պարզագույն թարգմանություն, նշում են գրեթե բոլորը:
Նշենք, որ Աղբուլաղ կարող էր նշանակել ոչ միայն սպիտակ աղբյուր, այլև ամենից առաջ՝ վերգետնյա ջրերից սնվող աղբյուր, որովհետև աղ բաղադրիչը կարա-ի հակառակն է, և աղբյուրները նշելիս այն գործածվում է իր մեկ այլ իմաստով, որով նշում է աղբյուրի առաջացման պայմանը: Հատկանշելի է նաև, որ նշյալ Սպիտակ աղբյուրն իսկապես սնվում է վերգետնյա ջրերից:
Եթե իսկապես գյուղանունը ջրանունից է առաջացել, ապա նշանակում է գյուղի նախանվանումը Սպիտակաղբյուր էր: Մինչդեռ քիչ հավանական է թվում այս մեկնաբանությունը, բացի այդ էլ, այդպիսի արձանագրություն չկա որևէ փաստաթղթում:
Ինչպես արդեն նշեցինք, Ղարադաղում առկա էին նույնանուն բնակավայրեր: Քանիցս բռնագաղթվել է մեր բնակչությունը և բնակություն հաստատել տարբեր վայրերում, ապա և անվտանգ պայմաններ ստեղծվելու դեպքում վերադարձել իր տունը: Այսպես մեր տեղանուններն էլ թափառիկ են դարձել, ու մեր տեղանվանական համակարգում էլ փոխադարձաբար եկամուտ անվանումներն են ավելացել:
Հնարավոր է՝ հայրենիք վերադարձած ու նոր բնակավայր հիմնած մարդիկ իրենց հետ բերել են այնտեղի՝ Ղարադաղի բնակավայրի անվանումը՝ Աղբուլաղ, որը նոր ժամանակներում վերանվանվել է Ակնաղբյուր: Այն, որ ջրանունից չի ծագել բնականունը, ակներև է, որովհետև աղբյուրի սպիտակ գույնն ի բնե չէր և աղբյուրն էլ ինքնաբուխ չէր, այլ կառուցված: Ի տարբերություն Ասկերանի Ակնաղբյուրի՝ այս Ակնաղբյուրն արդեն նոր անվանակոչում է և այդ բնակավայրի անցյալի հետ կապվում է այնքանով, որքանով որ ջրանվանական խորհրդանշում է:
Ակնաղբյուր բնականվան համանունությունը ծնունդ է լեզվական փոխադրության. Ասկերանի շրջանի Ակնաղբյուրը՝ Ղարաբուլաղի, իսկ Հադրութի շրջանի Ակնաղբյուրը՝ Աղբուլաղի փոխադրություն վերանվանումներն են: