«ԱՐՑԱԽ» տեղանունը․լեզու և պատմություն

«ԱՐՑԱԽ» տեղանունը․լեզու և պատմություն

Արցախը տարբեր անուններով է կոչվել իր պատմաքաղաքական կյանքի տարբեր շրջաններում: Ադախ, Արցախ, Ծաւդէից աշխարհ, Ծաւդէք՝ սեպագրերի մեջ ու միջնադարյան հեղինակների երկերում:

Խաչեն, Արեւելք, Արեւելից կողմանք, Աղուանից կողմանք, Աղուանք` X-XII դդ.։ Առան էր կոչվել նույն շրջանում և սակավ XIII –XIV դդ. Ղարաբաղ էր կոչվել սկսած XIVդ. վերջից։

Արցախ տեղանվան վկայությունը դեռևս մ. թ. ա. VIII դարից է. սեպագրերում վկայված՝ Ադախունի: «Վանի կամ Արարատյան հայկական թագավորության երկու գահակալները մ. թ.ա. VIII դարում արձանագրել են, որ իրենք դեպի հյուսիս, հյուսիս-արևելք կատարած արշավանքներով իրենց տերությանն են միացրել նոր երկրամասեր, որոնց հետ է եղել նաև Ադախ-Արցախը/ սեպագրերում՝ Ադախունի/: Որ Ուրտեխեն կամ Ադախունին Արցախն է, վկայում են նաև Սարդուրի Բ-ի արձանագրության մեջ հիշատակվող Արցախի գավառների, բնակավայրերի և գետերի՝ Հարճլանք, Պարծկանք, Պիանք, Գիշի, Տրտու, Կուրական անունները»:

«Սարդուրի Բ-ի կողմից Գանձադռան տարեգրության հատվածներից մեկում Ք. ա. 741 թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ և Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ հիշատակված է Ադախունի տեղանունը»:
Ռուսա թագավորի անվան հիշատակությամբ մի արձանագրություն է հայտնաբերվել Ստեփանակերտի ու Խոջալուի դամբարանաբլուրների պեղումների ժամանակ, որը վկայում է հայկական այդ թագավորության մեջ Ադախ-Արցախ հիշատակությունը։

Թե՛ Բ. Ուլուբաբյանը, թե՛ Վ. Բալայանը, առկա պատմական հնագույն աղբյուրները հիմք ընդունելով, հավաստում են Ադախունի և Արցախ անունների նույնականությունը:
Արցախի մասին հիշատակում է նաև Ստրաբոնը՝ Օրխիստինա անվամբ. Օրխիստինան Արցախի հունարեն անվանումն է: Ստրաբոնը, մ.թ.ա. 1-ին դարի և մ.թ. արշալույսի Հայաստանը նկարագրելով որպես ականատես, նրա կազմի մեջ ներկայացրել է Շակաշեն-Ուտիքը և Օրխիստինա-Արցախը` որպես այդ երկրի բուն նահանգներ :

Արցախ տեղանվան վկայությունը՝ Արձախ հնչատարբերակով տեսնում ենք հայ պատմագրության մեջ. «Տասներորդ նահանգն է Արցախ կամ Արձախ»,- նշում է Խորենացին: Բուզանդի Պատմության մեջ նշվում է. 4-րդ դարի երկրորդ կեսին <<ամուր գաւառն Արձախայ>> բաժանվեց Մեծ Հայքից:

Եղիշեի մոտ նույնպես նշված է Արձախ անունը՝ երեք անգամ: Ադախ հնչատարբերակով տեղանուն նույնպես հիշատակված է հետագա ժամանակների հայկական աղբյուրներում: Ուլուբաբյանը նշում է, որ Ադախ նախնական անվանումը պահպանված է նաև Գանձասարի վանքի մոտերքում գտնվող Ադախ բնակավայրի անվան մեջ, որն անխաթար պահպանվել է միջնադարում: Մ. Կաղանկատվացին գրում է. «Գնաց ի կողմ Խաչենոյ, Տանձեայց և Ադախայ կրկին անգամ» :

Այդ մասին նշում են նաև Մ. Գոշը, Ստ. Օրբելյանը և ուրիշներ: Վ. Բալայանը հավանական է համարում «Ադախ-Արցախ մեկ բնակավայրի անվան հետագա տարածումը ողջ նահանգի վրա» :

Ստուգաբանական վարկած 1-ին

Ուրտեխե-Արձախ-Արցախ նույնականության փաստի առիթով Հովհ. Կարագյոզյանը, հղում անելով Մ. Նիկոլսկուն, նշում է, որ անունը «հիշատակվում է միայն Սարդուրի Բ-ի մոտ՝ Սևանա լճի հարավային ափին, Ծովակ գյուղում գտնված արձանագրության մեջ, իսկ Ուրտեխե-Արձախ զուգահեռը, առանց լեզվական քննության, առաջին անգամ առաջարկել է Գ. Ղափանցյանը»։

Կարագյոզյանի մեկնաբանությամբ՝ Ուրտեխե երկրանվան մեջ ու-ն հավանաբար հնչել է օ, այսինքն՝ Օրտեխե, քանի որ հայերենին հատուկ է ոչ թե ու>ա, այլ օ>ա հնչյունափոխությունը, որը սպասելի է նաև տվյալ դեպքում: Սակայն, ուրարտա-հայկական անցումներում t > ձ հնչյունափոխություն հայտնի չէ, ուստի, կարելի է եզրակացնել, որ, հավանաբար, գոյություն է ունեցել նախնական *Orqehe ձևը։ Եվ հայերենին հասել է այդ ձևից առաջացած *Orgehe տարբերակը, որից о >ա, е>ա անցումներով g>ձ հնչյունափոխությամբ և վերջին կիսաձայն е-ի անկմամբ ստացվել է Արձախ, որը վկայված է, իսկ հետագայում ձ >ց հնչյունափոխությամբ՝ Արցախ, որը նույնպես վկայված է :

Բաբկեն Հարությունյանը Արցախի տեղադրության հարցի շուրջ իր դիտարկումներում նշում է, որ «սեպագիր արձանագրությունների լեզուն չի տարբերակում ու և ո հնչյունները, այսինքն՝ թե մեկը և թե մյուսը տրվում են ու գրությամբ: Սակայն Օրքիստենե անվանաձևը վկայում է , որ Ուրտեխեն հնչել է Օրտեխե :

Ավելի ուշ հայկական աղբյուրների Արդախ անունը պարզորոշ ցույց է տալիս, որ կատարվել է օ >ա հնչյունափոխությունը, որը հատուկ է հնդեվրոպական լեզուներին: Այդ կարող էր կատարվել այն դեպքում, եթե Կուրի և Արաքսի միջագետքը բնակեցված լիներ հնդեվրոպական հայկական բնակչությամբ: Բոլոր «պատմագիտական» մարզանքները՝ նշված շրջանում աղվանական կամ կովկասյան ցեղերին ազգակից բնակչություն տեսնելու վերաբերյալ, անիմաստ են ու անպտուղ»:

Այսինքն՝ Արցախը վաղնջական շրջանից էլ հնդեվրոպական հայկական տարածք էր:

Ուրարտերենի և հայերենի տվյալները զուգադրելով՝ բանասեր, խմբագիր Արտավազդ Նազարյանն էլ գրեթե նույն վարկածն է դիտարկում՝ մեկ այլ մեկնաբանությամբ:

Մատնանշելով բիայնական արքայի՝ Սարդուրի Բ-ի՝ Կտրեցի մինչև Ուրթեխե երկիրը արձանագրությունը և Ուրթեխե-Արցախ նույնականությունը` նա բառարմատը դիտում է Որթ-ը: Նույնպես նշում է, որ ուրարտերենում Ու սեպագրով արտահայտվում էր նաև Օ հնչյունը, որի համար այդ լեզվում առանձին գիր չկար: Ուրարտերենը չի տարբերակում նաև Տ և Թ հնչյունները: Ուրեմն Ուրթեխեն կարող էր արտասանվել նաև Օրթեխե/Օրտեխե: Ըստ այդմ՝ ուրարտերենը հարազատորեն պահպանել է բնիկ հայերեն Որթ (Խաղողի վազ, դյուրաթեք ճյուղ ) բառը: Հայտնի է , որ Ո տառը հին հայերենում կարդում էին պարզապես Օ: Այն, որ ուրատերեն Ուրթեխե-ի Ու -ն հնչել է Օ, ապացուցում է նաև հունարենով ավանդված Արցախի հնագույն հիշատակություններից մեկը՝ Օրխեստենե՝ Օրխիստինա, -հաստատում է Նազարյանը: Ըստ այդմ՝ նա հանգում է, որ մեր թվարկության սկզբներին բառի արմատը հնչել է Որթ կամ Որթս( կանոնավոր հայցականով), իսկ ամբողջ բառը հնչել է Օրթսախ:

ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒՄ

Եխե/ախ վերջնամասնիկը խուռաուրարտական հատկացուցչական-տեղանվանական մասնիկն է:
Պատմական արձանագրություններին ու տրվող տեսակետներին զուգահեռ՝ լեզվաբանական քննությամբ ևս հաստատվում է Արցախ տեղանվան վաղնջականությունը:

Լեզվաբանական քննությամբ ու բառակազմական տեսանկյունից՝ Արցախը բաղադրյալ կազմություն ունեցող անվանում է դիտվում: Ինչպես նշում է Ղափանցյանը, իսկ նա անառարկելիորեն Ուրտեխեն նույնացնում է Արցախին, հաստատում է, որ Հայաստանի տեղավանագիտության մեջ պահպանվել են մի շարք անուններ –ախ վերջավորությամբ . ինչպես՝ Աթթախ, Շատախ, Քաշախ, նաև Արձախ/Արցախ/:

Այդ –ha մասնիկը խուռաուրարտական –hi հատկացուցչական-տեղանվանական մասնիկն է` i-a հերթագայությամբ:

Գ. Ջահուկյանն այս կարծիքը հավանական է համարում՝ նկատի ունենալով ածանցի տարածման ոլորտը ու նաև հնարավոր համարում խեթալուվական աղբյուրից առաջացումը : Տեղանվանիշ այս ձևույթը փաստորեն նշված հնագույն այդ ժողովուրդների հետ ունեցած մեր հարաբերությունների վկայությունն է:

Ստուգաբանական վարկած 2-րդ

Անվան արմատը դիտվում է արձ/արձն-ը, որը նշանակում է քար, ժայռ: Այդ վարկածը հավաստող արձանագրություններ ևս առկա են:

Այսպես՝ Հարություն Խուդանյանը, քննելով Ալզի/Աղձնիք/ տեղանվան ստուգաբանությունը, հանգում է նրան, որ Աղձնիք անվան հիմքում ընկած է Աղձն/Արձն տեղանունը, որը հանդիսացել է Աղձնիքի առաջին գավառը: Ապա և միևնույն արմատածագումնաբանական առնչակցության մեջ է դիտարկում Ալզի/Աղձն/Արձն տեղանունները: Ամփոփելով` նշում է, որ աղձ/արձ արմատը, ըստ երևույթին, ընկած է պատմական Հայաստանի մի շարք տեղանունների հիմքում և նշանակում է ժայռոտ, լեռնային, քարքարոտ միջավայր ունեցող կամ այդպիսի տարածքում գտնվող, ու ներկայացվող օրինակների շարքում նշում է Արձախ-Արցախը/ Արձախայ աշխարհ/ :

Վահան Գայսերյանը Վանի թագավորության արձանագրություններում վկայված ուրարտական alzini/ բառի հավաստի մեկնությունը համարում է արձ-ը/ արձանը: Եվ նշում, որ l>ր, e>ա անցումները բնորոշ են սեպագրից հայերենին անցած ձևերում. Հետաքրքրական է, որ եթե Արձախ-ը ստուգաբանվի արձ +ախ բաղադրիչների վերլուծությամբ, ապա այն սեպագիր արձանագրության մեջ վկայված alzi բառամիավորի l>ր անցումով առաջացած հայկական արձ-ն է, իսկ e>ա անցմամբ հիմնավորվում է Ուրտեխե-ից Արցախ անցումը :

Հատկանշական է, որ բանահավաք Լևոն Հարությունյանն էլ Արցախ տեղանվան մեկնաբանության մեջ նույն մտքին է հանգում՝ արձ արմատն է առանձնանշում, բայց տվյալ դեպքում այդ ստուգաբանությունն առավելապես արցախյան բանագիտական մտքի հանգում է: Նա նշում է, որ «Արցախ /Արձախ/, Կաղարծի/կախված+ արձն+ի/տեղանուններն ունեն նույն արմատները՝ արձ/ն/, ինչը նշանակում է քար, ժայռ: Նա Արցախ բառի բառակազմական պատկերը արձ և եղ բաղադրիչների տրոհմամբ է ներկայացնում, իմաստը՝ քարեղեն, ժայռեղեն վայր: Արցախը ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի հնագույն տեղանուններից է, նշում է նա: Այսպիսով՝ Արցախի ստուգաբանական մյուս վարկածը՝ արձ+ախ բաղադրիչների տրոհմամբ է մեկնաբանվում՝ ժայռեղեն, լեռնային տարածք:

Այլ վարկածներ(ավանդություն և ժողովրդական ընկալում)

1․Արցախ անվան մեկ այլ մեկնաբանություն է տալիս Ապրես Բեկնազարյանցը(Մակար Բարխուդարյանց)՝ Արցախ անունը բխեցնելով Սար և ցախ բարդությունից՝ լեռնային ու անտառային նշանակություններով: Ըստ որում հետագայում ս հնչյունի անկմամբ բառանվանումը դարձել է Արցախ :

2․ Ըստ Ալեքսանդր Վարպետյանի՝ Արցախը ուրարտական ժամանակաշրջանում կոչվում էր Արիա:

3․ Գագիկ Փխրիկ-Սարգսյանն Արցախ-ը մեկնաբանում է <<Արի երկրի անտառածածկ մաս>> նշանակությամբ: Հեղինակը մեկ այլ տարբերակով ար-ը համադրում է այրված, սև գույնի հետ, իսկ ցախ-ը՝ անտառ, մացառ հասկացության հետ :

4․Ղ.Ալիշանն էլ նշում է. «Երկրամասի անվան ծագումն անհայտ է մնում. թերևս անհարմար չի լինի կարծել ծառերի ու թփերի ցախ անունից ծագած, ըստ երկրի անտառոտ բնույթի. այն մեր նախնիները գրում են նաև ձ տառով» :

5․ Սլավա Սարգսյանն էլ, ի թիվս տեղանվան բազմաթիվ ստուգաբանական վարկածների ներկայացման, նաև ադրբեջանական ստուգաբանական ճիգերը մեկնաբանելով հարցի շուրջ, նշում է, որ այդ անվան մեջ ծագումնաբանորեն առկա են արեգակի և լուսնի պաշտամունքը խորհրդանշող բառեր կամ բառարմատներ:

Ար-ը խորհրդանշում է արեգակը: Ցախ-ը (նախանվանումը դրափոխությամբ՝ խաց, կաս արմատի տարբերակներից մեկն է, որը վերաբերում է լուսնին՝ ունենալով նաև սուրբ, պաշտամունք նշանակությունը: Ապա Սարգսյանը հանգում է, որ Արցախն ունի լեռնային սրբացված տարածք իմաստը: Եվ ընդգծում, որ Արցախ անվանումը ձևավորվել է դարերի ընթացքում, ենթարկվելով փոփոխությունների՝ հետևյալ անցումներով. Կասակ-Կարսակ(երբ տեղանվան առաջին վանկի ձայնավորից հետո հանդես է գալիս ր աճականը՝ դառնալով Կարցակ, ապա՝ Կարցախ ու Արցախ՝ կ տառի անկմամբ :

Բոլոր այս մեկնաբանությունները պարզ հաստատում են այն իրողության, որ Արցախը հնագույն տեղանուն է։ Որքան հին է անվան պատմությունը, այնքան մթագնված է նրա մեջ բառական նյութական նշանակությունը, ինչն էլ հիմք է տալիս տարբեր վարկածների գոյության՝ առանց այս կամ այն տարբերակը որպես բացարձակ ճշմարիտ ընդունելու:

Թե՛ պատմական, թե՛ լեզվաբանական և թե՛ բանագիտական մտահանգումները Արցախ անվան ստուգաբանական տարածքում մեկտեղվում են: Այն է՝ Արցախը վաղնջական շրջանից հայապատկան ու հայալեզու տարածք էր, ու որքան էլ տարբեր են տեղանվան ծագման ու նյութական նշանակության մեկնաբանությունները, միանշանակ է այդ անվան հնագույն վկայությունն ու արձանագրությունը պատմական հուշարձաններում:

Այսօր էլ՝ հազարամյականեր անց, բոլոր այդ նկարագրերը Արցախին բնորոշ են:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft