«ՂԱՐԱԲԱՂ» տեղանունը․լեզու և պատմություն

«ՂԱՐԱԲԱՂ» տեղանունը․լեզու և պատմություն

Արցախ հայաշխարհը պատմագիտությանը հայտնի աղբյուրներում Ղարաբաղ է կոչվում՝ սկսած 14-րդ դարից: Ղարաբաղ տեղանվան մի հիշատակություն կա վրաց «Քարթլիս ցխովրեբա»- ի հատված ժամանակագրության մեջ, որտեղ նշվում է, « որ Ուլո խանը …եկավ, հասավ իր ամառային կայան Ալատաղը, իսկ ապա գնաց ձմռան բնակատեղի, որին արդ Ղարաբաղ ու Մուղան են կոչում»: Ըստ Պարույր Մուրադյանի` սույն հիշատակումը Ղարաբաղի առաջին անվանանշումն է պատմագրության մեջ(1316-18թթ): Այդ հիշատակումը կարևոր է նրանով, որ փաստում է, թե տեղանունն առաջ գոյություն չի ունեցել և այժմ է, որ կա: Ապա Պ.Մուրադյանը նշում է, որ Ղարաբաղ անվանումը պարսկական ծագում ունի: Ի տարբերություն հարթավայրային մասի, որն անվանվում էր Բաղ-ի Սաֆիդ/սպիտակ այգի/, երկրամասի լեռնային հատվածը սկսել է անվանվել Բաղ ի Սիախ, որը թուրքալեզվական իմաստավորմամբ վերափոխվել է Կարաբաղ-ի/ Սև այգու/ :

Ղարաբաղ անվան հիշատակում կա նաև Համդալլահ Ղամզինիի գրքում` 1334-44թթ. դեպքերը նկարագրող հատվածում: Նշված է «Առանի Ղարաբաղ» ձևակերպմամբ :

Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի…. մասին ուսումնասիրության մեջ թուրք պատմագիրը 16-րդ դարի իր հայրենակիցների ասպատակությունների մասին խոսելիս (1533թ.) նշում է նաև Ղարաբաղի մասին. <<մտան Ղարաբաղ կոչված երկիրն, որն իր լեռներով ու հարուստ այգիներով շատ հայտնի մի գավառ է Աջեմի/Պարսկաստան- Պարսկաստանի հպատակ/ երկրում>>:

16-րդ դարին վերաբերող աղբյուրներից մեկում Ղարաբաղի փոխարեն գործածված է «Սեաւ այգի» Հովհաննիսիկ Ծարեցու կողմից , բայց և դժվար է պնդել, որ այն տարածված անուն էր եղել Ղարաբաղի համար, որովհետև Ծարեցու մեկ այլ ժամանակակցի մոտ «Ղարայպաղ» է հիշվում այդ երկիրը:

«Ղարաբաղ» անվան լեզվաբանական տեղեկանքը բազմանշանակ է:

Ամենատարածված մեկնաբանությունը բառի բաղադրիչների պարզ թարգմանությամբ է վերհանվում՝ կարա/սև/ և բաղ/այ ի/ արմատներից բաղադրված: Տեղանունների այդօրինակ ստուգաբանությունը ճիշտ չէ, այսինքն` բառական նշանակությունը տեղանվանական նշանակությանը նույնացնելը լեզվաբանորեն ու պատմականորեն չի արդարացվում: Առավել ևս երբ այն մեկնաբանվում է ոչ իր ծննդյան ժամանակի լեզվազգացողությամբ ու ընկալումներով: Իրականում յուրաքանչյուր մեկնաբան առաջնահերթել է ղարա-ի մի նշանակությունը միայն:

1․ Կառլ Գանը հակված էր կարա/սև/-ի տակ հասկանալու մուգ կանաչ, թանձրախիտ իմաստները:

2․Նույնը նաև Ղևոնդ Ալիշանի մեկնության մեջ ենք տեսնում: Նա ընդգծում է, որ Արցախա աշխարհը Գարապաղ են անվանում այլազգիները, որ նշանակում է Սև այգի, այսինքն՝ բազմաթիվ այգիներով ստվերված, որը փաստորեն Գանի կողմից նշած թանձրախիտ նշանակությանն է համազորվում:

3․ Մ. Բարխուդարյանի կարծիքով էլ գործածական էր Սև այգի, որն էլ պարսիկները թարգմանաբար դարձրել են Ղարաբաղ :

4․ Բ. Ուլուբաբյանի համոզումով՝ կարա բառի մեջ պիտի տեսնել ոչ թե սև, այլ նրա երկրորդ շատ տարածված իմաստը` մեծ: Թյուրքական լեզվում՝ ղարադամ- մեծ տուն, կամ Ղարա Գրիգոր՝ Ծարեցի Գրիգոր Մեծ իշխանին էին անվանում:

5․ Գր. Ղափանցյանը գտնում է, որ ղարա նշանակել է ցեղ, և այդպիսի կառույցներ է համարում Փայտակարանը, Բաղակարանը, Դաշտակարանը, որոնց մեջ կարան-ը՝ նույն ղարա-ն, ցեղ է կոչվում: Բ. Ուլուբաբյանն անընդունելի է համարում Գր. Ղափանցյանի Բաղակարան-Ղարաբաղ նույնականացման մեկնաբանությունը: Ղափանցյանի այն հավաստմանը, որ արաբ պատմիչ Բալազորին ունի Բաղակարան տեղանուն, որը հետագայում փոփոխվել ու դարձել է Ղարաբաղ, Ուլուբաբյանը հակափաստում է, որ Բալազորիի «Բալական-Բաղասականը» վերաբերում էր Կուրի ձախափնյակին և բուն Աղվանքի Բաղասականի աղավաղումն է։

6․Փաշա Պետրոսի Օհանջանյանը Ղարաբաղը ստուգաբանում է Մեծ այգի նշանակությամբ, որը համանիշ է մոնղոլերենի Ղարաբաղ ձևին: Ըստ այդմ՝ ղարա բառ-մասնիկն ունի մոնղոլական ծագում և իմաստաբանությամբ նշանակում է մեծ:

7․Լ. Հարությունյանն էլ Ղարաբաղ անվանը մեկ այլ մեկնություն է տալիս. 14-րդ դարում իր բազմաքանակ բերդերի ու ամրոցների պատճառով Արցախը կոչել են Ղարաբաղ, որի անհնչյունափոխ ձևն է Կալաբաղ, այսինքն՝ բերդակապ: Բաղ-ը ղաբ արմատի շրջված՝ դրափոխված ձևն է :

8․Ադրբեջանական որոշ աղբյուրներում Ղարաբաղը պեչենեգների ցեղանուն է համարվում կամ էլ բխեցվում գարգար ցեղանունից:

9․Աշոտ Սարգսյանն էլ տեղանվան ստուգաբանության նոր վարկած է առաջադրում, ըստ որի ՝ Ղարաբաղ օտարակազմ բառի հիմքում հայերեն բաղադրիչներ են՝ Առան և Պաղին (կամ՝ պաղ) և դրանք միմյանց միացնելով՝ թուրքալեզու եկվորներն այն իմաստավորել են ոչ թե որպես Սև այգի, այլ վայրի (բնական) այգի նշանակությամբ:

ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒՄ

Կարա եզրույթը բազմանշանակ է: Այն ունի ինչպես սև, այնպես էլ մեծ, հզոր նշանակությունները, նաև ունի արևմուտք կամ արևմտյան տեղանվանական նշանակությունը, կարող է նշանակել նաև ստորգետնյա՝ հատկապես աղբյուրների վերաբերմամբ գործածվելիս՝ ցույց տալով նրանց առաջացման պայմանները :
Ղարաբաղ անվան մեկնություններում ամենատարածվածը Սև այգի թարգմանությունն է, ինչն անհնաձնարարելի է տեղանվանական մեկնություններում, և եթե նույնիսկ ղարա-ն այդ դեպքում սև նշանակությամբ էր գործածվել և ոչ թե մեծ իմաստով, որն ավելի հավանական է, ապա նույնիսկ սև իմաստն էլ չպիտի ընկալել այսօրվա լեզվազգացողությամբ: Հին արևելյան լեզվամտածողությամբ՝ սև-ը նշանակում էր հզոր, վիթխարի, կատարյալ. ինչպես՝ սև գոտին՝ որոշ մարզաձևերում: Դա նշանակում է որ քննվող տեղանվան մեջ ղարա-ն մեկնաբանելի է իր բազմանշանակությամբ և ամենից առաջ մեծ, հզոր նշանակություններով:
Իսկ բաղ-ը՝ արևելյան լեզուներում խաղողայգի նշանակությունն ունի, ու նաև տեղանվանակերտ ցուցիչ է: Այգի նշանակությամբ բաղ բաղադրիչի մեկնաբանության արժանահավատությունը պատմական իրողություններով է նաև հավաստվում: Հայտնի է, որ «Ղարաբաղ» տեղանվամբ ի սկզբանե ըմբռնվում էր հիմնականում Մուխանքի դաշտաբերանից մինչև Դիզափայտ- Քիրս- Ղարաբաղյան լեռնաշղթա գիծը և նրանից դուրս էին մնում Սևանի արևելյան ափերը, որոնք գտնվում էին Ծար-Սոդքի կամ Գեղամա մելիքության իրավասության տակ: Հետագայում միայն Արցախի քաղաքական աշխարհագրության մեջ սրբագրում է կատարվում և Ղարաբաղ անվանումը փոխարինում է Արցախ-Ոտիքին:

Համաժամանակյա դիտվածքով՝ Ղարաբաղ տեղանվան նշանակությունը մեկն է. այն պատմական մի շրջանում Արցախի վերանվանման արձանագրություն է՝ թելադրված տվյալ պատմաշրջանի քաղաքական իրողություններով, արտահայտելով այդ շրջանի հարաբերությունները: Այսօր Ղարաբաղն Արցախին նույնանիշ եզրն է, ու երկու անվանումներն էլ զուգակից գոյակցում են:
Այս բոլոր մեկնությունները որքան էլ տարբեր լինեն, պատմականորեն՝ փոփոխվող, աներկբայորեն փաստում են, որ Արցախ-Ղարաբաղը վաղնջական պատմություն ունի, և նրա կենսագրությունն էլ վաղնջական ժամանակներին է հասցեագրվում:
Պատմական իրողություն է. անվանումները փոփոխական են, անփոփոխ ու մշտամնա է անվանակիրը:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft