«ՎԱՆՔ»․ 3 բնակավայր Արցախում
«Վանք» անվամբ Արցախում երեք բնակավայր է նշվում:
Մարտակերտի շրջանի Վանք գյուղանունն առաջացել է գյուղի մոտ գտնվող Գանձասար վանքից:
Գյուղը «գտնվում է Գանձասարի վանքի ստորոտում, հնում եղել է վանքի մոտ և սպասարկել նրան: Այն կոչվել է Գանձասարի կամ վանքի գյուղ, հետագայում կրճատ Վանք» :
1745թ. գյուղը կրում էր Վանքեն շեն, 1832-1833թթ.՝ Ալվանքլու, 1853թ.՝ Գանձասար, 1890թ՝ Վանք, Վանք գեղ, Վանքեն շեն, 1910 օգոստոսից՝ Գանձասար , 1922թ. մայիսի 11-ից՝ Վանքլու:
Մարտակերտի շրջկոմի բյուրոյի և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմի 1962թ. օգոստոսի 1-ի որոշմամբ առաջարկվում էր Վանք գյուղը վերանվանել Ռուզանավան կամ Գանձասար և 1988թ. փետրվարից՝ դարձյալ վերանվանվեց Վանք:
Վանք անվամբ գյուղ կա Հադրութի շրջանում:
Ղ. Ալիշանը վկայում է այդ գյուղի մասին՝ հայտնելով, որ այն «Թակասիրի հարավային ծայրում է» և այս գյուղատեղում Վանք մենաստանն էր, որը մեկ այլ քարտեզում Սուրբ-Շիհիճ է նշվում ու երկբայում՝ դա արդյո՞ք Շուփհաղիշն է:
Ապա թվարկում է մյուս գյուղերը՝ «Վանքի հարավային կողմում գտնվում են Սարաճըկը, Պալյանդը, Սյուլեյմանլը, Բիրաճակը, վերջինիս հարավում՝ Տաշ-քեսենը, Կորավլը... » :
Պատմական վավերագրերում գյուղի գոյությունը վկայող տեղեկանքներ կան: Հադրութը շրջապատող հայկական գյուղերի մեջ հարավից նշվում է Վանքը :
1962թ. օգոստոսի 24-ի որոշմամբ առաջարկվում էր Վանքը վերանվանել Վարդավան /Вартаван/, իսկ լրացուցիչ՝ Սառնաղբյուր: Անկախության շրջանում այն Արցախի բնականվանացանկում ամրագրվեց Վանք անվամբ:
Վանք անվամբ մյուս բնակավայրն այսօր վերանվանված է Դադիվանք: Իրականում Վանքն էլ անվանակոչվել էր Դադիվանքից: Ինչպես նշում է Սլավա Սարգսյանը, բնակավայրը սկզբում կոչվել է Խութ, որը հիմնադրվել է Տեր-Գրիգորիսի կողմից՝ 16-րդ դարում :
Համանուն այդ երեք բնակավայրերի պատմական տեղեկանքը հավաստում է, որ երեք դեպքում էլ վանք հասարակ անվան հատկացումն է առկա, և բնականվանումներն արդյունք են մերձակա վանքերի՝ Գանձասարի, Սպիտակ խաչի, Դադիվանքի՝ տվյալ բնակավայրերի նկատմամբ ունեցած նշանակալի և ուղղորդող դերի: Այդ բացառիկ դերակատարումը դարձել է տեղանվանիշ:
Վանք բնականվան ծնունդը պայմանավորված է տվյալ տարածքում ապրող բնակչության համար նշյալ վանքերի խաղացած դերով, նրանց գործառական ու հասարակական նշանակությամբ: Հատկանշելի է, որ նույնիսկ վերանվանումների ժամանակ անշրջանցելի էր մնում հոգևոր այդ կենտրոնների դերը:
Լեզվաբանական տեղեկանք։ Ըստ Ղափանցյանի՝ վան-ը փոքրասիական va(n)ni կամ va(n)na ածանցն է , որի իմաստային ճշգրտումը հայերենի տվյալներով է վերհանելի: Սկզբնական իմաստն էր բնակավայր, ապա՝ օթևան, կացարան: