
Թեմաներ
Արցախի բանահյուսություն
Արցախի բանահյուսությունը ներառում է ինքնության հիշողության, հավատալիքների ու արժեքների կենդանի փոխանցումը՝ վիպական, քնարական ու բանաձևային բանահյուսության միջոցով։ Այն ուղղված է փաստաթղթավորելու, պահպանելու և փոխանցելու դարերով ստեղծված ժառանգությունը՝ մասնագիտական արհեստավարժ ընտրությամբ ու խմբագրությամբ, համայնքների ակտիվ մասնակցությամբ, բաց մատչելիությամբ և ուսումնակրթական ու գիտական կիրառության ապահովմամբ։ Նպատակն է՝ • ինքնության ամրապնդում, միջսերնդային կապ, բարոյաէթիկական նորմերի փոխանցում, • հիշողության մշտակա բաց պահոցի ստեղծում․ տեղանքի, տոհմի, արհեստի մասին գիտելիքների պահպանում ոչ թե արխիվներում, այլ դրանց փոխանցում ու կենսունակության հնարավոր ապահովում բնատարածքից դուրս միջավայրում • համայնքային համախմբում՝ պատմությունների, հիշողությունների փոխանակմամբ։ Ղարաբաղցէն ըստըղավ-ընդըղավ չի ընգընում, խօսկը քյա̈սմա յա ասում։
ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր ժողովրդի պատմության, մշակույթի, լեզվի ուսումնասիրության կարևոր աղբյուրներից մեկը բանահյուսությունն է:
Արցախի բանահյուսությունը հայ բանագիտության մեջ առանձնանում է իր ուրույն դերով՝ ազգագրական ինքնատիպ նկարագրով, հնչյունական, քերականական ու լեզվաոճական առանձնահատկություններով, ճոխ բառապաշարով, բառապաշարի հնագույն տարրերով և բառիմաստային ուշագրավ իրողություններով:
Արցախի բանահյուսությունն ունի մեկուկեսդարյա գրավոր կենսագրություն, որի ընթացքում ժողովվել է Արցախի ժողովրդի մտածողությունը, արվեստն ու պատմությունն ամփոփող բանահյուսական հարուստ ժառանգություն:
Արցախի բանահյուսության լեզուն Ղարաբաղի բարբառի գործածության անհատականացված տարբերակն է: Այդ հարթության վրա զուգահեռվում են բարբառի՝ իբրև բանագիտական իրողության և բարբառի՝ իբրև լեզվաբանական իրողության քննությունները:
Բանահյուսական ժառանգության գրավոր փոխադրումը բարբառի հետ կապված որոշ խնդիրներ է առաջ բերում: Առաջին դեպքում կարևորվում է այն, որ բարբառային մտածողությունը բանահյուսության գոյության հիմքն ու պայմանն է, նրա էությունը և ոչ միայն լեզվական միջոցը: Ըստ այդմ էլ՝ բանահյուսական բոլոր նմուշները, բնագրերը չեն հավակնում լրիվ չափով արտահայտելու բարբառային, խոսվածքային առանձնահատկությունները. առաջնահերթվում է բովանդակային կողմը: Երկրորդ դեպքում կարևորվում է լեզվական գործոնը` բարբառը բանահյուսական մտածողության նյութական միջոցն ու դրսևորման ձևն է: Բանահյուսական յուրաքանչյուր նմուշ ի հայտ է բերում լեզվական այնպիսի իրողություններ, որոնք բնորոշ են տվյալ բարբառին ու կարևորվում են նրա պատմության համակողմանի ուսումնասիրության տեսակետից: Այս առումով անհրաժեշտ պայման է բարբառային, խոսվածքային առանձնահատկությունների պահպանումը :
Բանահյուսության նշանակալի դերի և լեզվական որոշ առանձնահատկությունների ճանաչողության համար կարևորվում են նաև բանահյուսության գրավոր կենսագրության պատմական ընթացքը, այն կերտող ու ավանդող երախտավորների (բանասացների, բանահավաքների) գործունեությունը(այդ մասին մանրանասն տե՛ս Բանահավաքչություն ենթաթեմայի և Բանահավաքներ նյութի էջում):
Ավելի մանրամասն աղբյուրները ՝ տե՛ս մեր Գրադարանի, Արցախի ժողովրդագիտություն մատենաշարը, հ 6-12 և թեմատիկ շարքը։
