Նյութեր
Անեծք
Անեծքները լեզվական այն եզակի շերտերից են, որոնք իրենց մեջ ամփոփում են անցյալի մասին արժեքավոր տեղեկություններ։ Դրանք միայն բարկության, ցավի կամ անզորության պահին արտաբերված խոսքեր չեն, այլ խորքային մշակութային շերտեր են պահպանում՝ ժողովրդի պատմության, կենսակերպի, հավատալիքների, պատժամիջոցների, ծիսական պատկերացումների ու կենցաղային հիշողությունների մասին։ Անեծքներում հաճախ պահպանվել են այնպիսի պատկերացումներ, որոնք գալիս են վաղնջական շրջանից և այսօր էլ երբեմն շարունակում են ապրել արդեն փոխակերպված ձևերով։
Օրինակ՝ «Կըլխավըս շօռ տաս» անեծքը կարելի է հասկանալ ոչ միայն որպես դժբախտությունը մեկ ուրիշի վրա փոխանցելու ցանկություն, այլև որպես շատ հին պաշտպանական պատկերացման արտահայտություն։ Գործողության խորքում այն միտքն է, որ դիմացինը քեզ «շրջանի մեջ առնի», քեզ սպառնացող չարը վերցնի իր վրա և ինքը դառնա վերահաս աղետի թիրախը։ Սա վկայում է, որ հայոց մեջ դեռևս վաղ ժամանակներից շրջանը ունեցել է պահապան, պաշտպանական խորհուրդ։ Եվ իսկապես, այդ գաղափարը հետագայում շարունակվել է տարբեր ձևերով՝ եկեղեցու շուրջ պտտվելը, ուխտի կամ զոհաբերության ծիսական շրջապտույտները, որևէ մեկին գիրկն առնելը՝ իբրև պաշտպանական փակ տարածք ստեղծելու խորհրդանշան։
Նույն կերպ «Մօխըրվիս տու» անեծքը շատ արժեքավոր հուշում է տալիս հնագույն թաղման մշակույթի մասին։ «Մօխըրվէլ», «մոխիր դառնալ» ձևակերպումը կարող է կապվել դիակիզության երբեմնի իրողության հետ։ Այսինքն՝ այստեղ պարզապես ոչնչացման պատկեր չէ, այլ անցյալի մի իրական ծեսի լեզվական արձագանք։ Անեծքը, այսպիսով, դառնում է մշակութային հիշողության պահոց, որտեղ բառը պահել է հին կենցաղավարության հետքը նույնիսկ այն ժամանակ, երբ տվյալ սովորույթն այլևս գործածական չէ։
«Աշկէրըտ տուս տամ, հափռումըտ շարիմ» ձևակերպումն էլ բացում է մեկ այլ շերտ՝ **պատժի դաժան ձևերի **մասին հիշողությունը։ Աչք հանելը կամ կուրացնելը տարբեր հասարակություններում եղել է իրական պատժամիջոց։ Այդպիսի օրինակներ հայտնի են թե՛ հին աշխարհի առասպելաբանությունից(Էդիպ արքայի ինքնակուրացումը), թե՛ պատմական աղբյուրներից(Աշոտ Երկաթի կողմից Սահակ Սևադայի որդու կուրացումը)։ Այս անեծքի բանաձևը պատահական ձևակերպում չէ, այլ այնպիսի արարքի արձագանք, որը մարդկության պատմության մեջ իսկապես գոյություն է ունեցել որպես վրեժի, պատժի կամ հաշվեհարդարի միջոց։
Իրականում անեծքները միայն արդարադատության բաղձանքով ծնված խոսքային բանաձևեր չեն։ Դրանք նաև հնագույն շրջանից մինչև մեր օրերը եկած սոցիալական և մշակութային փաստաթղթեր են՝ բանավոր ձևով պահպանված։ Դրանք վավերագրել են պատժամիջոցների համակարգի, մահվան ու ոչնչացման պատկերացումների, պաշտպանական ծեսերի, հավատալիքների, ընտանեկան և համայնքային փոխհարաբերությունների հետքերը։ Այս իմաստով անեծքները ոչ միայն լեզվական միավորներ են, այլ նաև պատմամշակութային աղբյուրներ, որոնց միջոցով հնարավոր է վերականգնել ժողովրդի աշխարհընկալման հին շերտերը։
