Առած-ասացվածք

Նյութեր

Առած-ասացվածք

ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔ/ԱՍՎԱԾ ԽՕՍԿ․ բանաձևային(ասույթաբանական) բանահյուսության ժանր է : Դրանք ուղղակի եւ փոխաբերական իմաստ ունեցող կարճ ու պատկերավոր ասույթներ ու դատողություններ են, որոնք կյանքի տարբեր երևույթներ բնութագրում են փորձառությամբ ու խորքային ճանաչողությամբ: Առածների և ասացվածքների տարբերությունն այն է, որ առաջինները փոխաբերություններ են, իսկ երկրորդները՝ անմիջականորեն են արտահայտում որևէ միտք կամ խրատ: Առած-ասացվածքների մեջ արտահայտված են բազմաթիվ ու բազմաբնույթ երևույթներ: Սոցիալ-քաղաքական կյանքն արտացոլող բանաձևներում առանձնանում են պանդխտության վերաբերյալ եղած ստեղծագործությունները, որտեղ ներկայացվում է հայրենիքից ու ընտանիքից հեռացած պանդուխտի ծանր ողբերգությունը: Մի շարք բանաձեւերում ներկայացվում է հայրենի բնաշխարհը՝ լեռներն ու ձորերը, գետերն ու առուները, դաշտն ու արոտը, քարն ու հողը: Հատկանշական է, որ առած-ասացվածքներում տեղ են գտել հիմնականում այն բույսերն ու կենդանիները, որոնք աճում են Արցախի հողում և արցախցու կյանքում կարևոր դեր ունեն։
Առած-ասացվածքները հստակորեն ներկայացնում են արցախցու կյանքի պատկերը, հասարակական կենցաղը, սովորույթներն ու հայացքները: Բազմաթիվ ստեղծագործություններում արտացոլված են կենցաղային հարաբերությունները: Հատկապես նշանակալի են արյունակցական-ազգակցական և ընտանեկան հարաբերություններն ու դրանց հետ առնչվող երևույթները ներկայացնող առած-ասացվածքները, որտեղ ժողովուրդը տվել է ծնողի ու զավակի, եղբոր ու քրոջ, ամուսնու ու կնոջ, հարսի ու սկեսրոջ բնութագիրը՝ բացահայտելով նրանց միջև եղած փոխհարաբերությունը։ Բազում են նաև մարդու անձնական ու հասարակական հատկություններին, բնավորությանն ու խառնվածքին նվիրված բանաձևերը, որոնցում ընդգծվում են մարդու դրական ու բացասական հատկանիշները։ Իմաստուն ու խորն են արցախցու դատողություններն աշխատանքի ու հասարակության` ժողովրդի մասին: Պետք է գնահատել աշխատանքը , որը պահանջում է մեծ դժվարություններ: Աշխատանքը ժողովրդի զբաղմունքն է, ժողովուրդն է աշխարհի բոլոր բարիքների ստեղծողը, և մարդը միայն հասարակության մեջ կարող է հաջողության հասնել։ Առած-ասացվածքներում նաև Աստծո դերն է նշանակալիորեն կարևորվում: Ժողովուրդը հավատում է ամենակարողի զորությանը, ապավինում նրա արդարադատությանը, բարին ընդունելու ու չարը պատժելու հատկությանը: Արցախցու բնութագիրը առածով է բանաձևված․ Ղարաբաղցէն սարու խօտ չի, վէր ամէն տըռհաչ քամէ հըլյրհըլյօր անէ։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 1․Բարխուդարյան Մ., Բարոյական առածներ, Թիֆլիս, 1898։ 2․Մելիք-Շահնազարեանց Կ., Առակներ Ղարաբաղի բարբառով, <<Հանդէս ամսօրեայ>>, Վիեննա, 1930, թիւ 5-6, էջ 357-362։ 3․Ղանալանյան Ա., Առածանի, Երևան, 1960։ 4․Գրիգորյան-Սպանդարյան Մ., Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը, Երևան, 1971, էջ 416-430։ 5․Առաքելյան Մ., Ղահրամանյան Ռ., Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից, Երևան, 1978, էջ 163-175։ 7․Ղազիյան Ա., Արցախ, <<Հայ ազգագրություն և բանահյուսություն. Նյութեր և ուսումնասիրություններ>>, Երևան, 1983, հ. 15, 158-164։ 8․Հարությունյան Լ., Նշխարներ Արցախի բանահյուսության, Երևան, 1991, էջ 176-219, երրորդ գիրք, Ստեփանակերտ, 2007, էջ 182-225, հիգերորդ գիրք, Ստեփանակերտ, 2011, էջ285-294։ 9․Պետրոսյան Մ., Արցախյան առածանի, ասածանի, Ստեփանակերտ, 1999, էջ 3-38։ 10․Սարգսյան Ա., Արցախի բանաձևային բանահյուսությունը, Երևան, 2009, էջ 13-105։ 11․Սարգսյան Ա., Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 447-539։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft