Նյութեր
Հանելուկ
ՀԱՆԵԼՈՒԿ /ՀԸՆԷԼԻԳՅ//ՊԸՆԳԸԼ ասույթաբանական բանահյուսության ժանր է: Հանելուկը պընգըլ բառամիավորով է վկայված արցախցու լեզվում։ Նշանակում է նաև աննշան, անարժեք խոսք` բան: Հանելուկի ժանրը ենթադրում է ավարտուն ու պարզ բանաձևեր, կուռ, հակիրճ շարադրանք, փոքր ծավալ՝ սեղմ ձևակերպումներով ներկայացնելով ժողովրդի լեզվամտածողության կառուցվածքը, երևակայության սահմանները, իրականությունը բանաձևելու նրա կարողությունը։ Հանելուկներում դրսևորվում են ժողովրդի կացութաձևը, աշխարհայացքը, բարոյահոգեբանական առանձնահատկությունները:
Հանելուկային առարկաների և բանաձևերի մեջ ներկայացված են արցախցուն շրջապատող բուսական և կենդանական աշխարհը, տնտեսական զբաղմունքները, երկրային ու երկնային մարմիններն ու երևույթները, այն, ինչ հնարավոր է տեսնել, լսել, զգալ: Պատահական չէ, որ այս ժանրում առաջին հերթին արտացոլվել են գյուղատնտեսության տարբեր բնագավառներ՝ կապված երկրի տնտեսական բնույթի հետ: Արցախցու համար կարևոր բնագավառ է երկրագործությունը, որ հնուց ի վեր հանդիսացել է հիմնական զբաղմունքներից առաջնայինը: Տարածված են նաև այգեգործությանը, բանջարաբուծությանը, անասնապահությանը, թռչնաբուծությանը, մեղվաբուծությանը, շերամապահությանը նվիրված ստեղծագործությունները, որտեղ բնութագրվում են բազմաթիվ մրգեր, պտուղներ, բանջարեղեն, անասուններ ևն։ Առավել հաճախակի են հանդիպում կենցաղում գործածվող տարբեր առարկաներ՝ բով, մաղ, շերեփ, գդալ, ճախարակ, կուժ, ասեղ, գուլպա, սանդերք, փափախ և այլն: Հանելուկային առարկա են դարձել նաև երկնային մարմինները, բնության տարբեր երևույթները, ժամանակի միավորները ևն։
