Նյութեր
Աղոթք
ԱՂՕԹԿ/ԱՂՈՒԹԿ
Խոսքի զորությունը առանձնապես դրսևորվում է (հատկապես՝ նախկինում) աղոթքների մեջ, որոնցով առաջ է բերվում ցանկալի՝ բարի կամ չար հետևանք: Բացի եկեղեցիներում՝ սրբավայրերում աղոթելուց՝ աղոթքներ են կարդացվում հավը թուխս դնելիս (թօխս տինիլ), չար աչքից տուժածի գլխավերևում աղ պտտեցնելիս (կըլխավը աղ շօռ տալ), գայլի երախը կապելիս (կյո̈ւլին ըռըէխը կապէլ), տարբեր գուշակություն անելիս ևն դեպքերում: Աղոթողները սովորաբար լինում են կանայք (հիմնականում՝ պառավ), ովքեր սովորաբար աղոթում են (ըղօթէլ/աղութկ անէլ) դեմքով դեպի արևելք կանգնած: Նախկինում իշխում էր այն կարծիքը, որ չի կարելի աղոթքը ասել ուրիշին, մանավանդ՝ կանանց, այլապես այն կկորցնի զորությունը: Ահա թե ինչու ձգտում էին աղոթել հնարավորինս ցածրաձայն:
Ղարաբաղի բարբառում գործածվում են նաև աղութկ բաղադրիչով կազմված որոշ բառեր՝ ըղութասէր(աղոթել սիրող), ըղութավէր/ըղութարար (աղոթք անող), ըղութատար(երկար ոտքերով կանաչ գույնի միջատի տեսակ), ըղութատըէղ (աղոթատեղի), ըղութարան (աղոթատուն, եկեղեցի, 2.հորիզոնի արևելյան կողմը),
դարձվածներ՝ աղօթկ տըէռնալ (սրբագործվել), ըղօթած էշ (թմրած՝ ապուշ մարդ):
ԱՄ(Մ)ԷՆ ․ աղոթքների, բարեմաղթանքների վերջում արտաբերվող բառ՝ որպես հաստատում բարի ցանկության կատարման՝ եղիցի, թող լինի: Այդպես են ասում նաև սեղանակիցները սեղանապետի բաժակաճառից հետո: Ամ(մ)էն ասէլ նշանակում է համաձայն լինել:
