Վիպական բանահյուսություն
Ենթաթեմաներ

ԶՎԱՐՃԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ կամ ՄԱ̈ԶԱ̈ԼՈՒ ՊԻՆԷՐ. վիպական բանահյուսության ժանր է:
Զվարճախոսությունների թեմաները բազմազան են՝ ընդգրկելով մարդկային կյանքի տարբեր բնագավառներ։ Նյութերի մի մասի հերոսներն առանձնանում են սրամտությամբ, հանպատրաստից սրախոսելու արվեստով, մյուսներն էլ իրականում կատակի նյութ են դառնում իրենց պարզամտության, միամտության, չափից դուրս շիտակության, հոգեկան անհավասարակշիռ վիճակի, տարօրինակության, շփոթմունքի, ստախոսության, տարբեր արատների պատճառներով։
Երգիծական զրույցներից շատերն ունեն տեղական տարածվածություն․ ստեղծված լինելով այս կամ այն անձի շուրջ՝ դրանք հաճախ պատմվում են տվյալ կամ հարեւան բնակավայրերում։ Մի շարք պատումներ էլ ստացել են ընդհանուր արցախյան գործածություն։
Վերջիններիս մեջ առանձնանում են Պըլը-Պուղու զվարճախոսությունները, որոնք տարածվել են նաեւ Արցախի սահմաններից դուրս։ Պատահական չէ, որ այս կամ այն գյուղերում զվարճախոսներին կոչում են հենց Պըլը-Պուղի մականունով: Մեծ զվարճախոսի անվան շուրջ ստեղծված զրույցներն այնքան են ծավալվել, որ հաճախ նրան են վերագրվում նաեւ հայտնի եւ անհայտ այլ զվարճախոսների մասին պատմվող պատումները։ Իրականում հայ բանահյուսության մեջ նա ժողովրդական էպոսի հերոսներից հետո ամենից հայտնի կերպարն է, որի մասին ստեղծվել են նաեւ գեղարվեստական գործեր, նրա անունով հրատարակվել երգիծական հանդես (<<Պըլը-Պուղի>>) ։
Պըլը-Պուղու սրախոսության նյութ են դառնում բոլորը՝ անկախ դիրքից, սոցիալական վիճակից, իր հետ ունեցած հարաբերությունից։ Սակայն դրանց մեջ առանձնանում է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարը, որի ապարանքում՝ որպես կատակաբան, իր կյանքի մեծ մասն անց է կացրել մեծ զվարճախոսը։
Արցախում գրեթե յուրաքանչյուր գյուղ ունի իր զվարճախոսը։ Դրանցից են Թալիշէցի Տիկօշը, Ղըզղըլըէցէ Բուդին, Ճըրտըրըէցէ Վաղօն, Ղըլէչի Միշան ևն:
Բազմաթիվ զվարճախոսություններ են ընդգրկված Արցախի բանահյուսական տարբեր ժողովածուներում:
Այս պատմությունները երբեք չեն ավարտվում, եթե կա մեկը, ով դրանք հիշում է կամ կհիշի ու կպատմի, ուրեմն դրանք կապրեն։
Եթե ժպիտը ծնվում է, դա ապացույցն է, որ լույսը հաղթում է մութին։ Եթե հիշում ենք, նշանակում է՝ մենք այնտեղ ենք, մեր հողի, մեր պատմության ու մեր նախնիների հետ։
Զվարճախոսությունները հաստատում են, որ մենք ժպտացինք, երբ ցավ կար, հիշեցինք, երբ գիր գրելու ժամը չէր, և պահ տվեցինք ժամանակը զրույցներում:
Հիմա, բարեկամնե՛ր, այս հուշերն այլևս միայն մերը չեն։
Նրանք պիտի ապրեն ամենուր, այնտեղ, ուր լույս կա, պիտի ապրեն երեխաների մեջ, ովքեր լսեցին, զգացին ու կհիշեն։ Պիտի ապրեն, որ հիշողության զանգը երբեք չլռի:
ԱՌԱԿ. վիպական բանահյուսության ժանր է :
Առակները փոքր ծավալի բարոյախոսական փոխաբերական ստեղծագործություններ են, որոնցում սովորաբար մարդկային բնավորության և հասարակական, կենցաղային արատները ներկայացվում ու ծաղրվում են կենդանինների, երբեմն՝ բույսերի գործողությամբ ու վարքագծով՝ արտահայտելով բարոյախոսական եւ խրատական որևէ գաղափար: Նրանց մեջ գործողն ըստ էության մարդն է՝ այս կամ այն կենդանու կերպարանքով:
Ղարաբաղի բարբառում նաև մա̈սա̈լ է ասվում առակին․ որոշ խոսվածքներում մա̈սա̈լ նշանակում է նաև դժվարիմաց այլաբանություն, հանելուկ (պընգըլ), իսկ որոշներում` իմաստալից խոսք, առած-ասացվածք:
Մա̈սա̈լ վէր պիրիլ դարձվածն ունի երկար խոսել, պատմել իմաստը: Մա̈սա̈լ․ նշանակում է նաև նախատինք, խայտառակություն: Գործածվում են առակ բաղադրիչով կազմված առակ անէլ/շինիլ (խայտառակել, ծաղրի առարկա դարձնել), առակ տըէռնալ (խայտառակվել, ծաղրի առարկա դառնալ) դարձվածները:

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ. վիպական բանահյուսության ժանր է: Ավանդությունները ստուգաբանում, բացատրում, ներկայացնում են անցյալում եղած և տեղի ունեցած իրերն ու դեմքերը, դեպքերն ու երևույթները։ Ըստ էության` լինում են երեք հիմնական տեսակի.
Ստուգաբանական ավանդություններ, որտեղ մեկնվում, ստուգաբանվում և իմաստավորվում են անհասկանալի բառերը։
Բացատրական ավանդություններ, որոնք ընդգրկում են երկնային և երկրային տարբեր մարմինների առաջացումը, կենդանիների ու բույսերի տարբեր հատկություններ, մարդկային ամենատարբեր հարաբերություններ, զանազան երևույթներ, սովորություններ, հավատալիքներ, հանգամանքներ։
Վարքաբանական ավանդազրույցներ, որտեղ կենսագրական տեղեկություններ և միջադեպեր են պատմվում իրական և մտացածին, հայտնի և անհայտ անհատների կյանքի ու գործունեության վերաբերյալ։
Արցախի բանահյուսության մեջ ըստ քանակի գերակշռում են ստուգաբանական ավանդությունները։ Քիչ չեն նաև բացատրական ստեղծագործությունները, իսկ վարքաբանական ավանդազրույցները զգալիորեն զիջում են այդ երկուսին։ Որոշ ստեղծագործություններ էլ իրենց էությամբ կարող են դասվել և՛ առաջին, և՛ երկրորդ խմբերի մեջ։
Արցախյան ավանդությունների մեջ առանձնահատուկ տեղ ունեն հայրենի բնաշխարհն ու նրա հետ կապված հավատալիքներն ու պաշտամունքի առարկաները։ Հայրենի լեռների հետ պաշտվում են նաև մի շարք քարեր և ժայռեր, ծառեր, որոնց մոտ աղոթում են, մոմ վառում, մատաղ կտրում։Առանձնակի պաշտամունքի առարկա են ծծաքարերը (ծըծաքարէր): Դեռեւս պահպանվում են ջրի պաշտամունքի մնացուկները. Մի շարք աղբյուրներ, սուրբ համարվելով, շարունակում են մնալ հիվանդությունների բժշկող։ Ծառապաշտության մեջ նախապատվությունը տրվում է պըռըշնի ծառին, որին կարելի է հանդիպել կալատեղերում, գերեզմանոցներում, սրբավայրերում։ Գրեթե յուրաքանչյուր գյուղ ու սրբավայր ունի նման ծառեր, որոնց հանդեպ խոր հավատով են լցված բոլոր բնակիչները։ Դրանց, ինչպես նաև այլ ծառերի ու բույսերի մասին նույնպես կան ավանդութոյուններ։
Երկնային լուսատուներից պաշտվում են հատկապես արևն (արըէվ) ու լուսինը (լուսնինգյա)։ Ավանդություններ կան նաև երկնային այլ մարմինների և երևույթների մասին (ասթըխ, տիրմանու հըղէ, շա̈րժ, կա̈ծա̈կ, թօռ ևն) ։ Մի շարք ստեղծագործություններում արտացոլվում է քրիստոնեական կրոնի և հատկապես Քրիստոսի հանդեպ ունեցած մեծ հավատը ։
Արցախյան մի շարք ավանդություններում արտացոլվում է նաև ժողովրդի ներքին կյանքը՝ զբաղմունքը, կենցաղը, հասարակական հարաբերությունները։
Զբաղմունքներից հատկապես հատկանշելի են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստագործությունը, այգեգործությունը, որսորդությունը, որոնք կենսական մեծ նշանակություն ունեն արցախցու կյանքում։ Կենցաղային ավանդությունների մեջ տեղ են գտել մի շարք սովորույթներ, հարաբերություններ, ծեսեր։ Որոշ ավանդություններում արծարծվել են օտար բռնակալների նվաճողական նկրտումները, կատարած ավերածություններն ու թալանը և արցախցիների անզիջում պայքարը նրանց դեմ։
Առանձնակի շարքով են ներկայանում Թևան Ստեփանյանի (Տումըցէ Թէվանի) մասին պատմվող ավանդազրույցները։ Տասնյակ ավանդություններ կան նաև Արցախի տարբեր բնակավայրերի (Խըծապէրթ, Քօշպէգյ, Ազօխ, Սըխտօրաշէն, Խըէրխան, Ղազանչի, Հուռաթաղ, Ղարաչինար, Փըրջամալ, Տըռնավազ, Ղարաղըշլաղ ևն), վանքերի, եկեղեցիների, սրբավայրերի (Կատարօ վանք, Արզուման վանք, Իրէք Մանգունք, Իննը մաս, Կօտրած յըէխծէ, Պըտկէս պէրք, Արչին հանգյիստը, Լուսըվէնջին սօրփ), այլ տեղամասերի, տարբեր տոհմերի, դեմքերի ևն մասին:
Արցախյան ավանդությունների ամբողջական ցանկը տե՛ս մեր Գրադարանը (Արցախի ժողովրդագիտությունը․ բանահյուսություն, 12, Ե․, Արմավ, 2023, էջ 178-242 կամ Արցախի բանահյուսությունը, Ե․, 2015, էջ 178-242 )։
Արցախի տարբեր բնակավայրերի սրբավայրերի մասին ավանդությունները տե՛ս նաև մեր 3-րդ հիմնական բաժնի Հումանիտար մշակույթ ենթաբաժնի Հավատք և Պաշտամունք թեմայի Պաշտամունքային վայրեր և իրեր ենթաթեմայի նյութերի մեջ։ ,

ՀԵՔԻԱԹ . վիպական բանահյուսության ժանր է հեքիաթը: Նշանակում է նաև զրույց (զըրո̈ւց): Հեքիաթներում արտահայտված են ժողովրդի դարավոր ձգտումներն ու երազանքները, համառ պայքարը բնության տարերային ուժերի ու անարդարությունների դեմ, ձեւավորված կարծիքն ու վերաբերմունքն այս կամ այն դեպքի ու երեւույթի, ստեղծված իրավիճակի հանդեպ: Հերոսներն ու կերպարները հաճախ ներկայացվում են չափազանցված կամ այլաբանորեն, հրաշապատում ձևով: Դրանց բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը ևն: Արցախյան հեքիաթների մեծ մասին բնորոշ են ավանդական սկսվածքները՝ Իլա̈լ ա, չիլա̈լ…, Շատ առաչ մին թաքավէր ա իլա̈լ..., Բո̈ւննա̈ն ա̈վա̈լա̈ ըստըէղէրք մին թաքավէր ա իլալ...», Էրկու ախպէր ըն ինում..., և վերջաբան բանաձեւները՝ Յիրգյինքյան իրըէք խընձօ̈ր ա վէր ըղնում. մինը՝ էս քաթը ըսօղէն, մինը՝ ըսկընօղէն, մինըն էլ՝ լո̈ւս ախշարք տուս ընօղէն, Ըտի էլ չարը վիրանում ա, պարին հախտում ա, ո̈ւրա̈նք հըսէն ուրանց մուրազէն, տուք էլ հըսնիքյ ծէր մուրազէն, Էս ա մէր քաթէն վէրչը, մատաղ ինիմ, դէ միհէնգյ ըստըքըննէն մէր էն ըծյըպածյի ընէս թօթէն ըրաղան ըծէ՛ցէքյ, խըմինքյ մէր վըէղէն-ճիրին, մէր ժուղուվուրթէն, ըշխարքէս տակէն հինչքան էլ լյավ, հըրէյին հըսնօղ մարթ կա, լօխճին կէնացը ևն: Մի շարք հեքիաթների հատուկ են նաեւ միջնամասային բանաձեւները, որոնց միջոցով սկիզբ է առնում նոր գործողությունների պատումը կամ անդրադարձ կատարվում նախորդ գործողություններին՝ Վէրչը, շատ ա քյիս, խըրէգյ ա քյիս, հըսնէս ա մի խօր ծօր…, Ախըրը էս խաբարը էրուշ յէրգյիրնէ յէլ ա հըսնում, հըրէվան թաքավէրըթունումը մին անըմը ըշխարքավը մին տըէռած իմաստուն ա ինում, ըսկանում ա կյամ», Միհէնգյ էս օշափ ըխճըգանը թօղինքյ ըստըէղ, խաբար տանք ախպօրը անա… ևն:\
Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի` հրաշապատում կամ կախարդական, իրապատում և կենդանական:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1․ Նավասարդյան Տ., Հայ ժողովրդական հեքիաթներ, պրակ 8, 9, 10, Թիֆլիս, 1894, 1902,1903։ 2․Հայ ժողովրդական հեքիաթներ, հ. V, Երևան, 1966։ 3․Հայ ժողովրդական հեքիաթներ,հ. VI, Երևան, 1973։ 4․Հայ ժողովրդական հեքիաթներ, հ.VII, Երևան, 1979։ 5․ Գրիգորյան-Սպանդարյան Մ., Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը, Երևան, 1971, էջ 290-332։ 6․Առաքելյան Մ., Ղահրամանյան Ռ., Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից, Երևան, 1978, էջ 7-56։ 7․Ղազիյան Ա., Արցախ, <<Հայ ազգագրություն և բանահյուսություն. Նյութեր և ուսումնասիրություններ>>, Երևան, 1983, հ. 15, էջ 12-119։ 8․Հարությունյան Լ., Նշխարներ Արցախի բանահյուսության, Երևան, 1991, էջ 24-68։ 9․Սարգսյան Ա., Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 17-22, 77-177: 10․ Արցախի ժողովրդագիտությունը․ մատենաշար. բանահյուսություն, հ. 8(8), հ. 9(9), հ. 10(10), հ. 11(11), հ. 12(12), Երևան, <<Արմավ>>, 2022-2023:
Վիպական բանահյուսություն
Արցախի բանահյուսական ժառանգության հիմնական մասը կազմում են էպիկական ստեղծագործությունները` հեքիաթներ, մանրապատում-զրույցներ, ավանդություններ: Հեքիաթի ժանրը բանահյուսական գրավոր կենսագրության վաղ շրջանում ամենակենսունակն էր: Արցախահայ բանահյուսական ժառանգության և ընդհանրապես հայ ժողովրդական հեքիաթների մեջ ամենահին նմուշները Բահաթրյանների գրառած հեքիաթներն են: Արցախյան հեքիաթների հիմնական ձևերը գրառել են նրանք: Այդ հեքիաթները բնութագրվում են վիպական պատմելաոճի և իրապատում սեղմ ոճի կուռ համադրությամբ, սյուժետային հղկումների, շեղումների բացակայությամբ, հեքիաթի ժանրային կառուցվածքի հիմնական տարր կազմող և պատումին վիպական շունչ հաղորդող նախադրությունների, վերջադրությունների առկայությամբ: Աստիճանաբար հրաշապատում հեքիաթները փոխարինվում են իրապատում հեքիաթներով: Կենցաղային սյուժեն փոխարինում է հրաշապատումին: Ժամանակի ընթացքում նկատելի է դառնում նաև հեքիաթի ժանրի կիրառական հաճախականության նվազում: Եվ 1960-70ական թվականներին բանահյուսական նմուշներում կենսունակ ժանրատեսակ են դառնում զրույց-զվարճապատումը, առակը, որոնք մինչ այսօր էլ պահպանում են իր արդիականությունն ու գործառական ակտիվությունը: 1970-ական թթ-ից բանահյուսական նմուշներում իրենց պատմաազգագրական կարևոր դերով առանձնանում են ավանդությունները: Ժանրային ու լեզվական առումով դրանք գրեթե անփոփոխ են մնացել ցայժմ: