Ավանդություն

Նյութեր

Ավանդություն

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ. վիպական բանահյուսության ժանր է: Ավանդությունները ստուգաբանում, բացատրում, ներկայացնում են անցյալում եղած և տեղի ունեցած իրերն ու դեմքերը, դեպքերն ու երևույթները։ Ըստ էության` լինում են երեք հիմնական տեսակի.

  1. Ստուգաբանական ավանդություններ, որտեղ մեկնվում, ստուգաբանվում և իմաստավորվում են անհասկանալի բառերը։

  2. Բացատրական ավանդություններ, որոնք ընդգրկում են երկնային և երկրային տարբեր մարմինների առաջացումը, կենդանիների ու բույսերի տարբեր հատկություններ, մարդկային ամենատարբեր հարաբերություններ, զանազան երևույթներ, սովորություններ, հավատալիքներ, հանգամանքներ։

  3. Վարքաբանական ավանդազրույցներ, որտեղ կենսագրական տեղեկություններ և միջադեպեր են պատմվում իրական և մտացածին, հայտնի և անհայտ անհատների կյանքի ու գործունեության վերաբերյալ։

Արցախի բանահյուսության մեջ ըստ քանակի գերակշռում են ստուգաբանական ավանդությունները։ Քիչ չեն նաև բացատրական ստեղծագործությունները, իսկ վարքաբանական ավանդազրույցները զգալիորեն զիջում են այդ երկուսին։ Որոշ ստեղծագործություններ էլ իրենց էությամբ կարող են դասվել և՛ առաջին, և՛ երկրորդ խմբերի մեջ։

Արցախյան ավանդությունների մեջ առանձնահատուկ տեղ ունեն հայրենի բնաշխարհն ու նրա հետ կապված հավատալիքներն ու պաշտամունքի առարկաները։ Հայրենի լեռների հետ պաշտվում են նաև մի շարք քարեր և ժայռեր, ծառեր, որոնց մոտ աղոթում են, մոմ վառում, մատաղ կտրում։Առանձնակի պաշտամունքի առարկա են ծծաքարերը (ծըծաքարէր): Դեռեւս պահպանվում են ջրի պաշտամունքի մնացուկները. Մի շարք աղբյուրներ, սուրբ համարվելով, շարունակում են մնալ հիվանդությունների բժշկող։ Ծառապաշտության մեջ նախապատվությունը տրվում է պըռըշնի ծառին, որին կարելի է հանդիպել կալատեղերում, գերեզմանոցներում, սրբավայրերում։ Գրեթե յուրաքանչյուր գյուղ ու սրբավայր ունի նման ծառեր, որոնց հանդեպ խոր հավատով են լցված բոլոր բնակիչները։ Դրանց, ինչպես նաև այլ ծառերի ու բույսերի մասին նույնպես կան ավանդութոյուններ։
Երկնային լուսատուներից պաշտվում են հատկապես արևն (արըէվ) ու լուսինը (լուսնինգյա)։ Ավանդություններ կան նաև երկնային այլ մարմինների և երևույթների մասին (ասթըխ, տիրմանու հըղէ, շա̈րժ, կա̈ծա̈կ, թօռ ևն) ։ Մի շարք ստեղծագործություններում արտացոլվում է քրիստոնեական կրոնի և հատկապես Քրիստոսի հանդեպ ունեցած մեծ հավատը ։ Արցախյան մի շարք ավանդություններում արտացոլվում է նաև ժողովրդի ներքին կյանքը՝ զբաղմունքը, կենցաղը, հասարակական հարաբերությունները։ Զբաղմունքներից հատկապես հատկանշելի են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստագործությունը, այգեգործությունը, որսորդությունը, որոնք կենսական մեծ նշանակություն ունեն արցախցու կյանքում։ Կենցաղային ավանդությունների մեջ տեղ են գտել մի շարք սովորույթներ, հարաբերություններ, ծեսեր։ Որոշ ավանդություններում արծարծվել են օտար բռնակալների նվաճողական նկրտումները, կատարած ավերածություններն ու թալանը և արցախցիների անզիջում պայքարը նրանց դեմ։ Առանձնակի շարքով են ներկայանում Թևան Ստեփանյանի (Տումըցէ Թէվանի) մասին պատմվող ավանդազրույցները։ Տասնյակ ավանդություններ կան նաև Արցախի տարբեր բնակավայրերի (Խըծապէրթ, Քօշպէգյ, Ազօխ, Սըխտօրաշէն, Խըէրխան, Ղազանչի, Հուռաթաղ, Ղարաչինար, Փըրջամալ, Տըռնավազ, Ղարաղըշլաղ ևն), վանքերի, եկեղեցիների, սրբավայրերի (Կատարօ վանք, Արզուման վանք, Իրէք Մանգունք, Իննը մաս, Կօտրած յըէխծէ, Պըտկէս պէրք, Արչին հանգյիստը, Լուսըվէնջին սօրփ), այլ տեղամասերի, տարբեր տոհմերի, դեմքերի ևն մասին:

Արցախյան ավանդությունների ամբողջական ցանկը տե՛ս մեր Գրադարանը (Արցախի ժողովրդագիտությունը․ բանահյուսություն, 12, Ե․, Արմավ, 2023, էջ 178-242 կամ Արցախի բանահյուսությունը, Ե․, 2015, էջ 178-242 )։

Արցախի տարբեր բնակավայրերի սրբավայրերի մասին ավանդությունները տե՛ս նաև մեր 3-րդ հիմնական բաժնի Հումանիտար մշակույթ ենթաբաժնի Հավատք և Պաշտամունք թեմայի Պաշտամունքային վայրեր և իրեր ենթաթեմայի նյութերի մեջ։ ,

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft