
Նյութեր
Չայլուի բարբառ
ՉԱՅԼՈՒԻ ԲԱՐԲԱՌ․ արևելյան խմբակցության –ս ճյուղի բարբառ, որով խոսում էին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում: Իրականում ներկայացնում է Ուրմիայի բարբառը, որի կրողները 1828-1830 թվականներին այստեղ են տղափոխվել Պարսկաստանի Ուրմիայի և Խոյի գավառներից՝ հիմնականում պահպանելով մայրենի բարբառի առանձնահատկությունները: Որոշ լեզվաբաններ համարում են Մարաղայի բարբառի խոսվածք, որոշները՝ նույնացնում Խոյի բարբառի հետ:
Բացի գրական հայերենի հնչյուններից գործածվում են ա, է, ը, ի, ու, օ, ա̈, ո̈ւ, օ̈, ըԷ ըԻ, ուօ ձայնավորներն ու երկբարբառները, գյ, կյ, հյ, յհ, քյ բաղաձայնները:
Ձայնավորները ենթարկվում են տարբեր փոփոխությունների, երկբարբառներն ու եռաբարբառները՝ վերածվում պարզ ձայնավորների, ձայնեղներըյբառասկզբում խլանում, ետնալեզավային պայթականներն ունեն քմայնացած տարբերակներ ևն:
Շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա: Գոյականն ունի թվի, հոլովի, առկայացման կարգեր, անձի և իրի քերականական տարբերակում: Հիմնական հոգնակերտներն են՝ -էր, -նէր, -քյէր, , -տանք, -րանք, -ստար ևն:
Սեռական-տրականը սովորաբար թեքվում է ի, ու/ու, ա/ա, վա թեքույթներով և օ ներքին հոլովմամբ, բացառականն ունի –է (ն), գործիականը` -օվ վերջավորություն, ներգոյականը ինքնուրույն ձևավորում չունի և կազմվում է սեռական-տրականից և մեջ կապից:
Բայն ունի է, ա լծորդություններ, վաղակատարի վերջավորությունը ձևավորվում է ր տարրով, անկատարը՝ ս-ով: Սահմանական ներկան և անցյալի անկատարը կազմվում են անկատար դերբայ+օժանդակ բայ կաղապարով (կյիրէս էմ, կյիրէս էմ էր ): Պայմանականն ունի կ(ը), հարկադրականը՝ կիտա̈/տըկը/տիկյա̈ եղանակիչը:
