part 1 icon

Ղարաբաղի բուն բարբառ

Ենթաթեմաներ

Նյութեր

Ղարաբաղի բուն բարբառ

Ժայռի նման է այս հին բարբառը, Ժայռի պես կոշտ է, չհղկված. ՈՒ ժայռի պես էլ կարծր է, համառ է, Չի պոկի նրան և ոչ մի հարված. Շուրթերի վրա այնպես է բառը, Ինչպես որ ժայռն է հողում խրված: Ս․ Կապուտիկյան

ՂԱՐԱԲԱՂԻ ԲՈՒՆ ԲԱՐԲԱՌԸ Արցախյան բարբառը հայերենի ամենատարածված, ուսումնասիրված ու դեռ ուսումնասիրության ընդգրկուն դաշտ ունեցող բարբառներից է: Այն ունի հարուստ ու բազմադարյան պատմություն. հայերենի հնագույն բարբառներից է և հատկանշվում է հնչյունական, քերականական ու լեզվաոճական առանձնահատկություններով, ճոխ բառապաշարով, բառապաշարի հնագույն տարրերով, բառիմաստային ուշագրավ իրողություններով: Բարբառի բառապաշարի հարստությունը վկայում է պատմական խոր արմատներ ունենալու փաստը: Դեռևս 8-րդ դարի քերական Ստ. Սյունեցին, հայ բարբառները աշխարհագրորեն դասակարգելով, հայերենի 8 բարբառների շարքում առանձնացրել է նաև Արցախյանը. <<Եւ դարձեալ զքո լեզուիդ գիտելն զբովանդակ բառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին և զԽութայինն և զՉորրորդ Հայեցին և զՍպերացին, և զՍիւնին և զԱրցախայինն. այլ մի միայն զՄիջերկրայսն և զՈստանիկսն, վասն զի պիտանիք այսոքիկ են ի տաղաչափութեան. այլև օգտակարք ի պատմութիւնս, զի մի վրիպեսցի անընդել գոլով լեզուացն>>:

13-րդ դարի բանաստեղծ, մանկավարժ ու քերական Հովհ. Երզնկացին Դիոնիսոս Թրակացու իր մեկնաբանություններում Ստ. Սյունեցու օրինակով դարձյալ 8 բարբառներ է տարբերակում, այդ թվում և Արցախի բարբառը՝ Կորճայք, Տայք, Խութ, Սպեր, Չորրորդ Հայք, Սյունիք, Արցախ, Արարատյան կամ Ոստանիկ: Արցախյան բարբառին անդրադարձել են Վ. Արևելցին, Ա. Այտընյանը /1866թ. լույս է տեսնում Ա. Այտընյանի <<Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի>> մենագրությունը, որտեղ մի առանձին բաժին նվիրված է բարբառային մի շարք իրողությունների բացահայտմանը/, Ք. Պատկանյանը /”Исследование о диалектах армянского языка”, որով և Պատկանյանը նախանշում է բարբառների ձևաբանական դասակարգման ճանապարհը՝ չանտեսելով դասակարգման տարածքային սկզբունքը/ և ուրիշներ:

1898,1899,1900թթ. հաջորդաբար լույս են տեսնում Աճառյանի բարբառագիտական առաջին ուսումնասիրությունները՝ նվիրված Ասլանբեկի, Վանի, Ղարաբաղի բարբառների քննությանը: Աճառյանը Արցախյան բարբառը -ում ճյուղի բարբառների շարքն է դասում ու իր <<Ղարաբաղի բարբառը>> մենագրության մեջ ներկայացնում բարբառի առանձնահատկությունները: Հետագայում Ա. Ղարիբյանը Ղարաբաղի բարբառից առանձնացնում է Հադրութի և Շաղախի բարբառները ու դրանք դասում -ս ճյուղի բարբառների շարքը: Ղարիբյանը Արցախյան բարբառին անդրադարձել է նաև իր <<Հայ բարբառների հնչյունական դասակարգումը>> աշխատության մեջ և այն բնութագրել որպես երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ:

Արցախյան բարբառի ուսումնասիրության բնագավառում մեծ է Կ. Դավթյանի վաստակը: Նրա՝ <<Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը>> մենագրությունն առ այսօր էլ Ղարաբաղի բարբառի մասին եղած ուսումնասիրություններից լավագույնն է. այն այսօր էլ Ղարաբաղի բարբառի, վերջինիս խոսվածքների ուսումնասիրության համար լայն դաշտ ու հնարավորություններ է բացում: Սա այն ակոսն է, որով ձգվում ու դեռ ձգվելու են բարբառի ուսումնասիրությանը միտվող բոլոր ճանապարհները: Շատ կարևոր է նաև, որ հայ բարբառագետներից Կ.Դավթյանն էր առաջին անգամ իր <<Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը>>/ 1966թ. լույս տեսած/ մենագրության մեջ կիրառել լեզվաբանական աշխարհագրության մեթոդը: Դավթյանի օրինակին հետևեցին շատ բարբառագետներ, բայց, իհարկե, դրանք դեռևս քարտեզագրման գործում ամբողջական աշխատություններ չէին: 1965թ. լույս է տեսնում Ա. Պողոսյանի <<Հադրութի բարբառը>> աշխատությունը, որտեղ հեղինակը մանրամասն ներկայացնում է բարբառի հնչյունական, բառագիտական, քերականական օրինաչափությունները:

1972թ. լույս է տեսնում Գ. Ջահուկյան <<Հայ բարբառագիտության ներածություն>> աշխատությունը, որը կարևոր դեր է ունենում վիճակագրական բարբառագիտության բնագավառում և նոր խթան է դառնում բարբառների ուսումնասիրության նոր եղանակներին անցնելու ճանապարհին: Հայերենի շուրջ 120 բարբառախոս վայրերի ցանկում նա քննում է Ղարաբաղի բարբառի մեկ տասնյակ խոսվածքներ: Գ. Ջահուկյանն է, որ իր դասակարգմամբ հստակեցրել է բարբառ- ենթաբարբառ-խոսվածք սահմանները, և հիմնավորել ու փաստարկել առանձին բարբառներ դիտվող Հադրութի ու Շաղախի, Մեհտիշենի` Ղարաբաղի բարբառի ենթաբարբառ կամ խոսվածք լինելու իրողությունը: Այսօր էլ ուսումնասիրության հարուստ աղբյուր է բարբառը, կատարվում են ուսումնասիրություններ, գրվում հոդվածներ ու ատենախոսություններ: Անկախության շրջանում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, հավաքագրվել են նյութեր, կազմվել են բարբառագիտական ատլասներ, ընդլյանվել է բարբառների ուսումնասիրության դաշտը: 2008-2010թթ. լույս է տեսել Գուրգեն Բաղդասարյանի՝ երկհատորյա <<Արցախի բարբառի բառարան-հանրագիտարանը>>: 2013թ. Ար. Սարգսյանի հեղինակությամբ հրատարակվել է <<Ղարաբաղի բարբառի բառարան>> մեծարժեք աշխատությունը: Այս երկու աշխատանքները բարբառի պատմության հուշարձաններն են և լրջագույն ներդրում բարբառի պատմության ուսումնասիրության տարածքում: Արցախյան բարբառը եղել և մնում է հայերենի հնագույն ու ուսումնասիրության խոր շերտ ունեցող բարբառներից:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft