Սովորի՛ր և պահպանի՛ր Արցախի բարբառը
Նյութեր

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍ
Քերկանական համակարգի իրողություններից
Փորձելու ենք զուգադրել գրականհայերենյան քեզ ճանաչ ձևերը Արցախի բարբառում դրսևորվող առանաձնահատուկ ձևերին:
Եվ այսպես՝ գոյականի թվի կարգում մեկ իրողություն վկայակոչենք.
Դու գիտես, որ գրական հայերենում միավանկ գոյականները ստանում են _եր հոգնակերտը, ու իբրև բացառություն սովորել ես, որ հին հայերենում –ն վերջնահնչյուն ունեցած մի շարք բառեր հոգնակիում ունենում են –ներ վերջավորություն:
Դրանք են՝ մուկ-մկներ, դուռ-դռներ, ձուկ-ձկներ, գառ-գառներ, նուռ-նռներ, հարս-հարսներ, բեռ-բեռներ, կուռ-կռներ, թոռ-թոռներ, ծունկ-ծնկներ այսինքն՝ ժամանակի ընթացքում ընկած ն-ն վերականգնվում է եր-ի հետ:
Այդ բառերը հին հայերենում եղել են՝ մուկն, դուռն, ձուկն, գառն, նուռն, հարսն, բեռն, կուռն(ձեռք), թոռն, ծունկն ձևով, իսկ գրական հայերենում նրանք զրկվել են իրենց վերջնահնչյուն ն-ից, որը վերականգնվում է միայն հոգնակիի կազմության և բառակազմության ժամանակ:
Իսկ հիմա հիշի՛ր, որ Արցախի բարբառում այդ բառերը պահպանել են իրենց հինհայերենյան ձևը՝ մօկուն, ծո¨ւկուն, տօռնը, կյառնը, նօռնը, հարթնը, պէռնը, կօռնը, թօռնը, ծօյնը:
Հին հայերեն/գրաբար - բարբառ - գրական հայերեն
մուկն - մօկուն - մուկ
դուռն - տօռնը - դուռ
ձուկն - ծո¨ւկուն - ձուկ
գառն - կյառնը - գառ
նուռն - նօռնը - նուռ
հարսն - հարթնը - հարս
բեռն - պէռնը - բեռ
կուռն - կօռնը - կուռ
թոռն - թօռնը - թոռ
ծունկն - ծօյնը - ծունկ
_ Հոգնակի թվի կազմությունը_
Արցախի բարբառում գրական հայերենի քեզ ճանաչ 2՝ -եր, -ներ հիմնական վերջավորությունների փոխարեն դու պիտի հիշես 12-ը.... ու դեռ ավելին: Դրանք են՝ -էր- պէն-պինէր, տօն-տընէր, կավ-կըվէր
-նէ ծըմակ- ծըմըկնէ, մըղակ- մըղըկնէ, տախտակ- տըխտըկնէ, ախպո̈ւր- ըխպո̈ւրնէ
-ան/էն ծո̈ւ-ծո̈ւվէն/ծո̈ւվան, ծի-ծիյէն/ծիյան, լո̈ւ-լո̈ւվէն/լáõվան, թի-թիյէն/թիյան
** -էնի/էնէ ** գյուլբա̈-գյուլբէնի/գյուլբէնէ, բանկա-բընկէնի/բընկըէնէ, դուրբա-դուրբէնի-դուրբէնէ:
Այս նույն բառերը կարող են ստանալ նաև էքյ.
Օր.` գյո̈ւլբա- գյո̈ւլբէքյ, բանկա-բընկըէքյ, դուրբէքյ:
-անիքյ/անէքյ ծիյանիք, թիյանիք, ծըվանիք. դա դրսևորվում է Թալիշի, Միգրելսկի, Մեծ շենի, Մատաղիսի խոսվածքներում, կընանիքյ/կընանէքյ. տարածված է բարբառի գրեթե բոլոր խոսվածքներում:
** -օտ** խընձյօ̈րօտ, տա̈նձյօտ, թութօտ. դրանք մի կողմից` մատնանշում են տվյալ բուսատեսակով հարուստ վայր, ինչպես՝ Քյէցալըն ըն խընձյօ̈րօտը, մյուս կողմից էլ ՝ հոգնակիություն են նշում, ինչպես՝ Խընձյօ̈րօ̈տը թափալ ընք: Նաև գերեզմանոց բառն է այս վերջավորությամբ նշվում. կյիրիզմանուտ- գերեզմաններ ունեցող տեղ:
-օտինքյ/օտանքյ/օտէնքյ. ինչպես՝ դանա –դընօտէնքյ/ հորթ-հորթեր/, փըսա-փըսօտէնքյ, հընգէր-հընգըրօտէնքյ։
-արանք/էրունք/ էրանք/ըրանք - հավաքականության իմաստի հաղորդման ևս մեկ ձև. սըէրմ- սըրմարանք, կյուղ- կյուղարանք, հընգէր-հընգէրունք
-ունք/անք/օնք/ էնք- այս վերջավորություններն էլ հավաքական իմաստ ունեն և ցույց են տալիս գերդաստան, ազգակցություն. տալյ- տալյօնք, Բընյաթանք, Կյափունք, շատունք և այլն:
-էրք-ը նույնպես շատությունը նշելու միջոց է, հաճախ լսվում է -էքյ: Օր.` ըխճըկէրք/ըխճըկէքյ, տըղէրք/տըղէքյ, շէնէրք/շէնէքյ, քուվէրք:
-վասկ/վանք- վերջավորությամբ փայտ բառի հոգնակին է կազմվում. փադյվասկ/փադյվանք:
-իթկընէ վերջավորությամբ էլ կազմվում են շէն, հըղէ բառերի հոգնակիները՝ շինիթկընէ, հըղըցկընէ:
Բայց այստեղ կարևոր է նշել, որ տասնյակից ավելի այս վերջավորություններից հիմնականում ակտիվ գործածություն ունեն էր-ը, նէ-ն, քյ-ն։
Արցախի բարբառում մեծ թիվ են կազմում հոգնակիի կազմության վերջավորությունները, ու դրա հիմնական պատճառը մեկն է՝ կենդանի խոսքն է: Հենց խոսքն է, որ բազմաթիվ ձևերով է իր ասելիքը հայտնի դարձնում, գտնում տարբեր միջոցներ՝ անկաշկանդ արտահայտության համար:
Լեզվական այս կանոնները մտապահի՛ր և բարբառային խոսքին ականջալուր լինելիս գիտակցված ճանաչողությամբ փորձի՛ր ընկալել լսածդ: Բարբառային յուրաքանչյուր խոսք ու տեքստ հայերենյան կառույցների խճանկար է: Հաջորդիվ խիճ առ խիճ կհավաքենք և միասին կկառուցենք բարբառի բերդը:

ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍ
Ամփոփ ներկայացվում են բառերի ձևափոխությունների այն դրսևորումները, որոնք տարբերվում են քեզ ճանաչ խոսակցական լեզվից և գրական հայերենից: Այսպես՝ կձևափոխենք տուն և մայր բառերը։
Գրական հայերենում և բարբառում բառը կարող է ունենալ 7 ձևափոխություն/հոլով/․
Գրական հայերեն- Արցախի բարբառ
Տուն/ը/- տօն/ը/
Տան- տան/ը/
Տանը -տան/ը/
Տուն/ը/- տօն/ը/
Տնից -տանա/ն/
Տնով -տանավ/ը/
(տան մեջ) -(տանը մաչին)
Գրական հայերեն -Արցախի բարբառ
Մայր/ը/ -մար/ը/ մոր -մօր/ը/ մորը- մօր/ը/ մոր/ը/ -մօր/ը/ մորից- մօրա/ն/ մօրը անա մօրը նըստա, մորով -մօրավ/ը/ մօրը անավ, մօրը նըստավ
Եվ այսպես՝ ի՞նչ ենք տեսնում: Նախ բարբառում բոլոր ձևափոխված տարբերակներն ունեն հոդ՝ ը կամ ն, մինչդեռ գրական հայերենում միայն երեք բառաձև է հոդ ընդունել:
Գրական հայերենում չենք կարող ասել՝ Տանը լույսը հանգավ: Պիտի լինի՝ Տան լույսը հանգավ, մինչդեռ բարբառում կլինի՝ Տանը լո̈ւսը հա̈նգյից: Կամ՝ հնարավոր չէ ասել՝ Եղբորովը հիացած է: Պիտի լինի՝ Եղբորով հիացած է, իսկ բարբառում՝ Ախպօրավը ըրմացած ա:
Եվ ամենաէական տարբերությունը՝ տնից-տանա/ն/, մորից-մօրա/ն/. Բարբառում –ից վերջավորության փոխարեն գործածվում է ա/ն/, իսկ անձերի դեպքում նաև անա, նըէստա մասնիկները: Իսկ ով-ի փոխարեն՝ ավ, անձերի դեպքում նաև անավ, նըէստավ:
Ինչպես՝ ծառից-ծառան, երկնքից- յիրգյինքյան հորից-հօրան, յհօրը անա, հօրը նըէստա քրոջից- քըվօրան, քըվօրը անա, քըվօրը նըէստա
ծառով-ծառավ/ը/, երկնքով- յիրգյինքյավ/ը/ հորով-հօրավ/ը/, հօրը անավ/ը/, հօրը նըստավ/ը/ քրոջով- քըվօրավ/ը/, քըվօրը անավ/ը/, քըվօրը նըստավ/ը/

ԱՌԱՋԻՆ ԴԱՍ
1.Ե՞րբ է առաջացել Արցախի բարբառը:
3.Ղարաբաղի բարբառ կամ Արցախի բարբառ եզրույթների մասին:
5.Ինչպե՞ս է տարբերվում բուն Ղարաբաղի բարբառը Հադրութի ենթաբարբառից։
1․Հրաչյա Աճառյանը նշում է, որ բարբառը ձևավորվել է 12-րդ դարում՝ հիմք ընդունելով այդ շրջանում բարբառի բաղաձայնական համակարգում կատարված հնչյունափոխական իրողությունները, իսկ Գևորգ Ջահուկյանը հաստատում է, որ Ղարաբաղի բարբառը, ի թիվս հայերենի այլ բարբառների, առաջացել և զարգացել է հայ ժողովրդի ձևավորման ու պատմական զարգացման ընթացքին զուգահեռ, ինչը հիմնավորվում է լեզվաբանական հիմնավոր փաստերով:
2․ Հաճախ զուգահեռ գործածում ենք՝ Ղարաբաղի բարբառ և Արցախի բարբառ: Լեզվաբանական գիտական հանրության շրջանում ընդունված անվանումը՝ եզրույթը, Ղարաբաղի բարբառն էր: Բարբառի մասին առաջին վկայությունը Արցախային անվամբ է հիշված, իսկ առաջին հիմնարար աշխատությունը՝ Հր. Աճառյանի ուսումնասիրությամբ, Ղարաբաղի բարբառ եզրույթով է ավանդված, ու հետագա բոլոր ուսումնասիրություններում անվանումը նշվում է Ղարաբաղի բարբառ: Ուստիև երկու անվանումների գործածությունն էլ ճիշտ է: Ըստ Կարո Դավթյանի՝ Ղարաբաղի տարածքում գոյակցում են 6 բարբառ.
Ղարաբաղի
Հադրութի
Շաղախ-Խծաբերդի
Չայլուի
Մարաղայի
Մեհտիշենի. վերջին 4-ը 19-րդ դարի առաջին կեսին Պարսկաստանի Ղարադաղից, Ուրմիայից, Խոյից, Մարաղայից գաղթած հայ բնակչության խոսվածքների դրսևորումներն են:
3․ Հայերենի բոլոր բարբառները, ըստ ձևաբանական դասակարգման, խմբավորվում են ՝ -ում, -ս, -լ, կը- ճյուղերի բարբառների: Ի՞նչ է սա նշանակում: Առաջին հերթին հիմք է ընդունվում բարբառի սահմանական եղանակի ներկա ժամանակի կազմությունը: Եթե այն
1.– ում անկատար ձևաբայով է կազմված, ուրեմն ում ճյուղի բարբառ է: Օրինակ՝ Արարատյան բարբառում՝ ուզում եմ, գնում եմ
Բուն Ղարաբաղի բարբառում՝ օզում ում, քյինում ում/քյինամ ում Եթե
2.-անկատար ձևաբայով չի կազմվում՝ ս ճյուղի բարբառ է. Օրինակ՝ Հադրութի ենթաբարբառում՝ ուզիս ըմ, քյիս ըմ: Եթե
- Անորոշ դերբայով և օժանդակ բայով է կազմվում ներկան, ուրեմն լ- ճյուղի բարբառ է: Օրինակ՝
Ղարաբաղի բուն բարբառում՝ կարթում ում, կյիրում ում, նույնը Մարաղայի բարբառում՝ կարթալ եմ, կիրել եմ:
3.Իսկ եթե ներկան կազմվում է կը/կու մասնիկով և հին հայերենյան ներկայով, այդ բարբառները կը ճյուղի են: Օրինակ՝ կ’ուզեմ, կը լսեմ:
Բոլոր մյուս ժամանակաձևերում այդպես ընդգծված տարբերություններ չկան:
Այսպիսով՝ Ղարաբաղի բուն բարբառի և Հադրութի ենթաբարբառի հիմնական տարբերությունը ներկայի կազմության տարբերությունն է: Օրինակ՝ տըէսնում ում-տըսնաս ըմ, ըսկանում ում-ըսկընաս ըմ, անում ում-ընէս ըմ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍ
Արցախի բարբառի ուղղագրությունն ու ուղղախոսությունը
Ինչպես լսվում է հնչյունը, այնպես գրվում է, իսկ սա նշանակում է, որ ուղղագրության սովորած կանոնները բարբառում կիրառական չեն, ինչպես՝ յէրգյիր, թաքավէր:
Ը-ն գաղտնավանկ չէ, միշտ գրվում է լսվելիս. ինչպես՝ քըշէր, թըխէլ, մըծացած:
Բարբառը չունի ե, ո, և տառերը . գրվում է յէ, վօ, յէվ, բառամիջում՝ է, օ, էվ. ինչպես՝ թէվ, լօխ, յէրք:
Բարբառն ունի քմային ձայնավորներ՝ ա̈, ո̈ւ, օ̈. տա̈ս, ճո̈ւր, ծօ̈ր:
Բարբառն ունի քմային բաղաձայններ՝ գյ, կյ, քյ, դյ, տյ, թյ, ձյ, ծյ, ցյյ, ջյ, ճյ, չյ, լյ. կյիրք, ճյանջյ, ինձյ, մարթյ.
Բարբառն ունի երկբարբառային ձայնավորներ՝ ըէ, ըի, ըու. ինչպես՝ վըէղ, մըէծ, խըիլլա/շատ/...
Արցախի բարբառը
Չունի ֆ հնչյունը. բարբառում այն փ էր գրվում և արտասանվում. Օրինակ՝ փուդբօլ, փասօն/ձև/, կօփէ, Սօփան/Սոֆյա անունն է/: Անկախության շրջանում գրական լեզվի ազդեցությամբ նոր սերունդը արդեն գործածում էր ֆ հնչյունը:
Մաշտոցյան այբուբենը չուներ ֆ տառը, այն փոխառվել է 12-րդ դարում:
Հիշիր նաև, որ Արցախի բարբառում բ, գ, դ, ձ, ջ ձայնեղ բաղաձայնները բառասկզբում խլանում են, դառնում են՝ պ, կ, տ, ծ, ճ. այս օրենքը գործել է մինչև 12-րդ դարը: Սա նշանակում է, որ բնիկ հայերեն բառերի, մինչև 12-րդ դարը կատարած բոլոր փոխառությունների բառասկզբում այդ հնչյունները լսվում և գրվում են՝ պ, կ, տ, ծ, ճ:
Օրինակ՝ դուռ- տօռնը, ձոր-ծօ̈ր, ջուր-ճո̈ւր, բաց-պէց, բարակ-պէրակ, փոխառյալ՝ бочка-պօժկա, банка-բանկա: Վերջին 2 օրինակով կարելի է նշել, որ պօժկա-ն փոխառվել է մինչև 12-րդ դարը, իսկ բանկան՝ 12-րդ դարից հետո, երբ այդ օրենքը դադարել է գործելուց:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍ
Բարբառի բառապաշարը
Բառը կամուրջ է մեր անցյալի, մեր ինքնության, մեր մշակյութի ճանաչողության համար: Բարբառային բառերի քննությամբ հասնում ենք վաղնջական շրջանները, հաստատում, որ Արցախի բարբառի, ըստ այդմ՝ արցախցու ինքնության արմատները հազարամյակների խորքից են սկզբնառվում: Էթնիկ կոդ ծածկագրած այդ բառաշերտից մոտ երեք տասնյակ բառեր են ներկայացվում։
Հաղորդակցման մեջ այդ բառամիավորների դերն աննշանակ է թվում, երբեմն մեր կողմից չկարևորվող, բայց դրանք ծագումնաբանական հիշողության կազմիչ տարրեր են, որոնցով սղագրվում է արցախցու ազգային կերտվածքը և փաստվում նրա էթնիկ պատկանելությունը:
Բարբառի բառապաշարը, ըստ միավորների ծագման, խմբավորվում է՝ բնիկ բառեր և փոխառություններ:
Բնիկ հայերեն՝ հնդեվրոպական ծագում ունեցող բառերը բառապաշարի հնագույն տարրերից են և կազմում են բարբառի հիմնական բառապաշարի միջուկը: Ըստ Հր. Աճառյանի <<Հայերեն արմատական բառարանի>> տվյալների՝ գրական հայերենում հնդեվրոպական ծագում ունեցող արմատների թիվը հասնում է 927-ի, որոնցից, ըստ հաշվումների, մոտ 457-ը գործուն է բարբառում: Հետագայում Էդվարդ Աղայանի, Գևորգ Ջահուկյանի, Ալեքսանդր Մարգարյանի, Լավրենտի Հովհաննիսյանի և այլոց կատարած լեզվաբանական ստուգաբանությունները համալրել են հնդեվրոպական ծագում ունեցող բառերի շարքը մոտ 450-ով: Ընդ որում՝ դրանցից մոտ 200-ը Ղարաբաղի բարբառի բառապաշարի միավորներ են: Այսպիսով՝ Ղարաբաղի բարբառում ավանդված մոտ 660 բնիկ բառամիավոր կա՝ ընդհանուր հայերենյան 1380-ից:
Ի՞նչ կարևոր դիտարկումներ կան:
- Ղարաբաղի բարբառում կան հուշարձանված այնպիսի միավորներ, որոնք սերվել են հնդեվրոպական մայր լեզվից, վկայված են նաև ցեղակից լեզուներում, բայց չեն ավանդվել հայերենյան այլ՝ գրաբարի, միջին հայերենի, նոր հայերենի գրավոր մատյաններում.
Ահա դրանցից․
լակ-հնդեվրոպական նախաձևը՝ leg- Lակ-ը սերված է հնդեվրոպական sleg- արմատից՝ թույլ, հոգնած լինել նախնական նշանակությամբ: Բարբառում լակ-ը թույլ, փչացած ձվին են ասում՝ լակ ծյու: Լակ ծյու նաև փոխաբերաբար նշանակում է թեթևասոլիկ, անհարկի ու անպատեհ խոսքին միջամտող մարդ: Լակ բառը փոխաբերաբար նշանակում է դատարկախոս, թեթևամիտ, նշանակում է նաև անզուսպ. Ինչպեսէ Ըռըէխը լակ-լակ, կըլօխը թակ-թակ: Ցեղակից լեզուներում բառի ընկերներն են՝ լատիներենում՝ laxus՝ թույլ նշանակությամբ, հին և միջին գերմաներենում lak թույլ, ազատ, խախուտ իմաստներով, հ. իռլանդերենում՝ lacc՝ թույլ, կակուղ, տկար նշանակություններով:
լավ-*pleu Լավ-ը հնդեվրոպական բառարմատ է՝ *pleu¬ նախաձևից՝ հեղեղ նշանակությամբ: Լավ բառը Արցախի բարբառում վկայված է որպես ինքնակա բառային միավոր: Օրինակ՝ Լավը կյա սիրփի տանէ էս ցավն էլ, տիժիրօթունն էլ: Բառի ընկերներն առկա են նաև ցեղակից լեզուներում՝ ռուսերենում՝ лава, իտալերենում՝ lava, հին անգլերենում՝ flowan՝ գերլցվել, թափվել նշանակություններով, գերմաներենում` flut՝ _մակընթացություն, հոսանք: _ Հայերենում բառարմատը պահ է տրված՝ լվանալ/լուանալ/ բայաձևում:
լէմ- lem Հնդեվրոպական բառարմատն է՝ *lem¬ ջարդել, փշրել, մանրել նշանակություններով, բարբառում այն ունի խոշոր ատամ նշանակությունը՝ որոշակի բացասական երանգով, անարգական իմաստով: Օրինակ՝ Լէմէրըտ փօրըտ կանիմ. սա սպառնալիք է: Բառի ընկերն առկա է նաև ցեղակից ռուսերենում՝ բնիմաստով՝ лом, ломать` ջարդել, փշրել նշանակությամբ:
քըռըշտէլյ-(s)ker Քըռըշտէլյ -քըռի/է-քըռի/է անէլյ/, քըռի/է տալյ՝ <<հրել, բոթել>> իմաստներով են գործածական բարբառում. բոլոր այս ձևերը հնդեվրոպական (s)ker- ոլորել, ծռել արմատից են աղերսվում: Բարբառում հոմանիշներն են՝ կուփէ տալ, կուփըկուփէ անէլյ: Օրինակ՝ Վէր ըրբէն քըռէ յա տըվալ, ըրբան քյէցալ ա: Հինչըս մինակ քըռէ-քըռէ անում, տու էտ օմբան տըէղան տուրուր տըվօղ ը՞ս: Հնդեվրոպական նույն արմատից աղերսված զուգահեռներն են ռուսերենում՝ кретать, кренуть, крятать` դիպչել, շարժել, բոթել-գցել իմաստներով:
փափա- *pap(p)a
Հնդեվրոպական ծագման բարբառային բառերի մեջ հատկանշվում են մանկական բառաշերտը և գռեհկաբանությունները, որոնց համար գրեթե անթափանցելի է մնում գրավոր տարածքը: Փափա-ն մանակական բառապաշարում վկայված բարբառային հուշարձան է՝ հնդեվրոպական *pap(p)a արմատից սերված, որ նշանակում էր կերակուր: Բարբառում բառն ամրակայվել է արմատական ձևով և պահպանել բուն իմաստը. օրինակ՝ տու հալա էն ըս իլալ փափա ուտէյիս դարձվածային կապակցության մեջ փափա-ն մայրական կաթ նշանակությունն ունի: Փափա բառի նույնարմատ զուգահեռն առկա է ցեղակից լատիներենում՝ pappa, pāpa՝ կերակուր, հաց իմաստներով:լապըռ- lāb / lěb/p Բարբառային լապըռ-ը մայր լեզվի lāb / lěb/p- արմատից է սերվում, և նախնական նշանակությունն էր՝ թույլ կախվել: Բարբառում լապըռ բառաձևով նիհար, կախ ընկած միսն են բնորոշում: Ինչպես՝ Լավ ղասաբը լապըռ մըսէն մուշտարուն էլ ա ճարում: Նաև ծեր մարդու թուլացած, թարմությունն ու փարթամությունը կորցրած կռներն են այդ որակումով բնութագրում. Նախշուն աքան հանց ա իլալ մախմուր, կուռնէրէն ամէն մինն էլ մին հըռըշնած պուլյ, միհէնգյ լըպըռ-լապըռ կախ ըն իլալ:
կըլըմբօզ- glemb(h Բառն աղերսվում է հնդեվրոպական glemb(h¤ բառաձևին՝ gel արմատից՝ գնդվել իմաստով: Բարբառում բառն սկզբնապես ուներ մեծատուն, հարուստ նշանակությունը: Բառիմաստն այժմ շրջվել է և հիմա կլմբօզն ընկալվում է ՙշատ մեծ, խոշոր՚ իմաստով: Օրինակ՝ Ծէռքըս քըցիմ, տուս օնիմ մին զըէռ, կըլըմբօզ քյալամ: Բայց և ավագ սերնդի ներկայացուցիչների խոսքում այն իր նախնական՝ հարուստ նշանակությամբ դեռևս գործածվում է: Օրինակ՝ Կըլըմբօզնէն հօջաթ ըրէն, քյիսիբին քյամանչան կուտրըէցէն:
կըլօնդրակ- gel-
Գնդվել նշանակությունն ունեցող հնդեվրոպական gel- արմատին են աղերսվում նաև բարբառային կըլօնդրակ և կլօնձյ բառային միավորները, որոնք միևնույն բառի տարբերակային զուգաձևեր են՝ անկախաբար կիրառվող, և նշանակում են մեծ գունդ, կտոր: Ինչպես՝ Նախշուն աքուն ճըկատընուցէն վըէսկէ, ըրծաթե կըլօնդրակնէ յա իլալ: Ցեղակից լեզուներում բառի ընկերներն առկա են. շվեդերենում՝ klinter՝ լեռնագուղձ նշանակությամբ, նորվեգերենում՝ klundra՝ ելունդ, խիլթ իմաստներով, գերմաներենի մի բարբառում՝ klunze կեղտի կամ աղբի կտոր նշանակությամբ:շըկըկէլյ /արագ շարժվել/-(s)kek-, skeg-
Բարբառում ավանդված հնդեվրոպական ծագման բառաձև է շըկըկէլյ-ը՝ շկակէլ: Այն մայր լեզվի (s)kek-, skeg- արմատից է սերվում` ցատկել, արագ շարժում նշանակություններով: Արցախի բարբառում գործածական է և՛ պարզ՝ շըկըկէլյ բայաձևով. ինչպես՝ Լյհա վէր մին թաղում կըռըէվ ա սքըսվում, էնա, շըկըկած նի յա հըսնում: Ե՛վ հարադիր բարդությամբ՝ շըկուկու տալյ՝ ուժեղ ցայտել, ժայթքել, հորդել իմաստներով. ինչպես՝ Թօրավը հանց նի յա կապալ, վէր ուշափէն կըլօխը թըռչալ ա, արունն էլ շըկըկու տըվալ, ընդըղավ մին տըէռալ: Ցեղակից լեզուներում բառազուգաբանություններն առկա են. ռուսերենում՝ скок՝ ցատկ, скакать՝ ցատկել, արշավել իմաստներով:ցաքատ/գործիք Կենցաղի վավերագիր բառերից է ցաքատ/ցակատ/ -ը: Կազմությամբ այն բաղադրյալ է՝ ցաք-ատ. կազմված է հնդեվրոպական ծագման ցաք արմատից, որը բուսանուն է, և -ատ վերջածանցից՝ զրկող, կտրող, զատող ածանցական նշանակությամբ: Բարբառում ցաքյ-ը կենսունակ արմատ է: Նրանից բաղադրված այլ կազմություններ են ցաքյի ածականը՝ _Ցաքյի խասյաթ օնէ, նըրանա հըէռէ շօռ տօ: _ Եվ ցաքյէլյ բայը՝ ուղիղ իմաստով՝ ցանկապատել, իսկ փոխաբերական նշանակությամբ՝ լռեցնել, սաստել նշանակություններով: Ինչպես՝ Հըղէն ցաքյալ ա: Լուզվաթակ ա ըրալ, լուխչու ռըէխ ցաքյալ:
11․ սըլկըհէլյ- lei – և սղալիլ /հարթել, կոկել/ Քննվող բառախմբի միավոր է բարբառային սըլկըհէլյ //սըլկըվէլյ բայաձևը: Բնարմատն է՝ s*lei –՝ լորձնուտ, լպրծուն, սահել նշանակություններով: Ինչպես՝ Դէրը պիցըրացալ ա սարէն պըտօկը, սըլկըհալ վէր ընգալ, ասալ՝ յէս գյդացալ չում թա Աստուծ մըզանա էսքան հըէռէ յա: Ցեղակից ռուսերենում բառարմատը վկայված է слизкий բառաձևում՝ սահուն, լպրծուն իմաստներով: Հնդեվրոպական նույն բառարմատից սերված բարբառային մեկ այլ բառաձև է սըղալիլյ –ը՝ կոկել հարդարել, շոյել, շոշափել նշանակություններով: Նույնահիմք այդ երկու բառաձևերը բարբառում տարարժեք են, և յուրաքանչյուրն իր իմաստային դաշտն ունի: Օրինակ՝ Թօրքը ըռըչան սըղալում ա, հիբը աշկը կըէրավ, թեգյունքըտ կըցնըլաան ա:
12․**կըլաթան **․ - gel-//կօլ տալյ - gel- Քննվող բառաշարքի եզր է կըլաթանը՝ սերված հնդեվրոպական gel- արմատից՝ կլանել նշանակությամբ: Կըլաթանը բարբառում ունի կոկորդ իմաստը: Ինչպես՝ Մարթին՝ ինսանէն, կըլաթանը լըսնըվում չի, աշկն էլ քուշտանում չի: Բառազուգաբանություններն առկա են ցեղակից լատիներենում՝ gula, ռուսերենում՝ глотка : Նույն արմատից առաջացած բառային միավոր է կօլյը՝ պարանոց նշանակությամբ, ռուսերենում նույն արմատից՝ колье, լատիներենում՝ collum՝ վիզ, կոկորդ նշանակությամբ: Բառարմատն առկայացած է նաև կօլ տալյ հարադրության մեջ: Արդի գրական արևելահայերենում բառարմատը տեսանելի է կլանել բայաձևում:
13․սըքըթէլյ - skeudh Բարբառային վկայություն է նաև սըքըթէլյ-ը՝ սերված հնդեվրոպական -skeut, s*keudh- բառարմատից: Բնիմաստն էր՝ կնճռոտել, խորշոմել: Բառի ցեղակից զուգահեռներն են՝ գերմաներենում՝ hotten՝ խորշոմել իմաստով, նիդեռլանդերենում՝ hotten՝ մակարդվել, սառչել, պնդանալ նշանակություններով: Արցախի բարբառում բառիմաստային անցումով ձեռք է բերել ցրտից կծկվել, կուչ գալ նշանակությունները: Ինչպես՝ Հինչը՞ս սըքըթալ, տուրուր յէք, մին պէնու կաց արունըտ էլ խաղ անէ:
14․փըմփըխէլյ - փինփինօտէլյ /1.Փափկանալ: 2.փխբ. Առողջանալ, գիրանալ/ Փմփխել-ը խմորի բարձրանալը նշանակությունն ունի բարբառում: Հնդեվրոպական լեզվի p(h)a*mp(h) արմատից է աղերսվում՝ ուռչել իմաստով, որից և զարգացել է բարբառային իմաստը: Հանդես է գալիս փինփինօտէլյ և պիխպիխօտէլյ տարբերակներով՝ նրբիմաստային որոշ տարբերությամբ: Առաջինը ունի փափկել, գիրանալ, իսկ երկրորդը՝ ուռչել իմաստները: Բառարմատը պահպանված ունենք արդի գրական հայերենի փամփուշտ բառում:
15․փիփերտ-փիրփօտ- փո̈ւրփո̈ւտ/բույս՝ աղջկատակ/ Հնդեվրոպական ծագման բուսանուն է փիփերտը՝ փո̈ւրփո̈ւտ կամ փիրփօտ ձևերով բարբառում վկայված: Այն սերված է հնդեվրոպական per- բառարմատից, որի բնիմաստն էր անցկացնել, անցնել, թռչել: Փիրփօտը Արցախում տարածված բուժիչ նշանակությամբ ուտելի բանջար է: Ինչպես՝ Փո̈ւրփո̈ւտ բըրանավ ա ինում լա̈զա̈թ օտէլը, փուրըկըպութունէն էլ օքուտ ա : Արդի գրական հայերենում այն աղջկատակ անվամբ է ճանաչելի, հայերենի այլ բարբառներում մոլոշ ձևով է վկայված: Արցախի բարբառում պահպանվել է մայր լեզվին բնորոշ հնչատարբերակով: Նույնարմատ զուգահեռները վկայված են ցեղակից հնդկերենում՝ parpata-, որը մի բուժիչ բույս է, լատվ. paparde, ռուսերենում՝ папоротник: Վկայված բոլոր ձևերն էլ, ունենալով նույնահիմք ծագում, տարբեր բույսերի անուններ են դարձել, և բոլորն էլ ունեն բուժական նշանակություն:
16․ լօք- *lek/lok Մայր լեզվից սերված միավոր է նաև լօք-ը, որն առավելապես գործածվում է լօք տալ հարադրությամբ: Բառը սերվում է հնդեվրոպական *lek/lok բառարմատից՝ մարմնի անդամ, վերջավորություն. ծռել, թեքել. ցատկել նշանակություններով: Բարբառում բառը պահպանել է իր բնիմաստը՝ ցատկ, մեծ քայլ : Ինչպես՝ Ուռթանա քըշէրավ լօք ա տամ յէր ինում հարթնէնը ջըէնաղը /կուժ/:
17․լո̈ւլ Հնդեվրոպական *lel- /օրորել/ բնաձայն արմատից բարբառում սերված ունենք լո̈ւլ բառը՝ երերալ նշանակությամբ: Բարբառում բառն իմաստափոխվել է, կցորդության հիմունքով ստացել խիստ հարբած նշանակությունը և գործածական է լո̈ւլ կըտրէլյ հարադրությամբ: Ինչպես՝ Լո̈ւլ կըտրած տօն ա յէկալ, լհա ընդի էլ մըտակվալ: Իր նախնական՝ երերալ, օրորել իմաստով բառը գործածական է ցեղակից լեզուներում, նաև ռուսերենում՝ лелеять:
18․օսի Ոչ շատ տարածված, բայց բարբառում կայունորեն ամրագրված բնիկ բուսանուն է ոսի-ն: Բառը բխում է մայր լեզվի *ok արմատից: Նախնական իմաստն է՝սուր, սրածայր: Բարբառում բառը պահպանվել է՝ հօսի հնչատարբերակով, որը փշոտ բույս է: Օրինակ՝ Հօսին սաղ բօստանը կալալ ա: Գրական հայերենում նույն բառարմատից են սերված հասկ և ասեղ բառերը: Բառի զուգահեռը վկայված է նաև ռուսերենում՝ осот՝ կաթնբեկ, նույն բառարմատից՝ острый:
19․սնդու Բարբառում կենցաղի վկայագիր բառերից է սընդու-ն, որն այսօր գուցե քչերին է ծանոթ: Բառն այս աղերսվում է հնդեվրոպական sent բառից, որ նշանակում էր ուղղվել, ընթացք, ուղի: Բարբառում բառը պահպանվել է ածանցյալ՝ մասնավորված իմաստով՝ դեպի թոնիր տանող նեղ անցք, մխհան կամ պարզապես՝ խողովակաձև անցք: Օրինակ՝ Սընդուն նըրա հըէտի յա, վէր թուռնէն կըրակը թիժանա: Բառի զուգահեռներին հանդիպում ենք ցեղակից գերմաներենում՝ sind, անգլերենում՝ send՝ ուղարկել իմաստով:
20․ ա̈զի- ag'h()i-a Հնդեվրոպական ag'h()i¬a' ծնող, մայր նախնական նշանակությամբ արմատին է աղերսվում ա̈զի-ն: Արցախի բարբառում _մեծ մայր, տատ, ծնող _նշանակությամբ ազի բառաձևն անկախ գործածություն ուներ: Ժամանակի ընթացքում ա̈զի-ի կիրառական դաշտը սահմանափակվել է, ա̈զի նախաձևից նախահունչ հ-ով առաջացել է հա̈սի-ն: Այն և՛ հորաքույր հասկացության նշանակելին էր, և՛ ընդհանրապես՝ _ազգականուհու _ նշանակելին: Օրինակ՝ Հա̈սուն հալվան համըէղ ա ինում: Հա̈սի էին անվանում նաև ազգի բոլոր հարսներին:
21․ դօն- dhubnos՝ Բարբառում ոչ ինքնակա գործածություն ունի հնդեվրոպական ծագման դօն բառարմատը, որը բարբառում հանդես է գալիս մըտկէն դօն ընգընէլյ հարադրությամբ, և նշանակում է մտքերի մեջ խորասուզվել: Դօն-ի ծագումը տուն բառից չի հիմնավորվում: Բառը սերվում է հնդեվրոպական dhubnos՝ խորք բառից: Հոլանդերենում՝ duno, rուսերենի дно բառերը բարբառային դօն-ի ակնհայտ զուգահեռներն են: Գրական հայերենում արմատը պահպանված ունենք անդունդ բառում: Ինչպես տեսնում ենք, դօն-ի ակունքը հնդեվրոպական նախալեզվի խորքում է:
22․ լէթվէլյ- (s)leg// սըլյէթա /երես առած/ Լէթված/սըլէթա. բարբառում համանիշ այս բառերը նույնարմատ են՝ լկտի, երես առած նշանակությամբ են գործածվում: Արմատը նույնն է նաև լկստվէլ, լկռթվէլ բառերի հետ: Հնդեվրոպական (s)leg արմատից են աղերսվում: Բառարմատի զուգահեռները գործածական են հայերենին ցեղակից հունարենում, շվեդերենում՝ թեթևասոլիկ կին, անառակ իմաստներով:
23․ պըլօր- *bol Պըլօր բառը ինքնուրույն գործածական չէ, առավելաբար անեծքներում է գործածվում, ինչպես՝ պըլօրը պըկատ կըէնա, պըլօրը քէզ տանէ: Այն հնդեվրոպական *bol՝ ուռուցք նշանակությամբ արմատն է, որն առկա է նաև ցեղակից լատիներենում՝ նույն նշանակությամբ: Արմատը գրաբարում պահպանված է պալար բառում:
24․ծօռնը/կօռնը
Կօռնը//ծօռնը-բառերը նույնարմատ ծագում ունեն և նույնանիշ են՝ հնդեվրոպական guor արմատից են. առկա է կ/ծ լծորդ կրկնակը. Միևնույն բառի բառատարբերակներն են: Նշանակում է սերունդ, որդի: Բարբառում՝ ծօռնը թոռան զավակն է, կօռնը՝ թոռան թոռը:
Բառարմատը՝ կոր՝ ձագ իմաստով, պահպանված ունենք գրական հայերենում մեզ ճանաչ կորյուն, խոճկոր բառերում:
25․ կըէտ- geid Կըէտը հնդեվրոպական geid- արմատից է սերվել, որի նախնական նշանակությունն էր՝ կծել, խտղտել: Բարբառում կըէտ-ը նշանակում է մի տեսակ ճանճ, որ, հորթերին կծելով, փախցնում է:
26․չավ անէլյ/ ածէլյ/լուր տարածել/ Չավ անէլյ-ը նույնպես հնդեվրոպական ծագման այն կառույցներից է, որոնք հուշարձանվել են մեր բարբառում: Այն իմաստային աղերս ունի բարբառում շատ ծանոթ _կյավ-կյավ անէլ-_ի հետ: Կյավ-կյավ անէլյ՝ ավել-պակաս խոսել. չավ անէլյ՝ լուրը տարածել, և բամբասանքի՝ ավել-պակաս խոսելու տարրն անպայմանորեն առկա է: Պարսկերենում չավ՝ նշանակում է ձայն, ճռվողյուն: Բառն ունի հնդեվրոպական ծագում, բայց իրանական աղբյուրով մեր լեզվին փոխանցումը ավելի հավանական է դիտվում այն փաստարկով, որ կավ և չավ բառերի միջև տեսանելի է այդ լեզվին բնորոշ կ-չ հնչյունափոխությունը:
27․պը2էլ/խենթ/- *pel/pol Արցախի բարբառում ուշարժան բնութագիր ունի պըէլ-ը: Բառն աղերսվում է հնդեվրոպական *pel/pol արմատին՝ կռվարար, խենթ նշանակություններով: Օրինակ՝ Պըէլը հըմանչիլ չի, պըէլէն տարը կըհմընաչի: Կամ՝ Պըէլ ջահիլը պըէլ էլ ահիլ կընի: Բառարմատը վկայվել է նաև հունարենում՝ կռվել, վիճել իմաստներով ։
28․ սըէտ/տեղյակ/-*sed-/lo/ Սըէտ-/տեղյակ, իրազեկ/. հնարավոր է դիտվում կապը ստ-ույգ բառի հետ: Հայտնի է, որ տեղյակ բառը ՙտեղ՚ վայր բառի իմաստային զարգացումն է, ըստ այդմ էլ՝ սըէտ-ը տեղ-ի բառատարբերակն է և բխում է հնդեվրոպական նույն արմատից՝ *sed-lo, որը հայերենում դրսևորվել է ետղ, ապա հնչյունների դրափոխությամբ դարձել տեղ, որից և՝ տեղյակ-իրազեկ, ծանոթ: Բարբառում բառարմատը նոււյն իմաստով պահպանվել է հարազատորեն՝ սըէտ: Հնդեվրոպական այդ նույն արմատից է աղերսվում նաև ն-ստ-ել բառը՝ իր տեղ իմաստի ակնհայտ պահպանումով: Բառի մերձավորները տեսնում ենք ռուսերենում՝ сидеть, седло, անգլերենում՝ sit down:
29․տիհանիլյ Բառի հնարավոր աղերսակցության փաստեր են խեթերեն tuhât-ից/հևալ նշանակությամբ/ առաջացած լինելը կամ հնդեվրոպական *ano-ի հետ ունեցած կապը, որի զուգաբանություններն առկա են սանսկրիտում, հունարենում, գոթերենում՝ արտաշնչել իմաստով:
Գ. Ջահուկյանը նշում է, որ <<սակավ են բարբառների պահպանած հնդեվրոպական այն արմատական ձևերը, որոնք բացակայում են հայերենի հուշարձաններում՚: Բայց պատմագիտական ու լեզվաբանական առումով դրանք լուրջ նշանակություն ունեն և առանձնահատուկ տեղ են գրավում Ղարաբաղի բարբառի բառապաշարում:
Տեղեկանքը ըստ Լ․ Մարգարյանի
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ԵՐՐՈՐԴ ԴԱՍ
Շեշտի յուրահատկությունը Արցախի բարբառում
Մեր լեզվի հիմնական շեշտը ուժայինն է, որը բնութագրվում է վանկարարի ուժգնացումով, ուժգնության մեծացումով:
Յուրաքանչյուր լեզվի բնորոշ է շեշտի կանոնավորված գործածություն՝ շեշտադրություն: Օրինակէ մեր մայր՝ հնդեվրոպական լեզվում շեշտը եղել է երաժշտական ու փոփոխական: Հայերենը պահպանել է դրա մասնակի արտահայտությունները՝ հարցական ու բացականչական կաղապարներում:
Դեռևս հնագույն հայերենում հաստատվել էր ուժային ու կայուն շեշտը՝ վերջընթեր՝ նախավերջին վանկում: Շեշտազրկված վերջնավանկը արտասանական թուլացման պատճառով ժամանակի ընթացքում ընկել է: Ու այսօր գրական արևելահայերենի շեշտը կայուն վերջնավանկային է, իսկ այսօր Արցախյան բարբառին բնորոշ է շեշտի՝ վերջընթերվանկային՝ հնագույն հայերենին բնորոշ դիրքը: Օրինակ՝ կըռա՛կլավ, ըրծըէվա՛ճօտ, կա՛ղնէ:
Բարբառում վերջին վանկը շեշտակիր է, եթե՝
ա/ զրկված է լի ձայնավորից. Օր.՝ պըտըհա՛ս, կըզնըվէ՛լյ, կընձըմընձու՛կ:
բ/ -նէ հոգնակերտ ունեցող բառ է. քըղըքնէ՛, տըխտըկնէ՛, վըխճըրնէ՛, հըլիվուրնէ՛:
գ/ բայական որոշ ձևեր. ըղձական, պայմանական, հարկադրական եղանակների անցյալ ապառնիի ձևերը, բացի եզ. թվի 3-րդ դեմքից. Տընի՛նքյ, պիրի՛նքյ, բէդմա քյինի՛ր:
դ/ պատճառական բայերը. խուսըցընէ՛լյ, պիցիրանա՛լյ:
ե/ կցական բարդություն է, և բարդության վերջին բաղադրիչը միավանկ է. առուտու’ր, կըթնըփըթրօ՛կ, ըղըտիրի՛:
Բարբառում, ինչպես գրական հայերենում, շեշտի տեղափոխությամբ իմաստ չի փոխվում, բայց օրինակ ունենք, երբ շեշտի տեղափոխությունը իմաստ է փոխում.
Օրինակ՝ մօդա ընգընէլյ հարադրության մեջ, որտեղ շեշտի տեղափոխությամբ առաջացած տարբերակները հականշային միավորներ են դառնում՝ մօ՛դա ընգընէլյ- նորաձև լինել իմաստով՝ մյուս դեպքում՝ մօդա՛ ընգընէլյ` այլևս նորաձև չլինել:
Կամ Յըրա՛ կյալ- զարկել, հարվածել իմաստով. Տօռնը յըրա՛ յա կյամ, քյինում: /Դուռը հարվածով փակում է ու հեռանում/: Եվ նույն դարձվածքը շեշտի տեղափոխությամբ՝ յըրա կյա՛լ- նպաստավոր լինել, պատշաճել ու նաև ավելանալ իմաստներով, ինչպես՝ Հարամ պէնը արթար մարթին յըրա կյամ չի:/ Պիղծ բանը արդար մարդուն չի պատշաճում: Լացը լացին յըրա յա կյամ: / Լացը լացին է ավելանում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Սովորի՛ր և պահպանի՛ր Արցախի բարբառը
ՂԱՐԱԲԱՂԻ ԲՈՒՆ ԲԱՐԲԱՌԸ
Արցախյան բարբառը հայերենի ամենատարածված, ուսումնասիրված ու դեռ ուսումնասիրության ընդգրկուն դաշտ ունեցող բարբառներից է: Դեռևս 8-րդ դարի քերական Ստ. Սյունեցին, հայ բարբառները աշխարհագրորեն դասակարգելով, հայերենի 8 բարբառների շարքում առանձնացրել է նաև Արցախյանը. «Եւ դարձեալ զքո լեզուիդ գիտելն զբովանդակ բառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին և զԽութայինն և զՉորրորդ Հայեցին և զՍպերացին, և զՍիւնին և զԱրցախայինն. այլ մի միայն զՄիջերկրայսն և զՈստանիկսն, վասն զի պիտանիք այսոքիկ են ի տաղաչափութեան. այլև օգտակարք ի պատմութիւնս, զի մի վրիպեսցի անընդել գոլով լեզուացն»:
Բարբառի՝ որպես հայոց եզերական տարբերակի մասին առաջին գրավոր հիշատակումը 8-րդ դարից էր: Հաջորդ հիշատակումներից հատկանշելի է 13-րդ դարի բանաստեղծ, մանկավարժ ու քերական Հովհ. Երզնկացին, որ դարձյալ 8 բարբառներ է տարբերակում, այդ թվում և Արցախի բարբառը: Արցախյան բարբառին անդրադարձել է նաև Վարդան Արևելցին/13-րդ դար/: Ապա 19-րդ դարում Արսեն Այտընյանն է իր <<Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի>> մենագրության մեջ մի առանձին բաժին նվիրել բարբառային մի շարք իրողությունների բացահայտմանը: Հետո արդեն Քերովբե Պատկանյանն է անդրադարձել Արցախի բարբառին՝ որոշակիորեն նկարագրելով այն:
19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեծավաստակ Հրաչյա Աճառյանի անունն այդ շարքում առանձնանում է. նա է Արցախի բարբառի առաջին հիմնարար ու լեզվաբանական ուսումնասիրությունը կատարել: Աշխատությունը կոչվում է <<Քննութիւն Ղարաբաղի բարբառի>>:
Արցախի բարբառի ուսումնասիրության գործում անգնահատելի մեծ ավանդ ունի Կարո Դավթյանը: Ու բնավ չափազանցում չի լինի, եթե ասենք, որ Արցախի բարբառ ասելով՝ Կարո Դավթյանի անունը միշտ լինելու է առաջինը և հիմնականը: Նրա <<Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը>> մենագրությունն առ այսօր էլ Ղարաբաղի բարբառի մասին եղած ուսումնասիրություններից լավագույնն է. այն այսօր էլ Ղարաբաղի բարբառի, նրա 221 խոսվածքների ուսումնասիրության համար լայն դաշտ ու հնարավորություններ է բացում: Սա այն ակոսն է, որից մեկնարկվում ու դեռ շարունակվելու են բարբառի ուսումնասիրությանը միտվող բոլոր ճանապարհները: