
Նյութեր
Հադրութի ենթաբարբառ
ՀԱԴՐՈՒԹԻ ԵՆԹԱԲԱՐԲԱՌ ․ Ղարաբաղի բարբառի ենթաբարբառ: Խոսվում է ԱՀ Հադրութի շրջանի բնակավայրերում, բացի Արփագյադուկ, Թէզխարաբ, Սիպտակ շէն, Պուտրուսաշէն (վերջիններս պատկանում են ում ճյուղի բուն Ղարաբաղի բարբառին) և Խըծապէրթ, Դօլանլար, Սարէն շէն, Միրիշկյալու, Խըրմանջուղ, Ըլբըլաղ (վերջիններս պատկանում են Շաղախի ենթաբարբառին) գյուղերի:
Ի տարբերություն մայր բարբառի՝ սահմանական ներկան և անցյալի անկատարը կազմվում են ս-ով վերջավորվող դերբայով (ըղաս, ուտէս, շինիս), որի պատճառով որոշ լեզվաբանների կողմից դիտվում է որպես -ս ճյուղի առանձին բարբառ:
Ունի նաև այլ առանձնահատկություններ. 1. անձնական դերանվան 1-ին դեմքի, օժանդակ բայերի և բայական ձևերի 1-ին դեմքի հոգնակի վերջավորությունները նույնանում են 2-րդ դեմքի հետ՝ ք-ին նախորդող ն-ի բացակայության պատճառով (մուք, ըսէս ըք, ասալ ըք, ըսէս իքյ, ըսէցէքյ, կասիքյ, բիդի ըսիքյ ևն), 2. .կենսունակ է նէ (նի և ոչ թե ներ մասնիկից առաջացած) հոգնակերտը, որը սեռական-տրականում թեքվում է ոչ թե_ էն_ (տըխտըկնէրէն, սըլդըթնէրէն), այլ ու հոլովանիշով (սըլդըթնուն, սըլդըթնուն), 3. վերլուծական բացառականն ու գործիականը հաճախ են կազմվում նըստա/նը2ստա, նըստավ/նըէստավ բառ-մասնիկներով (տըղէն նըստա, տըղէն նըստավ), 4. էս, էտ, էն ցուցական դերանուններին զուգընթաց հաճախ գործածվում են _ըզէս, ըզէտ, ըզէն _դերանունները, 5. առավել հաճախ են գործածվում երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերը ևն: Նախկինում Հադրութի ենթաբարբառին էին պատկանում նաև Ասկերանի շրջանի Շուշըքյէնդ և Շուշիի շրջանի Քարէն տակ գյուղերի խոսվածքները:
