Առանձնահատուկ բույսեր
Նյութեր

ՍՕՐԷԿ Հնդեվրոպական նույն՝ ker/ kօr արմատից սերված մեկ այլ բուսանուն է սօրէկ-ը, այն հայտնի է ձիասամիթ անունով: Կոտեմի նման բույս է, որից ձեթ էին ստանում: Այս բուսանունը հանրային մեծ ճանաչողություն չունի, բայց և’ այս, և’ մյուս բուսանուններն իրենց գոյությամբ վկայում են Արցախի բնաշխարհի և այդ բնաշխարհի վավերագիր լեզվի՝ բարբառի հնավանդությունը:

ԹԱԼ Հնդեվրոպական ծագման բուսանուն է թալ-ը՝ tāl բնարմատից, որը մայր լեզվում ուներ աճել, բուսնել, կանաչել, ընձյուղ իմաստները: Բարբառում այն ուտելի վայրի բանջարատեսակ է: Ցեղակից լեզուներում վկայված բառաձևերում նույնպես պահպանվել է մայր լեզվին բնորոշ <<բուսական պատկանելությունը>>: Լատիներենում՝ tālea բառաձևով է վկայվել՝ ճիպոտ, ճյուղ, տունկ նշանակություններով, հունարենում՝ ճանաչելի է որպես ուղտախոտ: Արցախում թալի տեսակներից են կյրմըրաթալը և փուշաթալը։ Թալն ուտելի բանջար է, որն օգտագործում են եփած, տապակած վիճակում , այն նաև իբրև ժենգյալով հացի բաղադրիչ բույս է։ Փուշաթալը բուսաշխարհում հայտնի է Թելուկ սպիտակ - Марь белая - Ch. album L անունով, իսկ կյիրմըրաթալը՝ Թալ փռված - Лебеда раскидистая - At. patula L անունով։

ԿԻՆՁՅ Կինձյ-ը նույնպես հնդեվրոպական ծագման բանջարանուն է: Նախաձևն է *uendhio-*uendh բառարմատը՝ պտտել, շրջել, ոլորել իմաստներով: Այդ բառարմատից են սերվել հայերենում անկախաբար կիրառվող գինդ, ապա և գինձ բառերը: Գինձն առաջացել է գինդ բառից, որն ուներ կլոր, բոլորակ նշանակությունը: Այդպես է կոչվել բույսը սերմի կլորիկ լինելու պատճառով: Կինձյ բանջարատեսակն այսօր շատ տարածված է կընանչի անունով: Այս դեպքում կանաչի ընդհանրական անունը մասնավորվել է և դարձել մեկ բանջարատեսակի անուն: Կարծում ենք՝ բառիմաստի նեղացումը պայմանավորված է այն փաստով, որ կինձյ-ն առավել տարածված և ամենալայն օգտագործում ու սպառում ունեցող բանջարատեսակն է, ըստ որում՝ տարվա բոլոր եղանակներին, և կանաչիի ընկալումն անմիջապես պատկերանում է այդ բանջարատեսակով: Օրինակ՝ Դաշուշէնա կյինձին վըէտը Թիփլիզ էլ ա հըսնում: Կինձյ -ից բառաբարդված բուսանուն է կընձմընձուկը` մեր ժինգյալավ հացի հիմնամիջուկի տարրերից ամենաարցախյանը: Արդի գրական հայերենում, բուսաբանական աշխարհում այն ճանաչելի է կերբելուկ, խնդատերև, խռնդուկ եզրույթներով: Արցախի բարբառում, ինչպես շատ այլ բուսանուններ, վերանվանվել են և իրենց անուններով առավել բնութագրում են արցախցու ինքնօրինակությունը, իրերը, երևույթները ճանաչելու և ընդունելու արցախյան կերպը: Կընձմընձուկ-ը բարդ կառույց է՝ կյինձ արմատի կրկնությամբ և ուկ մասնիկով: Եթե ուշադրություն դարձնենք կընձմընձուկի արտաքին նկարագրին, կտեսնենք, որ նրա տերևիկները կյինձ-ի մանր ձևերն են և բնականաբար, ցողունի վրա նրանք բազմապատիկ ավելի են: Այդ արտաքին նմանողությունն էլ՝ բազմապատիկությունը, կրկնավոր բարդությամբ է նշվել՝ կյինձ-մինձյ, որին կցվել է բարբառի բուսանվանակերտ -ուկ մասնիկը:

Հին հայերենում և բարբառներում զգալի թվով հնդեվրոպական ծագման բուսանուններ են ավանդվել, որոնք բնության, օրգանական աշխարհի ճանաչողության մեր ընկալումներն են բացահայտում և վկայում այդ ճանաչողությամբ վարք ու կենսակերպ կառուցելու մեր կարողությունների ու հնարավորությունների մասին: Ընդհանուր հայկական տարածքում արցախյանը հատկանշվում է իր ուրույն բնավորությամբ, որ նկատելի է դառնում նաև ինքնահատուկ անվանակոչումներում:
ՑՈՐԵՆ Ցորեն-ը բնիկ հայկական ծագում ունի. Ջահուկյանը հնդեվրոպական *ker-՝ աճել , սնել նշանակություններով արմատի հետ առնչություն է ենթադրում: Բարբառում ցորենից բաղադրված բարդությունները մեծաթիվ են՝ Ինչպես՝ Ցօրէն արտը կօրէկ շինիլյ, որն ունի մեկի գործերը ձախողել, հիասթափեցնել նշանակությունը. Ցօրէնը կյարան ճօկէլյ- լավը վատից, անմեղը մեղավորից, արդարն անարդարից տարբերել. ինչպես՝ Հըրակաշ տըէռ էն մարթին նըհըէտ, հու ցօրէնը կյարան ճօկում ա: Ցօրէն լուզու դարձվածքն ունի քաղցրալեզու իմաստը. Ցորէն հաց չօնիս, ցօրէն լուզու էլ չօնիս: Ցորեն հացէն պօզէր ա ինում. այս արտահայտությունն էլ զգուշացնում է՝ մարդ չպետք է ուրանա, պիտի կարողանա գնահատել արժանիքը: Իսկ կեղծարարություն անողին, ողին որակում են՝ ցօրէնը նըհաշ տըվօղ, կյարի ծախօղ դարձվածքով:
ԳԱՐԻ
Հնագույն բուսանուն է գարին, որը սերվում է հնդեվրոպական gher արմատից՝ դուրս գալ, բուսնել, քիստ ունենալ նշանակություններով, ցեղակից մյուս լեզուներն ունեն աճականավոր ձևեր, ինչպես՝ լատիներեն՝ hordeum, ալբաներեն՝ drith(ë), իսկ հայերեն բառաձևը առանձնակի դիրք է գրավում:
Արցախի բարբառում գարին կյարի/ կյօրէ/կյօրի հնչատարբերակներով է արտաբերվում: Ինչպես՝ Կյարի հացը կօշտ ա ինում: Գարնանացան գարին էլ բարբառում կյըռնըկյարի բարդությամբ է նշվում:
Գարուց բարդված դարձվածքներն են բարբառում՝
կյարավ ընգընէլյ- շատ գարի ուտելուց հիվանդանալ/կենդանիների վերաբերմամբ/. ինչպես՝ Էշը կյարավ ա ընգալ, ըստակալ:
կյարին չօր- թեթևասոլիկ իմաստով. Կյարին չօր մարթան հըյռէ շօռ տօ, կըլօխըտ դինջ ինի:
կյարի քըցիլ- գարով գուշակություն անել. Քընար աքան լավ կյարի քըցօղ ա իլալ:
կյարու քյութ- անորակ հաց ուղիղ իմաստով և ծանրաշարժ, անճոռնի կազմվածքով մարդ փոխաբերական նշանակությամբ. ինչպես՝ Հուռումէն թըխած հացէրը հանց ա ինում կյարու քյութէր: Եվ փոխաբերական նշանակությամբ՝ Էտ կյարու քյութը պէն պէնավ ածօղը չի, տըրանը մինակ հացէն ըստօլն ա:
Կյարի օտօղ ծին վէրչումը կյարի կըրօղ կըտըէռնա- հաղորդակցական դարձվածքն էլ հորդորում է. Շահ ստացողը արյունքում տուժում է:
ՀԱՃԱՐ Բնիկ հնդեվրոպական ծագման հացարար բույս է հաճար-ը՝ սերված *ades / ados- հաճար նախաձևի արմատից / *-io ածանցով. *ad io ->աճ+ ար: Ցեղակից լատիներենում նույնպես վկայված է՝ ador բառաձևով: Բարբառում, ինչպես հայերենի մյուս հուշարձաններում, հաճար հնչատարբերակով էլ վկայվել է: Ինչպես՝ Հըճարավ կուրկուտը շուտ ա իփվում: Հայերենից են հաճար բառը փոխառել կովկասյան լեզուները. լազերենում՝ ճուարի, վրացերենում՝ ճվավի, աբխազերենում՝ աճա, աճարաձ: Հաճար-ով բաղադրված բարդություն է հըճարէն ածէլյ արտահայտությունը՝ լըվըկարկուտ անէլյ նշանակությամբ: Ինչպես՝ Էս կընէգյը ըսկի տըմանում չի, հանց հըճարէն ա ածում, լյըհա մընամ ըս գյունաքար:
Կորեկ հացաբույսն էլ բնիկ հայկական ծագում ունի: Կորեկ բառաձևով է նշվում նաև թուզի հատիկը՝ նմանողությամբ: Հնդեվոպական goueriio +(ակ)՝ *geu- ծռել, կամար կազմել արմատից: Նույն արմատից է սերված հայերեն կորիզ բառը: Ցեղակից լեզունեորւմ էլ բառազուգաբանություններն առկա են. լատիներենում՝ granum, սանսկրիտում՝ gāritra՝ հատիկ, ցորեն, բրինձ նշանակություններով:
ԿՕՐԷԿ Այսօր մեր իրականության մեջ կօրէկ–ը իբրև հացաստեղծման հումք հանդիսացող բույս հուշաձանային արժեք է ստացել, բայց կորեկից բաղադրված բարդություններն ու դարձվածքները շարունակում են կենսունակ մնալ, ինչպես՝ կօրէկ անէլյ- կուրկուտ անէլյ. ճաշի հումք պատրաստել նշանակությամբ, կօրէկ կըէրած կյումաշ- շատ գեր, չաղ մարդու վերաբերմամբ է գործածվում կօրկու սըվէր կյումաշ դարձվածքն էլ ունի նույն հանցանքը կրկնող, չխրատվող անձ նշանակությունը. Յա կյօղը, յա կօրկէն սըվէր կյումաշը. հինչ էլ անիս խըրատվէլ չըն: կօրէկ-կօրէկ- կրկնավոր բարդությունն էլ քիչ-քիչ, սակավ-սակավ իմաստն ունի: Կօրէկ – կօրէկ տընջմանքավ թուփ ա ըրալ, միհէնգ2յ բէյնամուս տըղան խըրըմ-խօրըմ ցըրէվ ա տամ:

ՓՈ̈ՒՐՓՈ̈ՒՏ/ՓԻՓԷՐՏ-ԱՂՋԿԱՏԱԿ
Հնդեվրոպական ծագման մեկ այլ բուսանուն է փիփերտը՝ փո̈ւրփո̈ւտ կամ փիրփօտ ձևերով մեզ հայտնի ու շատ ծանոթ: Այն սերվում է հնդեվրոպական per- բառարմատից, որի բնիմաստն էր անցկացնել, անցնել, թռչել: Փիրփօտը Արցախում տարածված բուժիչ նշանակությամբ ուտելի բանջար է: Ինչպես՝ Փո̈ւրփո̈ւտը բըրանավ ա ինում լազաթ օտէլը, փուրըկըպութունէն էլ դարման ա:
Արդի գրական հայերենում այն աղջկատակ անվամբ է ճանաչելի, հայերենի այլ բարբառներում մոլոշ ձևով է վկայված: Ինչպես տեսանելի է՝ բարբառում պահպանվել է մայր լեզվին բնորոշ հնչատարբերակով: Նույնարմատ զուգահեռները վկայված են ցեղակից հնդկերենում՝ parpata-, որը մի բուժիչ բույս է, լատվ. paparde, ռուսերենում՝ папоротник: Վկայված բոլոր ձևերն էլ, ունենալով նույնահիմք ծագում, տարբեր բույսերի անուններ են դարձել, և բոլորն էլ ունեն բուժական նշանակություն:
Բարբառում բուսանունից բաղադրված հարադրություններ են փո̈ւրփո̈ւտ անէլյ-ը և փո̈ւրփո̈ւտ տը2էռնալյ-ը: Փո̈ւրփո̈ւտ անէլյ-ն ունի մեկնաբանել, բացահայտել վերաիմաստավորված նշանակությունը: Ինչպես, օրինակ, Քընար աքա, յէս յէկալ ըմ ա̈րա̈զըս փո̈ւրփո̈ւտ անիս: Փո̈ւրփո̈ւտ տըէռնալէ հարադրությունը հաճախական գործածություն ունի մաշվել, քրքրվել իմաստներով, ինչպես` Էնքան կյէցալ ա տընաշինը էտ խըլըէղը, վէր լափ փո̈ւրփո̈ւտ ա տըէռալ: Ունի նաև փոխաբերական՝ խիստ հարբել, ինքնատիրապետումը կորցնել նշանակությունները: Ինչպես՝ Մըկըռնէն խըմում ըն, փիրփօտ տըէռնում, էլ կարում չըն պար կյան:
Առանձնահատուկ բույսեր
Ի՞ՆՉ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՊԱՀԱԾ ԱՐՑԱԽԻ ԲՈՒՍԱՇԽԱՐՀԸ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ․․․․
Բնաշխարհի լավ իմացություն, խելացի տնօրինություն ու արարումի հմտություն. ահա արցախցու կենսահայեցությունը:
Արցախյան բնաշխարհը ճանաչելի է դարձնում վաղնջական արցախցիների բնական պայմանները Դրանք չափացույց են հասարակության զարգացման որոշակի աստիճանի և արտահայտում են կյանքն ու աշխարհը ճանաչելու մեր գիտելիքներն ու մտքի հնարավորությունները: