ԹՌՉՆԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ
Արցախի թռչնաշխարհի ճանաչողությունը կարևոր է նրանով, որ ցույց է տալիս, թե ինչպես են մշակութային առումով չեզոք բառային միավորները ժամանակի հոլովույթում ստանում մշակութային հատուկ իմաստ՝ պարագծելով և՛ տվյալ լեզվով խոսող հանրության բնական պայմանների ու հասկացությունների ընդհանուր շրջանակը, և՛ նրանցով պայմանավորվող ու ձևավորվող մշակույթի ու քաղաքակրթության ընդհանուր պատկերը:
ԱԳՌԱՎ
Ագռավ-ը հնդեվրոպական բնաձայն ger− արմատից է սերվում: Արդի գրական հայերենում վկայված <<կռունկ>> և <<ագռավ>> թռչնանուններն այդ նույն բնարմատից են առաջացել: Նախնական նշանակությունն էր՝ խռպոտ ճչալ:
Ցեղակից գերմաներենում նույնպես վկայված է Krähe բառաձևով՝ արջնագռավ նշանակությամբ:
Նույն արմատից են սերված կռկռալ, կռավել բայաձևերը: Հետաքրքրական է, որ ագռավն Արցախի բարբառում հենց բնաձայնական ծագման ուղիղ կապը պահում է՝ կըռկըռալուց, կռավելուց ստացել է կըռակլավ անունը: Այն ավելի շատ գործածական է վերաբերմունքային իմաստով՝ պայմանավորված այդ թռչնի դերի ժողովրդական ընկալմամբ:
Ինչպես՝ Կըռըկլավէն ասում ըն կըռռօցըտ խէ թօբա չը՞ս անում, ասում ա՝ վէր ինձ մընար, մըհէ թօբա յի ըրալ, ամմա թարիփ անօղ շատ կա:
Կըռակլավ-ն ունի նաև ջադու, խարդախ վերաբերմունքային նշանակությունը. Էտ կըռակլավը լօխ ո̈ւրո̈ւր խառնած պահում ա:
Բարբառում ագռավն ամենից ավելի քաշ անվամբ է ճանաչելի: Բառի հինհայերենյան վկայությունը քաշտ բառաձևով է նշվում՝ ագռավի կամ ինչ որ թռչնի ազգատեսակ նշանակությամբ: Արցախյան քաշ-ի հիմնական իմաստը ագռավն է։
Ինչպես՝ Քաշը հիշքան լըղանա, յըղօնէգյ չի տըէռնալյ: Քաշին նըհըէտ հընգըրօթուն ընօղէն ռըէէխը յէխտուտ կընի: Ու նաև ընդհանրական իմաստով կարող է նշանակել_ թռչուն_. այսպես՝ քաշ կըտկօտած տանձ արտահայտության մեջ թռչուն իմաստն է ընդգծվում: Արտահայտությունն ունի_ համով, անուշ պտուղ_ հիմնական նշանակությունը և պեպենոտ փոխաբերական իմաստը:
Ինչպես՝ _Քաշէն կըտկօտած տանձը մըէղըրահամ կընի: Եվ՝ Էն Իսուն հարթնըն էլ մին խախօլկա յա, իրէսն էլ հանց ա քաշ կըտկօտած տանձ ինի, մըչանք տիպտիպո̈ւրիգյ ա: _
Բարբառում **ագռավը ** նաև սըվաքաշ անունով է նշվում. ինչպես՝ _Սըվաքաշը ո̈ւրան ճօտէն ասում ա՝ պիմբըկքօլա վըէննէրէտ մատաղ: _ Ունենք ծաղրական արտահայտություն՝ էս ա քաշերը սըէվ ըն կյըննական՝ ընդգծելով երևույթի անփոփոխականությունն ու անիմաստ լինելը:
Գույնով նաև թռչնի նկատմամբ ունեցած ժողովրդական վերաբերմունքն է ընդգծվում: Սըվաքաշն ունի և անհրապույր, թխամորթ, տգեղ փոխաբերական նշանակությունները:
Բարբառում քաշ-ը նույնանուն է, և մյուս եզրի նշանակությունն է ցած, ցածրադիր: Հանելուկային բանաձև ունենք, որում հանելուկային առարկան բանաձևվում է համանուն այդ բառեզրով. _էն հինչն ա՞՝ տիյէր քաշ ա, տիվէր քաշ ա: _Պատասխանն է քաշը՝ ագռավը: Բանագիտական աղբյուրներում բառն իբրև համարմատ համանուն է դիտվում, այսինքն՝ մեկնաբանվում է, որ ցածր թռչելու, քարշ գալու պատճառով է թռչունն այդպես անվանվել: Իհարկե, սա տարարմատ բառերի հնչյունական նմանողությամբ հարմարեցված մեկնաբանություն է, և լեզվաբանորեն չի հիմնավորվում:
Բարբառային դարձվածքներ են՝
Քաշին կատարը էրիլ- շատ տոթ, շոգ նշանակությամբ:
Ինչպես՝ Էքյուծ հանց արէվ ա իննան, քաշէն կատարը իրիլաան ա:
Քաշու սաղունձ- բույսերից հոսող թանձր խեժ, որից ներկ են պատրաստում, գխտորի բարբառային անվանումն է. փոխաբերաբար ունի կպչուն նշանակությունը:
ԿԱՉԱՂԱԿ
Իսկ ահա կաչաղակ-ը իրանական աղբյուրից փոխառյալ թռչնանուն է: Նախաձևը՝ kaĵala : Բարբառում վկայված է քըչէղակ հնչատարբերակով: Ինչպես՝ Քաշէն խընամէն քըչէղակը կընի:
Բանահյուսական աղբյուրում բառի ծագումը կապվում է բնաձայնական կաչ արմատին: Այսինքն՝ կաչ-կաչ անող: Բարբառում կաչաղակին նաև չըռ-չըռ կամ չըռչըռան են անվանում, որն իհարկե ակնհայտ բնաձայնական ծագում ունի: Չըռչըռանը քըթօթ կանէ ՝ հաքյին ցէց:
ԾԻՏ/ՃՆՃՂՈՒԿ
Ծիտ թռչնանվան ծագումն էլ բնաձայնության հետ է կապվում: Աճառյանը բառի ակունքը կովկասյան լեզուների աղբյուրն է մատնանշում, մինչդեռ վրաց բառարանագիրն էլ աղբյուրը հայերենն է դիտում:
Բարբառում ծըէտը, լինելով ճնճղուկի անվանումը. ինչպես՝ Ծըէտ կա՝ ծի յա սպանում, նաև հինհայերենյան հավին է համարժեքվում. ունի թռչուն ընդհանրական իմաստը, մասնավորապես ճնճղուկանման փոքրիկ թռչնատեսակներն անվանելիս: Ինչպես՝ Ղարաբաղ հազար ջուռռա ծըէտ կա:
Ծըէտն ունի նաև փոխաբերական թեթև նշանակությունը. _Էտ հինչ ա, հանց ա ծըէտ ինի, մին ծէռուք էլ կարիս տանիս: _
Բառի բարդմամբ ունենք ծիտի-միտի հարադրությունը՝ _անլուրջ, թեթևամիտ _ նշանակություններով:
Ծըտէն թէվավը- շատ արագ, շտապ իմաստով,
Ծըէտ տըէռնալյ- նիհարել նշանակությամբ,
Ծըտու շօռ տըված պո̈ւն- խռիվ մազերի վերաբերմամբ գործածվող,
Ծըտու սըէրտ-անհամարձակ, վախկոտ նշանակություններով:
ՀԱՎ
Հավ-ը բնիկ հայերեն բառ է՝ սերված հնդեվրոպական *hauei արմատից: Նախնական նշանակությունն էր՝ թռչուն: Հինհայերենյան աղբյուրներում հավ եզրով նշվում էր թե՛ էգ թռչունը, թե՛ աքաղաղը: Արդի գրական հայերենում բառիմաստը նեղացվել է, և այսօր ընտանի մի թռչնատեսակի էգի անվանումն է: Բարբառում էլ նույն մասնավորված իմաստն ունի: Ինչպես՝ _Հավը վէր ցօրնէն ամբարը քըցիս, էլհա քըթօթ կանէ: Կամ՝ Մինչէվ կավը հանդան տօն կյա, հավը խընամօցը հըղէ կըտինի: _
Հավ-ից բաղադրված արտահայտություններ են՝
Հավէն նըհըէտ քօն ինիլյ, վըրցակէն նըհըէտ յէր կըէնալյ- անհոգ կյանք վարել նշանակությամբ,
Հավը տանը կըէնա, օտը օտէ- անհրաժեշտ տեղում լինելու հորդոր,
Հավու խըէք- կարճամիտ նշանակությամբ
Հավու պանէր- նվիրական, բաղձալիին հագուրդ տվող ուտելիք իմաստով
Հավու ճօտ- փոքրամարմին, նվազ նշանակություններով
Թըռչված հավ- տեղատարափի տակ ընկած իմաստով
Հավու նըման թառ ինիլ կամ հըվէրէն նըհըէտ թառ ինօղ- վաղ քնող մարդու վերաբերմամբ է ասվում
Սըէվ հավը ծըկըլթաց- բոթ, գույժ նշանակությունն ունեցող:
_Հավ _ բառի բառազուգաբանությունն առկա է լատիներենում՝ avis՝ թռչուն իմաստով:
ԱՔԱՂԱՂ/ՎԸԷՐՑԱԿ
Աքաղաղը նույնպես հնդեվրոպական ծագման թռչնանուն է: Մայր լեզվի *kel /քալ/ բնարմատից է սերվել, որն ուներ _կանչել _ նախնական նշանակությունը: Կրկնավոր բարդություն է: Աքլոր-ը աքաղաղ-ի նույնանիշ եզրն է ու նաև ծագումնաբանորեն նույնանում է նրան: Բաղադրիչների պարզագույն վերլուծությամբ՝ բանագիտության մեջ տրվում է այգ+լոր բացատրությունը՝ առավոտյան թռչուն մեկնաբանությամբ: Բարբառում _վըէրցակ _ բառեզրով է նշվում ընտանի թռչնի այդ տեսակը: Բառարմատն ինքնին վկայում է սեռը. ծագմամբ բնիկ *org′hi-՝ որձ արմատն է բառի հիմքում, որը, բաղադրվելով -ակ մասնիկին, բարբառային բաղադրյալ կազմությամբ է նշվել:
Ինչպես՝ Հարուստէն վէրցակն էլ ա թօխս կյամ:
Վըէրցակ-ից բաղադրված բարդություններ են՝
Վըէրցակ կըտրէլյ- գոռոզանալ իմաստով,
Վըրցակու կանչ- անկարևոր ասվածք
Վըրցակու պէռնէլյ- բարձիթողի վիճակի մեջ դնել, սնանկացնել նշանակություններով: