Առանձնահատուկ կենդանիներ
Նյութեր

ԷՇ
Արցախցու կենցաղում իր առանձնանշված տեղն ու դերն ունի էշ-ը: Բառը սերվում է հնդեվրոպական *ek՛uos արմատից, որը _ձիու _տարածված հնդեվրոպական անվանումն էր և չի պահպանվել հայերենում նույն՝ ձի իմաստով: Ցեղակից լեզուներում՝ գոթերենում՝ aihwa, լատիներեն՝ equus՝ ձի նշանակությամբ է վկայվել:
Էշ-ը իբրև բառային միավոր, բազմիմաստ է. նախ՝ կենդանուն է, ապա և փոխաբերաբար նշանակում է՝ գութանի մաս՝ հաստ, երկար ու ծուռ գերանը. ինչպես՝ _Կյութանէն էշը ճըղպօրէ բիդի, վէր տէմ կըէնա: _ Էշ անվանում են նաև լարավոր նվագարանի լարերի հենարանը. Սազէն էշը կօտըրվալ ա: Խաղի վեգի հարթ ու լայն կողմը նույնպես փոխաբերաբար _ էշ _են անվանում, ինչպես նաև նարդու, դոմինոյի խաղերի ժամանակ երկու խորանարդիկի բարձրագույն նիշերի մեկտեղումը. օրինակ՝ _Էլհա էշը քէզ ա ընգալ. նկատի ունի 6+6 նիշերը: _ Իմաստային այս ծավալումներից զատ՝ էշ-ի բնութագրումը արցախյան բանագիտության մեջ և մեր ընկալումներում հետաքրքրական է, այն երկբևեռ է. մի կողմից՝ էշը աշխատասեր, համառ, բարի ու անվտանգ կենդանի է, մյուս կողմից՝ հիմար ու գռեհիկ:
Առած-ասացվածքներում, դարձվածքներում այդ երկու կողմերն էլ հստակ տարորոշված են. Այսպես՝ Էշը անէ, ծին օտէ: Էշը հիշքան տանում ա, պէռնում ըն: Էշու նըման կօրծ անէլյ- չաչարվել, տանջվել նշանակություններով:
Իսկ՝ էշու կըլօխ, էշու օրում, էշու տըէղ տինիլէ դարձվածքներում ակնարկվում է անհասկացողությունն ու հիմարությունը: Էշ-ով բաղադրված արտահայտությունների, էշը հերոս ունեցող առած- ասացվածքների թիվը բարբառում անցնում է հարյուրից: Ու սա փաստում է այդ կենդանու նկատմամբ ունեցած մեր առնձնահատուկ վերաբերմունքի մասին, որը թեև հակասական, բայց անկեղծ ու մտերիմ է:

ՈՒՂՏ/ՕՂՏ Ուղտը փոխառություն է ուրարտերենից՝ ultu բառաձևից: Ուղտն իրականում հայոց կենցաղակարգում այսօր չունի էական դերակատարում: Մինչդեռ բանահյուսական վկայությունները պարզում են, որ այս կենդանին հայ կենցաղին հարազատ է եղել վաղնջական ժամանակներից: Նա հայոց լեռնային ճանապարհների մշտագնա բեռնակիրն էր: Խելոք կենդանիների շարքում է ուղտը. համբերատար, քչապահանջ, տիրասեր, բայց որքան համբերատար, նույնքան ըմբոստ է, որքան խաղաղ, նույնքան վրիժառու է. ահա թե ինչու առածն ասում է՝ հա՞յն ա օղտը, թա՞ օղտըն ա հայը: Օղտը համ մը2ծ ա, համ պարի: Օղտը մօտէ ըրածում ա, հըէռէ տըէսնում. հատկանիշներ, որոնք նաև հային են բնութագրական: Թե առած-ասացվածքները, թե ուղտ-ով կազմված դարձվածքները մեծաթիվ են. մի քանիսը միայն կառանձնացնենք. _օղտու աշկ-շատ փոքր իմաստով օղտէն ընգուճումը քօն իլած- անտարբեր, դանդալոշ նշանակությամբ օղտէր փըրտակէլյ- շատ մեծ, աղաղակող բաներ պարտակել, թաքցնել իմաստով օղտը էշին քըմական կապէլյ- սխալ, հակառակ, ներհակ բան անէլյ, արժանավորին անարժանին ենթարկեցնել _ նշանակություններով. Իսկ _օղտը տըռանը չօքէլյ _դարձվածքը նշանակում է վերահաս դժբախտություն, ուղտը կանխազգում է ընտանիքի անդամներին սպառնացող վտանգը, բնական աղետները, ու երբ կանխազգում է, նստում է դռանը, և անհնար է նրան տեղից հեռացնելը: Հետաքրքիր է, որ նա այդպես վարվում է նաև բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց հետ թեկուզ մեկ անգամ, երբևէ առնչվել է: Կենդանական իր այդ խելացիությամբ էլ ուղտը գրավել է հայի ուշադրությունն ու դարձել բանահյուսական հերոս ու համեմատությունների եզր:

ԵԶ/ ՅԷԶՆԸ
Հայի աշխատընկերը դեռևս հնագույն շրջանից եզն էր: Այն սերվում է հնդեվրոպական *eg՛h-/ ag՛h արմատից՝ խոշոր եղջերավոր անասուն նշանակությամբ: Բառազուգաբանություններն են հին հնդկերենում՝ ahē՝ կով նշանակությամբ ավեստերենում՝ azī՝ 3 տարեկան կով իմաստով:
Հայ հողվորի զրուցընկերն ու հոգսընկերն էր եզը, և բանահյուսության մեջ էլ հողի, վարի ու ցանքի հետ է զուգորդվում նրա անունը: Եզը ոչ միայն բանող կենդանի է, այլև ընտանիքի վստահելի նեցուկ:
Տօնը պահօղը էտ էրկու յէզնըն ըն. ապան տահանց աշկու լո̈ւսու նըման ա ա յէշում:
Յէզանը լըծէ վար անինքյ, էս դարդէրը տէն անինքյ
Ինչպես վկայում են բառային հուշարձանները, վաղնջական շրջանում հայերի մոտ զարգացած էր անասնապահությունը. և դա փաստում է ոչ միայն եզ, նաև կով, այծ բառային միավորների և նրանց տարբեր հասակների՝ հորթ/բարբառում՝ վըէրթնը/, մոզի, երինջ/հէրէնջ/, գառ/կյառնը/, ուլ /հօլ/ անվանումների առատությունը հայերենյան հուշարձաններում:
Անասնապահական այս բոլոր եզրույթները, նաև նրանց հետ կապված արածել/ըրածէլ/, տուար/տավար/, գոմ միավորները բնիկ հայերեն են և սերվում են հնդեվրոպական մայր լեզվից:
ՁԻ/ԾԻ Ձի-ն սերվել է հնդվերոպական *gheio-/ ghei-՝ արագ շարժել, քշել նշանակությամբ արմատից, որի զուգահեռն է հին հնդկերենում պահպանված haya՝ նժույգ իմաստով բառաձևը: Ձիու տարբեր հասակների հետ կապված անվանումների բացակայությունը կարող է նշանակել, որ վաղնջահայերի մոտ ձիաբուծությունն այնքան էլ զարգացած չէր: Իր հիմանկան կենդանվան նշանակությունից զատ ունի նաև փոխաբերական նշանակություն՝ թռչնամսի կրծքամիսը և այն պահող ոսկորը: Ինչպես՝ Վէր հավը ճօթ ըն անում, խուխէն միշտ ծին ըն տամ: Ձին ազնվական կեցվածք ունի ու այդ կերպարն էլ մարմնավորվել է բարբառային դարձվածքներում ու առած-ասացվածքներում. ինչպես՝ ծիյին յըրա, ծիյավ շօռ կյալ՝ բարձր ու արժանապատիվ դիրք ունենալ նշանակություններով, ծիյան վէր կյալ էշ նըստէլ՝ բարձր պաշտոնից զրկվել, ցածրին արժանանալ իմաստով:
Ղարաբաղի ձի․ աշխարհում մեծ համբավ ունեցող հեծկան ձիերի ցեղ է: Հնագույն ժամանակներում բուծվել է Արցախում՝ Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում՝ ժողովրդական ընտրասերման ու պարսկական, թուրքմենական, հետագայում՝ արաբական ձիերի ներազդման միջոցով: Հայոց այրուձիու կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան, արտահանվել է նաև տարբեր երկրներ, օգտագործվել ձիերի տարբեր ցեղերի բուծման ու բարելավման նպատակով: Աչքի է ընկել գեղեցիկ կազմվածքով, չոր մարմնակազմով, հեզ վարքագծով, ուղիղ իրանով, թեթև գլխով: Ըստ պահպանված բանավոր տեղեկությունների՝ ձիու միակ տեսակն է, որը զառիվայր թեքություններով իջնելիս քայլում էր հանգիստ՝ առանց գլուխը վեր բարձրացնելու: Մնդավի բարձրությունը և իրանի թեք երկարությունը 145-150 սմ էր, կրծքի փաթը՝ 160-165սմ, դաստակի փաթը՝ 16-18սմ, երանգը՝ մոխրագույն, աշխետ, դեղին՝ ոսկե կամ արծաթե ձայլով: Որոշ աղբյուրներում հիշատակվում է Արցախյան ոսկեթույր անունով: 1920-ական թվականներից այլևս չի բուծվում: Ըստ որոշ տեղեկությունների՝ եզակի առանձնյակներ պահվում են Անգլիայի թագուհու ձիանոցում:
Առանձնահատուկ կենդանիներ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ՝ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒ ՎԱՐՔՈՒՄ
Արցախի կենդանունների կենսագրությունը հնագույն շրջանի մեր գործունեության, զբաղմունքի շրջանակներն է պարագծում: Այդ անունները վկայում են թե՛ բնական պայմանների մեր ճանաչողությունը ու այդ պայմանների օգտագործման հնարավորությունները և թե՛ հավաստում դեռևս հնագույն շրջանից ստեղծած ապահով կենսապայմանների ու ձևավորված կեցաղավարության փաստը, հաստատում այն, որ վաղնջական շրջանում արդեն արցախցին ուներ ձևավորված ու համակարգված կենցաղակարգ: Ադպես դարերի հոլովույթում ձևավորվել է կենցաղավարության արցախյան մշակույթը և ժամանակների հոսքում դարձել փորձառություն ու իմաստնություն: