Լուսին

Լուսին

ԼՈ¨ՒՍ(Ն)ԻՆԳՅԱ/ԼՈՒՍ(Ն)ԸՆԳՅԱ

1․Երկրագնդին ամենից մոտ գտնվող երկնային մարմին` լուսին, 2․Լուսնի լույսով լուսավորված, 3.Փխբ.լուսնի նման կլոր ու սպիտակ դեմք ունեցող (աղջիկների ու կանանց մասին):

Լուսինը պաշտամունքի առարկա էր: Հնում տարեց կանայք ծունր էին դնում նոր դուրս եկած լուսնի առաջ և աղոթում, լուսինը նորելիս բոլորը նայում էին նրան, խաչակնքում, ապա հայացքը դարձնում մի բախտավոր երեխայի կամ դրամի վրա, որպեսզի բախտավոր լինեն կամ ունևոր ևն: Ընդունված էր նաև լուսնի օրերի քանակը որոշել և կատարել գուշակություններ: Հատկապես լուսինը նորելու առաջին օրից մինչև բոլորվելը չէր կարելի ծառ պատվաստել, անտառից շինափայտ կտրել, շինարարություն սկսել, երկար ճանապարհ գնալ, այգի տնկել ևն: Հավատում էին, որ եղանակի կտրուկ փոփոխությունները կատարվում են հենց այդ ժամանակաընթացքում, որ լուսնի առաջին, երրորդ և յոթերորդ օրերին ծնվածները կլինեն բախտավոր, իսկ առաջին քառորդում ծաղիկ հիվանդությամբ վարակվածները կմեռնեն : Մարմնի վրա աճած գորտնուկն (կյըէռթնուկ) անցկացնելու համար նորալուսնի ժամանակ թաց ձեռքով նրա վրա աղ էին ցանում՝ արտասանելով՝ Լո¨ւսնինգյա¨ն նօր, Կյըէռթնուկը չօ¨ր բառերը, այնուհետև սև գույնի էշին լիզել տալիս այդ աղը:

Ըստ մի ավանդության՝ արևն (արըէվ) ու լուսինը քույր և եղբայր են: Եվ քանի որ քույր արևը գիշերը վախենում էր ման գալ, եղբայր լուսինն է շրջում գիշերով: Մեկ այլ պատումի համաձայն՝ լուսինը մի գեղեցիկ աղջիկ էր, ով մորը խանգարել է խմոր հունցելիս: Մայրը խմորոտ ձեռքով ապտակել է նրան, վերջինս խռովել ու բարձրացել է երկինք, և մինչև հիմա էլ նրա վրա երևում են մոր խմորոտ մատների հետքերը: Կան նաև այլ ավանդություններ:

Ղարաբաղի բարբառում գործածվում են լո¨ւսնինգյա¨ բաղադրիչով կազմված դարձվածներ՝ լո¨ւսնինգյա¨ն նօրէլ (լուսնային ամիսը սկսվել), լո¨ւսնինգյին պօզյին նըստած (շատ թանկ)։

Առած-ասացվածքներ՝ լո¨ւսնինգյին հէսաբը ըրիքյնակէն նըհըէտ փըռնում չի։

Երդման բանաձևեր՝ էն լո¨ւսնինգյան, էն լո¨ւսնինգյ ան ինձ քուռըցընէ, թա…:

Լուսինն են բնորոշում հետևյալ հանելուկները

Մին կուտուր հաց՝ գյո¨ւնո¨ւմը վէր ընգած։

Մին մըէծ կալյում մին թուխսըկան, ամմա ճուտէրէն համբարքը վէշ մինը գյո¨ւդո¨ւմ չի։

Մին չօբան` ցիրըէկը քօն ա ինո¨ւմ, քըշէրը սո¨ւրո¨ւն ըրըծըցընում։

Քըշէր օնէ, ցիրըէկ չօնէ։

Օրը մին շօր ա կարէլ տամ, էն էլ յա մըէծ ա, յա կուճի:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft