Անասնապահության մշակույթը Արցախում
Նյութեր

Ըպրանքէն տարը, վըէրթուն հա̈րը։
Արցախի ավանդական կենցաղում անասնապահությունը եղել է և՛ տնտեսական կարևոր զբաղմունք, և՛ համայնքային կենսահամակարգը, բարոյական նորմերն ու ժողովրդական պատկերացումներն արտացոլող բաղադրիչներից մեկը։ Անասունն ընկալվել է որպես ապրուստի միջոց, ընտանիքի հարստություն, աշխատանքի աջակից և խնամքի ու գթասրտության արժանի էակ։ Արցախի անասնապահական մշակույթը դրսևորվել է մասնագիտական դերաբաշխման մեջ, կենցաղային կանոններում, ժողովրդական խրատներում և կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ձևերում։
ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԿԵՐՊԻ ՄԱՍ
Արցախում խոշոր եղջերավոր անասունը՝ տավարը, ունեցել է առանձնահատուկ տեղ։ Հիմնականում տարածված է եղել Կովկասյան գորշ տավարը։ Անասունի տեսակը, նրա պահման վայրը, հիվանդությունը, վերադարձի ժամը՝ բոլորն ունեցել են իրենց անվանումները, այսինքն՝ գյուղական փորձառությունը տեղի լեզվով մանրամասն ամրագրվել է։ Գործածվել են՝
• տըվըրակավ — էգ տավար, կով,
• տըվըրատար — տավար ունեցող, տավարի տեր,
• տըվըրատօն — տավարների գոմ,
• տըվըրացավ — տավարի հիվանդություն,
• տըվըրվըէննէն — երեկոյան, երբ տավարը հանդից վերադառնում է։
Միաժամանակ **տավար ** բառը գործածվել է նաև փոխաբերական իմաստով՝ հիմար, ապուշ, տխմար, բռի մարդ նշանակությամբ։ Սա ևս կարևոր փաստ է. կենդանու անունը լեզվի մեջ դարձել է մարդկային բնավորությունը նկարագրելու միջոց, այսինքն՝ անասնապահական բառապաշարը լայնորեն ներթափանցել է առօրյա խոսք։ Տավարի հետ կապված դարձվածները նույնպես վկայում են ժողովրդական փորձառության և լեզվով դրանց արտահայտության մասին.
• տավարը վըէռան մօրթել — ներհակ գործ ձեռնարկել,
• տավար կըտըրէլ — հիմարանալ, տխմարանալ,
• տավար տըէռնալ — ծանր ֆիզիկական աշխատանքից խիստ հոգնել։
Այս դարձվածքները ցույց են տալիս, որ տավարի հետ առնչվող աշխատանքը ծանր, պատասխանատու և մարդկանց շատ ծանոթ ու հարազատ փորձառություն էր։
ՀՈՎԻՎԸ՝ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՄՔ
Արցախի անասնապահական ավանդույթներում առանձնահատուկ դեր է ունեցել հովիվը, որի համար գործածվել են տարբեր անվանումներ՝ չօբան, նախըրչի, նըխ(ը)րապահ, տըվարած։ Որոշ խոսվածքներում տարբերակվել էր նաև ըստ մանր և խոշոր եղջերավորների պահման. չօբան կարող էր կոչվել մանր եղջերավորների հովիվը, իսկ տըվարած՝ խոշոր եղջերավորների։ Հովվի դերը հասարակության մեջ եղել է շատ կարևոր։ Նախկինում նա նշանակվել է համայնքի կողմից, և նշանակվել է սովորաբար գարնան սկզբից մինչև ուշ աշուն, իսկ խորհրդային շրջանում հովիվը նշանակվում էր կոլխոզի կամ սովխոզի ղեկավարության կողմից։ Այս փաստը հաստատում է, որ անասնապահությունը միայն մասնավոր զբաղմունք չէր, այլ նաև համայնքային կարոևր նշանակության իրողություն, ընդհանուրի կազմակերպման ենթակա գործ։ Հովիվ ընտրելիս հաշվի էին առնվում մի քանի կարևոր հատկանիշներ. • ազնվություն,
• ֆիզիկական ուժ,
• արագաշարժություն,
• բարձր ձայն,
• արոտավայրերին ծանոթ լինելը,
• խոտերի իմացությունը,
• անասունների հիվանդությունների մասին գիտելիքը,
• փորձառությունը։
ժողովրդական ընկալումներում հովիվը պարզապես կենդանիներին արածեցնող մարդ չէր։ Նա պետք է լիներ պահապան, կազմակերպիչ, վարքագծային գիտելիքների կրող և անհրաժեշտության դեպքում՝ նաև պաշտպան՝ գազաններից ու գողերից հոտը պահպանելու համար։ Երբեմն հովիվը միայնակ չէր աշխատում. վարձվում էին նաև օգնականներ, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջ ընտանիքով։ Խոշոր հոտի պահպանումը երբեմն վերածվում էր ընտանեկան աշխատանքի, հատկապես եթե անասունները երկար ժամանակ պահվում էին սարերում։
ՀՈՎՎԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հովվի աշխատանքը գնահատվում էր թե՛ դրամով, թե՛ բնամթերքով։ Նրա վարձատրությունը կարող էր ներառել.
• ցորեն, • գարի, • կաթ, • յուղ, • պանիր, • բուրդ, • երբեմն նաև գառ կամ ուլ։
Բացի դրանից՝ պայմանավորվածության համաձայն հովիվը համայնքից կամ անասունների տիրոջից ստանում էր նաև ուտելիք և հագուստ։ Ու իրականում հովվի աշխատանքը եղել է հստակ սոցիալական հարաբերությունների մեջ ամրագրված ծառայություն։ Հովվի պարտականությունները նույնպես բազմակողմ էին։ Հովիվը ոչ միայն արածեցնում էր, այլև օգնում էր. • անասունները խուզել,
• կթել,
• գոմը մաքրել։
Այս ամենը փաստում է, որ անասնապահական տնտեսության մեջ նույն մարդը կարող էր ներգրավված լինել կենդանու խնամքի տարբեր փուլերում։
ՀՈՎՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՈՒՂԵԿԻՑԸ՝ ՇՈՒՆԸ
Անասնապահությունը միայն մարդու աշխատանքով չէր ապահովվում, այլև ձևավորել էր մարդու և կենդանու համագործակցության կայուն համակարգ։
Արցախյան անասնապահական ավանդույթներում մեծ նշանակություն ուներ հովվի շունը, հատկապես գամփռ տեսակը, որը կոչվում էր չուբանու շօն։
Շունը հովվի «անբաժան ընկերն» էր, ուղեկիցը։ Նրա առկայությունը պայմանավորված էր հոտը գողերից և գիշատիչներից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Անասնապահական ավանդույթն Արցախում ներառել է նաև հատուկ նշանակությամբ կենդանու ընտրություն և տեղայնացված տեսակների գնահատում։
ՀՈՎՎԻ ԿԵՐՊԱՐԸ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Չօբանը հաճախ է հանդիպում արցախյան բանահյուսության մեջ, հատկապես հեքիաթներում։ Նա հանդես է գալիս հարաբերությունների լայն շրջանակում՝ տիրոջ, նրա ընտանիքի անդամների, ժողովրդի ներկայացուցիչների, անցորդների, թագավորի, թագաժառանգի, պալատականների հետ։ Այս պատումներում հովիվը հիմնականում ներկայացվում է որպես. • ազնիվ,
• աշխատասեր,
• հնազանդ,
• երբեմն նաև իմաստուն և ճարպիկ։
Թեև երբեմն հանդիպում են նաև չար, խարդախ կամ խորամանկ հովիվների կերպարներ, գերակշռողը դրական գնահատականն է։ Հատկանշելի է, որ հովիվը ժողովրդական գիտակցության մեջ եղել է ոչ թե ստորադաս, այլ բարոյականորեն նշանակալի կերպար։
Բարբառում նրանից կազմվել են նաև նոր բառեր՝
• չըբունվաչի / չըբունվարի / չօբանի / չօբանհէսաբի — չոբանի նման, նաև անտաշորեն, գռեհկաբար,
• չըբունօթուն — հովվություն, նաև անտաշություն, գռեհկություն։
Այս երկիմաստությունները ցույց են տալիս, որ հովվի կերպարը լեզվում ունեցել է և՛ մասնագիտական, և՛ փոխաբերական շերտեր։

Արցախի ավանդական անասնապահական մշակույթում ընտանի կենդանին ընկալվում էր որպես օջախի, աշխատանքի և բարոյական հարաբերությունների կարևոր մաս։ Այդ համակարգում հատկապես առանձնանում են կովը և էշը՝ որպես գյուղական կյանքի ամենօրյա ուղեկիցներ, իսկ կենդանիների նկատմամբ վերաբերմունքը կառուցված էր խնամքի, ընտելացվածության և օգտակարության փոխադարձ կապի վրա։
Անասնապահության բարոյական հիմքը
Արցախի անասնապահության ավանդույթների առանցքային սկզբունքներից մեկն այն էր, որ ընտանի կենդանուն չեն ծեծում։ Սա ներկայացված է ոչ միայն որպես կենցաղային կանոն, այլև որպես բարոյական պատվիրան։ Մարդու և անասունի կապը հիմնված էր վստահության, ընտելացնելու և հոգատարության վրա. կենդանուց օգուտ ստանալու համար նրան պետք չէր ահաբեկել, այլ պետք էր խնամել։ Այս վերաբերմունքը տարածվում էր թե՛ աշխատանքի մեջ օգտագործվող, թե՛ մթերատու կենդանիների վրա։
ԿՈՎԸ ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԵՆՑԱՂՈՒՄ
Կովը ընտանիքի համար ամենահարգի կենդանիներից մեկն էր, նույնիսկ ընտանիքի երկրորդ մայրը։ Արցախի բոլոր բնակավայրերում հիմնականում տարածված են եղել կովկասյան գորշ տավարի ցեղի կովերը, որոնք լավ հարմարված էին տեղի բնակլիմայական պայմաններին, աչքի էին ընկնում դիմացկունությամբ, հիվանդությունների հանդեպ ցածր ընկալունակությամբ։
Լեռնային արոտներն արդյունավետ օգտագործելու հնարավորություններն էին նաև նպաստում դրան։
Տարվա մեծ մասը կովերը սնվում էին արոտի հաշվին, իսկ անբարենպաստ եղանակներին պահվում էին գոմերում և կերակրվում չոր խոտով ու խտացրած կերերով։
Կովի անվանումների և տարիքային տարբերակների բարբառային հարուստ համակարգը ցույց է տալիս, թե որքան արմատավորված էր այդ կենդանու տեղը ժողովրդի կյանքում։
Արուն կոչվում էր քյալլա կամ բուղա, երեք տարեկան արուն՝ ա̈չա̈ռ(նը), էգը՝ կավ, երեք տարեկան էգը՝ հէրէնջ, ձագը՝ դանա, երկու տարեկան հորթը՝ մօզի, կաթը ցամաքած կովը՝ մըզյամար ։
Այս ամբողջ անվանաբանական շերտը վկայում է, որ կովաբուծությունը կենցաղի կազմակերպված և փորձառությամբ հաստատված ոլորտ էր։
Կովը կթում էին օրական երկու անգամ՝ առավոտյան մինչև արոտ տանելը և երեկոյան արոտից վերադառնալուց հետո։ Կաթի մի մասը հատուկ թողնում էին հորթի համար։ Կովի կաթն ու միսը լայնորեն օգտագործվում էին սննդակարգում, իսկ կաշին՝ տնայնագործության մեջ։
Կովին սովորաբար չէին մորթում, այլ վաճառում էին մսագործներին, դա ևս վկայում է նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։
Կովի նկատմամբ վերաբերմունքը եղել է ոչ միայն գործնական, այլև հուզական։ Երբ կովը երեկոյան տուն էր վերադառնում, տան մուտքի մոտ բառաչում էր, և տանտիրուհին ընդառաջ էր գնում, ձայն տալիս, սիրալիր կանչում։ Նրան աղ էին տալիս, ջուր հրամցնում, երբեմն նաև հաց։ Կար հավատալիք, որ կովի նկատմամբ ցուցաբերած սերը «սէր ա պիրում», այսինքն՝ նպաստում է կաթի լավ և սերուցքառատ լինելուն։
Կովին ծեծել չէր կարելի, իսկ հիվանդ ժամանակ պետք էր հոգատար լինել թե՛ նրա, թե՛ հորթի նկատմամբ։ Ամենօրյա խնամքի մեջ մտնում էին կուրծքը լվանալը, մեջքը և շեքամեջը քորելը, աչքերը տրորելը։
ԷՇԸ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԿԵՆՑԱՂՈՒՄ Արցախցու կենցաղում իր առանձնանշված տեղն ու դերն ունի էշը: Արցախում էշը եղել է գյուղացու կենցաղի անբաժան մասն ու ամենահին, ամենատարածված բանողներից մեկը։ Նրա նշանակությունն առանձնապես մեծ էր լեռնային շրջաններում, որտեղ էշը կարողանում էր նեղ, քարքարոտ, զառիվեր ու զառիվայր արահետներով տեղափոխել թե՛ բեռներ, թե՛ մարդկանց։ Դրա համար գրեթե յուրաքանչյուր գյուղական ընտանիք ունեցել է մեկ կամ ավելի էշ։ Էշի միջին բեռնատարողությունը նշված է շուրջ 100 կգ, իսկ երկարակեցությունը՝ 20–30 տարի։ Հեծնելու և բարձելու լավագույն տարիքը համարվել է 4 տարեկանից մինչև 15-ը։
Էշի համար ևս եղել է անվանաբանական տարբերակում. արուն՝ վըէրց էշ, էգը՝ քած էշ, ձագը՝ էշու քօռակ կամ իշըքօռակ։
Ըստ գույնի՝ տրվել են տարբեր անուններ, իսկ առավել խոշոր տեսակը կոչվել է հա̈մա̈դա̈ն։
Էշին քշելու, կանգնեցնելու, ուղղությունը փոխելու և մոտ կանչելու հատուկ ձայնարկություններ են գործածվել(թօ՛քըշ-կանգնի՛ր, չո՛ւ-գնա, չո՛ւ յէք-մոտեցի՛ր, չո՛ւ շօռ տօ- շրջվի՛ր), ինչը վկայում է կենդանու հետ ամենօրյա հաղորդակցության կայուն մշակույթի մասին։
Էշի մեջքին բեռ դնելու կամ հեծնելու համար օգտագործում էին փալան, իսկ սմբակները պահպանելու համար ոտքերին նալ էին խփում։ Հարթավայրերում էշը երբեմն լծում էին նաև սայլին՝ իշըըրբային, բայց գութանին կամ արորին սովորաբար չէին լծում։
Էշը կերակրման մեջ մեծ խնամք չէր պահանջում և հաճախ բավարարվում էր մյուս անասունների կերի մնացորդով, ինչն էլ նրան դարձնում էր տնտեսապես շահավետ կենդանի։
Նրա հանդեպ վերաբերմունքը նույնպես կառուցված էր հոգատարության վրա։ Հատկանշելի է, որ էշին չեն ծանրաբեռնում, բռնությամբ չեն վարվում, հետևում են նրա <<տրամադրությանը>>։ Բեռնաթափելուց հետո վրայից հանում էին փալանը և ծածկում տաք, փափուկ շորով, որովհետև «էշը մաշկան կըմըրսէ»։ Էշի տրամադրությունը բարձրացնելու համար շփում էին ներքին ծնոտի վերևի փոսը, քորում էին պոչը, տրորում ականջներն ու աչքերը։ Այս մանրամասները ցույց են տալիս, որ կենդանու աշխատանքի արդյունավետությունը կապվում էր նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակի հետ։
Էշը բանահյուսության մեջ և բարբառում հետաքրքրական նկարագիր ունի։ Նա հանդես է գալիս որպես աշխատասեր, խոնարհ, բայց նաև երբեմն հիմար կամ կամակոր կերպար։ Նրա անվան շուրջ ձևավորվել են բազմաթիվ բառեր, դարձվածքներ, առածներ։ Էշ-ը իբրև բառային միավոր, բազմիմաստ է.
1.Նախ՝ կենդանուն է. Էշը զըռռալավ հընգէր կըքըթէնա/Էշը զռռալով իր ընկերոջը կգտնի:
2.Էշ-փոխաբերաբար նշանակում է՝ գութանի մաս՝ հաստ, երկար ու ծուռ գերանը. ինչպես՝ Կյութանէն էշը ճըղպօրէ բիդի, վէր տէմ կըէնա/ Գութանի գերանը ընկուզենուց պիտի, որ դիմանա:
4.Էշ անվանում են նաև լարավոր նվագարանի լարերի հենարանը. Սազէն էշը կօտըրվալ ա/ Սազի լարերի հենարանը կոտրվել է /:
- Խաղի վեգի հարթ ու լայն կողմը նույնպես փոխաբերաբար էշ են անվանում:
5.Ինչպես նաև նարդու, դոմինոյի խաղերի ժամանակ երկու խորանարդիկի բարձրագույն նիշերի մեկտեղումը էշ է անվանվում. օրինակ՝ Էլհա էշը քյէզ ա ընգալ. նկատի ունի 6+6 նիշերը:
Իմաստային այս ծավալումներից զատ՝ էշ-ի բնութագրումը արցախյան բանագիտության մեջ և մեր ընկալումներում հետաքրքրական է, այն երկբևեռ է. մի կողմից՝ էշը աշխատասեր, համառ, բարի ու անվտանգ կենդանի է, մյուս կողմից՝ հիմար ու գռեհիկ:
Առած-ասացվածքներում, դարձվածքներում այդ երկու կողմերն էլ հստակ տարորոշված են.
Այսպես՝ Էշը անէ, ծին օտէ/Էշն անի, ձին ուտի/: Էշը հիշքան տանում ա, պէռնում ըն/Էշը ինչքան տանում է, բարձում են/: Էշան քյամբախտ պէն չըկա. մին հա̈ր օնէ՝ էշ, մին մար օնէ՝ էշ/Էշից անբախտ կենդանի չկա. մի հայր ունի՝ էշ, մի մայր ունի՝ էշ/: Էշու նըման կօրծ անէլ/Էշի չափ աշախատել/յ- չաչարվել, տանջվել նշանակություններով:
Իսկ՝ Էշը վէր մարթին մաչին էլ չինի, կյինը հազար մանէթ կընի/ Եթե մարդկանց շարքում էշ չլինի, էշի գինը հազար դոլար կլինի: էշու կըլօ̈խ/էշի գլուխ/, էշու օրում/ էշի պես/, էշու տըէղ տինիլյ / էշի տեղ դնել/ դարձվածքներում ակնարկվում է անհասկացողությունն ու հիմարությունը:
Էշ-ով բաղադրված արտահայտությունների, էշը հերոս ունեցող առած- ասացվածքների թիվը Արցախի բարբառում անցնում է հարյուրից:
Ու սա փաստում է այդ կենդանու նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի մասին, որը թեև հակասական, բայց անկեղծ ու մտերիմ է: Էշ ինիլը վէչինչ, թաքյի իշօթուն չանիս: / Էշ լինելը ոչինչ, միայն թե էշություն չանես:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՁԱՅՆԵՐԸ
Կավը պըռանչում ա,
Ցուլը բըղղամ ա,
Էծը մըկըկամ ա,
ՎըԷխճարը բա յա անում,
Ծին խըրխընջամ ա,
Կյումաշը տըռընգամ ա,
Օղտը բըլբըլցնում ա,
Էշը զըռռամ ա, քըռընգօտում ա (քուռակին է կանչում),
Խոզը բըխկբըխկամ ա, խըռխըռամ ա, խըզխըզամ ա,
Կյուլը աու յա անում,
Արչը մըռթմըռթամ ա,
Շօնը հա̈չում ա,
Կատուն մըլավում ա,
Օխծը փըշշըցընում ա, վըշշըցընում ա,
Կյէռթնուկը ղօրտ-ղօրտ ա անում,
Ղազը ղա յա անում,
Միսիրհավը կավ-կավ ա անում,
Ճօտը ծըվվամ ա,
Ճօտէրը վիճի-վիճի յըն անում,
Հավը կըչկըչամ ա,
Վըէրցակը կանչում ա,
Ծըէտը ծըլվըլամ ա,
Քաշը կըռռամ ա,
Կաքավը կա-կա-կա յա անում (կաքավում ա),
Չա̈րդը չըրթչըրամ ա,
Քըչէղակը չըռչըռամ ա,
Կօկօռը կուռ-կուռ ա անում,
Միրհավը ծըկըլթամ ա,
Յըղօնէգյը ղուն-ղուն ա անում,
Ջիջին ջի-ջի յա անում,
Ճա̈նջը տըզզամ ա,
Մըղըրաճա̈նջը բըզզամ ա,
Ղըզզանը ղըզզամ ա,
Պըզզանը պըզզամ ա,
Թիթեռը թըռթըռամ ա,
Թուխսըկանը կըրթկըրթամ ա և այլն։
ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՉԻ ՁԵՎԵՐԸ
Ձին քշելիս դա հա՜, հա՜յ դա, դա՜, ծի հէ՜։
Կանգնեցնելիս պո՜ւշշ, պո՜ւշշ։
Կանչելիս ծի յէ՜կ, դա յէ՜կ, յէկօ՜, յէկ հա՜։
Կովին քշելիս հօ՜, հօ՜ (տրվում է անունը), հօ՜ Մաթէգյ ։
Կանչելիս հօ յէ՜կ, կավ յէ՜կ, փուշէ՜, փուշէ՜։
Հորթին քշելիս բիժի, բիժի հէ՜, դանա հէ՜։
Կանչելիս հածծ է՜, բիժօ (հաց եմ տալիս, յէ՛կ բիժօ)։ Բիժի յէ՛կ։
Եզանը քշելիս հօ՜, հօ՜, ծէրան հօ՜, ա տավար քյինի։
Կանչելիս՝ հօ՜, յէ՜կ, ծէրան յէ՜կ։
Կանգնեցնելիս հօ՜-հա՜։
Լծելիս փո̈ւշո̈ւմ, փո̈ւշո̈ւմ, փո̈ւշո̈ւմ ա ջանէ, ծէ՛րան։
Միաժամանակ հանգիստ փաղաքշում են աչքերը, ականջից բռնում քնքշորեն և անում լծի տակ, ասելով՝ յէ՛կ, ծէ՛րան։
Հետ տանելիս ի՜շշ, ի՜շշ (թեթևակի հրում են դեպի ետ, հարկ եղած դեպքում բռնում ականջից)։ Ի՜շշ ըրա, յէտ տար։
էշին քշելիս չո՜ւ, էշ չո՜ւ։
Կանգնեցնելիս թօղքը՜շ (թող գնալը)։ Կանչելիս թօշ յէ՜կ (թօշի յէկ)։
Խոզին կանչելիս խօզ-խօզ-խօզ, լըկ-լըկ-լըկ (լակի հրավեր)։
Քշելիս խօզ հէ՜։
Գօմեշին կանչելիս ա՛ կյումաշ, յէ՛կ, յէ՛կ հօ՜, հօ ՜ յէկ։
Քշելիս (նաև՝ կանչելիս) փու յէ՜։
Կանգնեցնելիս հօ՜-հա՜։
Շանը քշելիս ա՛ շօն, ա՛ շօն կօրէ։
Կանչելիս քո՛ւչի, քո՛ւչի, թո՛ւլա, թո՛ւլա։
Որսի մղելիս վըէտ-վըէտ-վըէտ (հոտ բառն է)։
Կծելուն մղելիս քըս-քըս-քըս։ Ա՛ շօն հըսէր (կըծ-կըծ-կըծ)։
Ոչխարը քշելիս քըսսս, քըսսէ, կըռռհէ, վըէխճար հէ։
Կանչելիս գըդի, գըդի, գըդի (կիտի, արմատն է՝ կըտ)։
Գառանը կանչելիս բո՜ւ-բո՜ւ-բո՜ւ (ջուր), խը՜տ-խյը՜տ-խը՜տ (խոտ)։
Խըտ-խըտ ըրա՝ կյառնը կյա։
Այծը քշելիս՝ էծ հէ՜, հէ՜։
Կանչելիս՝ էծ յէ՜կ, էծ յէ՜կ։
Ուլին քշելիս հօ̈լ հէ՜, հէ՜։
Կանչելիս հօ̈լիկ, հօ̈լիկ, հօ̈լիկ։
Կատվին կանչելիս փիսի՜, փիսի՜, փիսօ՜, փիսօ՜, փիսի՜կ, փիսի՜կ։
Քշելիս՝ ա՛թէթ, ա՛թէթ կօրէր, թէ՛թ։
Հավերին քշելիս քի՜շ, քի՜շ, քշա՜ (քիշ հավ), չի՜շ։
Կանչելիս ճո̈՜ւ-ճո՜̈ւ-ճո̈՜ւ, կըտ-կըտ-կըտ (կուտ), հավ-հավ– հավ։
Ճտերին կանչելիս՝ ծիպա՜-ծիպա՜-ծիպա՜, քըցո՜ւ-քըցո՜ւ-քըցո՜ւ, ծի՜պ-ծի՜պ-ծի՜պ։
Հնդկահավին քշելիս դո̈ւդո̈ւ հէ՜։
Կանչելիս դո̈՜ւ-դո՜̈ւ-դո̈՜ւ։
Բազեներին քշելիս վի հա՜, վի հա՜։
Թռչուններին, մանր կենդանիներին քշելիս փի՜շտ, փի՜շտ (միաժամանակ ծափ են զարկում)։
Հըռռ-հըռռ բացականչություն, որով խոյին և ցուլին մղում են մերձենալու էգի հետ։
Կո՜ւռռ․ այս ձայնարկությամբ անասուններին մղում են ջուր խմելու։

Արցախի ժողովրդական անասնապահական գիտելիքների մեջ կարևոր տեղ են ունեցել անասունների հիվանդությունների ճանաչումը, դրանց ախտանշանների տարբերակումը, կենդանիների մեկուսացման, ժողովրդական բուժման միջոցները։ Հիվանդությունների մասին պահպանված տեղեկությունները ցույց են տալիս, որ ժողովրդական փորձը միավորում էր գործնական բուժամիջոցները, կենցաղային կանխարգելումը և սրբավայրերի զորությանը դիմելու հավատալիքային պատկերացումները։
ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ՝
1․Դաբաղը խոշոր եղջերավոր անասունների վարակիչ հիվանդություն է, որը հատկապես բնորոշվում է բերանի և կճղակների արանքն ու շուրջը ախտահարելով։ Ժողովուրդը տարբերում էր հետևյալ ախտանշանները․ • անասունների բերանում և կճղակների արանքում ու շուրջը բշտիկներ են առաջանում,
• բերանից հորդ լորձունք է հոսում,
• որոշ դեպքերում կճղակները փտում ու թափվում են,
• կենդանին չի կարողանում ուտել, հատկապես կոշտ կեր,
• նաև չի կարողանում քայլել։
Հիվանդության տևողությունը
Նշվում է, որ հիվանդությունը կարող էր տևել մինչև երկու ամիս։
Ժողովրդական բուժման միջոցները
Կիրառվել են հետևյալ միջոցները.
Վարակված կենդանուն անմիջապես մեկուսացնում էին։
Կճղակների արանքը և շուրջը շիկացած շամփուրով դաղում էին։
Ոտքերը մաքուր լվանալուց հետո կճղակների արանքը և բշտիկների վրա քսում էին կաղնե փայտի մոխրաջրի մեջ լուծված կավ և ցանում պղնձարջասպի փոշի։
Երբ վերքերը սկսում էին լավանալ, դրանց վրա ցանում էին այրած շիբի փոշի։
Անասունին կերակրում էին աղացած գարու թթվածքով, խմեցնում էին թան ու շըմաթ։
Երբեմն վարակված կենդանիներին քշում էին սրբավայրեր՝ դիմելով դրանց զորությանը։
Բայց և պատահում էր, որ այս միջոցները հաճախ չէին օգնում, և կենդանին սատկում էր։ Սատկելուց անմիջապես հետո մարմինը վառում էին կամ թաղում։ Հատկանշական է նաև, որ երբեմն դաբաղով հիվանդ անասուններից վարակվում և հիվանդանում էին նաև մարդիկ։
2. Չա̈ռ / Չօռ / Խըռօկ / Ղըրղըն․ այս անուններով կոչվել է խոշոր եղջերավոր անասունների վարակիչ մահացու հիվանդությունը։
Ժողովուրդը տարբերում էր հետևյալ ախտանշանները․
• կոկորդը ու լեզուն ուռչում են,
• ականջները կախվում են,
• աչքերից արտասուք է հոսում,
• քթից և բերանից լորձունք է գալիս,
• անասունը դադարում է արածելուց,
• հաճախ իր շուրջը պտտվում է,
• հետո ընկնում է և այլևս չի կարողանում կանգնել։
Ժողովրդական բուժման միջոցները
1․Վարակված կենդանուն անմիջապես մեկուսացնում էին,
2․Կերակրում էին ալյուրի և թեփի եփուկով,
3․Ապուռի/կերակուրի/ մեջ խառնում էին քիչ ծծումբ,
4․Դիմում էին սրբավայրերի, հատկապես սրբացված աղբյուրների զորությանը։
Այդ միջոցները հազվադեպ էին արդյունք տալիս, և կենդանին հիմնականում 3–5 օր հետո սատկում էր։ Սատկելուց հետո մարմինը պարտադիր վառում էին։
Ժողովուրդ այն համոզումն ուներ, որ եթե կենդանին բուժվում էր այս հիվանդությունից, այլևս որևէ հիվանդությամբ չէր վարակվում։
Հիվանդության մասին պահպանված հիշողությունները հաստատում են, որ նախկինում մարդիկ նույնպես հիվանդանում էին չառով, և այդ մասին հիշեցնում են մինչ այսօր պահպանված անեծքները․
Չա̈ռը/խըռօկը պըկէտ/լո̈ւզվիտ վէր կյա,
Չա̈ռը/խըռօկը պըկատ կըէնա,
Չա̈ռը/խըռօկը օնէ քյըզ/ծըէզ։
Իսկ այն մարդուն, որ անընդհատ անհանգստացնում է, նեղում է և նրանից չես կարողանում ազատվել, այդպիսի մարդուն ասում են՝ հանց ա չա̈ռ ինի կամ չա̈ռու նըման նըէստա յա կացալ, պուք չի կյամ։ Իսկ չօռ տարբերակը դարձել է նաև ձայնարկություն՝ հանդիմանական, սաստող, դժգոհության, երբեմն նաև զահուրմար-ի հետ հարադրությամբ է նույն նշանակությամբ գործածվում՝ չօ՛ռ ու զա̈հի՛րմար․․․․
3․ Քյօթմիշ ․ անասունների, հատկապես խոշոր եղջերավորների հիվանդություն է, որը հիմնականում լինում է գարնանը։
Ժողովուրդը նշում է , որ այն առաջանում է, երբ անասունները չափից ավելի ուտում են ցողով(շաղավ) պատված կանաչ խոտ, հատկապես՝ ղըլղան։ Ախտանշանները
•բքնվածություն,
• ուռած փոր։
Եթե միջոցներ չեն ձեռնարկվում, կենդանին սատկում է։
Ժողովրդական բուժման միջոցները
Անասունին անհապաղ խմեցնում էին մինչև 0,5 լ մեքենայի քսայուղ։
Երբեմն տալիս էին նաև աղաջուր։
Երկու ծնոտների արանքում կլոր փայտի կտոր էին տեղադրում և կապում, որպեսզի բերանը բաց մնա։
Այնուհետև ճիպոտով հարվածելով ստիպում էին, որ հնարավորինս երկար վազի։
Եթե այս միջոցը չէր օգնում, փորը հերյունով ծակում էին, որպեսզի գազերը դուրս գան։
Ծայրահեղ դեպքում անասունին մորթում էին։
Իրականում քյօթմիշը դիտվել է որպես անհապաղ միջամտություն պահանջող վտանգավոր վիճակ։
4․ Ազարը նշանակում է համաճարակ, հիվանդություն, բայց հատկապես այսպես են կոչել հավերի մեջ տարածվող հիվանդությունը։
Տարածման ժամանակը․ հիմնականում լինում է շոգ եղանակներին, սովորաբար հուլիս–օգոստոս ամիսներին։
Ախտանշանները
• հավերը հրաժարվում են կերից և ջրից,
• մի քանի օր անց կատարը սևանում է,
• մարմինը դառնում է կապտագույն։
Ժողովրդական բուժման միջոցները
1․ Հիվանդ հավերին կերակրում էին սխտոր խառնած մածունով,
2․ Ջրի մեջ լցնում էին փայտածուխի մանրուք։
Այդ միջոցները երբեմն մեծ արդյունք չէին տալիս, և հաճախ հավերը սատկում էին։ Սովորաբար, մինչև հիվանդությունը լայն տարածում կստանար, թռչուններին մորթում էին և միսը օգտագործում։
Ազար բաղադրիչով կազմված բառամիավորներ են․
• _ազառու _— հիվանդ,
• ազառ(լա)միշ ինիլ — հիվանդանալ,
• ազար-բէզար — ցավ, փորձանք, աղետ։
Դարձվածքներ․
• ազար ըղնէլ — համաճարակը տարածվել,
• ազարը պըկան կէնալ / փըռնէլ / նի օնէլ — համաճարակով հիվանդանալ,
• _ազարը տանէլ _— համաճարակից սատկել կամ մեռնել,
• ըզարան ընգած հավ — խեղճ, անճարակ մարդ։
Անեծքներ
• Ազարը տանէ / փըռնէ քյըէզ / ծըէզ։
• Ազարը պըկատ կէնա։
• Ըզարան ըղնիս։
6. Ա̈րո̈ւն պէց թօղ(ն)էլ․ սա հիվանդության անուն չէ, այլ բուժական միջոց, որը կիրառվել է անասունների որոշ հիվանդությունների դեմ։
Միջոցի էությունը
• ականջի կամ մարմնի այլ մասի երակը թեթևակի կտրում էին,
• թողնում էին, որ քիչ քանակությամբ արյուն հոսի։
Նախկինում նույն եղանակը կիրառվել է նաև մարդկանց հիվանդությունների դեպքում։ Այդ նպատակով դիմել են տեղական վարսավիրներին՝ դա̈լլա̈քներին։ Վերջիններս սուր ածելիով հիվանդի մարմնի որոշ մասի, հատկապես թիկունքի վրա, կտրվածք էին անում և որոշ ժամանակ անց դադարեցնում արյունահոսությունը։
Բանահյուսության մեջ այս իրողությունը վկայված է դարձվածքով․ ա̈րո̈ւն պէց թուղէլի դամար չօնէ, որը նշանակում է՝ շատ վտիտ է, հյուծված։
Անասնապահության մշակույթը Արցախում
Արցախում անասնապահական մշակույթը ձևավորվել է որպես կենցաղի, տնտեսության և լեզվամտածողության ամբողջական համակարգ և պահպանվել է թե՛ որպես տնտեսական գործունեություն, թե՛ որպես հիշողություն, սովորույթ և ինքնության լեզվական արտահայտություն։
Անասունը ոչ միայն ապրուստի միջոց էր, այլև օջախի, ունեցվածքի ու բարոյական վերաբերմունքի կարևոր մաս։
Անասունների խնամքի ձևերը, կերակրման կարգը, ժողովրդական բուժամիջոցները ցույց են տալիս, որ անասնապահությունը խորապես ներթափանցած էր առօրյա կյանքի, խոսքի և համայնքային փորձառության մեջ։
Ղարաբաղի բարբառում բառապաշարի այդ շերտը պարզապես կենցաղային բառերի հավաքածու չէ։ Այդ միավորներով բացահայտվում են անասնապահական կենցաղի հետաքրքիր մանրամասներ, նաև այն վերաբերմունքը, որով մարդը հարաբերվել է կենդանուն։
Արցախի բարբառում բառավորված է ամբողջ կենսափորձը։