Եղանը երկու կամ ավելի մատներով գյուղատնտեսական գործիք է, որով խոտ են տեղափոխում կամ կալը շրջում։ Արցախի բարբառում այս գործիքը ունի մի շարք անվանումներ՝ յըղօլէ / յըղօլի / յըղօյի, վիլկա, յաբա, իլգյիշտ/իլկյիշտ/իրգյիշտ, քըմէլի, բառֆիգ, քառէշտ, դըվադար։
1,5-2մ երկարությամբ կոթով և 30-50սմ երկարությամբ երկու (երբեմն՝ երեք) ճյուղերից կազմված ամբողջական փայտից պատրաստած երկրագործական գործիք՝ եղան, որ լայնորեն գործածում են հնձած խոտը, խրձերը, ցախը ևն հավաքելու, շրջելու, բարձրացնելու, դիզելու ևն համար:
Սովորաբար պատրաստում են ամուր բնափայտ ունեցող ծառատեսակների (ճապկէ, հացցէ, պըռըշնէ ևն) ուղիղ և ծայրը ճյուղավորված դալար ճյուղերից: Նախ կտրում են ճյուղը, մաքրում ավելորդ մասերից, ճյուղերը անհրաժեշտ հեռավորությամբ իրար ագուցում և թոնրում կամ դրսում վառած կրակի բոցերի վրա խանձում մինչև կեղևի վառվելը, որից հետո սեղմելով ու ձգելով ուղղում ծուռ մասերը և մի քանի տեղից կապում որևէ գերանի, սյան, սանդուղքի ևն:
Մի քանի օրից հետո մաքրում են կեղևն ու ոստերը, անհրաժեշտ երկարությամբ ծայրերը կտրում և տաշելով դարձնում սրածայր: Երբեմն չմաշելու նպատակով ճյուղերի ծայրերին այծի եղջյուրներ են հագցնում: Գյուղատնտեսության մեջ լայնորեն գործածում են նաև փայտե կոթով երկաթե եղանները (վիլկա):
Բարբառում կա յըղօլավ ճուր / թան խմել արտահայտությունը, որը նշանակում է «իրարից խռով լինել, թշնամանալ»։
Վիլկա բառը փոխառություն է ռուսերեն вила՝ «եղան» ձևից։ Հայերենի տարբեր բարբառներում հանդիպում են նաև վիլ, վիլգի, վիլկ, վիլկի և այլ տարբերակներ։
Յաբա բառը փոխառություն է և նշանակում է երկժանի կամ երկմատնանի փայտե եղան։ Դրանից կազմվել է նաև յըբաթակ / ըրբաթակ ձևը՝ «յաբայով թակված, ծեծված» նշանակությամբ, յըբըհարել (եղանով հրել) իմաստով։
Քըմէլի նշանակում է երեք կամ չորս մատնանի եղան, որով թեղը քամուն են տալիս։ Բառը կապվում է «քամի» և «քամել» իմաստային դաշտի հետ։
Հաչա և չաթալ
Հաչա և չաթալ բառերը Արցախի բարբառում «եղան» նշանակությամբ գրեթե չեն գործածվում, սակայն գործածվում են այլ իմաստներով։
Հաչա կամ խէչակ․ նշանակում է երկճյուղ ցից, ծառի երկու ճյուղերի միացման տեղ կամ երկու մասի բաժանված առարկա։ Ունի նաև ծառի երկու ճյուղերի միացման տեղը և երկու մասի բաժանված, երկճյուղ իմաստները:
Հաչա բաղադրիչով է կազմված հաչալըղ (ճանապարհների հատման տեղը` խաչմերուկ), հըչըհաչա (երկու ճյուղի՝ մասի բաժանված (շատերի մասին) բառերը և հաչա անէլ (1.հեգն. սեռական հարաբերություն ունենալ (տղամարդու մասին), 2.խիստ պատժել) դարձվածը:
«Եղան» նշանակությունը կարող էր առաջանալ երկճյուղ ցիցի՝ որպես եղան գործածվելու հիմքով։
Չաթալ բառը նշանակում է երկճյուղ, ծայրը երկու մասի բաժանված առարկա։ Բարբառում կա նաև չաթալ-չաթալ անել արտահայտությունը՝ «իրար միացնել» նշանակությամբ։
Քառէշտ բառը գործածվում էր Արցախի Մարաղա գյուղի խոսվածքում՝ քա ̈ռէ՛շտ հնչաձևով։ Կազմված է բնիկ հայերեն քառ և -իշտ (–ե (է)շտ) ձևույթներից։
Մուղան
Այս գործիքը 50-60սմ երկարությամբ, 25-30սմ լայնությամբ և 2-3սմ հաստությամբ տախտակի կտորից ու նրա կենտրոնական մասում բացված անցքի մեջ հագցված մինչև 2մ երկարությամբ փայտե ձողից է կազմված:
Մուղանը հատկապես օգտագործում էին կալատեղերում` կալսված զանգվածը ժողովելու (մուղանէլ), ինչպես նաև վերջում մնացած ծղոտը հրելով կալատեղերին կից կառուցված մարագը (մարաքյ) լցնելու համար: Ղարաբաղի բարբառում մուղան նշանակում է նաև լեռների արանքում գտնվող տարածություն: