
Ժողովրդական բժշկարան
Թեմաներ

Մարմնական ցավը մարդու և բնության ներդաշնակության խաթարում է , իսկ բուժումը՝ այդ խախտված կապը վերականգնելու ծիսական փորձ։ Այս խորհուրդները բնության ուժերը մարմնի մեջ վերադարձնելու խորհրդանշական ճանապարհ են։
1․Մկանային վնասվածքի դեպքում «Մըսէն ճըճէխածը ճըճէխած մըէսը կըսըղըցընէ»։ Հում միսը ծեծում և դնում են ցավոտ տեղի վրա կապում։ Ակացիայի ծաղիկները խառնել մի բաժակ նավթի մեջ (որքան հնարավոր է շատ), պահել քառասուն օր և յուղանման նյութը քսել մարմնի ցավոտ տեղը։
2․Ողնաշարային, մկանային ցավերը բուժվում էին արջի թարմ ու հալած յուղով (ճարպ)։ Նրանով նաև մերսում էին տաք վիճակում։
3․Ոտքերի չոր ցավերից խուսափելու համար հաճախակի լոգանք ընդունել կաղնու և ուռենու կեղևով եռացրած ջրով։
4․Գոտկատեղի ցավերի համար վերցնել երկու ձվի կճեպ, լուծել 200 գր. թունդ քացախի մեջ, նրան խառնել 200 գր հալած խոզի յուղ, գիշերները դնել գոտկատեղին։
Գոտկացավի դեպքում պինջիրաթակ անէլյ /եղինջաբուժում/։ Փշավոր եղինջով ծեծել գոտկատեղն այնքան, մինչև մաշկը ծածկվի կարմիր փուքերով։ Երեք օրում կրկնել վեց անգամ։ Նույն ժամանակաընթացքում եղինջ ուտել, լավ է` հում ծամել, խմել եղինջաջուր և տաք եղինջաջրով մերսել։
5․Ոտքերի չոր ցավը կանցնի, եթե կարողանաս գարնանը, ապրիլ և մայիս ամիսներին, առավոտ վաղ՝ մինչև արևագալը, մերկ ոտքերով շրջել խոտերի մեջ՝ մինչև ծնկները շաղոտելով, 15-20 րոպե տևողությամբ։
6․Մարմնի ցավոտ տեղը բուժելու համար մի բաժակ թունդ գինու քացախը, մի բաժակ հալած խոզի յուղը, երեք ձվի կճեպը եփել եւ դնել մարմնի ցավոտ տեղի վրա։
7․Նյարդային ցավերի ժամանակ թարմ ադամարմատը քսել ցավոտ տեղը։

Որովայնը մարդու կենսագործունեության ներքին կարգի պահապանն է։ Այդ կարգի խախտումը վերականգնվում է զսպումով, մաքրումով, սննդակարգով և ծիսական միջամտությամբ։ Ժողովրդական պատկերացման մեջ փորացավը միայն մարմնական ցավ չէ, այլև ներսում առաջացած «անկարգություն», որը պետք է կարգի բերել թե՛ բնության բարիքներով, թե՛ բուժողի խոսքով ու ձեռքով։
1․Ստամոքսի գերթթվության դեպքում սովորություն դարձնել նրանից ազատվել փսխելու միջոցով։ Փսխում են մի քանի բաժակ տաք ջուր խմելուց 5-10 րոպե անց մատ տալու միջոցով։ Մեկ տարում 4-5 անգամ պետք է նույնը կրկնել, այնուհետև անհրաժեշտության դեպքում։ Երեք օր շարունակ կուլ տալ ձիթապտուղը կորիզով, օրական 4-5 հատ առավոտյան և կեսօրից հետո։ Հաճախակի օգտագործել թեյ կամ մաքուր աղբրաջուր` հենց ջրակնից։ Ուտել ծիրանի կորիզ (միջուկը)։
2․ Ստամոքսի եւ աղիքային հիվանդությունների դեպքում
ա) Սև մոշենու արմատը եփել եւ ջուրը խմել թեյի բաժակով օրական երեք անգամ ճաշից կես ժամ առաջ,
բ) եզան լեզվի հյութը խմել գինու բաժակով, օրական երեք անգամ, ճաշից կես ժամ առաջ, թարմ կամ եփած վիճակում, մինչև ցավերը չեզոքանալը։ Երաշ-խավորվում է խմել մեղրի հետ,
գ) կովի աղուզը (դալը) խմել օրը 2-3 անգամ թեյի բաժակով, տաս օր շարունակ, կթելուց անմիջապես հետո, տաք վիճակում (եփել չի կարելի),
դ) քըշէրու (կզաքիս) կամ ոզնու յուղը (հալած) օգտագործել ծեծած սխտորի եւ մեղրի հետ տաս օր տեւողությամբ, օրական երեք անգամ, ճաշից առաջ, հացի գդալով։ Միջուկը սարքել հավասար բաղադրամասերով,
ե) գազար ուտել կամ նրա հյութը խմել մեկ ամիս տևողությամբ։ «Թա օզումըս փօրումըտ ցավ չինի, հինչքան կարում ըս կյէզար կըէր ուռթունանց մինչէվ ո̈ւրո̈ւգյո̈ւն»։
զ) 10 գրամ ակնամոմը լուծել եռաքաշ թթօղու մեջ, պահել երեք օր, օգտագործել 20 կաթիլից, օրը երեք անգամ, ուտելուց առաջ:
3․ Ստամոքսի, աղիքների խոց և բորբոքում․ Երեք օր սնվել կանաչեղենով, որքան բազմազան, այնքան արդյունավետ՝ առանց աղ օգտագործելու։
4․Փորացավերի դեպքում ուտել կարմիր կարտոֆիլ կամ խմել նրա հյութը` ճաշից առաջ։
5․Փորհարինքի և փորլուծության ժամանակ
ա) փոխինձով եւ թթի դոշաբով պո̈ւտ սարքել ուտել, օրը չորս-հինգ անգամ, մինչև անցնելը(այս մասին տե՛ս Ավանդական ուտեստ բաժնում),
բ) քարամամուռը, նռան տտիպը եւ մեղրը միասին եփել եւ խմել,
գ) հոնի կորիզը աղալ և դոշաբով կամ մեղրով պո̈ւտ սարքել, ուտել մինչև հիվանդությունն անցնելը,
դ) աղած հոնի կորիզը խմել ջրով,
ե) նուռը ամբողջությամբ եփել հին գինու մեջ։ Օգտագործել օրը երեք անգամ` գինու բաժակով, եթե երեխա է՝ հացի գդալով։
6․ Սուր փորացավը՝ կօլէնջը յէտ անէլյը․ Որովայնացավը բուժելուց առաջ հիվանդին (երեխային) խմեցնում են մի բաժակ փունջ կամ մեղրաջուր օղիով, որին հաջորդում է բուժողի այս խոսքը.
էն սարէն պըտկէն մին ծառ կա,
Ծառէն յըրան մին հավ կա,
Անվըէննը վազ տամ,
Անկօռնը փըռնիմ,
Անկըրակ իփիմ,
Անկըէռէքյօտիմ։
Թա էս խօսքը սօտ ինի,
էս կօլէնջը յէտ ինի։
«Ասում ըն, պըրծնում, ծէռքէն քօղը իրէք խաչ անում, հանց քըշկըռում, վէր միհէտ ծիքյ տալյավ իրէքան էլ յէտ ինի։ Վէր յէտ չի ինում, ուրէմըս կօլէնջ չի»։
«Փուրացավն անցկըցընէլի հըէտէ ըստի էլ ընին․ խուխէն տըէղէն յըրա փըրսըվէր վէր քըցին, մաշկը մին լավ հըղլըղուրին, մըէծ-մըէծ կըճըմթուտին, յէտնան դալըղը փռնին։ Թա տըմացկան ա, մաշկը կօխ տան։ Փուրացավը հանց անց կէնար, հըէտն ու թէփուռը ըրվար վուչ»։

Շնչառությունը կյանքի «ներսուդուրսի» սահմանն է, որի խախտումը բուժվում է տաքացնող, զորացնող և մաքրող միջոցներով։ Մեղրը, օղին, յուղը, սխտորը, թթուն ու կաթը հանդես են գալիս ոչ միայն որպես դարման, այլև որպես մարմինը ներսից ամրացնելու և արտաքին հիվանդացնող ուժերից պաշտպանելու խորհրդանիշներ։
1․Սև թոքի հիվանդությունների դեպքում հասուն կծոխուրը խառնել մեղրի հետ այնպես, որ դառնա մեղրաթթու եւ օգտագործել մի շաբաթ, օրը երեք անգամ, թեյի բաժակով: Կազդուրիչ դեղամիջոց է։
2․Թոքերի (նաև` լյարդի /սև թոք/) հիվանդությունների ժամանակ ընկույզի զոզակը եռացնել թթի եռաքաշ օղու մեջ (տաս զոզակ -200 գր օղի հարաբերությամբ) եւ խմել հացից առաջ, 20 գրամ, օրը երեք անգամ։
3․Շնչուղային հիվանդությունների բուժման համար գործածում էին ոզնու կամ քըշէրու(կզաքիսի) յուղը։
4․Մկան միսը և էշի կաթը ամենահուսալի եւ տարածված միջոցն էին թոքախտի և շնչուղիների հիվանդությունների բուժման համար:
5․Ներքին հիվանդությունների համար. (թոքախտ, խոց, բորբոքումներ, հազ և այլն)․ հինգ գլուխ սոխը լավ ծեծել, խառնել մեկ թեյի բաժակ ոզնու, կզաքիսի կամ խոզի հալած փորայուղի հետ, ավլացնել մեկ թեյի բաժակ մեղր և գդալով հարել այնքան, որ դառնա միազանգված։
Այդ վիճակում պահել երեք օր։ Օգտագործել տասը օր, օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ, երեկոներին անմիջապես քնից առաջ։ Երաշխավորվում է այդ ընթացքում ամեն առավոտ վաղ ընդունել նաև մեկ գինու բաժակ էշի թարմ կաթ` կթելուց անմիջապես հետո, առանց եռացնելու:
6․Տաքության դեպքում մարմինը քացախ քսել եւ ուտել հոնաթթու:
7․Մրսածության դեպքում օգտագործել խնձորաթթու, ծոթրինի թեյ:
8․Նոր տարվա շեմին սխտորթակով սխտոր էին ծեծում և փոքր ափսեների մեջ դնում տան սեղաններին, պատուհաններին, մուտքերի մոտ, որ նոր տարում տնեցիները հարբուխով չվարակվեն։ Օրը մի քանի անգամ ձեռքերը, բերանն ու քիթը շփում էին եռաքաշ թթի օղիով։

Մաշկը մարմնի արտաքին սահմանն է, և վարակը կամ վնասվածքը դառնում է տեսանելի ու պահանջում մաքրում, քաշում, չորացում կամ փափկացում։ Բույսերը, ջուրը, մոխիրը, ձեթը, տզրուկը և լուսնի ընթացքը այստեղ գործում են որպես մարմնի մակերեսը բնության կարգին վերադարձնելու միջոցներ։
1․Մաշկային հիվանդություններից ազատվելու համար.
ա) ղըռօթնը (ղռոթն) եփել և նրա ջրով լողանալ` ամռան և աշնան ամիսներին,
բ) տասը օր շարունակ, յուրաքանչյուր անգամ 30-40 րոպե տևողությամբ նստել ուռենու տերևներով հագեցած եռացրած ջրի մեջ։
2․Թութքի դեպքում․
ա) վարդի (թփավարդ) կոկոնը ծեծել և դնել վրան,
բ) կտավատը և դդումի կորիզի միջուկը միասին ծեծել, լավ խառնել և դնել վրան, պահել 2-3 ժամ հաճախակի վիրակապը թարմացնելով,
գ) 3-5 օր օգտագործել դդում՝ կտավատի և մեղրի հետ, օրական երեք-չորս անգամ։ Այդ ընթացքում չօգտագործել կոշտ կերեր։ Սովորություն դարձնել օգտագործել միշտ միեւնույն ժամին։
3․Քորի դեպքում ղըռօթնը, մըռու եղինջը, ընկուզենու և ուռենու տերևները եռացնել ջրի մեջ և նրանով լողանալ կամ քսել մարմինը։
4․Մկնատամի դեպքում հրանուկն ու բանգին ծեծել և դնել վրան, մոլոշավարդի կոկոնը ծեծել և դնել վրան։ Սո̈ւլո̈ւկնը նըէստա տալյ մկնատամի, քոսի, քորի, թարախային հիվանդությունների դեպքում տզրուկը կպցնել վերքին մինչև ծծել-վերջացնելը։
5․Մատնաշոշի դեպքում
ա) թեղի ծառի կեղևը ծեծել, խառնել ալյուրի հետ, եփել և տաք-տաք դնել վերքի վրա (դեղը ունի թարախաքաղ հատկություն),
բ) եփած սոխը և մոշենու տերեւը միասին ծեծել, խյուսը դնել մոշի ամբողջական տերևի վրա և նրանով փաթաթել վերքը։
6․Վերքի վրա խանձիլ դնել և այն շուտ կապաքինվի (խանձիլ - խանձած շորի մոխիր շաղախված ձեթի մեջ) կկանխի արյունահոսությունը։ Երբ վերքը մեծ բացվածք ունի, նրա մեջ դնել չոր լոբի առանց վիրակապելու։ Այս միջոցը առավել արդյունավետ է շան կծելու հետեւանքով առաջացած վերքի ապաքինման պարագայում։
7․ Խավարթնը ․ «Լո̈ւսնինգյին թիժ վախտը խուխէն իրէսը փըքփըքօտում ա։ Լո̈ւսնինգյան քանէ լըրում ա, էնքան հիվանդությունը թիժանում ա։ Լյհա վէր լո̈ւսնինգյան կըլխում ա, հիվանդությունն էլ նըհըէտը անց ա կէնում։ Վախիս վուչ, ժամանակէն հընցըննական ա։ Ցօրտ-ցորտ ճո̈ւր քըսէ, մածուն քըսէ, ճէլլի անց կըկէնա, համ էլ խուխէն հըէտէ լյավ կընի»։
8․Ուռուցքի վրա դնել մոշենու և շփռավելուկի ծեծած տերևներ։ Վերջինս ավելուկի մի տեսակ է` երկար եւ ձեռքի լայնության տերեւներով։

Մարմինը շարժման, սննդի և ներքին ուժերի հավասարակշռությամբ ապրող ամբողջություն է, որի խախտումը կարող է առաջանալ թե՛ վնասվածքից, թե՛ անշարժությունից, թե՛ սխալ սննդակարգից։ Այս խորհուրդները միջոց են մարմինը նորից «արթնացնելու» և բնական ընթացքի մեջ վերադարձնելու՝ կենդանական, բուսական, սննդային ու շարժողական միջոցներով։
1․ Սկսած հնագույն ժամանակներից մկան արյունն ու միսը գործածում էին ներքին հիվանդությունները բուժելու համար։
2․Ծուռ աճած կոտրվածքը փափկեցնելու համար ճիլըդաղի բույսը, անասունի որովայնը (մեկ կգ չափով) եւ մեկ կգ փշազերծած ձուկ. ծեծել, խառնել իրար եւ դնել կոտրվածքի վրա, պահել մեկ-երկու ժամ։
3․Նախաճաշի եւ սննդի սահմանափակումներ
Ընդունված չէր նախաճաշին կամ նրանից առաջ.
ա/ գինի խմել,
բ/ համեմունքներով առատ և ջրիկ կերակուրներ ուտել,
գ/ օգտագործել լոբի, սիսեռ և սրանցով պատրաստված ուտեսներ,
դ/ ընդունել թթու դրած ուտելեղեն, հում պոմիդոր, թանով, աղանձ ուտել և այլն։
4․ Խաղլացավի բուժումը․ իմաստն է՝ շարժունացավ, շարժվելու մարմաջ։ Ըստ ասացողների՝ ուժեղ մրսածության (հատկապես՝ ողնաշարի), տևական անշարժ կացության հետևանք է այս հիվանդությունը։ Հիվանդ մարմինը (ջահել, երիտասարդ) շարժվելու պահանջ է զգում։ Բուժվում է շարունակական շարժվելու, պարելու (խաղալու) միջոցով։ Հիվանդի մարմինը ծեծում են բանջարով, փշոտ բույսերով (արյունելու աստիճան), կսմթում են ամբողջ մարմինը, մեջքը, կողերը, կենտրոնական նյարդն (շահ դամար) էին ձգում մեջքի կողմից, ծեծում, բղավում էին ականջներում՝ սթափեցնելու նպատակով։
Հիվանդության բուժման հիմնական միջոցներից են մեջքը կոխ տալը, ձիավարելը, վազվզելը, շարելը։ Սնահավատները հիվանդությունը համարել են դիվոտություն և գործադրել են տարբեր «դեղամիջոցներ» (բղավոց, հարայհրոց, դափ ու զուռնայի զիլ նվագ և այլն), որոնք աննշան կապ ունեին հիվանդության բուժման հետ։ Միջոցառումները տևում էին երեք օր։

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԱՍՆԱԲԱՆՅԱ
Ամեն օր ուտելուց առաջ և հետո ձեռքերդ ու երեսդ լվացիր օճառով, բերանդ ողողիր մաքուր աղբրաջրով։ Երեսդ լվանալիս սառը ջուր ցողիր քունքերիդ` մի քանի անգամ կրկնելով։ Շաբաթը մեկ ատամներդ լվա կաղնու տերեւի թուրմով։
Քնելուց առաջ
ա) ոտքերդ դիր տաք ջրի մեջ եւ պահիր մինչեւ գոլանալը,
բ) տրորիր ոտքերիդ մատները եւ մերսիր` խորքից դեպի ծայրերը։
Օրական երեք անգամ աջից ձախ, ձախից աջ, վերից վար (ծոծրակից), եւ վարից վեր սանրվիր։
Ամեն օր քնելուց մեկ-երկու ժամ առաջ շարժիր մարմնիդ այն մասերը, որոնք տվյալ օրվա ընթացքում անշարժ են եղել։
Ամեն առավոտ վաղ, մինչեւ ճաշելը զբաղվիր վազքով ու մարմինդ մարզելով։ Չմոռանաս տրորել ականջներդ եւ մարզել աչքերդ` մի քանի անգամ ամուր կկոցելով, արագ թարթելով և շրջանաձեւ տրորելով։
Ամեն օր տանը գտնվելու ժամանակ սովորություն դարձրու քայլել ոտաբոբիկ։
Ամեն գարնան (ապրիլ, մայիս) մեկ շաբաթ տևողությամբ մինչեւ ազդրերը մերկ ոտքերով քայլիր շաղոտ խոտերի միջով, մարմինդ շփիր այգաբացի շաղով կամ մերկ մարմնով կանգնիր ծառի տակ եւ ծառը թափահարիր այնպես, որ նրա վրայի շաղը ցողվի քո մերկ մարմնին։
Սովորություն դարձրու ջուրը (եւ բոլոր հեղուկները) խմել կումերով եւ առանց շտապելու։ Չշտապես նաեւ ուտելիս և չծանրաբեռնես քո ստամոքսը։ Հիշիր, սիրտը ծանր է տանում փքված փորը։
Տարին երկու-երեք անգամ լվա ստամոքսդ, աղիքներդ ու միզուղիներդ։ Լվացումը կատարիր հիմնականում թարմ թութ ուտելով, (7-10 օր), ձմերուկ ուտելով (10-15 օր), փիփերտով, շրեշով, ավելուկով, հանքային ջրով եւ այլն։ Հիշիր պտուղն ու բանջարեղենը ուտել անոթի վիճակում, օրը երեք-չորս անգամ, իսկ շրեշը գործածել հացի հետ։
Մի խնայիր քո ժամանակը կյանքում ամենակարևորը` առողջ մարմին ունենալու համար։ Խուսափիր ծայրահեղություններից, չափավորությունը դարձրու քո կենսակերպը, և դու գոհ կլինես քո ծերությունից։

Արցախցու բժշկարանը խորհրդատվության մատյան է։ Այդ խորհուրդներում բուժումը կապվում է ոչ միայն դեղաբույսերի ու բնական նյութերի կիրառության, այլև մարմնի շարժման, ջերմության խախտված հավասարակշռությունը վերականգնելու պատկերացումների հետ։ Գլխի, քթի, ականջի, կոկորդի ու ատամի ցավերը դիտվում են որպես մարմնի ներսում կամ միջավայրի հետ հարաբերության խանգարում, որի բուժումը փորձ է՝ ցավը «տեղափոխելու», մեղմելու կամ դուրս բերելու բնական միջոցներով։
1․ Գլխացավի դեպքում նստել ձիու վրա և շրջել։ Եթե բնակավայրը սարում է, շրջում են ցածրադիր վայրերում և հակառակը։ «Չօլումը կըլօ̈խդ ցավում ա, քյինի սարը, սարումըն ա ցավում` քյինի չօլը»։
2․Քթի արյունահոսության դեպքում ձվի կճեպը աղալ և ածել քթի մեջ։ Միաժամանակ խմել թեյի հետ, կանցնի։
3․Ատամնացավի դեպքում սև մոշենու արմատը եփել և նրա ջրով բերանը հաճախակի ողողել։ Ողողել աղաջրով, երիցուկի թուրմով։
4․Ականջը ցավելու դեպքում 2-3 կաթիլ կարմիր սոխի հյութ կաթեցնել ականջի մեջ (կաթեցնում են թրջած բամբակը կամ շորակտորը զգուշորեն մզելով):
5․ Կոկորդի հիվանդությունների դեպքում կատարել երիցուկի և եղինջի թուրմով ողողումներ։ Ամեն երեկո՝ քնից առաջ, խմել մեկ թեյի գդալ կտավատի ձեթ և 3-ական կաթիլ էլ կաթեցնել քթանցքների մեջ (անհրաժեշտության դեպքում` նաև ականջների)։
6․ Խլություն և գլխացավ - Սխտորի ջուրն ու ոչխարի լեղին խառնել իրար և եռացնել, կաթեցնել ականջի մեջ, մինչև անցնելը։
7․Գլխացավի դեպքում դաղձ ուտել մեղրով` մեկ շաբաթ տևողությամբ։ Թարմ կարտոֆիլի կտրոնը դնել ցավոտ տեղի վրա և պահել։

Սիրտը, վախը, հիշողությունն ու արյունը մարդու ներքին կյանքի միասնությունն ապահավող շղթան են․ հոգեկան խռովքը կարող է մարմնանալ, իսկ մարմնի խանգարումը՝ արտահայտվել հոգեկան վիճակով։ Այս խորհուրդները ճանապարհ են՝ վերականգնելու մարդու կորցրած ներքին ուժը՝ արյան, սրտի, բույսի, մեղրի, ջրի ու ծիսական գործողության միջոցով վախը ճանաչելով, դուրս բերելով և կարգի մեջ դնելով։
1․ Վախվորածությունը և սրտնեղությունը (արդի տերմինով՝ դեպրեսիան) բուժելու համար օգտագործում էին գայլի արյունը, սիրտն ու թոքերը խորոված վիճակում ուտեցնելով ( սա առավելապես ուներ հոգեբանական նշանակություն)։
2․Սրտի հիվանդությունների դեպքում
ա) վաղինակը եփել և օրական երեք անգամ թեյի գդալով խմել։ Լավ է մեղրի հետ,
բ) ուրցով կամ ծոթրինով թեյ խմել, փոքր բաժակով, հաճախակի,
գ) տէսնը (դաղձ) ուտել օրը երկու-երեք փունջ,
դ) դարչինը, զանջափիլը, կօլնըջան, թեյի նման եփել եւ խմել։
Օգտակար է դեղն օգտագործել ողջ ամառը` հիվանդություններից խուսափելու համար։
Հիշողությունը թարմացնելու համար օգտագործել սխտորահյութ մեղրի հետ։ Ուտել առավոտ վաղ կամ քնելուց կես ժամ առաջ մի գինու բաժակի տարողության չափով։
Ժողովրդական բժշկարան
«Ժողովրդական բժշկարան» ենթաբաժինը ներկայացնում է առողջարար բույսերի, բուժիչ խառնուրդների ու ծիսական պրակտիկաների մասին համայնքային գիտելիքը՝ ներառյալ հավաքման եղանակները, պատրաստման ձևերը, չափաբաժիններն ու հակացուցումները։ Յուրաքանչյուր նյութ ուղեկցվում է նկարագրերով, նմուշներով, տեսանյութերով և լուսանկարներով՝ ընդգծելով նաև ախտորոշման տեղական «նշանները» և բժշկությանն առնչվող հավատալիքները։ «Լրացնելու հնարավորություն»-ով կարող եք ավելացնել նոր բաղադրատոմսեր, բուժման փորձառություններ ու դաշտային դիտարկումներ՝ դարերով մեզ կտակված փորձառությունն ու կենսունակ գիտելիքը շարունակաբար հարստացնելու համար։
Հու վէր էծու պընէրա մին էլ թաժժա հացա քուշտացավ, գյիդա վէր ջանումը քամէ կա: էն էլ գյիդաք՝ Օրանը մին խընձօ̈ր օտօղը դուխտուրու կօշտ չի քյինիլյ: