ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ․ ԳԼՈՒԽ, ՔԻԹ, ԱԿԱՆՋ, ԿՈԿՈՐԴ, ԱՏԱՄ
Արցախցու բժշկարանը խորհրդատվության մատյան է։ Այդ խորհուրդներում բուժումը կապվում է ոչ միայն դեղաբույսերի ու բնական նյութերի կիրառության, այլև մարմնի շարժման, ջերմության խախտված հավասարակշռությունը վերականգնելու պատկերացումների հետ։ Գլխի, քթի, ականջի, կոկորդի ու ատամի ցավերը դիտվում են որպես մարմնի ներսում կամ միջավայրի հետ հարաբերության խանգարում, որի բուժումը փորձ է՝ ցավը «տեղափոխելու», մեղմելու կամ դուրս բերելու բնական միջոցներով։
1․ Գլխացավի դեպքում նստել ձիու վրա և շրջել։ Եթե բնակավայրը սարում է, շրջում են ցածրադիր վայրերում և հակառակը։ «Չօլումը կըլօ̈խդ ցավում ա, քյինի սարը, սարումըն ա ցավում` քյինի չօլը»։
2․Քթի արյունահոսության դեպքում ձվի կճեպը աղալ և ածել քթի մեջ։ Միաժամանակ խմել թեյի հետ, կանցնի։
3․Ատամնացավի դեպքում սև մոշենու արմատը եփել և նրա ջրով բերանը հաճախակի ողողել։ Ողողել աղաջրով, երիցուկի թուրմով։
4․Ականջը ցավելու դեպքում 2-3 կաթիլ կարմիր սոխի հյութ կաթեցնել ականջի մեջ (կաթեցնում են թրջած բամբակը կամ շորակտորը զգուշորեն մզելով):
5․ Կոկորդի հիվանդությունների դեպքում կատարել երիցուկի և եղինջի թուրմով ողողումներ։ Ամեն երեկո՝ քնից առաջ, խմել մեկ թեյի գդալ կտավատի ձեթ և 3-ական կաթիլ էլ կաթեցնել քթանցքների մեջ (անհրաժեշտության դեպքում` նաև ականջների)։
6․ Խլություն և գլխացավ - Սխտորի ջուրն ու ոչխարի լեղին խառնել իրար և եռացնել, կաթեցնել ականջի մեջ, մինչև անցնելը։
7․Գլխացավի դեպքում դաղձ ուտել մեղրով` մեկ շաբաթ տևողությամբ։ Թարմ կարտոֆիլի կտրոնը դնել ցավոտ տեղի վրա և պահել։