ՍՏԱՄՈՔՍ, ԱՂԻՔՆԵՐ

ՍՏԱՄՈՔՍ, ԱՂԻՔՆԵՐ

Որովայնը մարդու կենսագործունեության ներքին կարգի պահապանն է։ Այդ կարգի խախտումը վերականգնվում է զսպումով, մաքրումով, սննդակարգով և ծիսական միջամտությամբ։ Ժողովրդական պատկերացման մեջ փորացավը միայն մարմնական ցավ չէ, այլև ներսում առաջացած «անկարգություն», որը պետք է կարգի բերել թե՛ բնության բարիքներով, թե՛ բուժողի խոսքով ու ձեռքով։

1․Ստամոքսի գերթթվության դեպքում սովորություն դարձնել նրանից ազատվել փսխելու միջոցով։ Փսխում են մի քանի բաժակ տաք ջուր խմելուց 5-10 րոպե անց մատ տալու միջոցով։ Մեկ տարում 4-5 անգամ պետք է նույնը կրկնել, այնուհետև անհրաժեշտության դեպքում։ Երեք օր շարունակ կուլ տալ ձիթապտուղը կորիզով, օրական 4-5 հատ առավոտյան և կեսօրից հետո։ Հաճախակի օգտագործել թեյ կամ մաքուր աղբրաջուր` հենց ջրակնից։ Ուտել ծիրանի կորիզ (միջուկը)։

2․ Ստամոքսի եւ աղիքային հիվանդությունների դեպքում

ա) Սև մոշենու արմատը եփել եւ ջուրը խմել թեյի բաժակով օրական երեք անգամ ճաշից կես ժամ առաջ,

բ) եզան լեզվի հյութը խմել գինու բաժակով, օրական երեք անգամ, ճաշից կես ժամ առաջ, թարմ կամ եփած վիճակում, մինչև ցավերը չեզոքանալը։ Երաշ-խավորվում է խմել մեղրի հետ,

գ) կովի աղուզը (դալը) խմել օրը 2-3 անգամ թեյի բաժակով, տաս օր շարունակ, կթելուց անմիջապես հետո, տաք վիճակում (եփել չի կարելի),

դ) քըշէրու (կզաքիս) կամ ոզնու յուղը (հալած) օգտագործել ծեծած սխտորի եւ մեղրի հետ տաս օր տեւողությամբ, օրական երեք անգամ, ճաշից առաջ, հացի գդալով։ Միջուկը սարքել հավասար բաղադրամասերով,

ե) գազար ուտել կամ նրա հյութը խմել մեկ ամիս տևողությամբ։ «Թա օզումըս փօրումըտ ցավ չինի, հինչքան կարում ըս կյէզար կըէր ուռթունանց մինչէվ ո̈ւրո̈ւգյո̈ւն»։

զ) 10 գրամ ակնամոմը լուծել եռաքաշ թթօղու մեջ, պահել երեք օր, օգտագործել 20 կաթիլից, օրը երեք անգամ, ուտելուց առաջ:

3․ Ստամոքսի, աղիքների խոց և բորբոքում․ Երեք օր սնվել կանաչեղենով, որքան բազմազան, այնքան արդյունավետ՝ առանց աղ օգտագործելու։

4․Փորացավերի դեպքում ուտել կարմիր կարտոֆիլ կամ խմել նրա հյութը` ճաշից առաջ։

5․Փորհարինքի և փորլուծության ժամանակ

ա) փոխինձով եւ թթի դոշաբով պո̈ւտ սարքել ուտել, օրը չորս-հինգ անգամ, մինչև անցնելը(այս մասին տե՛ս Ավանդական ուտեստ բաժնում),

բ) քարամամուռը, նռան տտիպը եւ մեղրը միասին եփել եւ խմել,

գ) հոնի կորիզը աղալ և դոշաբով կամ մեղրով պո̈ւտ սարքել, ուտել մինչև հիվանդությունն անցնելը,

դ) աղած հոնի կորիզը խմել ջրով,

ե) նուռը ամբողջությամբ եփել հին գինու մեջ։ Օգտագործել օրը երեք անգամ` գինու բաժակով, եթե երեխա է՝ հացի գդալով։

6․ Սուր փորացավը՝ կօլէնջը յէտ անէլյը․ Որովայնացավը բուժելուց առաջ հիվանդին (երեխային) խմեցնում են մի բաժակ փունջ կամ մեղրաջուր օղիով, որին հաջորդում է բուժողի այս խոսքը.

էն սարէն պըտկէն մին ծառ կա,

Ծառէն յըրան մին հավ կա,

Անվըէննը վազ տամ,

Անկօռնը փըռնիմ,

Անկըրակ իփիմ,

Անկըէռէքյօտիմ։

Թա էս խօսքը սօտ ինի,

էս կօլէնջը յէտ ինի։

«Ասում ըն, պըրծնում, ծէռքէն քօղը իրէք խաչ անում, հանց քըշկըռում, վէր միհէտ ծիքյ տալյավ իրէքան էլ յէտ ինի։ Վէր յէտ չի ինում, ուրէմըս կօլէնջ չի»։

«Փուրացավն անցկըցընէլի հըէտէ ըստի էլ ընին․ խուխէն տըէղէն յըրա փըրսըվէր վէր քըցին, մաշկը մին լավ հըղլըղուրին, մըէծ-մըէծ կըճըմթուտին, յէտնան դալըղը փռնին։ Թա տըմացկան ա, մաշկը կօխ տան։ Փուրացավը հանց անց կէնար, հըէտն ու թէփուռը ըրվար վուչ»։

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft