Երգ
Թեմաներ

Արցախի ավանդական երգարվեստը հայ ժողովրդական մշակույթի ինքնատիպ և կարևոր բաղադրիչներից է, որը ձևավորվել է տարածաշրջանի պատմական, աշխարհագրական և սոցիալ-կենցաղային առանձնահատկությունների պայմաններում։ Այն հարուստ բանահյուսական ժառանգության մի մաս է՝ ընդգրկելով երգի գրեթե բոլոր ժանրերը և արտացոլելով ժողովրդի կենսակերպը, մտածողությունն ու աշխարհընկալումը։
Արցախի ավանդական երգարվեստը ոչ միայն երաժշտական երևույթ է, այլև մշակութային հիշողության կրող, որը միավորում է խոսքը, երաժշտությունը և ազգային ինքնությունը։
Արցախյան երգարվեստի ձևավորումը սերտորեն կապված է ժողովրդական կյանքի տարբեր ոլորտների հետ։ Երգերը ուղեկցել են թե՛ աշխատանքային գործընթացները (հատկապես երկրագործությունը), թե՛ կենցաղային և ծիսական իրադարձությունները՝ հարսանիքներ, մանկական դաստիարակություն, խաղեր և այլն։ Այս առումով առանձնանում են հետևյալ հիմնական տեսակները՝
1․երկրագործական երգեր,
2․աշխատանքային և կենցաղային երգեր,
3․հարսանեկան երգեր,
4․օրորոցային և մանկական երգեր,
5․քնարական երգեր և կատակերգեր,
6․պարերգեր, պատմական և հայրենասիրական երգեր,
7․ գործիքային երաժշտություն։
Արցախյան երգարվեստի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն խոր կապ ունի ժողովրդական խոսքի, բարբառի և արտահայտչամիջոցների հետ։ Երգերը պահպանել են տեղական բարբառային ձևերը․ դա մի կողմից՝ ընդգծում է նրա գեղարվեստական բարձր արժեքը, մյուս կողմից՝ դժվարացնում է դրա ժամանակակից ընթերցումն ու վերծանումը։
Երաժշտական տեսանկյունից Արցախի երգերը բնութագրվում են յուրահատուկ մեղեդայնությամբ, ձևակառուցվածքային պարզությամբ և տիպական ձայնակարգային մտածողությամբ։ Դրանք արտացոլում են ինչպես հնագույն շերտեր, այնպես էլ տարբեր ժամանակաշրջանների մշակութային ազդեցություններ՝ պահպանելով տեղական ինքնատիպությունը։
Չնայած հարուստ ժառանգությանը՝ Արցախի երաժշտական ֆոլկլորի համակարգված ուսումնասիրությունը համեմատաբար ուշ է սկսվել՝ հիմնականում XX դարի կեսերից։ Բանահավաքչական աշխատանքների արդյունքում հավաքագրվել և պահպանվել են բազմաթիվ արժեքավոր նմուշներ, սակայն պատմաքաղաքական իրադարձությունների հետևանքով զգալի մասը կորսվել է կամ պահպանվել է միայն տեքստային ձևով ։
Ժամանակակից պայմաններում Արցախի երգարվեստը պահպանման և վերարժևորման կարևոր խնդիր ունի։
ԾԻՍԵՐԳ. այն երգատեսակը, որը կատարվում է կոնկրետ ծեսի (արարողության) շրջանակում և իմաստով, ձևով ու կատարման կարգով կապված է հենց այդ ծեսի հետ։
Ծիսերգը գոյություն ունի ոչ թե «ինքնուրույն», այլ միայն ծիսական ժամանակում ու միջավայրում՝ որոշակի գործողություններ, հաղորդություններ կամ անցումային փուլեր (օր.՝ օրհնություն, կանչ, պաշտպանություն, սրբագործում) իրականացնելու համար։
Սովորաբար տարբերակում են օրացուցային ծիսերգեր (ամանորյա, Տյառնընդառաջի, Վարդավառի և այլն) և ընտանեկան-կենցաղային ծիսերգեր (հարսանեկան, մկրտության, թաղման-ոգեկոչական)։
Դրանց տեքստերը բանաձևային են՝ կրկնույթներով ու օրհնանք դարձվածքներով, երբեմն՝ «կանչ–արձագանք» կառուցվածքով։ Ընդհանրական գործառույթը համայնքի համախմբումն է և ծեսի խորհրդանշական իմաստի հաղորդումը՝ «սրբացնելով» տվյալ ժամանակն ու վայրը։

Լեոն ասել էր․ <<Ղարաբաղի ժողովուրդը… բանաստեղծ ժողովուրդ է, և նրա բանաստեղծությունն էլ տեղայնության կնիքն է կրում շատ ուժեղ չափերով… եթե Ղարաբաղի հայ ժողովուրդն ուրիշ բան երգած չլինի, <<գութանի երգերը>> բավական կլինեին, որ սխալ համարվեր այն կարծիքը, թե Ղարաբաղը չունի հայերեն բանստեղծություն>>:
Արցախի երգարվեստը արցախյան հողի ու լեռների կենդանի շունչն է, որը դարերի խորքից եկել ու հասել է մինչև մեր օրեր՝ իր մեջ ամփոփելով ժողովրդի հիշողությունը։ Յուրաքանչյուր տող ծնվել է հողի, բնության ու մարդու դաշինքից, դարձել երգ, նաև պար ու ապրել խոսքի և մեղեդու մեջ։
Այդ ժառանգության պահապանները արվեստագետներն էին, ովքեր իրենց նվիրումով, տաղանդով ու արարումով կյանք են տվել ազգային ոգուն և այն փոխանցել սերունդներին։ Նրանց երգերը պատմություններ են՝ ապրած, զգացած ու սրտից սիրտ փոխանցված։ Յուրաքանչյուր մեղեդի հայրենիքի հողի մեծ սեր ունի, լեռնական ուժ ունի, ապրելու հավատ ունի, և այդ երգն է, ուժն է, որը միավորել է ու դեռ շարունակելու է միավորել մարդկանց այսօր՝ ամենադժվար ժամանակներում։
Արցախի երգարվեստի վարպետները իրենց արվեստով պահպանել են ոչ միայն մշակույթը, այլև ժողովրդի դիմագիծը և հոգևոր դիմադրողականությունը։ Նրանց ստեղծագործություններում կենդանանում են գյուղական առօրյան, ավանդույթները, սիրո և հավատքի պատկերները՝ դարձնելով մշակույթը շոշափելի ու հարազատ։ Այդ ստեղծագործություններում շնչում է մշակութային մի ուրույն աշխարհ, որտեղ անցյալն ու ներկան միահյուսված են՝ դառնալով շարունակականության հանձնարարական։ Այդ ժառանգությունը հիշողություն է, ուժ է ՝ ապրելու, ստեղծելու և շարունակելու։ Այդ երգերը մեզ հորդորում են, որ ժամանակի փորձությունների միջով անցնելով՝ պետք է պահպանել ինքնությունը և այն վերածնելու կամքը դարձնել անզիջում։
Աշըղը բիդի ինի սազ, վէչ թա սազը՝ աշըղ։
ԱՇԸՂ(ԽԱՆԱՆԴԱ) Աշուղը Արևելքի երկրների ժողովրդական արվեստագետ է՝ բանաստեղծ-երգիչ-երաժիշտ, ով երգի ձևով մատուցում է հիմնականում սեփական բանաստեղծությունը՝ այն զուգորդելով ավանդական կամ ինքնաստեղծ մեղեդու հետ և երաժշտական որևէ գործիքով (հատկապես՝ սազ, թառ, քամանչա) ինքն իրեն նվագակցելով:
Արցախում աշուղական արվեստը լայն տարածում է ունեցել մինչև 20-րդ դարի սկզբները:
Հիմնականում երգել են սիրային, հայրենասիրական, պանդխտության, խրատական երգեր ու քառյակներ, անդրադարձել ժողովրդին հուզող պատմաքաղաքական իրադարձություններին, երգացանկում երբեմն ընդգրկել հեքիաթներ ու պոեմներ _Քյօռօղլու և Աշուղ Ղարիբի _մասին: Գործել են նաև խմբերով, շրջելով գյուղեգյուղ՝ երգել ու նվագել տարաբնույթ տոնախմբություններում, ժողովրդակենցաղային միջոցառումներում, կալերում, սարերում՝ հաճախ վարձատրվելով մթերքներով:
Գրառված նյութերում հաճախ հիշատակվում են Աշըղ Սարքյիսը, Աշըղ Առըստամը, Աշըղ Ալէքսանը (Չիթչյանների տոհմից), ովքեր, պահպանված տեղեկությունների համաձայն, հանդես են եկել Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Պարսկաստանի, Միջին Ասիայի տարբեր վայրերում՝ մասնակցելով նաև մրցումների և հաճախ հաղթելով, սակայն, ցուցաբերելով մեծահոգություն, միշտ հրաժարվել են ընդունված կարգի համաձայն պարտվողների նվագարանը ընդունելուց՝ միաժամանակ նրանց պարտադրելով վերադարձնել տարբեր մրցույթների արդյունքում ուրիշ աշուղներից վերցրածը:
Որպես բանահյուսական կերպարներ՝ աշուղները հանդես են գալիս արցախյան որոշ ավանդություններում և հեքիաթներում՝ բնութագրվելով ազնվությամբ, մեծահոգությամբ, իմաստնությամբ, նաև խորամանկությամբ: Ղարաբաղի բարբառում աշըղ կըտըրէլ նշանակում է շատախոսել, իսկ աշըղ տըէռնալ` շատ ողբալ, սգալ:
Աշըղը ո̈ւրա̈ն տըէսածը կըպատմէ․․․
Աշուղական արվեստի վարպետները մեր ժողովրդի հոգևոր հիշողության, ցավի, սիրո և իմաստնության երգիչներն էին։
Աշուղական արվեստը ծնվել է ժողովրդական միջավայրում, ամրացել է հավատքի, ապրած կյանքի փորձի և բարբառային կենդանի խոսքի շնորհիվ։
Արցախցի աշուղ վարպետները ոչ միայն երգ ու նվագի մարդիկ էին, այլև ժողովրդի մեջ հարգված, խրատ տվող և մարդկային հարաբերություններ կառուցող իմաստուն անհատներ։
Նրանք իրենց երգերով ու նվագով համբավ են ձեռք բերել ոչ միայն Արցախում, այլև նրա սահմաններից դուրս՝ դառնալով ազգային մշակույթի արժանավոր ներկայացուցիչներ։
Այդ երախտավոր արվեստագետների ժառանգությունը այսօր էլ հիշեցնում է, որ աշուղական արվեստը մեր ինքնության, լեզվի և հոգևոր դիմագծի բնութագիր դրսևորումն էր։
Երգ
Արցախյան երգարվեստի հիմքում կենցաղի բնութագիր բառն է՝ մեղեդային, ռիթմիկ, տոնային, որպես տրամադրության փոխարկիչ:
Արցախյան երգը բազմաժանր է՝ ծիսական երգեր (ծննդաբերություն, հարսանեկան, մահախոսական), աշխատանքային ու հողագործական երգեր (օր.՝ հորովել), օրորոցային, հերոսական-էպիկական, սիրային ու հայրենասիրական երգեր։ Աշուղական երգերն էլ բանաստեղծ-երգիչների ստեղծագործական ավանդույթի շարունակականության արտահայտություն են. տեքստը, հնարանքի վարպետությունը և գործիքային կատարումը ստեղծում են կոլորիտ, վարք ու պատմություն:
Այդ երգերի միջոցով է նաև պահպանվել բանահյուսական հիշողությունը, ձևավորվել մեր ինքնությունը, և այսօր դրանք պետք է միավորեն մեր ցաքուցիր համայնքը՝ դառնալով հուզական հաղորդակցության ու արարողակարգերի պահպանման հիմնական լեզու։
Յէրքը զա̈նգյ ա, ո̈ւրո̈ւշին սըրտումըն ա սա̈ս անում: