Նյութեր
Երկրագործական երգեր
Հայկական երկրագործական երգարվեստի հնագույն շերտերից են Արցախյան հոռովելները։
Դրանք առանձնանում են իրենց բարբառային ինքնօրինակությամբ, հողագործական առօրյայի պատկերավոր ընկալումների և աշխատանքի ընթացքից ծնվող կենդանի, անմիջական խոսքաերաժշտական հոսքով ։ Դրանք պարզ «աշխատանքային երգեր» չեն, այլ վար ու ցանքի իրական ընթացքը երգով կազմակերպող, լծկանին դիմող, հողի պատիվը ճանաչող սրտաբուխ կանչեր։ Այդ երգերում պահպանվել են բացականչական ձևեր՝ «հո՜», «հոլե՜լ», «հո՜մ», ինչպես նաև ջերմ դիմելաձևեր՝ «ջան ախպեր», «գոմեշ ջան», «ծաղիկ», որոնք երգին տալիս են առանձնահատուկ հուզականություն և տեղային դիմագիծ ։ Արցախյան հոռովելների տիպիկ գիծն այն է, որ այստեղ հատկապես ուժեղ է Վարանդայի ավանդույթը, և պատահական չէ, որ Կոմիտասի գրառած ավելի քան երկու տասնյակ հոռովելներից տասը հենց արցախյան են, ինչը վկայում է տարածաշրջանում երկրագործության և դրան ուղեկից երգային մշակույթի բացառիկ զարգացման մասին ։ Հայկական այլ հոռովելների համեմատ՝ արցախյան օրինակներում ավելի ընդգծված են բարբառային հնչերանգը, տեղական բառապաշարը, ազատ իմպրովիզացիոն կառուցվածքը և հարմոնիկ ձայնակարգում ծավալվող մեղեդիական մտածողությունը, որոնք ձևավորում են ճանաչելի ու ինքնուրույն երաժշտական կերպար ։ Այս երգերում կարևոր է ոչ միայն մեղեդին, այլև մշակութային միջավայրը՝ հողի նկատմամբ ակնածանքը, բերքի բարեբերության հետ կապված ծեսերը, Համբարձման և այլ տոնական սովորույթները, որոնց շնորհիվ հոռովելը ներկայանում է որպես կենսակերպի, ոչ թե միայն երգարվեստի դրսևորում ։
Արցախյան երգարվեստի արժեքը նաև այն է, որ այն մեզ է հասել դժվարությամբ և հաճախ հատվածաբար, քանի որ համակարգված երաժշտագիտական գրառումները ուշ են սկսվել, իսկ պատմաքաղաքական ողբերգությունները վտանգել են թե՛ բարբառը, թե՛ ոչ նյութական ժառանգության բնական փոխանցումը ։ Ներկայացվող բնագրերը՝ հոռովելները, կարևոր են ոչ միայն որպես ժողովրդական երգերի օրինակներ, այլ որպես արցախցու հիշողության, աշխատանքի, լեզվի և ինքնության կենդանի վկայություններ, որոնց մեջ հստակ լսելի է հայկական ընդհանուր ավանդույթի շրջանակում ձևավորված տիպիկ արցախյան առանձնահատկությունը ։
