Նյութեր
Աշուղական արվեստ
Աշըղը բիդի ինի սազ, վէչ թա սազը՝ աշըղ։
ԱՇԸՂ(ԽԱՆԱՆԴԱ) Աշուղը Արևելքի երկրների ժողովրդական արվեստագետ է՝ բանաստեղծ-երգիչ-երաժիշտ, ով երգի ձևով մատուցում է հիմնականում սեփական բանաստեղծությունը՝ այն զուգորդելով ավանդական կամ ինքնաստեղծ մեղեդու հետ և երաժշտական որևէ գործիքով (հատկապես՝ սազ, թառ, քամանչա) ինքն իրեն նվագակցելով:
Արցախում աշուղական արվեստը լայն տարածում է ունեցել մինչև 20-րդ դարի սկզբները:
Հիմնականում երգել են սիրային, հայրենասիրական, պանդխտության, խրատական երգեր ու քառյակներ, անդրադարձել ժողովրդին հուզող պատմաքաղաքական իրադարձություններին, երգացանկում երբեմն ընդգրկել հեքիաթներ ու պոեմներ _Քյօռօղլու և Աշուղ Ղարիբի _մասին: Գործել են նաև խմբերով, շրջելով գյուղեգյուղ՝ երգել ու նվագել տարաբնույթ տոնախմբություններում, ժողովրդակենցաղային միջոցառումներում, կալերում, սարերում՝ հաճախ վարձատրվելով մթերքներով:
Գրառված նյութերում հաճախ հիշատակվում են Աշըղ Սարքյիսը, Աշըղ Առըստամը, Աշըղ Ալէքսանը (Չիթչյանների տոհմից), ովքեր, պահպանված տեղեկությունների համաձայն, հանդես են եկել Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Պարսկաստանի, Միջին Ասիայի տարբեր վայրերում՝ մասնակցելով նաև մրցումների և հաճախ հաղթելով, սակայն, ցուցաբերելով մեծահոգություն, միշտ հրաժարվել են ընդունված կարգի համաձայն պարտվողների նվագարանը ընդունելուց՝ միաժամանակ նրանց պարտադրելով վերադարձնել տարբեր մրցույթների արդյունքում ուրիշ աշուղներից վերցրածը:
Որպես բանահյուսական կերպարներ՝ աշուղները հանդես են գալիս արցախյան որոշ ավանդություններում և հեքիաթներում՝ բնութագրվելով ազնվությամբ, մեծահոգությամբ, իմաստնությամբ, նաև խորամանկությամբ: Ղարաբաղի բարբառում աշըղ կըտըրէլ նշանակում է շատախոսել, իսկ աշըղ տըէռնալ` շատ ողբալ, սգալ:
Աշըղը ո̈ւրա̈ն տըէսածը կըպատմէ․․․
Աշուղական արվեստի վարպետները մեր ժողովրդի հոգևոր հիշողության, ցավի, սիրո և իմաստնության երգիչներն էին։
Աշուղական արվեստը ծնվել է ժողովրդական միջավայրում, ամրացել է հավատքի, ապրած կյանքի փորձի և բարբառային կենդանի խոսքի շնորհիվ։
Արցախցի աշուղ վարպետները ոչ միայն երգ ու նվագի մարդիկ էին, այլև ժողովրդի մեջ հարգված, խրատ տվող և մարդկային հարաբերություններ կառուցող իմաստուն անհատներ։
Նրանք իրենց երգերով ու նվագով համբավ են ձեռք բերել ոչ միայն Արցախում, այլև նրա սահմաններից դուրս՝ դառնալով ազգային մշակույթի արժանավոր ներկայացուցիչներ։
Այդ երախտավոր արվեստագետների ժառանգությունը այսօր էլ հիշեցնում է, որ աշուղական արվեստը մեր ինքնության, լեզվի և հոգևոր դիմագծի բնութագիր դրսևորումն էր։
