Նյութեր
Երաժշտարվեստի վարպետները
Լեոն ասել էր․ <<Ղարաբաղի ժողովուրդը… բանաստեղծ ժողովուրդ է, և նրա բանաստեղծությունն էլ տեղայնության կնիքն է կրում շատ ուժեղ չափերով… եթե Ղարաբաղի հայ ժողովուրդն ուրիշ բան երգած չլինի, <<գութանի երգերը>> բավական կլինեին, որ սխալ համարվեր այն կարծիքը, թե Ղարաբաղը չունի հայերեն բանստեղծություն>>:
Արցախի երգարվեստը արցախյան հողի ու լեռների կենդանի շունչն է, որը դարերի խորքից եկել ու հասել է մինչև մեր օրեր՝ իր մեջ ամփոփելով ժողովրդի հիշողությունը։ Յուրաքանչյուր տող ծնվել է հողի, բնության ու մարդու դաշինքից, դարձել երգ, նաև պար ու ապրել խոսքի և մեղեդու մեջ։
Այդ ժառանգության պահապանները արվեստագետներն էին, ովքեր իրենց նվիրումով, տաղանդով ու արարումով կյանք են տվել ազգային ոգուն և այն փոխանցել սերունդներին։ Նրանց երգերը պատմություններ են՝ ապրած, զգացած ու սրտից սիրտ փոխանցված։ Յուրաքանչյուր մեղեդի հայրենիքի հողի մեծ սեր ունի, լեռնական ուժ ունի, ապրելու հավատ ունի, և այդ երգն է, ուժն է, որը միավորել է ու դեռ շարունակելու է միավորել մարդկանց այսօր՝ ամենադժվար ժամանակներում։
Արցախի երգարվեստի վարպետները իրենց արվեստով պահպանել են ոչ միայն մշակույթը, այլև ժողովրդի դիմագիծը և հոգևոր դիմադրողականությունը։ Նրանց ստեղծագործություններում կենդանանում են գյուղական առօրյան, ավանդույթները, սիրո և հավատքի պատկերները՝ դարձնելով մշակույթը շոշափելի ու հարազատ։ Այդ ստեղծագործություններում շնչում է մշակութային մի ուրույն աշխարհ, որտեղ անցյալն ու ներկան միահյուսված են՝ դառնալով շարունակականության հանձնարարական։ Այդ ժառանգությունը հիշողություն է, ուժ է ՝ ապրելու, ստեղծելու և շարունակելու։ Այդ երգերը մեզ հորդորում են, որ ժամանակի փորձությունների միջով անցնելով՝ պետք է պահպանել ինքնությունը և այն վերածնելու կամքը դարձնել անզիջում։
