Խաղատեսակներ(նկարագիր)
Արցախյան խաղերը խմբային կարգապահության ու անհատական պատասխանատվության քննություն են․ յուրաքանչյուր խաղում այդ երկուսի դաշնությունն անպայման առկա է։
Արցախյան խաղատեսակներից են՝ դարանդութէ/ավ-ավ/ լօ-լօ, դէգյո̈ւն/դօ̈գյո̈ւն/բուրընտիկին, իծըշըրընուկէ/կազյօլ, իշըքուռակէ/շըլըկշըլակէ/շըմփուր-շըմփուրէ, ծըէտը քարէն/ծըտըքարէ/ծըռըծառէ, կըրպըտլախտէ/ջըջըլախտէ, կյուղըլկանէ/այաղըզղան/հա̈լա̈մո̈ւլա̈/պախկըվօցի/պըդըրաստի/ տըպըռկունի, հօթէ–հօթէ/հօթէ/հօթաբաշի, ճինջըէխ/ճինջիածէլ/ճըլօրթի ածէլ, պօզյ(ի)-պօզյ(ի)/պուզյըպօզյէ, ջըջըլախտէ/ջըզըլախտէ/ջըլղըստէ/թիրմի/թուխկէ(-թուխկէ)/թուխկըլաշի/ թուխկըջըզէ/թուխկըքաշի/լախտէ/ջըզէ, տինակէ/տինըկտինակէ, տիրըղօրմա/տիրիղօրմա/տըրըղօրմա/թըզբէխ, չըխկը(լ)դանի/չըխկըլի/հա̈բի – հա̈բի/կըլաս, խընըէցէ-հըրըէցէ, կըլխավը լօք տալի/բիրիսի/էշշագյփալանի/ըրկընխազյի/ըրկընցուփէ/հայ հավալա, հավալա/մօզի-մօզի, կուռնըփըռնէ/կուռնըփըռնօկի, հըլըհա̈լէ/հա̈լի–թօփէ/ջուջուհա̈լի, ճուտըմարէ և այլն։
Արցախի ժողովրդական այս խաղատեսակները ավանդական մշակույթի կարևորագույն բաղադրիչներից են, դրանք ոչ միայն ժամանցը կազմակերպելու սովորական հնարներ են, այլև ծառայել են երեխաների և երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության, վարքականոնների յուրացման և համատեղ գործունեության հմտությունների ձևավորման արդյունավետ միջոց։
Խաղերի կազմակերպման ձևերը, մասնակիցների դերաբաժանումը և մրցակցային կանոնակարգերը վկայում են համայնքային կյանքի շրջանակում ձևավորված համագործակցության, կարգապահության և պատասխանատվության բարձր աստիճանի մասին։
Արցախյան խաղային մշակույթն ունի նաև լեզվամշակութային կարևոր արժեք, քանի որ խաղերին առնչվող բառապաշարում, արտահայտություններում և դարձվածքներում պահպանվել են բարբառը կրողների ընկալումները՝ շրջապատի իրողությունները լեզվական կաղապարով ձևավորելու ինքնօրինակ հմտությունները։ Այս համատեքստում արցախյան ժողովրդական խաղերը հնարավորություն են տալիս բացահայտելու ոչ միայն ավանդական զվարճանքի ձևերը, այլև ժողովրդի մշակութային հիշողությունը, ազգային ինքնությունն ու հասարակական հարաբերությունների պատմական զարգացումները։
Առանձնակի ավանդութային արժեք ունի խաղի նախապատրաստումը․
ՀԱԼԱ ԿՅԱ̈Լ/ՀԱԼԱ-ՀԱԼԱ ԿՅԱ̈Լ/ԿԷՍ ՏԸԷՌՆԱԼ_․ խմբային խաղերի ժամանակ խմբերի բաժանվելու գործընթացն է:
Նախապես ընտրվում են խմբերի ղեկավարները (մար կամ խըղամար), որոնք աչքի են ընկնում առավել ճարպկությամբ, ֆիզիկական ուժով և հնարամտությամբ: Նրանք էլ նշանակում են իրենց թիմակիցներին՝ ձգտելով պահպանել ուժերի հավասարակշռությունը: Հարցը կամավոր չլուծվելու դեպքում տարեկից ու հավասար ուժատեր խաղակիցները (հալա յըէկօղնէ, ճօտէր), զույգերի բաժանվելով, իրենց համար գաղտնի մականուններ են ընտրում (օրինակ՝ տանձ ու խընձօ̈ր, յըէղ ու մըէղըր, հիլի ու ծիլի) և թևանցուկ ներկայանալով կողք կողքի կանգնած ղեկավարներին՝ հարցնում՝ տանձըն ըս օզյում, թա խընձօ̈րը:
Ղեկավարներից մեկն ընտրում է մեկին, մյուսը՝ մյուսին, և այդպես ձևավորվում են խմբերը, որից հետո մարերը իրենց _ճօտերի _հետ առանձնանում և խորհրդակցում են յուրաքանչյուրի դերի ու կարողությունների, արդյունավետ խաղալու նրբությունների ևն շուրջ: Վերջինիս հետևում է խաղն սկսելու փուլը, որը կատարվում է վիճակահանությամբ (չօփ քըցիլ, գյիր-ղուշ, թաց-չօր):
Ղարաբաղի բարբառում հալա կյալ փոխաբերաբար նշանակում է ընկերակցել, համերաշխվել: