ԿՅՈՒՂԸԼԿԱՆԷ/ՊԱԽԿԸՎՕՑԻ

ԿՅՈՒՂԸԼԿԱՆԷ/ՊԱԽԿԸՎՕՑԻ

ԿՅՈՒՂԸԼԿԱՆԷ/ԱՅԱՂԸԶՂԱՆ/ՀԱ̈ԼԱ̈ՄՈ̈ՒԼԱ̈/ՊԱԽԿԸՎՕՑԻ/ՊԸԴԸՐԱՍՏԻ/ ՏԸՊԸՌԿՈՒՆԻ - խաղատեսակ:

Հիմնականում խաղում են 8-15 տարեկան տղաներն ու աղջիկները, երբեմն նաև երիտասարդները բարենպաստ եղանակներին՝ ցերեկը կամ երեկոյան ժամերին գյուղամիջում: Վիճակահանության արդյունքում մնացողը, դեմքով դեպի որևէ պատ (կամ ծառ, սյուն ևն) շրջվելով ու աչքերը երկու ձեռքով փակելով, հաշվում է մինչև խաղից առաջ պայմանավորված թիվը՝ սովորաբար արտասանելով՝ հալա-մուլա մին, հալա-մուլա էրկու, հալա-մուլա իրըէք ևն, կամ երեք անգամ հարցնելով՝ աշկէրըս պէնա՞մ, ու պատասխան չստանալով՝ սկսում է փնտրել այդ ընթացքում թաքնվածներին: Եթե որևէ մեկին գտնում է, բարձր ձայնով հայտարարում է՝ հալա-մուլա էսհինչ կամ ստուկ էսհինչ (տալիս է հայտնաբերվածի անունը ), տըէսալ ըմ, էն ըս էսհինչ տըէղը, տուս յըէք, և արագ վերադառնալով՝ երեք անգամ խփում է պատին՝ ասելով՝ _հալա-մուլա կամ թու, ըստուկէ կամ Ալի բաբա, խաչ ու մաչ, էսհինչ _կամ նախօրոք պայմանավորված այլ արտահայտություն, ինչը նշանակում է, որ հայտնաբերվածը <<սպանված է>>:

Նույն ձևով նա պետք է հայտնաբերի և <<սպանի>> բոլոր թաքնվածներին, որի դեպքում փնտրողի դերը ստանձնում է նա, ով առաջինն է<<սպանվել>>:

Իսկ եթե թաքնվածներից մեկին հաջողվում է գաղտնի կամ արագ վազելով մոտենալ պատին, երեք անգամ խփել ու արտասանել նույն բառերը, որը կոչվում է պաժառ (հրդեհ), նախկին մնացողը դարձյալ փակում է աչքերը, և խաղը նորից է սկսվում: Հաճախ խաղում են երկու խմբի բաժանվելով (հալա կյալ), որոնցից մեկի անդամները թաքնվում, մյուսինը՝ փնտրում են:

Սովորաբար թաքնվողները նախապես ծածկաբառեր պայմանավորվելով (օրինակ՝ վէր ասիմ խընձօր, տուս կըկյաս, վէր ասիմ տանձ, տուս չի կյաս)՝ իրար հայտնում էին փնտրողների տեղը:

+374 97 256302
artsakhian.ich@gmail.com
Հակոբ Հակոբյան 3, ք․ Երևան

© 2025 Բոլոր իրավունքները պահպանված են

Կայքի պատրաստող՝ Capital Soft