ԿԸՐՊԸՏԼԱԽՏԷ
ԿԸՐՊԸՏԼԱԽՏԷ - ջըջըլախտէ խաղի տարատեսակ, որը տարածված էր մինչև 20-րդ դարի 60-70-ական թվականները:
Հիմնականում խաղում էին 12-16 տարեկան տղաներն ու երիտասարդները, հաճախ նաև ջահել աղջիկներն ու հարսները՝ բարենպաստ եղանակներին կտուրներին, կալատեղերում և այլ հարթություններում: Բաժանվելով երկու խմբի ` վիճակահանությամբ որոշում էին, թե որ խումբն է պաշտպանվողը, որը՝ հարձակվողը:
Պաշտպանվող թիմի անդամները նստում էին նախօրոք գետնին գծված շրջանի մեջ՝ մի քանի մետր երկարությամբ պարանի (չաթու) մի ծայրից բռնած, և ծածկվում կարպետով, իսկ նրանց ղեկավարը (մար), պարանի մյուս ծայրից բռնած, պտտվում էր նրանց շուրջը:
Հարձակվողները իրենց ձեռքի գոտիներով (թօխկա) կամ թոկերով (լախտ) հարձակվում և ծեծում էին կարպետի տակ նստածներին՝ զգուշանալով նրանց մորից, ով ձգտում էր ոտքով հարվածելու (քօ տալ) հարձակվողներից մեկին, որի դեպքում հարձակվողները պարտվում էին և պաշտպանվողների հետ դերերով փոխվում:
Ըստ խաղի կանոնների՝ պաշտպանվող թիմի ղեկավարը իրավունք ուներ հարվածելու միայն այն դեպքում, եթե մի ոտքը գտնվում էր շրջանի ներսում: