Արցախյան խմբապարերը/շուրջպարերը համայնքային կյանքը բնութագրող կարևոր նշանակություն ունեն՝ միավորելով մարդկանց ընդհանուր ռիթմի, շարժման և զգացողության մեջ։
Դրանք փոխանցում են գեղեցիկի ընկալման յուրօրինակ ճաշակ, արտահայտում մարդկային հարաբերությունների աստիճանակարգություն, ընդգծում միասնականության գաղափարը, նաև կրում պատմական հիշողության շերտեր և սերնդեսերունդ փոխանցվող մշակութային ինքնություն։
Հայը պարում է այն ժամանակներից, երբ իր գլխավերևում նշմարել է արևը և նրան ընդունել որպես աստվածություն: Արևածնունդը՝ ուրախ, արևասքողումը տխուր արարողություններ էին, որ կատարվում էին ժողովրդովի: Պարն այդ արարողությունների հիմնական բաղադրամասն էր: Դժվար չէ կռահել, որ այդ երկու հանդիսակարգերի ժամանակ ուրախ եւ տխուր դրսևորում էին ստանում նաև պարերը: Նրանք տարբերվում էին իրենց բովանդակությամբ, պարային, ռիթմիկ շարժուձեւերով եւ կատարումներով: Բոլոր ուրախառիթ տոնախմբությունները և հարսանիքը տեղի էին ունենում դրսում, բաց տարածքներում, ուր ապահովվում էր հարյուրավոր մարդկանց համատեղ պարը:
Պարը համաժողովրդական արարողություն էր: Սակայն պարողները մեկը մյուսին չէին ընդօրինակում, յուրաքանչյուր մասնակից պարում էր յուրովի, ոչ իրեն է կրկնում, ոչ էլ մյուսին: Այս տեսակետից ամեն մի պար մի ստեղծագործություն էր, ինքնաբացահայտման յուրահատուկ միջոց: Անհատ պարողին, երգողին, ասմունքողին, նվագողին… ասում էին. «Շնօրհքըդ նըհաշ տօ»:
Միջնադարյան Հայաստանում պարը շերտավորված էր: Նույն նվագի տակ ազնվական դասն այլ կերպ էր պարում, ուրիշ էին հասարակ մարդու պարային շարժումները: Ազնվականը պարում էր վեհորեն, հպարտ կեցվածքով ու շարժումներով: Ստրկահաճ էր, գալարումներով ու խոնարհումներով առատ՝ ստորին դասը ներկայացնողի պարը: Պարով հեշտությամբ զանազանվում էր քաղաքաբնակը գեղջուկից: Զանազանվում էր նաև աղջկական պարը պատանեկանից: Շատ ավելի քնքույշ էին կանացի պարերը: Տարեց տղամարդիկ եւ կանայք պարում էին «ծընդըրյանա» պարեր, երիտասարդներինը շարժուն էր, ճապուկ եւ ցնծալիր: Քնքշանում էր տղամարդու պարը, երբ նա իր սիրածին, ծանոթ կամ անծանոթ աղջկա կամ հարսի, քրոջը, պատվավոր մարդու պարի էր հրավիրում: Նրա պարը իր նազելիությամբ մերձենում էր աղջկական պարին: Նման դեպքերում ասում են՝ «պարավ ղաչանք ա անում» կամ՝ «ղաչանքապար»:
Պապարկանչի անել - Պապարկանչիները՝ պարի հրավիրողները, թվով մեկ կամ մի քանի տասնյակ մարդ, ապահովում էին պարի ժողովրդայնությունը: Բոլորը պետք է պարեին, ուրախանային, իրենց շնորհքը ցույց տային, ուտեին, խմեին: Ե՛վ պարն էր ժողովրդական, ե՛ւ ուրախությունը:
Ուրախության պոռթկում էր պարը հայի համար, համախմբման, ուժերի միավորման, միակամության արտահայտություն: Այդ է պատճառը, որ հայ ժողովուրդը պարում էր թև թևի տված, «կըռնըփէռնուկ», մեջք մեջքի կամ՝ հաճախակի իրար ուսի հենվելով:
Խմբապարը արցախցու ընկալումներում միայն պարային դրսևորում չէ, այլ հավաքական ոգու, միասնականության և փոխադարձ զորակցության խորհրդանիշ։ Այն ընդգծում է համայնքի դերը, համայնքի ներսում մարդու տեղը։
Յուրաքանչյուր մասնակից իր քայլով միանում է ընդհանուր շղթային ու դառնում ամբողջի անբաժան մասը։ Խմբապարի շրջանաձև կամ շղթայական կառուցվածքը խորհրդանշում է միասնություն, շարունակություն և սերունդների անխզելի կապ։
Արցախյան միջավայրում այն նաև կամքի, դիմացկունության և ազգային ինքնության պահպանման կենդանի լեզու է։ Այդ պատճառով խմբապարը ընկալվում է ոչ միայն որպես մշակութային երևույթ, այլև որպես ժողովրդի հոգեբանության ու աշխարհընկալման արտահայտություն։