Մենապար
Արցախի պարային մշակույթում մենապարերը եղել են ժողովրդական պարարվեստի կարևոր բաղադրիչներից։
Մենապարը բարբառային «կընդապարն» է։ Բարբառում տարբերակված անուն ունենալն ինքնին հաստատում է, որ մենապարն առանձնացված տեղ ուներ տեղական պարային պատկերացումներում։
Մենապարը ենթադրում էր անհատական կատարում, որի ընթացքում առավել տեսանելի էին դառնում պարի շարժումների ճկունությունը, կատարողի վարպետությունը և մարմնի արտահայտչականությունը։ Հին շրջանում պարերն ընդհանուր առմամբ ավելի դանդաղ էին և աչքի էին ընկնում ձեռքերի, ուսերի, գլխի ու մարմնի այլ մասերի բարդ շարժումներով, իսկ մենապարերում այդ առանձնահատկություններն առավել ընդգծված էին։
Մենապարերը ոչ միայն զվարճանքի ձև էին, այլև անհատի շարժման մշակույթի, ճաշակի և կատարողական ունակությունների արտահայտություն։ Ժամանակի ընթացքում նոր ու ավելի աշխույժ պարերի տարածման հետևանքով, մենապարերը աստիճանաբար դուրս են մղվել գործածությունից։
Այսօր թերևս միայն հարսի պարն է իբրև մենապար շարունակում կենցաղավարել։ Հատկանշելի է, որ հարսի մենապարը արցախյան պարային մշակույթում տարածված չէր, այն վերջին՝ անկախության շրջանում, ի հայտ եկած կատարումներից է, որն արդեն դարձել էր հարսանեկան ծեսի նոր բաղադրիչ։
Նոր ժամանակներում մենապարերի մասին հիշողությունները պահպանվում են հիմնականում բառապաշարում և ազգագրական նկարագրություններում։