1988-ին սկիզբ առած Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հեղաշրջեց ղարաբաղցու կյանքը:
Այն իր արձագանքը գտավ և թատրոնում:
Ազգի համար պատմական պահերին միշտ էլ գրողը, արվեստագետը ժողովրդի ներշնչողն ու հառաջընթացներն են եղել՝ զենք դարձնելով հրապարակախոսությունն ու հայրենասիրական պաթոսը, իրենց ազդեցիկ խոսքով պայքարի են կոչել ժողովրդին:
Այդպես էլ 1988 թ. փետրվարին՝ ազգային զարթոնքի առաջին իսկ օրերին, հանդիսատեսի կողմից սիրված ու ճանաչված դերասաններ Ժաննա Գալստյանը, Բենիկ Օվչյանը, Մարգո Բալասանյանը կանգնեցին այն մտավորականների շարքերում, ովքեր իրենց կրակոտ ելույթներով ոգեկոչում էին ժողովրդին, հույս ու հավատ ներշնչում նրանց, և մարդիկ վստահում ու գնում էին նրանց հետևից:
Ժաննա Գալստյանը կատարեց ավելին. նա մարտի նետվեց և միացավ իր քարոզած գաղափարների համար մարտնչողներին՝ մասնակցելով Արցախի ազատագրման համար մղվող գրեթե բոլոր ռազմական գործողություններին:
Նրա օրինակով թատրոնի դերասաններից և բեմի աշխատողներից շատերը զենք վերցրին. սկզբում՝ ֆիդայական ջոկատներում, ապա՝ կանոնավոր բանակի շարքերում հայրենիքի պատիվը պաշտպանեցին Մարտին Ալոյանը, Մարատ Դավթյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսեյ Հայրիյանը, Իգոր Բաղդասարյանը, Մհեր Բեգլարյանը, Սուրեն Հակոբյանը: Վերջինս զոհվեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերից մեկում:
Թատրոնի նկարիչ Զորիկ Գալստյանը, 1992 թ. ծառայության անցնելով ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի շտաբի գծագրական բաժնում, իր ներդրումն ունեցավ ռազմական գործողությունների քարտեզագրության գործում՝ ծառայելով բանակում մինչև 2001 թ.:
Ստեփանակերտի թատրոնը ողջ պատերազմի ընթացքում չդադարեցրեց իր գործունեությունը: Հրետակոծության և կենցաղային տարրական պայմանների բացակայության պարագայում էլ թատերախումբը շարունակել է պիեսներ բեմադրել և ոգևորել ժողովրդին:
Թատրոնում կազմակերպվեցին ստեղծագործական բրիգադներ, որոնք լինում էին նկուղային կյանքով ապրող ստեփանակերտցիների մոտ և հայրենասիրական բանաստեղծությունների իրենց արտասանություններով, հանրահայտ ներկայացումներից հատվածներ խաղալով՝ հուսադրում էին նրանց՝ հավատ ներշնչելով հաղթանակի հանդեպ:
Գոյամարտի տարիներին թատրոնը մնաց իր կոչման բարձրության վրա՝ պատվով կատարելով իր ազգանվեր առաքելությունը:
1995-2006 թթ. Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական աշխատանքները ղեկավարել է ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը, ով դեռևս 1976-1988 թթ. որպես բեմադրող ռեժիսոր աշխատել և կայացել է այս թատրոնում, հեղինակել է «Գնա մեռիր, արի սիրեմ», «Քաղքենիներ», «Եկամտավոր պաշտոն», «Ծառերը կանգնած են մահանում» և այլ բեմադրություններ:
Այս անգամ նա հաջողությամբ բեմական կյանքի կոչեց «Առլեկինը արքա», «Անդրոմաքե», «Անմեղ մեղավորներ», «Սուրբ Շուշանիկ», «Գիքորը», «Չար ոգի» և այլ թատերերկեր. թատրոնը վերագտավ իրեն:
2001 թ. Լ. Հարությունյանի ղեկավարությամբ վերաբացվեց թատրոնի դերասանական ստուդիան, որի նպատակն էր թատրոնը համալրել երիտասարդ կադրերով:
Ստուդիային կից, մինչև 2007 թ., գործեց նաև «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնը, որը մանուկ հանդիսատեսին ուրախացրեց մի շարք գեղեցիկ տիկնիկային ներկայացումներով:
2009 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում երիտասարդ ռեժիսոր Մարատ Դավթյանը, ում ջանքերով մեկտեղվում են թատերախմբի ավագ և երիտասարդ սերնդի դերասանների ուժերը, և հենվելով այս օջախում հաստատված լավագույն ավանդույթների վրա՝ թատրոնը դիմակայում է ժամանակի փորձություններին և առաջ տանում ստեղծագործական աշխատանքը:
Հաջողել և ուշադրության են արժանացել նրա «Բոլերո», «Կողոպուտ կեսգիշերին», «Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր», «Հրաժարական» բեմադրությունները:
2016 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավարի էստաֆետը հանձնվեց երիտասարդ ռեժիսոր Ռուզաննա Խաչատրյանին, ով մշակույթի այս օջախի նախկին սաներից է, մասնագիտական ուսումնառությունը ստացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, վերադարձել է իր օջախը և ձեռնամուխ եղել թարմ շունչ հաղորդելու նրա ստեղծագործական աշխատանքներին:
Հանդիսատեսի կողմից սիրվեցին հատկապես նրա հեղինակած «Սեր, ջազ, սատանա», «Աշխարհը Լոռվա ձորերում», «Օնեգին & Ռոմեո և Ջուլիետ», «Լուսաբացից առաջ» բեմադրությունները, որոնք առհավատչյան են նրա թարմ մտածողության և պրպտուն մտքի:
Այդ ժամանակահատվածում թատրոնում բեմադրություններ է հեղինակել նաև երիտասարդ ռեժիսոր Մարիա Կարապետյանը, ով, ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, վերադարձել է ծննդավայր և կարճ ժամանակում կարողացել է հետաքրքիր խոսք ասել հանդիսատեսին՝ մասնավորապես «Ավերակների պահակները», «Տիկին մինիստրուհի», «Ֆրանսիական սիրաշփոթ», «Կատուն շիկացած տանիքին» բեմադրություններով:
Ստեփանակերտի թատրոնի բազմամյա գործունեության ընթացքում միշտ էլ թատերախմբի առաջ ծառացել է երիտասարդ կադրերի պատրաստման խնդիրը: Դեռևս 1980-ին գլխավոր ռեժիսոր Արտաշես Հովսեփյանի ջանքերով բացվեց թատրոնի առաջին դերասանական ստուդիան և գործեց մինչև 1989 թվականը՝ բավականին աշխատանք կատարելով երիտասարդ կադրերի պատրաստման գործում, ովքեր հետագայում աշխատեցին ոչ միայն թատրոնում, այլև մարզի գյուղական ակումբներում: Այդ տարիներին դերասանական ստուդիան ղեկավարել են Ռեմ Սարգսյանը, Ժաննա Գալստյանը, Վիգեն Բադալյանը և Համլետ Մարտիրոսյանը:
2007-2011 թթ. դերասանական ստուդիայի աշխատանքները հաջողությամբ ղեկավարեցին Վեներա Ավագիմյանը և Մարատ Դավթյանը, իսկ 2011-2019 թթ. թատրոնի երիտասարդ կադրերի պատրաստման խնդիրն իր վրա վերցրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի բաժանմունքի Շուշիի մասնաճյուղը՝ ղեկավար՝ Ա. Մազմանյան, համակարգող՝ Մ. Դավթյան: Այն թողարկեց 21 շրջանավարտ, որոնցից 11-ը ընդգրկվեցին թատրոնի դերասանախմբում: Բացի այդ, նախորդ տարիներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական և դերասանական բաժիններում նպատակային ուսում ստացան արցախցի մի խումբ երիտասարդներ, որոնց մի մասը, ցավոք, կուլ գնաց մայրաքաղաքային գայթակղություններին, իսկ մի մասն էլ վերադարձավ և հաջողությամբ աշխատում է թատրոնում:
Թատրոնում աշխատել է երիտասարդ, խոստումնալից դերասանների մի խումբ, ու նրանք հասցրել են իրենց կ խոսքն ասել բեմում և սիրվել հանդիսատեսի կողմից՝ Գենադի Առուշանյան, Դավիթ Ղահրամանյան, Մարիա Սարգսյան, Մարիաննա Գրիգորյան, Էդվարդ Դավթյան, Օֆելյա Մարտիրոսյան, Անի Սաղյան, Լենա Մաթևոսյան, Անգելինա Բաբայան, Շողեր Սարգսյան, Մանուել Մաթևոսյան և այլք:
Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի ծառայությունները գնահատվել են բոլոր ժամանակներում, իսկ դերասանները մեծարվել են արժանվույնս: 1983 թ., իր ստեղծման 50-ամյա հոբելյանի առիթով, Ստեփանակերտի պետդրամթատրոնը պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով, իսկ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Արցախյան գոյամարտը, երանելի հաղթանակից բացի, իր հետ բերեց նաև ավերումներ: Անկյալ վիճակում հայտնվեց նաև Ստեփանակերտի թատրոնի երբեմնի փառահեղ շենքը: Օրախնդիր դարձավ նրա հիմնանորոգման հարցը:
2012 թ. թատրոնը կանգնեց նոր փորձության առջև. երկրի ղեկավարության որոշմամբ թատրոնի կոլեկտիվը տեղափոխվեց Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատ, որտեղ էլ շարունակեց իր գործունեությունը: Նոր՝ ոչ թատերական պայմաններն իրենց կանոններն առաջադրեցին թատերախմբին, որն ամեն ջանք գործադրեց, որ չտուժեն արվեստի այս հինավուրց օջախի ստեղծագործական աշխատանքն ու հյուրախաղային գործունեությունը:
2015 թ. պալատի փոքր դահլիճն ու բեմը ձևափոխվեցին և փոքր-ինչ հարմարեցվեցին բեմարվեստի պահանջներին, ինչը հնարավորություն տվեց հանդիսատեսի համար պատշաճ թատերային մթնոլորտ ստեղծել, իսկ դերասանախմբին՝ հետաքրքիր բեմադրություններ հեղինակել:
2023 թվական: Արցախը ինը ամիս հայտնվեց շրջափակման մեջ: Դառնաղի օրեր ապրեց ժողովուրդը:
Թատրոնը սովի ու համատարած ընկճախտի պայմաններում անգամ կարողացավ պահպանել թատերային ռիթմը՝ ներկայացումներ պատրաստեց թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար և թշնամու դեմ պայքարեց աշխատելով, արարելով, ստեղծագործելով՝ ի հեճուկս մահվան, ի հեճուկս թշնամու:
Սեպտեմբերի 19-ին թշնամին նոր ռազմական գործողություն սկսեց Արցախի դեմ: Ուժերն անհավասար էին, Արցախը՝ մենակ: Պատերազմը տևեց ընդամենը մեկ օր:
Սկսվեց արցախահայերի բռնի տեղահանությունը Հայաստան: Մի քանի օրում ՀՀ տեղափոխվեց 100 հազար վեց հարյուր մարդ: Ստեփանակերտի լեգենդար թատրոնը, 91-ամյա ստեղծագործական բեղմնավոր ճանապարհ անցնելուց հետո, ճակատագրի հեգնանքով, արվեստի իր օջախը կորցրած, տնանկ, բռնի տեղահանվածի կարգավիճակով հայտնվեց Մայր հայրենիքում:
Չնայած այդ ամենին՝ թատերախումբը հասարակական հիմունքներով շարունակում է գործել, փորձում է նորից ոտքի կանգնել, շտկել մեջքը և շարունակել իր պատմությունը Մայր հայրենիքում:
Ըստ Կարինե Ալավերդյանի (Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը․ 1932-2023թթ․)