Պաշտամունքային իրեր և վայրեր
Նյութեր

ԿԱՂՆԷ ԽԱՉ
Կաղնէ խաչ սրբավայրերից մեկը գտնվում է Շահումյանի շրջանի Գէտաշէն գյուղի մոտ։
Այն կաղնէ և պէխէ ծառերով շրջապատված բարձունք է, որի մեջտեղում գտնվող հինավուրց թըխկէ ծառը պաշտվում էր որպես տարբեր, հատկապես տենդ հիվանդությունը բուժող։
Ավանդության համաձայն՝ այս ծառի մոտ նախկինում եղել է մի սուրբ կաղնի, որը թուրքերը վառել ու մոխիր են դարձրել, սակայն նրա ճյուղերից մեկն ընկել է կողքի թըխկէ ծառի վրա, և Կաղնէ խաչի սրբությունը փոխանցվել է նրան՝ պահպանելով նաև անունը։
Տե՛ս Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 162, 422։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 205։
Դադվէր/Դուդվէր Սկզբնական պատկանելությունը՝ «Ըխպըրքան» գյուղատեղի
Տեղագրությունը՝ Մարտակերտի շրջան, գ.Չլդրան, գյուղից 3,5 կմ հս-ար
Աշխարհագրական կոորդինատները N40 06 57,9 E 46 40 16, 6
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից 1157մ
Սրբատեղին գտնվում է գերեզմանոցից հյուսիս, փոքր չափերի հուշարձան է, որն արտահայտվում է մի շարք կոտրատված խաչքարերի բեկորներով (բանավոր տեղեկությունների համաձայն` Դադիվանքից բերված), որոնց շուրջը սփռված են փայտի կտորներ:
ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
Մշակութային պատկանելիությունը, դարաշրջանը, դարը (դարերը)՝ IX-XIIIդդ.
Սրբատեղիի մասին պատմական ստույգ տվյալներ կամ տեղեկություններ հայտնի չեն։
Ըստ Լ․ Հովհաննիսյանի
ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒԴՎԷՐ
Ըստ ավանդության՝ ժամանակին քույր ու եղբայր, քարեր հավաքելով, ցանկանում են այստեղ եկեղեցի կառուցել, սակայն ենթարկվում են թուրքերի հարձակմանը:
Եղբայրը փախչելով ազատվում է, իսկ քրոջը, որի անունն էր Դադվէր, թուրքերը փայտերով ծեծում և սպանում են: Մինչև այժմ էլ, ընդունված սովորույթի համաձայն յուրաքանչյուր անցորդ փայտի մի կտոր է թողնում այստեղ:
Մըէծ Նան. Մըէծ Նանէն սուրբ
Նահատակ, Շինատեղ Ասկերանի շրջան, գ. Խնապատ Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք
Աշխարհագրական կոորդինատները՝ N39 57 27.1 , E 46 47 33.2 Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից՝ մ 941մ
<<Մեծ Նան>> աղբյուր-քարանձավ
Հուշարձանը որպես սրբավայր հայտնի է անհիշելի ժամանակներից:
Այն մի փոքրիկ քարանձավ է(չափերը՝ 5.3×2.6×1.4)՝ շրջապատված դարավոր անտառով ու թփուտներով, որի առաստաղից և կողքերից ջուր է կաթկթում:
Կաթկթող ջրից գոյացել են ստլունկտիդներ և ստլուակմիդներ(կաթվող տեղից և կաթիլն ընկած տեղում` նստվածքներ), որոնք նման են կնոջ ստինքների, որից էլ առաջացել է սրբավայրի անունը:
Այստեղ եղած Ջրհոր(Ջրվեր) բնակավայրն էլ անվանակոչվել է հենց այս քարանձավ-աղբրից: Սա Խնապատ գյուղի և հարակից տարածքի ամենանշանավոր սրբավայրն է: Այստեղ առկա են եղծված ու հողմնահարված խաչքարերի մնացորդներ, ինչպես նաև՝ խաչքարեր՝ պատրաստված խորհրդային ժամանակներում:
Վաղ միջնադար-21-րդ դդ.
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում ստույգ տեղեկություններ չկան:
Կրաքար, մարմար, արտաքուստ՝ մոխրագույն, դարչնագույն
Հնագիտական
Չափերը՝ 40 × 30մ, տարածքը` 1200 մ2
Ունի պատմական մեծ արժեք
Պահպանվածությունը՝ լավ
Հիմնական մատենագիտություն.- Ս. Սարգսյան, <<Խաչենի ամրոցները>>, Ստեփանակերտ, 2002թ., նույնի՝ <<Խնապատ. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը>>, Երևան, 2006թ.:
Ըստ Լ․ Հովհաննիսյանի
Չաղալ
Դամբանաբլուր Չաղալ
Ասկերանի շրջան, գ. Պատարա, գյուղից՝ 2.9 կմ հարավ-արևմուտք (ուղիղ գծով)
Աշխարհագրական կոորդինատները` N 39 55 07.0, E 46 37 54.4
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից` 1194մ
Գտնվում է Ծերա նահատակ կոչվող գերեզմանոցից դուրս՝ վերնամասում: Տեղակայված է երբեմնի դամբարանի վրա, որի տրամագիծը շուրջ 5մ է: Դամբանաբլուրն աչքի է ընկնում հիմնականում խոշոր և միջին սալաքարերով:
Այստեղ առկա են թվով 5-6 տարբեր չափերի խաչքարեր ու սալաքարեր, որը հուշում է այս հուշարձանի՝ նախկինում սրբավայր լինելու հանգամանքը, մանավանդ որ այն, ինչպես նշվեց, տեղակայված է դամբանաբլրի վրա:
Խաչքարերն աչքի են ընկնում մեծ չափերով ու գեղեցկահյուս ձևավորումներով, իսկ դրանցից մեկի վրա առկա է եղծված-հողմնահարված արձանագրություն:
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ չեն պահպանվել
Մթա II-I հազ- XII-XIIIդդ.
Մոխրագույն քար
Հնագիտական
Չափերը`6X 6մ
Պահպանվածությունը`միջին
Ունի պատմական նշանակալից արժեք։
Ըստ Լ․ Հովհաննիսյանի
ԿՕՀԱԿ/ՀԱԿՕՎԻԿ
Նշանավոր սրբավայր է Մարտունու շրջանի Գյունէ Ճարտար և Խընուշինակ գյուղերի մերձակայքում՝ բլրի վրա։ Ավերակ մատուռ է՝ շրջապատված ճափկէ ծառերով։ Նախկինում այստեղ ուխտի էին գալիս հիմնականում Համբարձման օրը, իսկ ներկայումս այցելում են տարբեր օրերի՝ մոմեր վառելով և մատաղ անելով։ Հարևան գյուղերում հայտնի է որպես դաշտերին բերրիություն պարգևող, երաշտից, հեղեղից, կարկտահարությունից, մորեխից և այլ արհավիրքներից պաշտպանող սրբավայր։
Ըստ ավանդության՝ քանի անգամ փորձել են այստեղ վանք կամ եկեղեցի կառուցել, բլուրը իր վրայից նետել է պատերը, քանի որ Կօհակը չի հանդուրժում ո՛չ վանք, ո՛չ եկեղեցի։ Այդտեղով անցնող յուրաքանչյուր մարդ հանում էր գլխարկն ու խոնարհվելով խաչակնքում։ Զգուշանում են նաև սուրբ ծառերից ճյուղ կամ տերև պոկելուց՝ համոզված լինելով, որ խիստ կպատժվեն։
Տե՛ս Լիսիցյան Ս., Լեռնային Ղարաբաղի հայերը, Երևան, 1981, էջ 56։ Լալայան Ե., Երկեր, հ.2, Երևան, 1988, էջ 162։ Բարխուդարյան Մ., Արցախ, Երևան, 1996, էջ 77։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 227։
ԶԸՐԱՎՈՒՐ ԱԽՊՈՒՐ
Սրբացված աղբյուր է Մարտունու շրջանի Հըղօրտէ գյուղում։ Համարվում է տարբեր հիվանդություններ, հատկապես ջերմն ու տենդը բժշկող։ Հիվանդները խմում են ջրից, մի քիչ քսում մարմնին և հավատում, որ առողջանում են։ Ըստ ավանդության՝ հենց այդ զորության համար էլ աղբյուրը ստացել է իր անունը։ Նախկինում պաշտվում էին նաև աղբյուրի կողքին եղած զույգ թէղէ ծառերը։
Տե՛ս Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 160։ Սարգսյան Ա., Արցախյան ավանդություններ, Ստեփանակերտ, 2007, էջ 43։ Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 224։
ՃՕԽՏ ԽԱՉ
Սրբավայրեր են Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում։ Ներկայացնում են երկու սարեր, որոնցից յուրաքանչյուրի վրա տեղադրված է մեկ անմշակ խաչքար։ Ավանդության համաձայն՝ այդտեղ թաղված են նահատակված քույր և եղբայր։
Տե՛ս Ղազիյան Ա., Արցախ, «Հայ ազգագրություն և բանահյուսություն. Նյութեր և ուսումնասիրություններ», պր.15, Երևան, 1983, էջ 147։
ՃՕԽՏ ՊԸՐԸՎԱԾԱՌ
Նշանավոր սրբավայր է Մարտունու շրջանի Զարդարաշէն գյուղի մերձակայքում՝ անտառապատ բլրի վրա։ Ներկայացնում է ավերակ եկեղեցի, խաչքարեր, պարիսպների ու տարբեր շինությունների հետքեր և սրբացված ծառեր։
Ըստ ավանդության՝ այստեղ ապրել է մի եպիսկոպոս, որի երկար ծոմապահությունից ու ճգնությունից հետո մատուցած պատարագի ժամանակ շրջակայքի ծառերը երեք անգամ խոնարհվել ու ողջունել են իրար՝ կատարները միմյանց կպցնելով։
Մեկ այլ պատումի համաձայն՝ այստեղ ժամանակին մինչև խոր ծերություն ապրել են երկու կույսեր, որի պատճառով էլ սրբավայրը կոչվել է Ճօխտ պըրըվածառ։ Այստեղ առ այսօր ուխտի են գալիս ոչ միայն շրջակա գյուղերից, այլև հեռու վայրերից։
Տարածված է այն համոզումը, որ այս սրբավայրին խոստացած մատաղը պետք է անպայման կատարել և մատաղից ոչինչ հետ չտանել, այլապես կարգը խախտողը կպատժվի։
Տե՛ս Էփրիկյան Հ., Բնաշխարհիկ բառարան, հ. Ա., Վենետիկ, 1903-1905, էջ 130։ Ղանալանյան Ա., Ավանդապատում, Երևան, 1969, էջ 386։ Լեո, Երկերի ժողովածու տասը հատորով, հ.8, Երևան, 1985, էջ 28-31, 537։ Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 103-104։ Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 161։ Բարխուդարյան Մ., Արցախ, Երևան, 1996, էջ 59-60։ Հարությունյան Լ., Նշխարներ Արցախի բանահյուսության, երրորդ գիրք, Ստեփանակերտ, 2007, էջ 106-107։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 277։ Աբրահամյան Ե., Մեծ Թաղեր, Ստեփանակերտ, 2009, էջ 45-48։
ՄԸԷԾ ՆԸՀԱՏԱԿ
Սրբավայր է նույնանուն սարի վրա՝ Մարտունու շրջանի Ղըզղալա, Աշան և Նօր շէն գյուղերի սահմանագծում։ Այստեղ տարբեր ցանկությունների կատարման ակնկալիքով ուխտի են գալիս շրջակա գյուղերի բնակիչները և մատաղ անում։ Մըէծ Նըհատակի ներսում կա նահատակի անտապանագիր գերեզման, իսկ շրջակայքում՝ խցերի ավերակներ և գերեզմանատուն։
Ըստ ավանդության՝ այստեղ ժամանակին ապրել են երկու քույրեր, որոնցից մեծը կառուցել է այս սրբավայրը, իսկ փոքրը՝ Պիծի նըհատակը։ Պաշտվում է նաև քիչ ներքևում՝ սարալանջի վրա աճած դարավոր ծառը՝ Ըխտըլհազին ծառը, որի հողից վեր բարձրացած արմատի տակով մի քանի անգամ անցնում էին կապույտ հազով հիվանդները՝ նախապես մոմեր վառելով և հավատալով, որ հազն իսկույն կանցնի։
Տե՛ս Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 158-159։ Հարությունյան Լ., Նշխարներ Արցախի բանահյուսության, Երևան, 1990, էջ 91-92։ Բարխուդարյան Մ., Արցախ, Երևան, 1996, էջ 81։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 293։
ՋԱ̈ՐԳՅԱ̈ ՄԱ̈ՐԱ̈ՔՅ
Սրբավայր է Մարտունու շրջանի Յէմիշճան և Սիպտակ շէն գյուղերի միջև՝ բարձունքի վրա։ Ավերված եկեղեցի, որի շուրջ կան ծառեր, հին գերեզմանատեղեր և խաչքարեր։ Այստեղ բուժվելու նպատակով ուխտի էին գալիս հատկապես խլություն ունեցողները։
Ըստ ավանդության՝ սրբավայրն այդպես է կոչվել, քանի որ նախկինում դրա մոտ եղել են շարքով՝ ջարգյին, կառուցված մարագներ։
Տե՛ս Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 164։ Բարխուդարյան Մ., Արցախ, Երևան, 1996, էջ 79։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 340-341։ Հայկունի, Ուղեգնացական ակնարկներ, Երևան, 2010, էջ 84։
Լուսըվէրիչ
Մարտունու շրջան, գ. Սոս, գյուղից՝ 0.7 կմ հյուսիս (ուղիղ գծով)
Հուշարձանի առանձին վկայագրվող մասերը.- Եկեղեցի(1), խարիսխ(1), խաչքար(1)
Աշխարհագրական կոորդինատները՝ N 39 42 42.7, E 47 01 04.5
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 985մ
Գտնվում է <<Լուսավորչի սար>> կոչվող մասամբ անտառապատ լեռնային բարձունքի գլխին: Տարածաշրջանի գլխավոր սրբատեղիներից է: Մասնավորապես այն անհիշելի ժամանակներից մոտակա մի շարք բնակավայրերի բնակչության գլխավոր այցելավայրն էր։
Լուսավորիչ սրբատեղին գործում էր սկսած առնվազն վաղ միջնադարից, գուցեև ավելի վաղ ժամանակներից: Մասնավորապես մի կոտրված սալաքարի վրայի արձանագրությունից (<<ՋԼԴ Վանիկ>>) ակներև է դառնում, որ այն գործել է նաև ավելի ուշ ժամանակներում, մասնավորապես 1485 թ. և հետագա տարիներին:
Բուն սրբավայրը զբաղեցնում է լեռան անմիջական գագաթը, մոտ 50×50մ–ի վրա մի տարածք, որտեղ առկա են եկեղեցի, բնակելի մի շարք շինություններ, նորակերտ խաչքարեր և վաղ միջնադարին բնորոշ երկու խարիսխ:
Եկեղեցին V-VII դդ. բնորոշ հուշարձաններից է(չափերը՝ 9.6×5.8մ), որի պատերը ներկայումս պահպանվում են մինչև 1.5 բարձրությամբ:
Մուտքը արևմտյան կողմից է, մինչև 1մ լայնությամբ: Կառուցված է արտաուքստ մոխրագույն ճեղքած քարերով ու կրաքարերով: Հուշարձանի ներսում առկա է մի տեղահանված խարիսխ: Բնակելի շինությունները տեղակայված են հիմնականում լեռնային բարձունքի հյուսիսային, արևելյան և հարավ- արևելյան հատվածներում՝ շրջագծով: Իսկ բուն սրբավայրը եղել է պարսպապատված, որի հիմքերը լավ տեսանելի են հատկապես լեռնային բարձունքի հարավային և հարավ-արևելյան հատվածներում:
Հիմնական մատենագիտություն.- Մ. Բարխուտարեանց, Արցախ, Բագու, 1895, Հայկունի,, Ուղեգնասցական ակնարկներ, Երևան, 2010, Շ.Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան,1985թ.։
Ըստ Լ․ Հովհաննիսյանի
Ըխտըլհա̈զ
Ասկերանի շրջան, գ. Մադաթաշեն
Աշխարհագրական կոորդինատները՝ N39 41 50,9 E 46 50 48,1
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1032 մ
Հուշարձանը գտնվում է գյուղից հարավ-արևելք։
Ըստ մի լեգենդի՝ այստեղ է սպանվել Ս. Ղևոնդի քույրը։
Տարածքն ուշագրավ է մեծադիր քարերով, որին հաջորդում է լեռնային անցումը։ Այն ուշագրավ է երկու առումով. առաջին, որ այն ձևավորվել է բնական ներգործությունների հետևանքով՝ վերածվելով ըստ էության մի բնական հուշարձանի, երկրորդ, անցուղու պատերին կարելի է ականատես լինել կենդանական բազմաթիվ ոսկորների, որը ցույց է տալիս, որ հազարամյակներ առաջ հրաբխային ժայթքումների ընթացքում զոհ են գնացել նաև նշված վայրում եղած անասուններ։
Ըստ Լ․ Հովհաննիսյանի
ՏԸՎԸՐԱԽԱՉ
Սրբավայր է Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի մերձակայքում։
Այստեղ հատկապես բերում էին հիվանդ խոշոր եղջերավոր անասուններին՝ տավարին։ Դրանց երեք անգամ պտտեցնում էին սուրբ ծառի շուրջը, այնուհետև ջարդում մահակներն ու թողնում ծառի վրա՝ հավատալով, որ համաճարակը կմնա այդտեղ։ Նույնանուն և նույն նպատակին ծառայող սրբավայրեր կան նաև Ասկերանի շրջանի Տըռնավազ գյուղի և Շօշկավանքի մոտ։
Տե՛ս Израелов Г., Село Касапет, Елисаветпольской губернии, Джеванширскаго уезда, Сборник материалов для описания местностей и племен кавказа, Тифлис, 1892, выпуск XIII, отдел I, с. 49։ Լիսիցյան Ս., Լեռնային Ղարաբաղի հայերը, Երևան, 1981, էջ 61։ Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 36-37։ Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 164։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 399։ Սարգսյան Ա., Արցախյան ավանդություններ, Ստեփանակերտ, 2007, էջ 52։ Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 218։
ՍՈՒՐՓ ՎԱՆԷՍ
Եղցի, ժամ, մատուռ
ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
Մարտակերտի շրջան, գ. Մատաղիս, բնակավայրից՝ 4,7 կմ հս-ամ
Աշխարհագրական կոորդինատները՝ N 40 20 42,3 E 46 40 52,8
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1053 մ
Հուշարձանը գտնվում է Եղիշե Առաքյալ վանքից 1,2 կմ հս-արմ, խիտ անտառապատ տեղանքում։ Հուշարձանը կանգնած է ոչ մեծ բլրակի գագաթին։ Փոքր միանավ բազիլիկ եկեղեցի է՝ կառուցված կոպտատաշ քարերից, կրաշաղախով։
Եկեղեցին կիսավեր է՝ թաղը և խորանի գմբեթարդը կործանված են։ Կողային պատերը դեպի վեր նեղանում են։ Հատակագծում պայտաձև խորանը բեմ չունի։ Սրահը մկրտարան չունի, ուստի եկեղեցին ծառայել է որպես մատուռ-աղոթասրահ։ Բարձունքի ստորոտում նկատվում են քարաշեն պատերի վատ պահպանված հետքեր։
ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ XVI-XVII դդ.
Պատմական աղբյուրներում հուշարձանի մասին պատմական ստույգ տեղեկություններ չեն պահպանվել։ Բարավորի արձանագրությունը եղծված-հողմահարված է։
Ըստ Լ․ Հովհաննիսյանի
ՍՈՒՐՓ ՍԱՐԻԲԷԿ / ՍԱՐԻԲԷԿ
Նշանավոր սրբավայր է Ասկերանի շրջանի Դաշուշէն գյուղի հյուսիսային կողմում։ Մինչև 20-րդ դարի սկզբները համարվում էր շուշեցիների հիմնական սրբավայրը։ Ներկայացնում է հին շինությունների հետքեր, խաչքար, քարե պատ, պըռըշնէ և այլ սուրբ ծառեր, իսկ հարևանությամբ կա աղբյուր։
Ըստ ավանդության՝ այստեղ թաղված են քրիստոնեություն ընդունած և այդ պատճառով թշնամու կողմից սպանված քույր և եղբայր։ Եղբոր անունը հավատափոխվելուց հետո դարձել էր Մարտիրոս, բայց քանի որ սպանվել է սրով, ժողովուրդը սրբավայրը կոչել է Սրաբեկ (սրով բեկված), որ հնչյունափոխվելով դարձել է Սարիբէկ:
Մեկ այլ պատումի համաձայն՝ Սարիբեկը հայ երիտասարդ էր, որը սպանվել է Լենկ Թեմուրի զինվորների կողմից՝ փորձելով ազատել առևանգված քրոջը։
Այստեղ ուխտի էին գալիս շրջակա գյուղերից և Ստեփանակերտից՝ տարբեր խնդրանքներով, մոմեր վառելով և մատաղ անելով։ Պաշտվում են նաև քիչ վերևում գտնվող անցք ունեցող ժայռը, Ծըծախաչ կոչվող փոքր քարայրը և խոռոչավոր թէղէ ծառը։
Մանրամասն տե՛ս Петрушевский И., О дохристианских верованиях крестьян Нагорного Карабаха, «Известия АзГНИИ», том 1, выпуск 5, Баку, 1930, с.23-26, 41․ Петров В., Этноботаника Нагорного Карабаха, Баку, 1940, с. 53, Ղանալանյան Ա., Ավանդապատում, Երևան, 1969, էջ 265․ Լիսիցյան Ս., Լեռնային Ղարաբաղի հայերը, Երևան, 1981, էջ 56, 61։ Լալայան Ե., Երկեր, հ.2, Երևան, 1988, էջ 120-121, 155, 181։ Բարխուդարյան Մ., Արցախ, Երևան, 1996, էջ 85։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 380։ Հայկունի, Ուղեգնացական ակնարկներ, Երևան, 2010, էջ 25։ Կիսիբեկյան Ա., Հուշեր, հ.1, Երևան, 2011, էջ 305։
ՓԱՓԱԴԷՐ
Սրբավայր, խաչ
Ասկերանի շրջան, գ. Ավետարանոց, գյուղից՝ 1.9 կմ հարավ (ուղիղ գծով) Փափադեր տեղավայր։
Աշխարհագրական կոորդինատները` N 39 41 05.8 E 46 49 43.5
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1296մ
Սրբատեղին հանդես էր գալիս մի քանի խաչաբեկորներով (չափերը՝ 4×4մ): Առկա է նաև մի փոքր չափերի խաչքար: Դրանք դրվագված են 12-13-րդ դդ բնորոշ զարդանախշ ձևավորումներով, առկա են նաև պատկերաքանդակներ:
IX-XIII դդ.
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում և այլ գրվածքներում տեղեկություններ չեն պահպանվել: <<Փափադեր>> տեղանվան ստուգաբանության հետ կապված՝ այն ունի <<սուրբ լեռ>> իմաստը : Սակայն, հատկանշական է, որ այն առնչվում է նաև տվյալ սրբավայրի հետ:
Կրաքար, արտաքուստ՝ մոխրագույն
Հնագիտական
Չափերը 4 × 4մ Պահպանվածությունը լավ
ԶԸՐԱՎՈՒՐ / ԶԸՐԱՎՕՐ
Սրբատեղի է Ասկերանի շրջանի Հարավ գյուղի տարածքում։ Ներկայացնում է հինավուրց կաղնի, որին բնակիչները դիմում են տարբեր ցանկություններով, մոմեր վառում, մատաղ անում և գույնզգույն շորի կտորներ կապում ծառի ճյուղերից։ Համարվում է զորավոր ծառ, ինչից էլ ստացել է իր անունը։ Նույնանուն սրբավայրեր կան նաև նույն շրջանի Փըրջամալ գյուղի մերձակայքում և Քյաթուկ գյուղի տարածքում։ Փըրջամալի խոռոչավոր ծառին դիմում են ռևմատիզմով հիվանդները։
Տե՛ս Петров В., Этноботаника Нагорного Карабаха, Баку, 1940, с.109․ Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 162, 163։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 142։
ԿԱՂՆԷ ԽԱՉ
Սրբավայր է Ասկերանի շրջանի Սըզնէքյ գյուղի մերձակայքում։ Ներկայացնում է վիթխարի կաղնի, որի մոտ կա խաչքար։ Նույնանուն սրբավայրեր կան նաև Մարտունու շրջանի Կալխօզաշէն և Շահումյանի շրջանի բռնազավթված Գէտաշէն գյուղերի մոտ։ Գէտաշէնի սրբավայրը կաղնէ ու պէխէ ծառերով շրջապատված բարձունք է, որի մեջտեղում գտնվող հինավուրց թըխկէ ծառը պաշտվում էր որպես տարբեր, հատկապես ջերմ հիվանդությունը բուժող։
Տե՛ս Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 162, 422։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 205։
ՊԸԹԿԷՍ(Ա)ՊԷՐՔ/ՊԸՏԿԷՍ(Ա)ՊԷՐՔ /ՊԸՐԿԷՍ ՊԷՐՔ
Նշանավոր սրբավայր է Ասկերանի շրջանի Սէյդիշէն գյուղից դեպի հյուսիս՝ նախկին Ուլուբաբ գյուղի մերձակայքում, անտառապատ սարի գագաթին։ Պահպանվել է կիսավեր եկեղեցին՝ 1263 թ., որի շրջակայքում կան պարիսպների, այլ շինությունների մնացորդներ, տապանաքարեր և խաչքարեր։
Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցել է Գևորգ Զինավուրը՝ վրան տեղադրելով սուրբ գմբեթ, որի պատճառով էլ կոչվել է պըտկէն սուրփ գըմբէթ, ինչն էլ հնչյունափոխվելով դարձել է Պըթկէս(ա)պէրք։
Մեկ այլ պատում անունը կապում է պտղաբերության հավատալիքի հետ․ այստեղ գտնվող Արչին հանգյիստը նախկինում ուխտի էին գալիս ամուլ կանայք՝ չոքեչոք պտտվելով նրա շուրջը։ իսկ Աստված, լսելով նրանց խնդրանքը, ասում էր` Պըթկըվիս (պտղավորվես) չըպէրք, ու նրանք հղիանում էին:
Պատմում են նաև, որ եկեղեցու բակում թաղված է մի թուրք երեխա, ինչի հետ է կապվում այն հանգամանքը, որ այստեղ ուխտի էին գալիս նաև մահմեդականները։ Ղարաբաղի բարբառում գործածական են «Պըթկէսապէրքա յըէկած» և «Պըթկէսապէրք քյըէցած» դարձվածները։
Տե՛ս Լեո, Երկերի ժողովածու տասը հատորով, հ.8, Երևան, 1985, էջ 171-176, 544։ Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 199-201։ Բարխուդարյան Մ., Արցախ, Երևան, 1996, էջ 105։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 340։ Բարսեղյան Ա., Արցախի վանքերը, Ստեփանակերտ, 2011, էջ 36-37։ Սարգսյան Ա., Արցախյան ավանդություններ, Ստեփանակերտ, 2007, էջ 53-54։ Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 219-220, Սարգսյան Ա., Մինասյան Շ., Ղարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան, Երևան, 2017, էջ 422; Ջալալյանց Ս., Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան, Մաս Ա, Բ, Երևան, 2016, էջ 173։
ՍԻՊՏԱԿ ՀՕ̈Լ
Սրբավայր է Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղի մերձակայքում։ Ավերակ եկեղեցի է և հին գերեզմանատուն։ Ըստ ավանդության՝ այստեղ ժամանակին եղել է մի վիթխարի օձ, որին զոհեր էին մատուցում, որպեսզի նա պաշտպանի մարդկանց և ճանապարհորդության ժամանակ օձերը չխայթեն նրանց։
Տե՛ս Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 188։ Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 170։ Բարխուդարյան Մ., Արցախ, Երևան, 1996, էջ 84։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 370։
ՊԱՐԻՆ ՊԻԺ
Սրբավայր է Շուշիի շրջանի Մըէծ շէն գյուղի մերձակայքում։ Ներկայացնում է 17-րդ դարում կառուցված եկեղեցի, որը վերջերս հիմնովին վերակառուցվել է։
Ըստ ավանդության՝ ժամանակին այստեղ համաճարակ է տարածվել, և ժողովրդին կարողացել է փրկել ուրիշ տեղից եկած մի բժիշկ, որը մահացել է՝ վարակվելով այդ հիվանդությամբ։
Բնակիչները նրան թաղել են այստեղ և կառուցել եկեղեցի, որը դարձել է ուխտատեղի։ Քանի որ բժշկին բոլորը կոչում էին պարի պըժիշկ՝ բարի բժիշկ, սրբավայրն էլ անվանվել է այդպես։
Սրբավայրից քիչ հեռու գտնվում է Հօռօմսիս կոչվող սրբավայրը, որտեղ, մեկ այլ պատումի համաձայն, թաղված է բժշկի քույրը՝ Հօռօմսիսը։
Ուխտավորները այցելում են երկու սրբավայրերն էլ և մոմեր վառում, սակայն սովորության համաձայն՝ մատաղը մորթում են Պարին պիժում։
Տե՛ս Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից, Երևան, 1978, էջ 149։ Ղազիյան Ա., Արցախ, «Հայ ազգագրություն և բանահյուսություն. Նյութեր և ուսումնասիրություններ», պր.15, Երևան, 1983, էջ 148։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 335։ Սարգսյան Ա., Արցախյան ավանդություններ, Ստեփանակերտ, 2007, էջ 55։ Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 221։
ՔԱՄՈՒ ԽԱՉ
Սրբավայր է Շուշի քաղաքի ներքևի մասում։ Ներկայացնում է քարակույտ, որտեղ ուխտի էին գալիս և՛ քրիստոնյաները, և՛ մահմեդականները՝ հատկապես ավագ չորեքշաբթի օրերին։
Սրբավայրը առավել հայտնի էր որպես հոդացավը բուժող։ Նույնանուն և նույն նպատակին ծառայող սրբավայրեր կան նաև Ասկերանի շրջանի Նախճէվանիկ և Տըռնավազ, ինչպես նաև Հադրութի շրջանի Վանք և Առաքյուլ գյուղերի մերձակայքում։
Տե՛ս Сегаль И., Елисаветпольская губерния, впечатления и воспоминания, Тифлис, 1902, Кн. 5. с. 92, Петрушевский И., О дохристианских верованиях крестьян Нагорного Карабаха, «Известия АзГНИИ», том 1, выпуск 5, Баку, 1930, с. 20-21, Լալայան Ե., Երկեր հինգ հատորով, Երևան, 1988, հ.2, էջ 155, 163, Բարխուդարյան Մ., Արցախ, Երևան, 1996, էջ 97, Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 413, Հայկունի, Ուղեգնացական ակնարկներ, Երևան, 2010, էջ 21, Петрушевский И., О дохристианских верованиях крестьян Нагорного Карабаха, «Известия АзГНИИ», том1, выпуск 5, Баку, 1930։
ՍՈՒՐՓՎԱՆԷՍ
Սրբավայր․ Շուշիի շրջան, գ. Հինշեն, բնակավայրից 2,7կմ հր
Աշխարհագրական կոորդինատները N39 37 04,3 E 46 37 03,4
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից 1295մ
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)՝ XV-XVIդդ.
Սրբատեղին փոքր չափերի հուշարձան է, որտեղ կան մի քանի խաչաբեկորներ և մի կիսավեր մատուռ: Մատուռը եղել է թաղակապ, լրիվությամբ պահպանվում է հյուսիսային պատը, թաղի մի հատվածը, բեմը ընդգծող որմնասյունը:
Ըստ Լ․ Հովհաննիսյանի
ՍՈՒՐՓ ՇԱՂԱԽ / ՇԱՀԿԱԽ
Սրբավայր է Հադրութի շրջանի Սարէն շէն գյուղի մերձակայքում՝ բլրի վրա։ Ներկայացնում է եկեղեցի, սուրբ ծառեր, նահատակի գերեզման, իսկ մոտակայքում՝ աղբյուր։
Ըստ ավանդության՝ այստեղ թաղված է ջհուդների, այլ տարբերակներով՝ կռապաշտների կամ Լենկ Թեմուրի զինվորների կողմից սպանված Հարաբէդ անունով հայ քրիստոնյա։ Սրբավայրն այդպես է կոչվել, քանի որ նահատակը շաղախված էր արյան մեջ։
Մեկ այլ պատումի համաձայն՝ նրա ձեռքը կտրել են Ծամծօր գյուղի հյուսիսարևմտյան կողմում գտնվող հանդամասում, որտեղ հետագայում կառուցվել է _Հա̈նդին ծէրք _ կոչվող մատուռը։ Սուրփ Շաղախ նախկինում ուխտի էին գալիս հատկապես Համբարձման տոնին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այն պաշտվել է նաև թուրքերի կողմից։
Տե՛ս Давидбеков, Село Гадрут, Елисаветпольской губернии, Джебраильскаго уезда, «Сборник материалов для описания местностей и племен кавказа», Тифлис, 1888, выпуск шестой, отдел I, с. 160․ Петрушевский И., О дохристианских верованиях крестьян Нагорного Карабаха, «Известия АзГНИИ», том 1, выпуск 5, Баку, 1930, с. 26-29, 35, 39, 40․ Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 129։ Բարխուդարյան Մ., Արցախ, Երևան, 1996, էջ 42։ Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009, էջ 245, 319-320։
ԳՅՕ̈ՋԻՆ ԽԱՉ, ՆԸՀԸՏԱԿԷՆ ԽԱՉ, ՑՕՐԱ ԽԱՉ
Սրբավայրեր են, որոնցից առաջին երկուսը գտնվում են Հադրութի շրջանի Տումէ, իսկ երրորդը՝ Ցօր գյուղի մոտակայքում։
Յուրաքանչյուրում կանգնեցված է հին խաչքար։
Ըստ ավանդության՝ դրանք Վրաստանի թագավորի երեք դուստրերի նահատակության վայրերն են․ նրանք, փախչելով իրենց հետապնդող երիտասարդներից, կորցրել են իրար և հասնելով այդ վայրերը՝ նահատակվել։
Տե՛ս Սարգսյան Ա., Արցախյան ավանդություններ, Ստեփանակերտ, 2007, էջ 49-50, Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 215, Ղազարյան Խ., Տումի, Երևան, 2003, էջ 192-193։
ՅԸԷԽԾՈՒՆ ՊԸՌԸՇՆԻՆ
Գտնվում է Պլեթանց գյուղում
Ըսէս ըն՝ վէր շէնին յըէխծէն շինալ ըն, էս ծառը էն չըխէն ըն քըշտէն տընգալ: Վըէղ չի լալ, քըէրծէն մաչին ըն տընգալ, Ըստուծու օժժավ տակըռ ա քըցա̈լ մըծացալ, յըէխծան պիցըրա̈ցալ:
Մէհէտ շէնան մին տըղա պիցըրա̈ցալ ա էս պըռըշնին, վէր ռագաթկու հաչա կըտըրէ, վէր ա ընգալ քըէրծէն յըրա, մըէռալ: Ըստուծու կըզնըվօթունը էլլա չի ընցալ, էտ խուխէտ ախպօրցըն ա քըվօրցըն էլ ա տարալ:
Սօ̈րփը ըտի յա. մուրազըտ կըկըդարէ, հինչ օզիս, կըտա, ամմա վէր հըվըտացէլ վէչ, յա էլ փիսօթուն ըրէր, վայըտ յըէկալ ա: Ըտըրա հէտէ էլ միհէնգյ լօխ վըխէս ըն նըստա, չօր ճըղնէրըն էլ չըն պինըցընէս, մինակ նըստավ կըրակ ըն ընէս, մատաղ իփիս, յա էլ պառավ մարթիքյը ըշկըհօ̈լունք ըն շինիս, կըպէս քյօ̈րփա խօնցը ծէրքը, հանցու աշկավ տըվօղ չինի:
**_ՆԸՀԱՏԱԿ_**
Գտնվում է Պլեթանց գյուղի տարածքում
Պիլիթանուց մին մարթ ա լա̈լ՝ Ղըրմանը։ Ըտըրա խօխա չի լա̈լ։ Շատ ա քընէնքյ ըրալ, մըտըծմունքու մաչ ընգալ, պէն չի դո̈ւզա̈լ։ Ուրէրան մին օր էլ Աստուծ իրազի յըէկալ ա, թա.
—Վէր կարիս մին հինգյիստաքար շինիլ տաս, մինակ տանիս շէնին կըլխէ էն թիքյըէռնուն տակէն վըէնն անիս, քյըէզ մին տըղա կըտամ։
Էտ վէր ըսկացալ ա, էլ տըմացալ չի՝ լուսանա, քըշէրվա կէսին քյըէցալ ա ուստա Պուղուսէն կօխկը, կյինը կըտըրցըրալ, թա.
—Ինձէտէ Միդանա քարան մին հինգյիստաքար շի՛նի ։
Էտ ապրածըտ էլ էրկու ամսըմը շինալ ա։ Ղըրման դային չօրս կյումաշ ա լըծալ, ինքյըն էլ դայաղ կացալ, մին թահրավ էտ քարըտ տարալ, ասած տըէղը վըէնն ըրալ։ Իննը ամսանը յըէտը կընէգյը մին տըղա յա պէրալ՝ Սար ամին։ Էտ չըխանց էլ ըտըէղ տըէռալ ա սօ̈րփ։ Հո̈ւրը մին նիգյըրնատըէղ ա ինիս, մին վըէր- ցակ ա տընէս, ծառավը իրըէք հէտ շօռ տաս, մուրթէս, կըլօխըն ա վըէննէրը տինիս ծառէն փըչակըմը, մէսը օխտը տան վըննըտէպէգյ պիժընէս։
Ամմա սօ̈րփը ծօռ պէնը սիրիս չի, հա՜։ Մէհէտ կածակը թըխէս ա, էտ թըքյըէռնուն ճէղնը վէր քըցիս։ Շէնան մին մարթ՝ Արսէմը՝ խըէլքը հացէն նիհէտ կէրած մին հայ, քյիս ա էտ ճէղնը պիրիս, իրիս։ Էտ ա, վէր ընէս ա, էքյսը խաբարը յէր ա ինիս, թա Իրսէմին աչի ծէրքը չուրացալ ա։
**_ԱՐԶՈՒՄԱՆ ՎԱՆՔ_**
Գտնվում է Մեծ Թաղեր և Տող գյուղերի ճանապարհների խաչմերուկում
Մին խօխա յա ինիս՝ անըմը Արզուման։ Կիճի վախտը մարը վըէննանը ծըկէյնը կըտրէս ա, նըշան թուղէս. փիս վախտէրք ա, լի՞, հանցու վէր կօրչի, ճինանչի։ Հունց ա պըտըհէս՝ հային-թօրքէն կըռվէն վախտը էտ խօխան մօրան շիլ ա ընգընէս, կուրչիս։ Ռուսնէն վէր կյաս ըն հըյէրէն քյօ̈մա̈գյ, միխկըռնէն ա կյաս, ըտըրա յօր ըն ունէս, ուրաց նիհէտ տընէս։ Արզումանըն էլ ըշկապէց խօխա յա ինիս, կըրթիս ա, անըմ-ադուք ծէրք պիրիս, տըռաս յանարալ։
Ուրէրան մին օր կյաս ա Շուշի, մին ղաշա̈նգյ կընգա հավան կընաս, ուզիս։ Մին օր էլ մարթին վըէննէրը լըվընաս տըէղը էտ կընէգյը կըտրած ծըկէյնը տըսնաս ա, ծուվծուվաս, ըշտըփէս։ Տու մէլ ասէլ՝ ո̈ւրա̈ն տըղան ա։ Դէ էլ հի՞նչ, պէնը պէնան ընցալ ա։ Մըրթըկընէգյ մըսլըհաթ ըն ընէս, քյիս դէրին կօշտը։
Դէրը ասմա.
—Օրուշ ճար չի կա, թա ուզիս ըք՝ մէխկա միզվիքյ, բիդի մին յըէխցէ շինիքյ, մաչին աղօթք անիքյ։
Ըտի յէլ ընէս ըն. կյաս ըն ուստա-փա̈հլա̈ փըռէս, էս խըչըմօ̈լո̈ւգյըմը էս յըէխցէն շինիս։
ԹԻԺ ՅԸԷԽՑԷ
Գտնվում է Տող գյուղի մերձակայքում
Բուղան ո̈ւրա̈ն զօրքը վըհըքէս ա, կյ աս վէր Քըթէշ պէրթը յօր օնէ, ամմա կըրէս չի։ Կըզնըվէս ա, կըտըղէս, ըսքըսէս սօրփէրը քանդիլը։
Համան էտ վախտը, կըռվէն էտ թիժ վախտը, հայէրը մին յըէխցէ յէլ ըն շինիս, անըմըն էլ տինիս Թիժ յըէխցէ։
ՏԸՐԸԽՏԷԳՅԱ ՍՕ̈ՐՓԷՐԸ
Սրբավայրեր են Հադրութի շրջանի Տըրախտէգյ և հարևան գյուղերի մերձակայքում։
Ըստ ավանդության՝ այս տարածքում ապրել է մի կին իր չորս տղաների և աղջկա հետ։ Թուրքերի հարձակումներից պաշտպանվելու համար ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը բարձրացել է մերձակա մի բլուր և թշնամու առաջխաղացումը նկատելով՝ հայտնել մյուսներին։
Կնոջ և նրա զավակների մահից հետո համապատասխան վայրերը դարձել են սրբատեղիներ և կոչվել նրանց անուններով՝ Մըրխաթուն, Կյա̈վա̈քյ, Վանէս, Նըռնէգյ, Կախան, Կըխանա քուր։
Տե՛ս Սարգսյան Ա., Արցախյան ավանդություններ, Ստեփանակերտ, 2007, էջ 50։ Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 215-216։
Պաշտամունքային իրեր և վայրեր
Սրբազան տարածքը ժողովրդական պատկերացումներում միայն աղոթքի վայր չէ, այլ հիշողության, հավատքի և համայնքային փորձառության խտացում։
Սրբավայրերը միշտ չէ, որ եկեղեցիներ, վանքեր են․ հաճախ դրանք բլուրներ են, ավերակ մատուռներ, խաչքարեր, աղբյուրներ, սրբացված ծառեր կամ բնության այլ տարրեր։
Դրանց սրբությունը պահպանվում է ոչ միայն պատմական հիշողությամբ, այլև մարդկանց շարունակական այցելություններով, մոմավառությամբ, մատաղով և ուխտի արարողություններով։ Այդ վայրերն ընկալվել են որպես պաշտպանող զորություն ունեցող կենտրոններ՝ կապված բերրիության, առողջության, աղետներից կամ հիվանդություններից զերծ մնալու հավատալիքների հետ։
Դրանց շուրջ պահպանված ավանդությունները հաճախ բացատրում են տեղանունների ծագումը, սրբության պատճառը կամ տվյալ վայրի նկատմամբ հատուկ վերաբերմունքը։
Սրբավայրերի կարևոր բաղադրիչ է նաև արգելքների համակարգը՝ սուրբ ծառերից ճյուղ չպոկելը, խոստացած մատաղը անպայման կատարելը կամ վայրով անցնելիս խոնարհվելը։ Այս ամենը ցույց է տալիս, որ պաշտամունքային իրերն ու վայրերը միայն նյութական հուշարձաններ չեն, այլև ժողովրդական մտածողության, հավատքի և համայնքային ինքնակարգավորման կրողներ։
Դրանց մասին պահպանված տեղեկությունները հնարավորություն են տալիս ճանաչելու և տեսնելու, թե ինչպես են բնությունը, ավանդությունը և քրիստոնեական պատկերացումները միահյուսվել Արցախի աշխարհագրությանն ու պատմությանը։