Ա՛ տարէ, խաղաղ ինիս,
Վըէսկավ շաղաղ ինիս,
Կընընչկյըրմո̈ւրավ լո̈ւսվիս,
Բարավ ճուճուփվիս:
Չարը պըրանա,
Չըպէրը բըրանա,
Կյօղ վըէննը ծըկըթէ,
Կյօղ աշկը չուրանա:
Նոր տարին ամենասիրված տոնն է։ Արցախցու տոնացույցում այն առանձնահատուկ ջերմություն, ընտանեկան միասնություն ու խաղաղության ակնկալիք է խորհրդանշում։
Տոնն առանձնանում է մեծ պատրաստությամբ, ունեցած-չունեցածի մեկտեղմամբ ու միասին վայելելու սիրով։
Յուրաքանչյուր ընտանիքում պատրաստվում էր շատ ճոխ սեղան, ընտանիքի բոլոր անդամները հավաքվում էին պապական տանը։
Տատիկները տան բոլոր անդամների համար պատրաստում էին փաթեթ-նվերներ (բօխճա), որոնց մեջ լինում էին հագուստ, ոսկյա, արծաթյա զարդեր, թխվածքներ, պտուղներ, չիր-չամիչ, ասեղնագործ թաշկինակ և այլն ու դարսում տախտի վրա։ Յուրաքանչյուրը վերցնում էր մեկ փաթեթ։ Զավեշտականն այն էր, որ հաճախ տատիկի կամ պապիկի համար նախատեսված նվերը վերցնում էր երեխան կամ հակառակը։ Փոխանակման ժամանակ մեծ աշխուժություն ու հետաքրքրություն էր առաջանում։
«Մէ հէտ,- պատմում է Արևհատ Գրիգորյանը (ծնված 1892 թ., Աշան գյուղում),– իմ բօխճաս, իմ հօր Աթէն ընգավ, ո̈ւրան հալավ–փօխանն էլ՝ ինձ։ Յէս կյէցէ ո̈ւրա̈ն հալավը։ Շատ ծիծըղըէցէնքյ, լօխ պըրծէն հալյա յէս ծիծըղէյիս․․․»։
Հին տարին ճանապարհելը նույնպես ուներ իր կարգը․
«Վէր տարէն փիս ա ինում, տարվա վէրչին օրը հա̈նդա̈վարը սիրփում ըն, տարէն ընէծում, փըսօրէն նըհըէտ տէն քըցում, ասում. «Քյինիս՝ վէչ կյաս»:
Օտում ըն-խըմում, հըղէ տինում, մին քօղ յօր օնում, հըղէն կապում, քըշկըռում, վէր կարէ վուչ յէտ կյա:
Վէր հընցած տարէն լա̈վ ա ինում, տարուն կըլխէն օտում ըն-խըմում, սուփրան հըվաքում չըն մինչէվ նօր տարէն կյալը: Հընցընէյիս տարէն պատվավ, շախավ-շուխավ հըղէ յըն տինում:
Բիշուն, կըթնըհունցէն կէսը հին տարումըն ըն օտում, կէսը՝ նօր տարումը: Հին տարվա կյէնացը խըմում ըն, ղաչանք անում, վէր եռնայինը նօրէն էլ քյուհնին աշկավը յէշի:
Ասում ըն՝
Շէնքըդ-շընօրհքըդ թա̈զա տարումն ինի․․․
Նօ՛ր տարէ, թա պակաս ըս իննական, փօխ կալյ․․․
Քյինի հին տարէ, յէկ անկյին տարէ․․․
Վէչ մին հըրսանէքյ տըէղան շիլ չըղնէ։
Նոր տարվան նվիրված խաղիկները տե՛ս Քնարական բանահյուսության բաժնում։