
Տաղավար տոներ
Նյութեր

ԶԷՏԷԳՅ/ԶԱՏԷԳՅ
Քրիստոսի հարության հիշատակին նվիրված քրիստոնեական տոն է Զատիկը, որն ընկալվում է նաև որպես բնության արթնացման օր, և նշվում է Մեծ պասին (Մըէծ պահք) անմիջապես հաջորդող կիրակի օրը՝ մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շարժվելով 35 օրերի միջև:
Տոնից մեկ-երկու շաբաթ առաջ կանայք ու աղջիկները, մի ափսեի մեջ ցորենի հատիկ լցնելով, ջուր են ցողում, որ ծիլեր արձակի, և Զատկին դնում են սեղանին՝ իբրև բնության հարության խորհրդանիշ: Այդ օրը ուտում են ձուկ, փլավ և պարտադիր` տարբեր գույներով (հատկապես կարմիր) ներկած ձու, կատարում այցելություններ բարեկամներին, հարևաններին, այդ տարի ննջեցյալ ունեցած սգավոր ընտանիքներին:
Տոնին առանձին շուք է հաղորդում ներկած ձվեր կռվեցնելը: Հատկապես երեխաները, մի-մի ներկած ու եփած ձու ձեռքներին, դուրս են գալիս բակերը և դրանցով խփում մյուսների ձեռքի ձվերին։ Ում ձուն ջարդվում է, պարտավոր է այն հանձնել ջարդողին:
Նախկինում, հատկապես մինչև է 20-րդ դարի սկզբները, այդ օրը՝ առավոտյան, հասարակական մատաղ (ախար) էին անում: Առավոտյան ժամերգության ժամանակ երեխաները դրսում իրենց ճըռ(ճը)ռան խաղալիքներով, ինչպես Ծաղկազարդի (Զըռըզա̈րթա̈ր) ժամանակ, դրսում աղմուկ էին բարձրացնում, իսկ երիտասարդները հրացան էին արձակում, որպեսզի չարքերին վանեն: Կազմակերպում էին նաև տարբեր խաղատեսակներ: Ժամերգությունից հետո տղամարդիկ, մի-մի շիշ օղի վերցնելով, գնում էին տանուտերին ու քահանային շնորհավորելու: Ընդունված էր նաև փեսացուի մոր կողմից հարսնացուի տուն խօնչա տանելը, որի մեջ անպակաս էին մի քանի տասնյակ ներկած հավկիթները: Նրան մեծ պատվով ընդունում էին և նվերներով ճանապարհում: Զատկի հաջորդ օրը՝ մեռելոցին, յուրաքանչյուր ընտանիք ու գերդաստան, իր հետ վերցնելով օղի, գինի և մթերքներ, գնում էին գերեզմանատուն, իրենց ննջեցյալների գերեզմանները քահանային օրհնել տալիս, լաց լինում, մոմ վառում, խունկ ծխում, ողորմաթաս խմում, ուտում տնից բերած ուտելիքները, իսկ մնացորդը դնում գերեզմանի մոտ՝ որպես հո̈ւքյըպէժին: Երբեմն Զատկի հաջորդ կիրակի (Կանանչ կյիրա̈կյի) կամ դրան հաջորդող կիրակի (Կյա̈րմո̈ւր կյիրա̈կյի) նշում էին կրկնազատիկը, որի ժամանակ գնում էին որևէ սրբատեղի, մոմ վառում, մատաղ մորթում (հիմնականում` աքլոր) տեղում ճաշկերույթ կազմակերպում (համապատասխան օրերին կանաչ կամ կարմիր գույնով ներկած զույգ ձվերի առակայությունը պարտդիր էր): Ղարաբաղի բարբառում գործածվում են զէտէգյ բաղադրիչով կազմված զըտէգյու ծո̈ւ (1.սիրուն, 2.գույնզգույն), էշին զէտկէն (երբեք) դարձվածները:
Զատկի տոնին ձոնված խաղիկները տե՛ս Քնարական բանահյուսության բաժնում։
ՉԸՔ-ՉՈՒՐԸՔՇԷԲԱԹ
Մեծ պասի վերջին` Ավագ շաբաթվա չորեքշաբթի օրը կոչվում է Չըք-չուրըքշէբաթ։ Հատկապես մինչև 20-րդ դարի սկզբները՝ այդ օրը որոշ գյուղերում և Շուշի քաղաքում ուխտ էին գնում, մոմ վառում, աղոթում, տեղի սուրբ ծառերից շորի կտորներ կախում, ևն: Նաև ուխտատեղու հողից քսում էին մկնատամ ունեցողների վերքերին, որ լավանան, կամ ջրի մեջ լուծում ու խմեցնում էին աղջիկներին, որ շուտ ամուսնանան: Կանայք տունը լավ մաքրում էին, սպիտակեղենը արևի տակ փռում, այնուհետև տան կտրին երկու քար էին դնում՝ մեկը՝ որպես բարության, մյուսը՝ չարության խորհրդանիշ, և մի երեխայի ուղարկում, որ բերի դրանցից մեկը: Ըստ դրա էլ գուշակում էին, թե այդ տարին երջանկություն թե դժբախտություն կլինի: Նույն օրը աղջիկները (երբեմն՝ կանայք) որևէ չեչոտ քար քսում էին գետնին՝ արտասանելով.
Չիք, չիք, մօկնը չիք,
Չիք, Չիք, լո̈ւն չիք,
Չիք, չիք, կարիճը չիք,
Չիք, չիք, չարակամը չիք,
Չիք, չիք, օխծը չիք..․ հավատալով, որ դրանից հետո հիշատակված բոլոր վնասատուները կչքանան:
Տղամարդիկ էլ կացնով մի քանի անգամ հարվածում էին պտուղ չտվող ծառերին, որ նրանք վախենան ու պտուղ տան:
Ընդունված էր նաև շիկացած երկաթով մատղած հորթերի, գառների, ուլերի ականջը դաղելը, որպեսզի հիվանդություններն ու ամեն տեսակի ճարիքները նրանցից հեռու մնան:
ԶԱՏԻԿ․ ԲԶԵԶ
Հատկանշելի է, որ Զատիկ միջատը ծիսական ընկալում ունի։ Նրան բարբառում անվանում են Զէտէգյ, Զըտկըպըղօճ, Ըստըծու կօվ, Բուջի կարօվա (լատ. Coccinellidae)։ Զատիկը բզեզների ընտանիքին պատկանող մինչև 1-1,5սմ երկարությամբ կլորավուն, կարմրադեղնավուն ու սև պուտերով կարծրաթև միջատ է: Տարածված է ամենուր: Հաճախ հանդիպում է այգիներում, բանջարանոցներում, պուրակներում: Համարում են սուրբ և երբեք չեն սպանում: Երեխաները սիրում են բռնել և ձեռքերին պահելով ու բուջի կարօվա թը՜ռռ, բուջի կարօվա թը՜ռռ բացականչելով` թռցնել: Զատկաբզեզների բազմաթիվ այլ տեսակները չեն տարբերակում և ընդհանուր անվամբ կոչում են վըէթէս:

Վարդավառը Քրիստոսի պայծառակերպությանը նվիրված քրիստոնեական տոնն է, որ հատկապես տարածված էր մինչև 20-րդ դարի սկզբները և տոնվում էր հուլիսին՝ Զատկի 14-րդ կիրակի օրը: Այդ օրը ընտանիքներով, գերդաստաններով և նույնիսկ ամբողջ գյուղով ուխտ էին գնում ամենանվիրական, առանձնապես լեռնագագաթներին գտնվող սրբավայրերը, մատաղ մորթում, առատ սեղան բացում, երգ-երաժշտության ուղեկցությամբ մեծ խմբերով քեֆ անում, ժողովրդական տարբեր խաղեր կազմակերպում՝ հաճախ գիշերելով, իսկ երբեմն էլ մի քանի օր մնալով այնտեղ:
Հավատում էին, որ այդ գիշեր բոլոր սրբերի վրա լույս է իջնում, և ով տեսնի այդ լույսը, նրա ցանկությունը կիրականանա: Ոմանց կարծիքով էլ Հոգեգալստյան օրը երկինք բարձրացած սրբերը Վարդավառին իջնում են՝ ընդունելով լուսավոր աստղերի կերպարանք, և ով նրանց տեսնի իջնելիս, ինչ որ խնդրի, կկատարվի:
Այդ օրն ընդունված էր նշանված աղջկա տնից տղայի տունը և հակառակը խօնչա տանելը, իսկ որոշ բնակավայրերում էլ հենց այդ օրն էին կատարում նշանադրություն: Վարդավառին առանձին ոգևորությամբ և ակտիվությամբ էին մասնակցում չամուսնացած երիտասարդները, հատկապես՝ աղջիկները, ովքեր խմբերով առանձնանում էին դաշտերում, աղբյուրների մոտ, ծաղիկներ քաղում, իրար վրա ջուր լցնում, նույնիսկ իրար գետը կամ առուն գցում, և վիճակ գցում` երգելով վիճակի երգեր (ջա̈նգյո̈ւլումներ):
Վարդավառի տոնակատարությունը Արցախում խորհրդային տարիներին գրեթե վերացել էր: 20-րդ դարի վերջերին` Արցախյան շարժումից հետո, այն վերականգնվել է:
Վարդավառ բառը վարդ-աւ-առ. տառացի նշանակում է ջրալվա։
Վարդ-ը խեթերեն wātar-ջուր բառի հետ է կապվում: Գրիգոր Ղափանցյանը խեթերեն «widar» բառը հայերեն «urd» –ջուր իմաստով պահպանված է համարում Եղվարդ և Արցախի _Թաղավարդ _տեղանուններում:
Տոնի խորհուրդը նախաքրիստոնեական շրջանում ջրի պաշտամունքն էր:
Վարդավառի տոնին երգվող խաղիկները տե՛ս Քնարական բանահյուսության բաժնում։