Թութան մըհասուր, փո̈ւրփո̈ւտան պիխկահաց,
Օրախ ապրէ, էրկան կաց:
Արցախյան և ոչ մի ուտեստ անխորհուրդ չէ, յուրաքանչյուրը մեր վարքն ու բնավորությունն է բացահայտում, հնարավորություն տալիս ճանաչելու կյանքի մյուս կողմերն ու հարաբերությունները, յուրաքանչյուրում մեր ընկալումներն են բյուրեղացված, յուրաքանչյուրով մեր ընտանեկան, ազգային արժեքներն են ժառանգորդվում:
Հինչու տըէսնաք՝ սըվըրէցէքյ, ծէր խօխոցը պըտմըէցէքյ: Մէր պապէրը հընարալ ըն, մունք ընք օտում, մունք էլ պահէլ բիդինքյ, վէր մէր խօխէնքյը օտին:
Արցախյան խոհանոցը ազգային կեցության կարևորագույն պայման է, այն արցախցու այցեքարտն է, նրա հպարտությունն ու հյուրասիրության պարծանքը:
Խոհանոցն արվեստ է և յուրաքանչյուր ճաշ ինքնին ստեղծագործություն է: <<Խոհանոց>> ասելով՝ արցախցին հասկանում է օջախ, իսկ օջախը պատմություն է՝ ավանդականությամբ սրբագործված: Օջախը խորհրդանշում է արցախցու սերը, նվիրվածությունը, բարությունը, առաքինությունն ու հյուրընկալությունը:
Ճաշելուց առաջ աղոթքով արցախցին շնորհակալություն է հայտնում Արարչին: Նա չափազանց ժուժկալ է իր կենցաղով, թեպետ ունի ճոխ ու հարուստ խոհանոց: Ավանդական բաղադրատոմսերը դարերի փորձության են դիմակայել։ Ինքնօրինակ, պարզ ու մտածված խոհանոցը, ինչպիսին արցախյանն է իր ավանդույթներով, առողջ ապրելակերպի գրավականն է: Ղարաբաղցու երկարակեցության գաղտնիքը ճիշտ սննդակարգ ընտրելու մեջ էր և իհարկե, բնամթերքների օգտագործման:
Հին հայկական կերակրանունները հիմնականում ձավարից, կորկոտից, փոխինձից և հատիկային այլ մշակաբույսերից են պատրաստվում: Գյուղերում պահպանվել էին քարի երկանքը. իրար վրա դրված երկու կլոր քարասալ՝ մեջտեղում բացված անցքով, որի միջով լցնում են ցորենը, վերևի քարը պտտելով՝ մանրացնում, աղում: Հնամենի հայկական շատ կերակրատեսակներ անունը ստացել են այն ամանից, որում պատրաստվել են: Օրինակ՝ տապակը, կճուճը, պուտուկը անուն են տվել տապակային, կճեխաշին, պուտուկին, քրեղանին, չանախին:
Ճաշելուց առաջ աղոթելով պիտի շնորհակալ լինելով Արարչին՝ առաջին հերթին այդ ճաշը մտովի պետք էր մատուցել աշխարհի բոլոր էակներին:
Հարուստ է Արցախի բնաշխարհը, իսկ նրա տերը՝ շնորհաշատ և կարողունակ: Գարնան, ամռան, աշնան ամիսներին արցախցին հոգ է տարել, որ բնության տված բոլոր բարիքներից իր շնորհքի և փորձառության ընձեռնած հնարավորություններով պահվի ձմռան համար, որպեսզի բնության քնի վեց ամիսներին ոչ մի բանի պակասություն չզգան երեխան ու տարեցը, հիվանդն ու երկրորդված հարսը, մեռնողն ու ապրողը: Պտուղները, հատապտուղները, կանաչին, բանջարանոցային, անտառ -դաշտային բարիքները, կաթնեղենը պահվել են ձմռան համար, որը չորացրած, որը՝ աղած, որը փշրած, որը քար վիճակում, որը՝ թթու դրած: Ու դրանք ձմռանը պարզապես սըրտուզիլիքյ էին:
Որքան էլ ընդարձակվում են մեր ճաշացանկերը, ներառում նոր անուններ, մեր սեղանի զարդը շարունակում է մնալ ավանդական արցախյանը, ու սա այն պատճառով, որ յուրաքանչյուր կերակրատեսակ խելամտորեն տարբերակված իր նշանակությունն ունի. նույնիսկ սննդի ընդունման ժամանակն է հաշվարկվել մեր պապերի կողմից, և դա այն ժամանակներում, երբ բժշկագիտությունը դեռ բարուրված էր: