
Ավանդական ուտեստ
Նյութեր

ԹԸԹՕ -ն ընդունված ու տարածված կերակրատեսակ էր համարյա բոլոր եղանականերին, հատկապես ուշ աշնանն ու ձմռանը, գարնանամուտին: Դրանք իրենց պատվավոր տեղն ունեին հատկապես այն դեպքերում, երբ ընտանիքի անդամներն առողջական խնդիրներ ունեին: Թըթօն մրսածության բուժման լավագույն միջոցն է։
Ձմռանը հաճախ են պատրաստում հոնաթթուն, մոշաթթուն, մասրաթթուն, խնձորաթթուն/վայրի խնձորների չրերից/, սերկևիլաթթուն, կծոխուրաթթուն, զկեռաթթուն: Թթու եփում էին նաև խար թթից, շըլօ̈րից/շըլո̈ւրթըթօ/, սալորից/գյըվըլթըթօ/:
ԶԸԿԸՌԹԸԹՕ: Զըկըռթըթօն օգտագործվում էր բքնածության ժամանակ՝ որպես գազամուղ միջոց: Մրսածության դեպքում կիրառվում էր զկեռաթթվի, մածնի, անեփ ծեծած սխտորի խառնուրդը՝ որպես մաղձաթափման միջոց:
Պատրաստման եղանակը
Զըկըռթըթօն պատրաստում են հասած զկեռը ջրով եռացնելով, տրորելով և քամելով: Քամիչով առանձնացնվում են կորիզներն ու թեփը և եփում մարմանդ կրակին, մինչև մի քիչ թանձրանա: Ուտում են տաք վիճակում:
Հասած զկեռն էլ հիանալի դեղ է փորլուծության համար(ավելի արդյունավետ է կիսահասն ու խակը): Կա զկեռի 2 տեսակ՝ տնային/շահ կամ փէյվան/ և անտառային/վայրի կամ ժըԷռ/:
ՀՈՒՆԸԹԸԹՕ: Քրտնամուղ հատկություն ունի հոնաթթուն: Հոնաթթուն տարեց մարդկանց դժվարին օրերի ուղեկիցն է:
Պատրաստման եղանակը
Հո̈ւնըթըթօն հիմնականում եփում են ձմռանը և բոլոր այն եղանակներին, երբ մրսածությունը կամ հարբուխը հաղթահարելու անհրաժեշտություն է լինում: Չորացրած հոնը թրջում են: Փափկելուց հետո հարում են, ավելացնում ջուր և քամիչով առանձնացնում կորիզները(եթե կորիզով էր պտուղը չորացրած): Հոնախյուսը եփում են մարմանդ կրակին: Ուտում են տաք վիճակում:
Թթօյի պատրաստումը նոր ժամանակներում
Թըթօ կարէլի է պատրաստել կորիզը հանած հոնի չրից՝ ախտայից, պաստեղից ՝ մրգային լավաշից, որը կարող է լինել թթվաշ սալորի կամ թթվաշ պտուղներից պատրաստված տարբեր չորամրգերից։
Եռացրած ջրով լվանում են չորամրգերը կամ պաստեղը, ապա վրան եռացրած ջուր լցնում այնքան, որ ծածկվեն պտուղները, թողնում են, մինչև ջուրը գոլանա, իսկ մրգերը փափկեն։ Ապա լցնում են հարիչը(բլենդերը) և դարձնում համասեռ զանգված՝ խյուս, խյուսին ավելացնում են եռացրած ջուր այնքան, որ խյուսով հյութի պես լինի՝ ոչ շատ թանձր, ոչ շատ ջրիկ, ու եռացնում են, մինչև մի քիչ թանձրանա ու դառնա թարմացնող հյութերի(fresh)խտության: Ուտում են կամ խմում են տաք վիճակում․ ըստ ճաշակի կարելի է ավելացնել շաքարավազ։
Հնում թթօն ուտում էին՝ մեջը բրդելով տաքացրած և գրեթե չորուկ դարձած թոնրահաց։
Զկեռն ու հոնը բանաձևային բանահյուսության մեջ
Հանելուկ-Զկեռ
Ամէն հինչը ուտէյիս կօթան ըն փըռնում,
Մին պէն կա՝ թիփուռան ըն փըռնում:Ճըպռօտ հավ՝ թառ իլած:
Մին կուճուր խօխա, աշկէրը ճըպռօտ:
Առած
ԽօխէնքJը տար ծըմակն ըրա, զըկըէռ օտին, մըծանան- շատ երեխաներ ունեցողին են ասում:
Հանելուկ-Հոն
Ծաղկում ա, Տասը ամսանը յէտը պէրք տամ:
Մին կուճոր բօյ օնէ, Կյա̈րմո̈ւր շօր օնէ:
3.Տէղէն ծընըվում ա, Կանանչ ապրում, Կյա̈րմո̈ւր մըէռնում:
- Տէղէն հինիմ, Կյա̈րմո̈ւր կըտրիմ:
Արցախում գարնան խորհրդանիշ պատվական սնունդը ժենգյալով հացն է՝ հայոց աշխարհում առանձնանշվող, արցախյանի խորհրդանիշ դարձաձ, հըզէրում հընդրած այդ հրաշք ուտեստը: Դրան ուրիշները բնության դեղատուն կանվանեն, իսկ Արցախում այն ժենգյալով հաց անունն ունի: Ժենգյալով հացը ոչ միայն սնունդ է, այլև առեղծված է՝ հողի բույրով ու համով լցված։ Տեսքով երկրագունդն է, միջուկը կանաչ է՝ բնությունը, իսկ դաշտը ցորնից է՝ հողից ծնված:
Տարվա տարբեր եղանակներին տարբեր է լինում միջուկը. յուրաքանչյուր եղանակ իր համն է տալիս իր ունեցած բույսերով, դա է ուտեստի գաղտնիքը: Բայց գաղտնիքը միայն բուսերը չեն… Դրանք պիտի միավորվեն ու հողի համն ունեցող ցորնալյուրով խմորի կրծքում պահվեն… մի ողջ գարուն է ցորնալյուրից դաշտ դարձած խմորագնդիկում կոլոլված:
ժենգյալավ հացը արցախցուն տեսնելու, արցախցու քիմքի հաճությունն ու ճաշակը ճանաչելու այցեքարտն է: Ժենգյալով հացի ընկերը կարմիր գինին է՝ արցախցի տղամարդու համառությամբ ու համբերությամբ քամված, նրա վայրի ու բարի խառնվածքով խմորված ու ինքնօրինակ սիրով թնդացած:
Ժենգյալով հացի ու գինու մերվածությունը արցախյան ընտանիքի խորհուրդն ունի. կնոջ ու տղամարդու շնորհքի, արարման ու համերաշխության դաշինքն է հաստատում:
Արցախցի տիկնոջ հմտության, կոկիկության ու տնարարության որոշիչն է նաև ժենգյալով հացը՝ էլ հինչ կընէգյ, վէր կարէ վէչ ժինգյալավ հաց թըխէ. սա է կնոջ ճանաչողության բանաձևումը արցախցի տղամարդու ընկալումներում: ժենգյալով հացը լավագույնս բացահայտում է արցախցի կնոջ խոհարարական ձիրքը, նրա՝ ուտեստի տարրերը համակցելու, այդ տարրերի հաշվեկշիռը պահպանելու վարպետությունը:
Արցախցին ընտանիքի պատկերացման իր ուրույն փիլիսոփայությունն ունի: Դեռևս վաղ շրջանում աղջիկների ամուսնության ընդունելի տարիքը 11-12 տարեկանից էր սկսվում և սա բացատրելի էր. նոր, այլ ընտանիք մտնող աղջիկը պետք է մանկահասակ լիներ, որ այդ ընտանիքի բարքերով դաստիարակվեր, նրանց փարչով ջուր խմեր և օծվեր ընտանիքի հարս: Իսկ արտաքին կազմվածքը պիտի լիներ այնպիսին, որ երբ խնձորը նետես, չընկնի աղջկա վրայից, այսինքն՝ փափկամարմին լինի, բայց մեջքն էլ բարակ, ինչպես շըմալ: Փոխվել են ժամանակները, այսօր արցախցի աղջկա ամուսնության ժամանակը այլ չափացույցով է որոշվում, և որոշողն էլ ինքն է՝ աղջիկը: Բայց մի բան անփոփոխ ու հաստատ է մեր ընկալումներում. աղջկան հարս տանելու ժամանակահասությունը մենք նրա տնարարական ձիրքով և ունակությամբ ենք որոշում: Եթե արցախցի աղջիկը գիտի ժենգյալով հաց ու թերթերուկ թխել, գիտի մածուն մերել, խաշիլ ու շփոթ պատրաստել, ուրեմն նա իսկական հարսնացու է:
Ղարաբաղա լյավ կինի,
Ժինգյալավ հացավ սինի,
Էրկու օրվան էս հըղէն, ա մա´րթյ,
Պարի ընըմավ քյինի:
Մին ղալա՝ կյարունքը մաչին. այսպես է բնութագրվում ժենգյալով հացը հանելուկում:
Ժենգյալով հացը հաճախ ուտում են պանրով՝ պանիրը կոլոլելով նրա մեջ: Ենթադրելի է, որ ժենգյալով հացի ծնունդը սակավապետության հետևանք է, ինչպես հայկական ավանդական կերակրատեսակները՝ խաշը, կորկոտը, խաշիլը, շփոթը և այլն: Ժենգյալով հացը գարնան գալուստն ու ձմեռային կերակրացանկի փոփոխությունն էր ազդարարում:
Պատրաստման եղանակը
Կանաչեղենը լվանալ, փռել, որ ջուրը քամվի, ապա կտրտել տախտակի վրա՝ մանր-մանր: Կտրտած կանաչին խառնել ձեռքով՝ ներքևը գլուխ, գլուխը ներքև դարձնելով:
Խմորը պատրաստել առանց թթխմորի և խմորիչի՝ գոլ ջրով և քիչ աղով: Խմորը գնդերի բաժանել: Ապա առանձին փոքրիկ թասի մեջ կանաչեղենից լցնել մի բուռ /մեկ փաթույթի համար/, իբրև համեմունք ավելացնել աղ, պղպեղ, մանրահատ նուռ / նուռ չլինելու դեպքում՝ կտրտած թթու լավաշ, /, իսկ եթե միջուկում կա թրթնջուկ, պետք չէ նուռ կամ լավաշ: Գունդը բացել, կանաչին լցնել վրան, ձեռքով տարածել գրտնակած լավաշի երկայնքով, ապա կողմերն իրար բերել ու կպցնել: Հետո ձեռքով բացել, տափարակել լցոնած խմորը և փռել նախապես տաքացրած սաջի վրա: Երկկողմանի թխել՝ չթողնելով շատ կարմրի, այնպես լինի տեսքը, ասես բաց դարչնագույն ծաղիկներով լցված դաշտ է: ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑԻ ԲՈՒՅՍԵՐԸ ՏԵ՛Ս ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ԷՋՈՒՄ։
ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑ
Քաղեմ, հնդրեմ, փնջեմ, կտրեմ,
Տատիս ճանաչ մի բուռ կանաչ,
Կնձմնձուկ ու թրթնջուկ,
Սպանախ, սինձ, սամիթ ու գինձ,
Առոք-փառոք, սոխ-ճռճոռոկ,
Պտուտկուն, պուտ, պառավապուրտ։
Ձեթը շաղեմ ու շաղախեմ,
Խմոր հունձեմ, գնդեր թրծեմ,
Գնդեր հարթեմ, կանաչ լցնեմ,
Տեփեմ,
Ծեփեմ,
Բովին եփեմ...
Դառնա թխած,
Շահած-պահած
Ժենգյալով հաց:(Գուրգեն Գաբրիելյան)
Նույնը՝ բարբառային փոխադրությամբ ու որոշակի ձևափոխած
ԺԻՆԳՅԱԼԱՎ ՀԱՑ
Քաղիմ, հընդրիմ, փընջիմ, կըտրիմ,
Տատուս ճանանչ մին խօրթնը կանանչ,
Կընձմընձուկ ու թըրթընջուկ,
Ծըտըպաշար, սիմսիմօկ,
Սպանաղ, պէնջար, սամէթ ու կյինձյ,
Առօք-փառօք ճըռճըռօկ,
Պըտուտկուն, պուտ, պըռավուպօրտ:
Խըմօր հունցիմ, պո̈ւլէր շինիմ,
Պո̈ւլը թակիմ, տըփլըկցընիմ,
Կանանչ լըսնիմ,
Ծէթը շաղիմ, շըղախիմ,
Աղ-տըխտէղավ փըլալիմ,
Տէփիմ, ծէփիմ,
Սաջէն իփիմ…
Տըէռնա թըխած,
Շահած-պահած
Ժինգյալավ հաց:
ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑԸ՝ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՈՒՄ
1.ՍըԷվ յէզնը,
Մաշկէն էլ ՝ տափը սիպտակ, խըլավուր փալան,
Փըլանեն մաչին՝ քըռասուն ջուռա կըտուրտանք: (սաջ և ժենգյալով հաց)
2.Քըռասունա մօտ փըրթված ինս̈ան՝ մին պըտանում։
3.Սիպտակ յալլըէխ՝
Մին խօրում խօտ պըտատած:
- Ըլլէրավ հինած չանթա,
Հազար ջուռա խօտավ լիգյը:
5.Մին կապ խօտ ո̈ւրան չընթավը կօլ ըն տամ,
Պըլըխէլունք մին կյէվաթ էլ նի ածծում:
6.Մին մըէծ քյէչա,
Մաչը ջուռաբաջուռա կըտուրտանքէր:
7.Մին քըսակ՝
Մաչը զիլբըզիլբա կուտուրնէ,
Մին կյէվաթ արունավ
Քըսակը կօլ ըն տամ:
8.Մին տօն օնիմ խըմօրէ,
Մաչը լիգյը ժըխըռէնէ,
Կըլօլէ, ճէղացընըվէր հըլօրէ:
9.Խըլըէղը՝ սիպտակ,
Տըկաշօրը՝ կանաչ,
Ամմա խըլ՝ղն էրած ա մինակ տուս կյամ մըրթամաչ:
10.Պատանքը խըմօր ա,
Մէյդը՝ խօտ ա:
11.Հարիմ, փըրթիմ,
Նի տամ քըսակ,
Խանձիմ ըրկաթէն,
Խօդ տամ կյըվաթէն
Կօլ տամ ըրմակէն:

ԽԱՇԻԼ
Խաշիլը արցախյան խոհանոցի ավանդական կերակրատեսակներից է, որ եփում են հիմնականում ձմռանը:
Պատրաստման եղանակը
Ցորենը բովում են(աղանձում), աղանձած ցորենը երկանքով աղում են։ Ապա աղվածքը մաղով բաժանում երկու մասի՝ մանր և խոշոր: Խոշոր փոխինձը (1 բաժակ) կաթսայի մեջ նորից թեթևակի բովում են, ապա 1 բաժակին ավելացնում 3 բաժակ եռացրած տաք ջուր, եփում՝ խառնելով, որ դառնա թանձր խյուս, ապա ավելացնում մանր փոխինձը(մոտ 0.5 բաժակ) խառնում մինչև ստացվի թանձր զանգված, աղ են լցնում:
Եփած խյուսը լցնում են խոր թասերի մեջ, թոնրի պես փոս անում, փոսի շուրջը թան են լցնում, իսկ փոսը լցնում են տաք սոխառած։ Ուտում են՝ գդալով այդ երեքը միավորելով։
Թանի պատրաստումը
Խաշիլ-ի թանը պատրաստում են նախօրոք թրջոց դրած չորաթանից, կոշտ ամանում հարելու միջոցով: Վերջինս մեկ այլ կերակրատեսակի՝ քյըլընգյօշի հիմնական բաղադրատարրն է:
Թան կարելի է պատրաստել նաև մածնից՝ 1/1 մածուն և ջուր հարաբերակցությամբ, նաև 1 պտղունց աղ ավելացնելով։
Ուտում տաք-տաք: Խաշիլ անունն առաջացել է կերակրատեսակի պատրաստման եղանակից՝ խաշել բայից, որ նշանակում է եռացրած ջրի մեջ կիսաեփ անել կամ եփել:
Խաշիլն ասից՝ տակըս վըէսկէ յա, շիրէփը թա՝ յէս հիշտէղա՞ յըմ կյամ. ասվում է պարծեցողի մասին:
ԶՎԱՐՃԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՇԻԼԻ ՇՈՒՐՋ
ՄԻՆ ԿՅՈՒՇ ԽԱՇԻԼ Ա ՏԱՆՈՒՄ
Դէրը կյամ ա Հօ¨րդուն տօնը: Հօ¨րդին ասում ա.
-Խա՛չուն ախճիգյ, մին աման խաշիլ քըցի դէրին հըէտէ:
-Ա՛ վէրթի, կըէրած ըմ: Հասէ, մինչէւ ըստըէղ լիգյըն ա (Տերտերը ցույց է տալիս որովայնից մինչեւ բերանը):
Խաչուն ախճիգյը մին փադի կյուշ պինդըպըտօկ լիգյը խաշիլ ա տինում դէրին ըռաչին: Դէրը դա¨ստինա քըթո¨ւլհարում ա, պըրծնում, դիքյ վըէննը կըէնում:
Տընատէռնը խօխան էն ա ինում դէրին յիշիյիս, զարմացած ասում ա.
-Պա՛պ, պա՛պ, դէրին հասէ ըստըէղաս տիյէրը (ցույց է տալիս բերանը) մին մըէծ կյուշ խաշիլ ա տանում:
ԱՇԽԱՐՔԸՍ ԽԸՌՆԸԽԱՌՆԵ ՅԱ
Հընըրփըէսա հաց ուտէյիս ըն ընում: Զէմքուչը խաշիլին ամանը տինում ա մաշտըէղ, քըթօ¨լը յօր օնում, ասում. — Ըստարէ հալյա մին ծըէր չընք ծըրալ:
Ըսէլին նըհըէտ ըմանէն մաչավը ծըրում ա, հանց անում, վէր խաշիլին յէղը հընցընէ փըսէն ա¨նգյո¨ւնը:
Մարթը կլօ¨խ ա ընգընում կընգանը ըրածը, քթօ¨լը յօր ա օնում ամանը խառնում:
—Վէչինչ, ա՛ կընէգյ, տարէն խըռնըխառնէ յա:

ԿՈՐԿՈՏ Հատկեղենից պատրաստված կերակուր է կուրկուտը/կորկոտը:
Կորկոտը՝ կուրկուտը հնդեվրոպական *gogrod-՝ *gred- արմատից է սերվում: Բառարմատի բնիմաստն էր «քորել, քերել»: Բարբառում բառը պահպանված է բիմաստից տարբերվող իմաստով:
Կուրկուտը բարբառում ունի և’ ընդհանուր հայերենյան՝ «թեփահանված, ծեծված ցորեն կամ գարի» նշանակությունը, ինչպես օրինակ՝ Զա¨րդա¨ ցօրէն ան լյավ կուրկուտ ա տո̈ւս կյյամ: Ե՛վ բառիմաստի նեղացումով դարձել է կերակրանուն՝ պատրաստված այդ նույն՝ ծեծված հատիկից: Վերջին նշանակությունն ավելի հաճախական է և բառի գլխավոր իմաստը դառնալու միտում ունի: Օրինակ՝ Ղարաբաղ օրէնքյնէրավը կուրկուտ ըն տամ:
Բառից բաղադրված կուրկուտ անէլյ հարադրությունը բազմանշանակ է:
Հիմնական իմաստն է՝ երկանքով կորկոտ աղալ, կորկոտացու պատրաստել: Ինչպես՝ Կուրկուտ ըրա, վէր ճա¨շ անինքյ, փուշի ըրա, լավաշ թըխինքյ:
Փոխաբերաբար նշանակում է մի դեպքում՝ երկյուղել, վախենալ: Ինչպես՝ Մարթը վէր ճըղղամ ա, կընէգյը կուրկուտ ա անում, կօչ կյամ: Մյուս դեպքում՝ արագ –արագ խոսել, բառերը ոչ հստակ արտաբերել. Փոխաբերական այս իմաստը կապված է անմիջապես կորկոտի աղալու գործընթացի հետ, երբ երկանքի վերնաքարը արագորեն են պտտում, երկանքից թափվող կորկոտը կիսածեծված է լինում: Փոխաբերության հիմքում այդ նմանողությունն է: Ինչպես՝ Խէ կուրկուտ ըս անում, հըէտատ պըրծընօղ կա՞, միկա յըտըէ-յէտէ խօսէ, խուսկատ մարթ պէն կըլօխ ընգյէ: Բառի բնիմաստը՝ քորել, քերել նշանակություններով, պահպանված է նաև գերմաներենում` krutzen:
Պատրաստման եղանակը
Երկանքով ծեծած, թեփահանած զա̈րդա ցորենը և միջին մեծությամբ կտրտած խոզի յուղոտ միսը կամ հորթի միսը շերտ-շերտ դասավորում են կաթսայում՝ 1 կգ ցորնին՝ 1,5-2կգ միս հարաբերակցությամբ, ավելացնում աղ և ջուր(1կգ ցորենին 4 լիտր ջուր): Նաև կարելի է սագի, բադի ու հնդկահավի մսով պատրաստել կորկոտը։ Կաթսայի բերանը կափարիչով փակում են և դնում թոնրի մեջ կրակի շեղջի վրա: Առավոտյան կաթսան հանում են և բարեկամների ու հարևանների հետ ուտում: Քաղաքում թոնիր չկա, ուստի կորկոտը եփում են մարմանդ կրակի վրա: Կրակի վրա այն եփում են մոտավորապես 6 ժամ։
Ավանդույթ էր կաթսան գողանալը. գողացողի նկատմամբ թշնամանք չի դրսևորվում: Այդ պատճառով գիշերները հսկիչներ էին կանգնեցնում թոնիրներում: Կորկոտն ուտում են առավոտյան բարեկամներով, հարևաններով, ընկերներով: Մատուցում են նաև կանաչի, թթու, հաց և բողկ:

ԽԱՎԷԾ
Խավիծ կերակրատեսակը նույնպես ցորնահատիկից են պատրաստում՝ ցորնալյուրը յուղով բովում են այնքան ժամանակ, որ բաց դեղին գույն ստանա: Ավելացնում են շաքարի օշարակ, եփում մինչև խտանա: Այնուհետև լցնում են կաթի թարմ սեր և եռացնում:
Խավիծ պատրաստում են նաև ծեծած կանաչ հասկերից և յուղով: Այն օգտակար նշանակություն ունի ու նաև մանկական սնունդ էր:
Ցորնահատկից և նրան ցեղակից այլ հատիկներից արցախցին պատրաստում է աղանձ: Սաջի գոգավոր կողմին բովում են ցորեն, եգիպտացորեն, սիսեռ, չաթան, որին ավելացնում էին չամիչ, չորացրած թութ, ընկույզի միջուկ: Սա մեծերի ու փոքրերի սիրելի աղանդերներից էր ու անվանում էին չա̈րա̈զ: Աղանձացու-ն սովորաբար ընտրյալ հատկեղենից են պատրաստում:
Աղանձի բաղադրիչներն են՝ զա̈րդա̈ ցորենը, սիսեռը, չիթա̈նա̈ն, ընկույզը, դդումի սերմը, թթի չամիչը։
Պատրաստման եղանակը Ցորենը (հիմնականում զարդա տեսակի), սիսեռը (վերջինս նախօրոք ջրի մեջ մի քանի ժամ պահելով), չաթանը, դդմի կորիզները, աղ ցանելով, առանձին-առանձին բովում են սաջի կամ վառարանի վրա և խառնում իրար՝ ավելացնելով թթի չամիչ ու մանրացրած ընկույզ:
Ղարաբաղի բարբառում գործածական է աղանձ անել դարձվածը` չորացնել, տոչորել, տանջել, չարչարել իմաստով:
Աղանձն ու բովն են բնորոշում հետևյալ հանելուկները․
Մին սո̈ւրո̈ւ էծ՝ Մին ղալում լօք-լօք ընէյիս։
Սըէվ կալէ՝ էծէրը մաչին լօք-լօք ընէյիս։
Սըէվ-սըէվ էծէր` Մին պատավ տըէռած :

ԿԸՃԷԽԱՇ
Արցախյան խոհանոցի ավանդական ու այսօր էլ նրա խոհանոցում ակտիվորեն կենցաղավարող, նվիրական կերակրատեսակներից մեկն էլ կըճէխաշն է: Կերակրանունն առաջացել է այն ամանի անունից, որում պատրաստվել էր այն՝ կճուճի մեջ խաշած՝ եփած: Հատկեղեններից է պատրաստվում: Բացի սննդարար մեծ արժեքայնությունից այն նաև արցախցու կենցաղում այլ գործառույթ ունի. Կըճէխաշ անէլը մահնա օնէ: Երբ երեխայի ատամները դուրս են գալիս, մայրը կճեխաշ է պատրաստում, հարևանների երեխաներին կանչում, իր երեխային մերկացնում, նստեցնում հատակին փռած մեծ շորի մեջտեղը, կճեխաշը ածում գլխին, որի շուրջը թափած լոբին, սիսեռը, ցորենը ուտում են երեխաները: Երեխայի մոտ շարում են տարբեր իրեր: Երբ երեխան ինչ-որ իր է վերցնում, ըստ հին նախապաշարմունքների, նշանակում էր երեխան կողմնորոշվել է իր ապագա մասնագիտության մեջ:
Պատրաստման եղանակը
Կըճէխաշի բաղադրիչներն են՝ լոբին, սիսեռը, ցորենը, եգիպտացորենը։ Դրանք նախապես թրջում են, ապա խառնում և ջուր ավելացնելով(1 բաժակ ընդեղենին+4 բաժակ հարաբերակցություն) եփում։ Ընթացքում պիտի հետևել, որ ջուրը չսպառվի։ Եփում է մոտավորապես 4 և ավելի ժամ։
ԼՈՒԲԸԽԱՇՈՒ Հատկեղենից բացի, արցախյան խոհանոցի կարևոր տարրերից են ընդեղենից պատրաստված կերակրատեսակները, հատկապես բացառիկ օգտակար ու սիրված են լոբուց պատրաստված կերակուրները: Հատկանունից, ընդանունից էլ հիմնականում անվանվում են այդ կերակուրները: Լոբի-ն թիթեռնածաղիկների ընտանիքին պատկանող բույս է՝ պատիճի մեջ ամփոփված հատիկներով՝ ունդերով: Կանաչ և չոր լոբուց պատրաստած ճաշ արցախցու սեղանի կարևրագույն սնունդներից են:
Լոբուց պատրաստում են ամենատարբեր կերակուրներ․ խաշում են լոբին, և ունդը ջրից առանձնացումով մնում է դըռի լօբին, որ կոչվում է_ յախնի_:
Լոբով շորվա նույնպես հարգի է մեր խոհանոցում. լոբին եփում են, առանձնացնում կեղևները, լոբու հյութին ավելացնում ջուր, աղ ըստ ճաշակի, աղացած ձավար, չորացրած սամիթ, մաղադանոս, աղացած կարմիր պղպեղ և եփում: Այնուհետև ձեթով մի քիչ սոխառած անում, լցնում վրան: Ընկույզը մանրացնում, մեկ ճաշի գդալ ալյուրի հետ տրորում ու ավելացնում վրան: Այնքան եփում, որ ալյուրի համ չգա: Ավելի համեղ կլինի, եթե մեջը մի քիչ ծեծած սխտոր ավելացվի:
Հետաքրքրական է, որ ընդեղենից պատրաստված հիմնական կերակրատեսակները եփած վիճակում առավել տարածված են արցախյան խոհանոցում. սա վկայում է նաև արցախցու առողջ սնվելու կենսակերպի մասին:

ՊԸԶՏԱԹԱՆ
Բառը կազմված է պըզտ և թան բաղադրիչներից:
Պըզտաթանը պատրաստում են թանից: Թանն ածում են քսակի մեջ/թընըքըսակ/ և քամում: Լավ քամվելուց հետո թափում են տաշտի կամ փայտյա մեծ ամանի մեջ, ավելացնում 1-2 բուռ մաղած ալյուր, աղ և հունցում մինչև միապաղաղ զանգված դառնալը: Այնուհետև բլիթում են, բաժանում գնդերի՝ պո¨ւզտերի և փռում մաքուր պաստառի վրա, դնում արևի տասկ, պահում մինչև չիփ-չորանալը:
Չորանալուց հետո այն այլևս պըզտաթան չէ, այլ չորաթան: Չորանալուց առաջ՝ պըզտաթան, չորանալուց հետո՝ չորաթան։
ՉՈՐԱԹԱՆ
Չորաթանը պահվում է կտավե քսակների մեջ՝ ձմեռվա համար: Այն օգտագործվում է հիմնականում խաշիլի թանը և քյըլընգյօշ կերակրատեսակները պատրաստելու համար:
Չորաթանը չոր վիճակում տրվում է ուտելու փորլուծ ունեցողներին: Որպես դեղամիջոց օգտագործվում է նաև թթադոշաբի համամասնությամբ՝ նույն նպատակով:
Չորաթան հարելը
Հարելուց առաջ չորաթանը 1-2 օր պահում են մաքուր աղբրաջրի մեջ՝ մինչև փափկելը: Հարում են ձեռքով այնքան, մինչև վերածվում է թանձր հեղուկի: Հարում են փայտյա մեծ ամանի մեջ /կյուշի մեջ/:
ՔՅԻԼԸՆԳՅՕՇ
Պատրաստման եղանակը 100գր. չորաթան, 1ճ.գդալ ալյուր, 1գլուխ սոխ, 1ճ.գդ. յուղ, աղ՝ ըստ ճաշակի: Չորաթանը ջրով բացել, մինչև որ հարած քամած մածնի խտություն ստանա, ավելացնել ալյուր, խառնել և մարմանդ կրակով եփել մինչև խտանալը: Ավելացնել սոխառած և մանր հացի կտորներ: Ուտել տաք վիճակում:
Չորաթանը բանաձևային բանահյուսության մեջ
Հանելուկ-Չորաթան
Ամըէռնը կապում ըն, Ծըմըէռնը յէտ անում:
Ամըէռնը սառչում ա, քար տըէռնում, Ծըմըէռնը հալում, ճուր տըէռնում:
Թևավոր խոսքեր
Չուրաթանը արէվ տըէղն ըն մըէկնում:
Չուրըթանէն լյավը կատուն կօտէ:
Ըշտըէղ արէվ ա, չուրաթանը ընդըէղ ա պըլիթում։

ՀԱՑ ԵՎ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Ղօնաղն Ըստուծէնն ա:
Վեր ղօնաղըտ քյիզանա նըղացավ, աստուծ էլ կընըղանա:
Տըղապէտը հիվանդէն, մինէլ՝ ղունաղէն՚:
Փափուկ պէրցը ղունաղէն, փափուկ դօշակը ղունաղէն, փափուկ հացը ղունաղէն՚:
Հյուրասիրությունը ամենաարմատական սովորություններից մեկն է, որ հայ ժողովրդին ուղեկցել է մարդկային արշալույսից սկսած առայսօր:
Հյուրին նստեցնում էին ՙվերին թախտին՚, կողերին ու մեջքին բարձեր էին դնում՝ թիկնելու համար, ոտներն էին լվանում, հագուստը մաքրում, հարդարում և նրա առաջ փռում ամենալավ ուտեստները: Հարգարժան հյուրերի ՙոտքերի տակ՚ գառ կամ ուլ էին մորթում, նրա պատվին այլ հյուրեր էին հրավիրում նոր ՙ_շրջապատ_՚ ստեղծելու նպատակով, մատաղ էին անում` ժողովրդին հաց տալիս և այլն:
Ընդունված սովորությամբ, հյուրը նույն կերակուրից երկու անգամ չպետք է ուտի: Նրան հյուրասիրում են խորովածով՝ ընտանի և վայրի կենդանիների, թռչունների մսով, նրա առաջ մեղրահաց էին դնում, թարմ խնոցու յուղ, թարմ թխվածքեղեն, թարմ հաց ու լավաշ: Մսախորովածի հետ սունկ, սմբուկ ու լոլիկ, կարտոֆիլ ու պղպեղ էին խորովում, անպակաս էին եփած ու խորոված ձկնատեսակները: Հյուրին հրամցնում էին տարբեր տեսակի հին գինիներ՝ խաղողի, նռան, տարբեր տեսակի օղիներ՝ ընտրության համար: Հյուրասեղանի մշտական զարդն էին ժենգյալով հացը, բոխին ու կապարը, ավելուկն ու խաշիլը, քաղցր խմիչքները, պտղաջրերը, անուշակները:
Այս սովորությունն ազգի բոլոր շերտերը թափանցած ժողովրդական սովորությունն էր, որից դուրս չէր մնում ոչ մի ընտանիք: Սա ազգային, արյունակցական, սիրո, մարդասիրության, բնասիրության, լավի, բարու պաշտամունքի բարձր դրսևորում էր, մարդկային իսկական հարաբերությունների հստակ մի բանաձև:

ՀԱՑ․
Հացը վըէղուտ կընի։
Մինակ հաց չըն օտում։ Մինակ հացը կօլ չի քյինիլ։ Մինակ հաց կօտվէ՝ պըկէտ կմնա։ Այս առածները վկայում են հացի սրբագործ ծնունդն ու հացը վայելելու արցախցու՝ իր տեսակին հատուկ կենսահայեցությունը:
Հացագործությունն ու հացարարությունը խտացնում են ղարաբաղցու փիլիսոփայությունը: Մինակ գօրծ անէլը հիշտ ա, մինակ հաց օտէլը՝ տիժէր։ Մինակ թիքյան կօլ չի քյինում:
Հացը սրբություն է եղել, պաշտվել է որպես միակ զորություն։
Հացը խորհրդանիշն է միասնության ու միաբան աշխատանքի, ու այդ կենսափիլիսոփայությունը հացով ավանդվում է սերունդներին։
Անպարտելիության ու անընկճելիության արցախյան դասն է վկայում հացը, մարդասիրություն ու վեհանձնություն է պատգամում. Համօթ ա, վեր հացը մինակ տու ըս օտում, չորս ընգյունիդ օտող չկա:
Ուտելիս՝ շանը, կատվին, թռչուններին էլ ընկեր են անում՚:
Հացի պաշտանմունքի մասին է վկայում հնագույն զրույցներից մեկը, ըստ որի մայրը պանդխտության գնացող իր որդուն բաղարջ է տալիս և հարցնում՝ որդին մեկ ամբողջական բաղարջ է ուզում առանց մոր օրհնանքի, թե կես բաղարջ՝ մոր օրհնանքով: Որդին կես բաղարջ է վերցնում մոր օրհնանքով և հաջողությամբ վերադառնում ու շենացնում հայրական օջախը:
Նախկինում հացի հետ կապված էր հետևյալ ծիսակարգը. հացը թխել են և յուղով օծելով՝ բաժանել իբրև մատաղ: Մեկ այլ ծեսի համար թխվել է լեղանգ կոչվող հացի տեսակը, որ եփել են յուղի մեջ ու ննջեցյալների հոգու համար բաժանել աղքատներին: Հաց թխողը մեկական հաց է ուղարկում հարևաններին, բարեկամներին, հյուրասիրում անցորդներին, իսկ հաց չկտրելը վիրավորական արարք է հյուրասիրողի նկատմամբ:
Արցախի թոնրահացի տեսակներն են պո¨ւլո¨ւրահացը, լավաշը, պէղարճը, ճա¨թը` կօրէկ հացը, խաշխաշավ հացը, կըթնահունցը, մըղրահունցը, պըլիթը, կըրկէնէն, ճուղուպուրավ հացը:
Արցախում հարսանիքի ժամանակ նորահարսին սկեսուրը տուն մտնելուց առաջ մի կես կճուճ յուղ էր տալիս, իսկ ուսերին լավաշ էր փռում: Հարսը յուղով օծում էր սկեսուրոջ մազերը և փեսայի հետ տուն մտնում հացն ու յուղի օշնակը ձեռքին:
Ամեն հաց թխելիս տանտիկինները թխել են տասնյակից ավելի լավաշ: Ամենօրյա գործածության հացը ուղղակի կոչվել է հաց: Այն թխվել է շիկացած թոնրապատերին, ինչպես լավաշը: Թոնիրը շինված էր թրծված աղյուսաքարերից՝ քյարփուճ: Հացի հիմնական տեսակը թխելու այս ձևն ունի խոր ավանդույթներ:
Հաց-ը բնիկ հայկական ծագում ունի․ սերվում է հնդեվրոպական *** poku- / *peku- ** արմատից՝ թխել, եփել նախնական նշանակություններով: Ցեղակից ռուսերենում մենք տեսնում ենք նույն արմատից սերված և նախնական նշանակությունը պահպանած печь, выпекать բայաձևը: Հին հնդկերենում՝ pakti բառաձևով է վկայված՝ եփած կերակուր նշանակությամբ, լատվերենում՝ pektas՝ խորոված, տապակած նշանակություններով: Ի սկզբանե հաց-ը ընդհանրական նշանակություն ուներ՝ եփած կերակուր: Ապա և ժամանակի հոլովույթում բառիմաստը մասնավորվել է և հիմնական, առաջնային նշանակությամբ սկսել է գիտակցվել որպես հացարար բույսերի ալյուրից թխված մեկ ուտելիքի անուն: Եվ միայն ածանցյալ՝ երկրորդական իմաստներում է պահպանել իր նախնական ընդհանրական նշանակությունը:
Հատկանշական է, որ հացարարության գործընթացի հետ կապված՝ աղալ՝ al-` մանրացնել արմատից, **պըլիթ՝ bhli-t /bhel- փչել, ուռչել նշանակությունն ունեցող և պո̈ւլ՝ դարձյալ նույն **/bhel- /փչել/* արմատից սերված բառային միավորները նույնպես բնիկ հայերեն են ծագմամբ, ինչը ցույց է տալիս, որ վաղնջական շրջանից արցախցին հմուտ էր հացագործության մեջ և նրան քաջ ծանոթ էին թե՛ հարցարար բույսերը և թե՛ հացաստեղծման միջոցներն ու հնարները:
Լ․ Հարությունյանը հետաքրքիր մեկնաբանություն է տալիս հաց և լավաշ բառերի ծագումնաբանության հետ կապվածը։ Հաց բառի արմատն է՝ ած ունի նաև ոծ տարբերակը: Հետագայում ա և ո հնչյուններից առաջ հավելվելով հ հնչյունը՝ մեզ է հասել հաց, հոծ տեսքով: Նախնական իմաստով ած՝ նշանակել է բույս, ծիլ: Պարզ է՝ հացը ստացվել է ցորենազգի հատիկներից, իսկ նրանք բուսածին են: Արցախի բարբառում լավաշ է ոչ միայն բարակաթերթ հացը, այլև պտուղներից պատրաստած նուրբ բացվածքով պաստեղները: Բոլոր դեպքերում այն ունի նրբին, թափանցիկ իմաստները, ինչպես թերթերուկ բառը: Կարծում ենք՝ բարդ բառ է, կազմված լավռ և ած հաց բաղադրիչներից: Լավռ-ը նույնն է լապռ, լաբռ բառի հետ, որը նշանակում է միսը պատած բարակ թաղանթ կամ դեռևս ճարպ չդարձած ջլապինդ զանգված: Բարբառում լավառա լաբառա նշանակում է՝ թույլ միս, մսաթաղանթ, ընդհանրապես՝ բարակաթերթ, թաղանթ, թալ, փոխաբերական իմաստով՝ հեղհեղուկ, անկամ, թույլ անձնավորություն: Լավաշ բարդության նախաձևը եղել է լաբհաց: Բառի նախաձևը եղել է լավռհաց: Անցումը կատարվել է լավհաց-լաված-լավասից-լավաշ ճանապարհով:
Հացատեսակների բազմազանությունը հայերի մեջ խոր արմատներ ունի: Մեզ են հասել հացի բազմաթիվ տեսակների անունները. հաց, կաթնահունց- կաթնահաց, խաշխաշով հաց, յղըհաց -յուղահաց, պեղարճ- բաղարճ, գարեհաց,կորկահաց- ճաթ, ցորնահաց՝ անխառն ցորենով թխված, գարեկուտ -անխառն գարեհաց, կարկեհաց- կրկենի, քըրդըգար՝ տարբեր ալյուրներով թխված հաց, քյօմբա, կօնդա-կունդա, արմատն է՝ գունդ, բոքոնահաց, թերթերուկ, ժենգալով հաց, ճըռճըռուկահաց, մսահաց /մսավհաց, յօխա/իծըմօրէ- անթթխմոր հաց, որ կոչվում է նաև` թավալհաց, յղըլավաշ տարբեր բույսերից պատրաստված սպեղանի և այլն: Լավաշը, ինչպես նրբին հաց, իր տեսակի մեջ եզակի չէ:
Սխալ է այն կարծիքը, թե արցախյան սովորական հացը թխվում է երկու-երեք օրվա համար միայն: Նոյեմբերից մինչև ապրիլ, ոչ տաք օրերին, հացը թխվում էր առնվազն երեք-չորս շաբաթվա համար: Հացի թարմությունը վերականգնվում էր տաքացվելով՝ թըխծըրած հաց: Տաքացրած հացը, հատկապես՝ բաց կրակի վրա, ավելի համով է և հաճելի ուտելու համար, քան նույն օրը թխվածը: Մի քանի ճաշատեսակների առկայության դեպքում էլ ուտելու սովորությունը կոչվում է հաց օտէլ առավոտվա հաց, կեսօրվա հաց, իրիկնահաց, հոգեհաց, հարսնեհաց և այլն:
Հաց տալ կամ մին թիքյա հաց տալ՚: Այնքան ամուր էր մարդկանց հյուրասիրելու, եղածն ուրիշի հետ կիսելու հումանիստական սովորությունը, որ յուրաքանչյուր հաջողություն հայը վերագրում էր ուրիշին մի թիքյա հաց տալուն: Այս հարցում աստված համերաշխ է հայի հետ:
Աղուհացը հայի տան դռնբացությունն է խորհրդանշում: Ամենահամեստ կերակուրն է, բայց ամենաբովանդակը: Աղուհացը երախտագիտության հավատարմության, անկեղծ բարեկամության նշան է:
Ըղըճիրավ հացը նույնպես կերակրատեսակ էր: Սոխը աղի մեջ թաթախում են, քսում հացի երկու կողմը, տաքացնում, նորից թեթևակի քսում և ախորժակով ուտում: Շատ տարածված է թաժա հացը` իր բացառիկ քաղցրահամեղությամբ: Թաժա բառը պարսկ. ծագում ունի և նշանակում է թարմ, նորաթուխ: Նորաթուխ, տաք-տաք հաց, որ թոնրից խոնչայով տուն տանելիս պատահած մարդուն բաժին են հանում:
Արցախցին ասում է՝ Հուվէր թաժա հացավ ու էծին պանրավ պո̈ւտան քուշտացավ, գյիդա վէր ջանումը քամէ կա։

ԹԸՐԹԷՐՈՒԿ/ԹԻՐԹԷՐՈՒԿ/ՀԱՍԹԷՐ/ՎԻՍԱԼ(Լ)Ի
Թիրթէրուկը քաղցր պատրաստուկ է, խմորեղենի տեսակ, որ սովորաբար թխում են ժինգյալավ հացի հետ:
Տաք ժենգյալով հացը գինով վայելելուց հետո անպայման պետք էր թեյ խմել, ու այս դեպքում ուրցով թեյի լավագույն ընկերը թիրթիրուկն է։
Պատրաստման եղանակը
Ալյուրով, գոլ ջրով և քիչ աղով առանց թթխմորի շաղախած ոչ պինդ խմորից պատրաստած փոքր գնդերը, որոնցից պատրաստում են նաև ժենգյալով հացը, լայն բացում են, վրան բարակ շերտով լցնում են խորիզը(1գդալ ալյուր, 1գդալ ձեթ, 1գդալ շաքարավազ հավասար համամասնությամբ), ապա խմորը պարուրաձև ոլորելով, տափակեցնելով և գրտնակով նորից բարակ բացելով` երկու կողմից թխում սաջի կամ վառարանի վրա: Այն ախորժելի է թե՛ տաք վիճակում, թե՛ սառը։
ԻԾԸՄՕՐԷ/ԸԾԸՄՕՐԷ կամ ՅՕԽԱ
Իծըմօրէն հացի տեսակ է, այն դարձյալ ժենգյալով հացի հետ են պատրաստում, նույն խմորից։ Ալյուրը գոլ ջրով ու քիչ աղով հունցելով` բաժանում են բռունցքաչափ խմորագնդերի և երկու կողմից թխում սաջի կամ վառարանի վրա:
Ուտում են տաք վիճակում պանրով։
Իծըմօրէն արցախցի տանտիրուհու հնարամտության և սուղ հնարավորություններից ծնված լավագույն հացատեսակն է, որի պատրաստելը դյուրին էր, իսկ համը՝ անհաղթահարելի ախորժաբեր։
Իծըմօրէն հին ժամանակներում՝ սովի պայմաններում եղել է ելք, այն իր առաքելությունը կատարել է նաև վերջին՝ 2022թ․ շրջափակման օրերին՝ դառնալով երեխաներին կերակրելու լավագույն հնար ու միջոց։
Ժենգյալով հացը, իծըմօրէն ու թիրթէրուկը մի ամբողջություն են կազմում, արցախցու համեստ սեղանը դարձնում համեղագույն։
Ղարաբաղ ամէն շէն, ամըէն տըէղ ո̈ւրա̈ն գէրբը օնէ:
Հըդրո̈ւթա գէրբըն էլ աղտիրա̈ծն ա: Վէր լօխ ո̈ւրա̈նց ըպրանքէն էն թարիփ ընէս, հըդրութէցէն էլ ըսէս ա.
«Ա՛յ իմ քախծըր աղտիրա̈ծ տախտէղ»:
Սաղ աշխարքը գյիդաս ա, վէր Հիտլէրը Սավէտը ուզէցալ ա յօր օնէ էրկու պէնու հըէտէ․ Խըծըպէրթա աղտիրա̈ծին, մին էլ Բընըզուրա կյինուն հըէտէ: Աղավ-տըխտէղավ անէլ խօսկըն էլ սո̈ւրթա Հըդրութա յա տո̈ւս յէկալ, կօզի հըդրութըէցէքյ պարզ ժըղօվուրթ ըն, սիրիս չըն ո̈ւրա̈նց աղավ-տըխտէղավ անին:
Պա գյիդաս ը՞ք, թա խէյա Հադրութա աղտիրա̈ծը ամէնալյավը, վօրօվհէտև հըդրութըէցէքյ լյավը աղ են տինիս, փիսը ուտէս, մնըցածէրն էլ փիսը աղ ըն տինիս, լյավը ուտիս:
Հըդրութէցէն ասէս ա՝ ամէն բար ո̈ւրա̈ն արէվն օնէ, ամէն պատառ ո̈ւրա̈ն տարն ու տըէղը:
Ամէն հըդրութէցու տըռան էշը զըռռալ բըդի, ծին խըրխընջա, կավը պըռանչի, կյումաշը տըռընգա, վըէրցակն էլ գյառ-գյառ կանչի. «Ծուղրուղու... ամէն հինչ տըէղնա, աղտիրա̈ծն էլ ստօլէն ա…»:
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԹԹՈՒՆԵՐ
ՇԱՂԳԱՄԻ ԹԹՈՒ
Շաղգամ (պէխկէգj): Հնագույն ժամանակներից սկսած մարդիկ գիտեին, որ շաղգամը օգտակար է առողջությանը: Ա. Ամասիացին գրել է. «Շաղգամը (շաղգամ) լինում է բանջարանոցային և վայրի: Ավելի օգտակար է բանջարանոցայինը: Քացախի հետ օգտագործելու դեպքում վերացնում է սոխի և սխտորի հոտը: Այն պարբերաբար օգտագործողի տեսողությունը կսրվի: Դրա սերմերը վերացնում են պեպենները: Դրանից պատրաստված ջերմախյուսը կօգնի պլևրիտի դեպքում: Եթե խորովեն և ուտեն՝ կօգնի կրծքի հիվանդությունների դեպքում»: Առատացնում է մայրական կաթը: Շաղգամը միզամուղ է: Քացախի հետ ուտելու դեպքում ախորժակը կբացվի:
Թթու պատրաստելու եղանակը: Մատղաշ ցողունները (զոխը) քիչ ջրով խաշում են, հովանալուց հետո փնջում, դարսում են տարայի մեջ ու սառը աղաջուր (1 լիտրանոց տարային 1 ճ. գդալ աղ) ավելացնում: Տարայի բերանին մի քանի կտոր կոշտ աղ են դնում, որպեսզի հետզհետե հալվի:
ԴԱՆԴՈՒՌԻ ԹԹՈՒ
Դանդուռ (տա¨նդօ¨ռնը): Ըստ հավատալիքի՝ անկողնու մեջ դրված թարմ դանդուռը հեռացնում է երազի հետ «եկող» չար տեսիլքները։ Հիպոկրատը, Պլինիուսը և այլ իմաստասերներ խորհուրդ են տվել օգտագործել բույսի տերևից և սերմից ստացված պատրաստուկներն աչքերի հիվանդությունների, գլխացավի, ներքին օրգանները մաքրելու համար։ Արաբական մշակույթում դանդուռն անվանվում է «օրհնված տերևաբանջար», քանի որ, ըստ ավանդազրույցի՝ Մահմեդ Մարգարեի վերքերը բուժվել են բույսի տերևների հպումից, երբ նա քայլել է մարգագետնի վրայով։ Դանդուռի բուժիչ հատկությունների մասին իմացել են նաև միջնադարյան Եվրոպայում։ Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ է տալիս. «Եթե դանդուռի եփուկով լվանան մազերը, կվերանա թեփը։ Սերմերի եփուկն օգնում է սրտխփոցների դեպքում։ Դանդաղեցնում է լուծը։ Օգնում է միզածորանի և աղիների բորբոքումների դեպքում։ Սերմերը վերացնում են բերանի ցանը։ Թարմ հյութը ճիճվաթափ հատկություն ունի և հագեցնում է ծարավը։ Սերմերի կաթնահյութը խմելը կօգնի տաք ուռուցքների ապաքինմանը, բայց վնասակար է աչքի համար։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է մաղադանոսը, իսկ փոխարինել կարող է մարոլը»։ Բույսի տերևներն օգտագործել են այնպես, ինչպես սպանախը կամ թելուկը։
Թթու պատրաստելու եղանակը: Թեթև խաշել, ավելացնել սառն աղաջուր (1 լ.+1 ճ. գդալ աղ), կարմիր մոշի փունջ, քիչ քացախ: Խորհուրդ չի տրվում ուտել հիպերտոնիկ հիվանդության դեպքում։
ԿԱՊԱՐԻ ԹԹՈՒ
Տօպ (կապար): Կապարի ոստերը, կոկոնները խաշում են, դնում մի քանի օր սառը ջրի մեջ ու շուտ-շուտ ջուրը փոխում, որ դառնությունն անցնի: Քամում, ցողում սառը ջրով, հովանալուց հետո վրան թույլ սառը աղաջուր են լցնում:
ՍՆԴՐԻԿԻ ԹԹՈՒ
Կըրմըզուկ-սինդրիկ (կըրմըզուկ-կէր մզուկ, այսինքն՝ կեր մզելուց հետո, թե չէ դառնահամ է, չի ուտվում):
Սինդրիկը բարբառներում կոչվում է սինտրուկ, կցմծուկ, քրմնցուկ, Սողոմոնի կնիք, կըրմըզուկ: Ամիրդովլաթն անվանում է պոլուղունաթին, որը բույսի լատիներեն անունն է: Սողոմոնի կնիք է կոչվում, քանի որ կոճղարմատի վրա կան կնիքաձև փոսիկներ: Արմատից սոսինձ են ստանում (ծեծում են ու ստացված խեժանման զանգվածը գործածում):
Հավաքում են վաղ գարնանը եւ անպայման վաղ առավոտյան, քանի որ օրվա ընթացքում կոշտանում է: Սինդրիկի համար ասում են՝ ուռթանան աղջիգյ ա, քյըսօ¨րէն` հարթնը, ո¨ւրո¨ւգյո¨ւնը՝ պառավ կընէգյ:
Սինդրիկն ունի արյունն ու ստամոքսը մաքրող հատկություն, կիրառում են նաեւ կոսմետիկ նպատակներով: Տրորած կոճղարմատն ու տերեւները դնում են թարախապալարների ու բորբոքային ուռուցքների, կոտրվածքների վրա, խաշած սինդրիկը և թուրմը արյան մեջ իջեցնում է շաքարի պարունակությունը:
Թթու պատրաստելու եղանակը: Եռացող ջրում խաշում են (քիչ տամկացնում), հովանալուց հետո ձեռքով փնջում ու դարսում պտուկի մեջ: Ավելացնում են սառը աղաջուր: Երբեմն մի քիչ քացախ են ավելացնում: Տարայի բերանին մի քանի կտոր կոշտ աղ են դնում, որպեսզի հետզհետե հալվի: Սննդի մեջ օգտագործում են մատղաշ թարմ ընձյուղները.
- Աղցան են պատրաստում (խաշում են, քամում և համեմում աղով ու քացախով):
ՊԻՍԱԿԻ ԹԹՈՒ
Պըլանուկ (կինազօխ): Պիսակ. սա նրա անվանումն է: Բարբառում տարածված է կինազoխ և պըլանուկ անուններով: Շատ ուտել խորհուրդ չի տրվում, ունի «խենթացնող» հատկություն:
Թթուն պատրաստում են մատղաշ ցողուններից՝ ամբողջությամբ տերևազատելով: Կտրտում են մատնաչափ երկարությամբ, եռացրած ջրի մեջ փափկեցնում (տըմկըցընում), հովացած վիճակում լցնում պտուկը, ավելացնում աղաջուր (1 լիտրանոց տարային 1 ճ. գդալ աղ), քացախ, տարայի բերանին կտոր կոշտ աղ դնում, որ հալվի:
ՇՈՒՇԱՆԻ ԹԹՈՒ
Շուշանը սոխուկավոր բույս է, այն եփում և տապակում են, օգտագործում նաև ցողունները: Հիմնականում թթու են պատրաստում: Մատղաշ արմատը (նաև ցողունները) խաշում են եռացող ջրում (քիչ փափկեցնում), ապա լցնում տարայի մեջ, ավելացնում սառը աղաջուր (1 լիտրանոց տարային 1 ճ. գդալ աղ) և մի քիչ քացախ կամ քացախաթթու:
ԽԸՆՋԸԼՕԶԻ ԹԹՈՒ
Խընջըլօզը սոխուկավոր բույս է, այն եփում են և ուտում քացախով: Հիմնականում թթու են պատրաստում: Մատղաշ սոխուկը (նաև ցողունները) խաշում են եռացող ջրում (քիչ փափկեցնում), ապա լցնում տարայի մեջ, ավելացնում եփած, սառեցրած աղաջուր (1 լիտրանոց տարային 1 ճ. գդալ աղ) և մի քիչ քացախ կամ քացախաթթու:
ԲՈԽՆՈՒ ԹԹՈՒ
Բոխնի (պէքի): Ըստ «Հայբուսակի»՝ բոխնին դեղ է տարբեր հիվանդությունների բուժման համար, ինչի համար էլ կոչվում է հրեշտակային: Ժողովրդական բժշկության մեջ գործածում են թարմ և չորացրած: Չոր տերևների թուրմն արյան մեջ իջեցնում է շաքարի պարունակությունը: Հյութը գործածում են ստամոքսի հիվանդությունների դեպքում: Ամենադառը տեսակի բոխնու արմատի կաթնանման հյութը՝ բոխիճը կամ հելեզը՝ հովիվները հավաքում էին եղջյուրի մեջ ու թողնում, որ մերվի: Մածնանման դարձած այդ խեժը քսում էին ոչխարների որդնած վերքերին, համարվել է նաև ջղացավի դեղ, որ հռոմեացիները ոսկով գնում էին Պարսկաստանից ու Հնդկաստանից: «Կարոս խաչ» վիպերգում բոխնին համարվում է Աստծո կողմից օրհնված բույս, որից հոտաղների պատրաստած խաչը երկնքից զորություն է ստանում:
Թթու պատրաստելու եղանակը Ցողունները խաշում են ու քամում, ցողում սառը ջրով, հովանալուց հետո վրան թույլ սառը աղաջուր են լցնում: Բոխնու թթուն պասին ուտում էին հացով ու հատկապես լոբու հետ:
Սննդի մեջ բոխնու որոշ տեսակներ գործածում են հում և եփած:
- Հում ցողունները կեղեւում և ուտում են:
- Տապակում են. խաշած զոխերը թաթախում են ալյուրի մեջ ու տապակում ձեթով:
- Ձվաձեղ են պատրաստում. տապակած բոխնուն ավելացնում են հարած ձու:
- Աղցան են պատրաստում. խաշած մատղաշ ցողունները աղաջուր են դնում, որպեսզի դառնությունն անցնի, ուտելուց առաջ քացախ են ավելացնում: Բոխնու թթուն դեղին երանգ է ունենում, դրա համար էլ հայտնի ժողովրդական խոսք կա` հանց պէքի օնիմ, հանց ա տէղէն խօնգ:
ՍԻԲԵԽԻ ԹԹՈՒ
Սիբեխը թթու են դնում. բույսի ցողունները (զօ¨խը) քիչ ջրով խաշում են, հովանալուց հետո փնջում, դարսում են պտուկի մեջ ու սառը աղաջուր (1 լիտրանոց տարային 1 ճ. գդալ աղ) ավելացնում: Տարայի բերանին մի քանի կտոր կոշտ աղ են դնում, որպեսզի հետզհետե հալվի: Ուտում են հացով, պասի ժամանակ՝ լոբու հետ:
ԾՆԵԲԵԿԻ ԹԹՈՒ
Ծընեբեկ (ծընէփակ): Բույսի ցողունները (մատղաշ զօ¨խը) քիչ ջրով խաշում են, հովանալուց հետո փնջում, դարսում են պտուկի մեջ ու սառը աղաջուր (1 լիտրանոց տարային 1 ճ. գդալ աղ) ավելացնում: Տարայի բերանին մի քանի կտոր կոշտ աղ են դնում, որպեսզի հետզհետե հալվի: Թթու են դնում, ինչպես սիբեխը:
ԲԱԶՈՒԿԻ ԹԹՈՒ
Սպիտակ և կարմիր բազուկի մատղաշ արմատները, ցողունները թեթևակի խաշել, լցնել սառը աղաջուր, քացախ: Նույն եղանակով նաև կարմիր բազուկն (գլուխը) են թթու դնում:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԹԹՈՒՆԵՐ
ՎԱՐՈՒՆԳԻ ԹԹՈՒ
Տարայի մեջ լցնել սամիթի, մաղադանոսի, ռեհանի, ուրցի չորացրած կոթուններ, սխտորի հատիկներ, կարմիր մոշի փունջ, դափնետերև, սև պղպեղ: Վարունգը դարսել, վրան լցնել սառը աղաջուր (1 լ. + 1,5 ճ. գդալ աղ):
ՊՂՊԵՂԻ ԹԹՈՒ
Պղպեղ-տաքդեղ: Նախապես տաքդեղը փռել ոչ արևոտ տեղ, թողնել 1 կամ 2 օր, որ դեղնի ու «խեղճանա»: Ապա պտուկի մեջ լցնել սամիթի, մաղադանոսի, ռեհանի, կինձի չորացրած կոթուններ, սխտորի հատիկներ, կարմիր մոշի փունջ, դափնետերև, սառը աղաջուր (1 լ. + 2 ճ. գդալ աղ): Տարան փակել խաղողի դալար ճյուղերով, տերևներով:
ՊՈՄԻԴՈՐԻ ԹԹՈՒ
Պոմիդոր: Ընտրել դեղնականաչավուն պոմիդորներ, տարայի մեջ լցնել սամիթի, մաղադանոսի, ռեհանի չորացրած կոթուններ, սխտորի հատիկներ, կարմիր մոշի փունջ, դափնետերև: Սառը աղաջուր (1 լ. + 2 ճ. գդալ աղ): Տարան փակել խաղողի դալար ճյուղերով, տերևներով:
ԿԱՐՄԻՐ ՊՈՄԻԴՈՐԻ ԹԹՈՒ
Կարմիր պոմիդոր: Կարմիր պոմիդորը մաքրել, կիսել, ավելացնել կտրտած քյարավուզ, մաղադանոս և սխտոր: Տարայի մեջ (1 կգ պոմիդոր + 1 ճ. գդալ մեղր) մեղր լցնել, դարսել պոմիդորները՝ արանքները լցնելով միջուկը (կտրտած կանաչեղենն ու սխտորը), աղ լցնել (1 կգ + 1 ճ. գդալ աղ), զանգվածի վրա ծանր քար դնել, թողնել 1 օր: Կարելի է պահել սառնարանում:
ԲԱԴՐԻՋԱՆԻ ԹԹՈՒ
Բադըմջան: Փոքր սմբուկները (10 հատ) լվանալ, պտղակոթերը հեռացնել: Գցել եռացող ջրի մեջ մի քանի վայրկյան: Մի քանի վայրկյան պահել, հանել, դնել ծանրության տակ, որ դառնահամ ջուրը դուրս գա: Ապակե ամանի տակ դնել դափնու տերևներ, հատիկավոր պղպեղ շաղ տալ: Ջուրն (2 լ.) ու աղը (0.5 բաժակ) խառնել, եռացնել: Ապա սմբուկները խիտ շարքերով դասավորել ամանի մեջ: Սխտորի ատամիկները (1 գլուխ), գազարը (քերած կամ կտրտած), կտրտած մաղադանոսը լցնել սմբուկների արանքները: Վրան լցնել եռացրած աղաջուրը: Ծածկել, թողնել, որ մոտ մեկ շաբաթ թթվի մոտ: Թթվելուց հետո պահել սառը տեղում:
ԿԱՆԱՉ ԼՈԲՈՒ ԹԹՈՒ
Տարայի մեջ լցնել սամիթի, մաղադանոսի, ռեհանի, ուրցի չորացրած կոթուններ, սխտորի հատիկներ, կարմիր մոշի փունջ, դափնետերև, հատիկ սև պղպեղ: Լոբին դասավորել, լցնել աղաջուր, քացախ (1 լ. + ճ. գդալ աղ+1 ճ. գդալ քացախ կամ 1 թ. գդալ քացախաթթու):
ԴԴՈՒՄԻ ԹԹՈՒ
Մաքրել դեռահաս դդմի միջուկը, խոշոր կտորներով կտրել, ավելացնել սամիթի, մաղադանոսի չորացրած կոթուններ, սխտորի հատիկներ, դափնետերև, սև պղպեղ: Դդումը դարսել, ավելացնել գազար (խոշոր կտորներով), լցնել սառը աղաջուր (1 լ. + 1,5 ճ. գդալ աղ), տարայի բերանը փակել խաղողի դալար ճյուղերով:
ԿԱՂԱՄԲԻ ԹԹՈՒ
Սպիտակ կաղամբը խոշոր կտորներով կտրտել, տարայի մեջ լցնել սամիթի, մաղադանոսի չորացրած կոթուններ, սխտորի հատիկներ, դափնետերև, սև պղպեղ, կաղամբը դարսել, ավելացնել գազար կամ բազուկ (խոշոր կտորներով), լցնել սառը աղաջուր (1 լ. + 1,5 ճ. գդալ աղ):
Սպիտակ կաղամբի մեջ պարունակվող նյութերից հումքի մեխանիկական մշակման ընթացքում առաջանում են հակաքաղցկեղային նյութեր` իզոտիոցինատներ, որոնք հատկապես շատ են թթվեցրած կաղամբում։ Իզոտիոցինատները կանխարգելում են կանանց կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը և զարգացումը։ Նկատվել է հետևյալ օրինաչափությունը. Լեհաստանում ապրող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը մի քանի անգամ քիչ է ախտորոշվում, քան երկրի սահմաններից դուրս ապրող լեհուհիների մոտ։ Երևույթը բացատրվում է նրանով, որ լեհերի սննդակարգը հարուստ է կաղամբի թթվով, որը, ի դեպ, նաև կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը և նպաստում է ոսկորների ամրությանը, քանի որ հարուստ է K2 վիտամինով։
Ծաղկակաղամբ: Մաքրել, տարայի մեջ լցնել սամիթի, մաղադանոսի չորացրած կոթուններ, սխտորի հատիկներ, դափնետերև, սև պղպեղ կաղամբը դարսել, ավելացնել գազար (խոշոր կտորներով), լցնել սառը աղաջուր (1 լ. + 1,5 ճ. գդալ աղ), տարայի բերանը փակել խաղողի դալար ճյուղերով:
ՍԽՏՈՐԻ ԹԹՈՒ
Սխտորի գլուխը, ցողունները թթու են դնում, բոլոր դեպքերում էլ նախ խաշում են, ապա դնում սառը ջրի մեջ, պահում 3 օր՝ ջուրն անընդհատ թափելով, մինչև հոտն անցնի: Երբ հոտն ամբողջովին անհետանում է, լցնում են սառն աղաջուր և քացախ: Իսկ ծաղիկները (զոխերը) թթու են դնում, ինչպես շուշանը:
ԽԱՌԸ ԹԹՈՒ
Գազարը մանրել և մաքրել, մաքրել և կտրտել նաև քյարավուզը, մաղադանոսն ու սխտորը, խոշոր կարմիր պղպեղները լվանալ, հեռացնել կոթունները, սմբուկի կոթունները նույնպես հեռացնել ու թողնել առանց կլպելու, երկարությամբ մի քիչ հանել՝ միջուկին տեղ անելու համար: Սմբուկն առատ ձեթի մեջ թեթևակի տապակել: Միջուկը՝ պատրաստված կտրտած գազարից և համեմունքներից, դնել պղպեղների և սմբուկի արանքը: Վերջում լցնել այնքան ձեթ ու քացախ (մի մաս քացախ + 2 մաս ձեթ), որ ծածկվի: Զանգվածի վրա ծանր քար են դնում, որպեսզի թթվելիս չբարձրանա, և միշտ ծածկված լինի 2 մատ հաստությամբ հեղուկով:
ԲԱՄԻԱՅԻ ԹԹՈՒ
Բամիա: Պտուղը թթու են դնում, ինչպես սիբեխը: Քիչ ջրով խաշում են, հովանալուց հետո դարսում են պտուկի մեջ ու սառը աղաջուր (1 լիտրանոց տարային 1 ճ. գդալ աղ) ավելացնում: Տարայի բերանին մի քանի կտոր կոշտ աղ են դնում, որպեսզի հետզհետե հալվի:

Հորթի տոտիկներ, չոր հաց կամ լավաշ, սխտոր ու օղի ․ սա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է «խաշ եփելու համար»: Ասում են, որ խաշի պատրաստման ժամանակն սկսվում է այն ամիսներին, որոնց անվան մեջ կա «ր»տառը: Կերակրատեսակի անվան առաջացումը կապվում է «խաշել», «խարշ» բառերի հետ, որ, հնչյունափոխության ենթարկվելով, վերածվել է խաշի:
Արցախում ավելի, քան մյուս վայրերում, պահել ու պահպանվել են խաշի բոլոր ավանդույթները: Արցախցին էլ խաշի լավ մասնագետ ու սիրահար է: «Իրենց ձեռքով դրած» խաշն արցախցիներն ավանդաբար տանն են ճաշակել` հարազատ մարդկանց լայն շրջանակով:
Ի սկզբանե աղքատների կերակուր էր համարվում այս ուտեստը և նրա մասին բազմաթիվ լեգենդներ էլ են պատմում. իբր հարուստները անասունը մորթելուց հետո միսն իրենց են վերցրել: Դեն նետված ոտքերն ու փորոտիքը աղքատներին է բաժին հասել: Նրանք էլ եփել ու առավոտյան են կերել, որ ոչ ոք չտեսնի:
Եվ իսկապես որպես կանոն՝ խաշն ուտում են առավոտյան` մըթընմըթէն՝ ժամը 7-10, չորացրած հացով կամ լավաշով ու ծեծած սխտորով, բայց կերակրատեսակի պատրաստման գործընթացը շատ ավելի վաղ է սկսվում. այն մի ամբողջ արարողակարգ է։
Պատրաստման եղանակը
Հորթի տոտիկները լավ, մանրակրկիտ մաքրել ու հոսող ջրի տակ թողնել մի որոշ ժամանակ, ապա գիշերը թողնել ջրում: Կարևոր է, որ որ նույն տարիքի անասունի ոտքեր լինեն, մեծ ու փոքր չլինեն: Լուսնումութին խաշը դնում են կրակին, եփում է բավականին երկար: Եփելուց հետո էլ միսը ջրի մեջ երկար չպիտի թողնել, որ ոսկորահան լինի…
Խաշը վայելելու ծեսը
Հատուկ արարողակարգ է խաշն ուտելու ընթացքը: Այն ուտելը որոշակի հմտություն է պահանջում: Արգանակին աղ ու սխտոր ավելացնելուց առաջ միսը հանում են ջրից, դնում ուրիշ ափսեի մեջ ու արգանակը ծածկում թարմ լավաշով: Հետո արգանակի մեջ փշրում են չոր լավաշ կամ չոր հաց: Հայոց մեջ ասվում է, որ իսկական խաշ ուտողները ուտում են ձեռքով` որպես գդալ օգտագործելով թարմ լավաշը: Բայց Արցախում խաշն ուտում են գդալով: Խաշն անպայման մատուցվում է սխտորի, բողկի, կանաչու, թթու ծիծակի հետ, որոնք օգնում են, որ խաշի մեջ պարունակվող օրգանական միացությունները հեշտ տրոհվեն, ու խաշը հեշտ մարսվի: Խաշի հետ օղի են խմում, թեև հնում հայերը մրգային օղին ավելի հաճախ որպես դեղամիջոց են օգտագործել: Խաշի հետ կոնյակ չեն խմում: Խաշը երբեք մենակ չեն ուտում
Ընդունված է՝ 3 կենաց խմել.
Առաջինն այն մարդկանց կենացն է, ովքեր առավոտ կանուխ թողել են իրենց կարևոր գործերն ու ներկայացել խաշի ճաշկերույթին:
Երկրորդը նրա կենացն է, ով ամբողջ գիշեր աչք չի փակել ու եփել է խաշը:
Իսկ երրորդը խաշի կենացն է, որը սեղանի շուրջն է հավաքել մարդկանց»:
Սա խաշի 3 «Կ»-երի հայտնի կանոնն է: Սակայն սրա հակադարձ խաղարկային տարբերակն էլ կա՝ խաշը չի սիրում 3 «Կ»` կոնյակ (խաշն ուտում են օղիով), կին (կինը սխտոր չպիտի ուտի) եւ կենաց (կենացները երկար են լինում, իսկ խաշը տաք-տաք են ուտում):
Ասում են նաև, որ խաշը շատ նեղացկոտ բնավորություն ունի: Եթե այն պատրաստելիս համապատասխան վերաբերմունք չցուցաբերես, նա անպայման զգալ կտա և ճաշակողին կհուշի, որ պատրաստելիս խոհարարը վատ տրամադրություն ուներ, այնպես չի վերաբերվել խաշին: Եթե դու պատրաստելիս կերակրատեսակը չես լիցքավորում դրական լիցքերով, քո ժպիտով, երգով, այն նույնպես անժպիտ, թախծոտ, անորակ է ներկայանում ճաշակողին: Խաշը ոչ միայն պարզապես կերակուր է, այլև մտերիմ մարդկանց մի սեղանի շուրջ հավաքելու լավ առիթ ու միջոց:

Պո̈ւտ-ը բնիկ հայկական ծագում ունի, սերվում է հնդեվրոպական *beu- արմատից։ Բառը ընդհանուր հայերենում բացատրվում է՝ այտումն փոքրիկ ի վերայ մորթոյ, իսկ Արցախի բարբառի բառապաշարում այն ունի մեղրով, դոշաբով կամ ռուպով շաղախված փոխինդ(բռունցքի մեծությամբ) նշանակությունը։
Դեռ ավելին՝ բառի իմաստն ընդլայնվել է, և բարբառում այն ունի նաև կոլոլած պատառ իմաստը(հիմնականում՝ պանիր հացով)։ Այս դեպքում արցախյան պո̈ւտը համարժեք է ընդհանուր հայերենյան բրդուճին(բուտերբրոդին)։
Փոխինձով պո̈ւտի պատրաստումը
Բոված, երկանքով աղացած ցորենը՝ փոխինձը, ալրամաղով մաղել, ստացված ալրափոշին շաղախել տաք շաքարաջրով, կամ դոշաբի օշակարով, կամ մեղրաջրով: Ձեռքով տրորել այնքան, որ ստացվի համասեռ, պինդ զանգված: Բուռ առ բուռ գնդել, բռունցքում սեղմել և պատրաստել գնդաձև կամ ձվաձև կոլոլներ:
Պո̈ւտը դժվարին ժամանակներում(պատերազմ, սննդամթերքի սղություն) եղել է ամենացանկալի անուշեղենը երեխաների համար։ Պո̈ւտը նաև անփոխարինելի միջոց է փորլուծության դեմ։
ԿԱԹՆԵՂԵՆ/ԿԸԹՆԷՂԱՆ
Կենցաղագիր բառերի հետքերով․․․․
Արցախցու կենցաղը և բառային միավորներով վկայված նրա կենցաղագրությունը ներկայացնում են այն իրողությունները , որոնք կապված են մարդու և մարդկային հասարակության զարգացման որոշակի աստիճանների հետ: Դրանք գուցե թվան առօրյա կյանքը կազմակերպելու պարզ ձևեր, բայց իրենց իսկ գոյությամբ վկայում են վաղնջահայերի մոտ ձևավորված կենսապահովման մշակույթի մասին և հնարավորություն տալիս արցախցու կենսակերպով նաև վաղնջահայերի քաղաքակրթության մակարդակը ճանաչելու:
Հայերենում վկայված ուտելիք և խմելիք նշանակող միավորները փաստում են, որ վաղնջահայերը գործածել էին և՛ բուսական, և կենդանական ծագման կեր: Եվ նրանք հմտորեն տիրապետում էին նույն հումքից տարբեր ուտեստներ պատրաստելու տեխնիկային և միջոցներին:
Այդպիսի վկայություն է խընըէցէ/ խնոցի բառանվանումը՝ կազմված խին և ոց/ի բաղադրիչներից: Խին նշանակում է պարարտություն, կարագ, յուղ: Խին բառը անկախաբար չի ավանդված հնից, արդի արևելահայերենում էլ կիրառական չէ: Բայց Արցախի բարբառում գործածական է. ինչպես՝ _Էս կավը խէն չօնէ կամ՝ Կաթնումը խէն չըկա:
_ Արցախում շատ տարածված է յուղառատ կաթ ունեցող կովին Խինա անվամբ կոչելը. Մէր Խինան մէր տօնը պահօղն ա:
Խին բառը ծագում է հնդեվրոպական *khi(d)-no –ից՝ (s)kei-(d)-o արմատից, լիտվերենում վկայվել է skiesti բառաձևով՝ նոսրացնել, ջրիկացնել իմաստներով, ռուսերենում՝ цедить՝ քամել նշանակությամբ: Հայերենում նույն արմատից է խեժը:
Թ՛ե գրական արևելահայերենում, թե՛ հայերենի մի շարք բարբառներում, նաև Արցախի բարբառում խին արմատը պահպանված է խնոցի բառում՝ կաթից յուղը, պարարտությունը հանող սարք նշանակությամբ: Ինչպես՝ Կընէգյը լըվացած խընըէցան էլ բիդի կարէ յէղ տո̈ւս օնէ:
Նույն երևույթն ընդգծող, բայց այլ հնչյունակազմով է խնոցին ավանդվել հայերենի բարբառային այլ հուշարձաններում: Դրանք են՝ ծփոց և ծծում/ձձում համանիշ բառնավնումները:
Այն, որ վաղնջահայերը կաթ էին վայելում և գիտեին կաթից կարագ ու մածուն պատրաստելը վկայում են նաև կոգի և մածուն բառերը, որոնք ավանդված են եղել դեռևս վաղնջահայերենում:
Կոգի- ն առաջացել է հնդեվրոպական guouiio- արմատից, որ նշանակում էր կովից ստացվածք, կովի, կովային_: Կով-ն էլ նույն արմատից է սերված:
Կոգին հետագա շրջանում փոխարինվեց փոխառյալ կարագ բառեզրով: Կարագ-ը սերվում է իրանական աղբյուրից՝ *karak:
Արցախի բարբառում կոգին, կարագը յէղ բառաձևով է նշվում:
Յուղ- ը փոխառություն է միջերկրածովյան աղբյուրից, որն ի սկզբանե նշանակում էր պարարտություն, ձեթ, կարագ, եկեղեցական մյուռոն: Բառը վկայված է նաև հունարենում՝ ձեթ իմաստով: Բարբառում մի կողմից՝ բառիմաստը մասնավորվել է և նշանակում է կենդանական ծագման յուղ, ապա և ընդլայնվել այդ իմաստից և ձեռք բերել թե՛ կարագ հիմնական իմաստը, և թե՛ կարագից ու ավելի ուշ՝ խոզի ճարպից ստացված հալածո նշանակությունը:
Յէղ-ից բաղադրված դարձվածքներն ու բարդությունները մեծ թիվ են կազմում բարբառում/ 5 տասնյակից ավելի/, որը պայմանավորված է արցախցու կյանքում այդ սննդատեսակի դերով ու կարևորությամբ: Այն թե’ ուղիղ, թե’ փոխաբերական նշանակություններում պահպանում է լավագույնի իր համարումը. այսպես՝ _ո̈ւրո̈ւշին պըտառէն յէղ քըսէլ- ուրիշի համար շահելու առիթ ստեղծել
աշկումը յէղ կա- երիտասարդ, սիրուն, գեղեցիկ
յէղ թափօղ, մըէղըր հըվաքօղ, մըէղըր թափօղ, յէղ հըվաքօղ- տնարար լավ կին
յէղու նըման հա̈լվիլ- 1ամաչել 2. դյուրությամբ կատարվել
կըլօխը յէղուտ անէլյ-վիճակը բարվոքել
պիրանէն յէղ քըսէլ- կաշառք տալ
հա̈լա̈ծ յէղու տըէղ - անվերապահորեն /ընդունել/
յէղն ու մըէսը հա̈լիլ- նիհարել
ո̈ւրա̈ն յէղումը տըպակվէլ-իր հնարավորություններով սահմանափակվել՝ առանց ուրիշինի կարոտն ունենալու
յէղն ու մըէղըրը շան տըկումը- ժլատ հարուստին բնութագրող
յէղը վէր ածիս, կըհըվաքվէ- շատ մաքուր
յէղը կրակին- շտապողին են ասում
տըմակը յէղ քըսէլէ- անօգուտ, անտեղի ու աննշանակ բան անել
յէղը քամէլ- գործը շատ խնամքով կատարել_
Վերաիմաստավորված կայուն բարդություններ են՝ յըղըթաթախը, որն արցախցու գնահատականն է գեղեցիկին, յըղըրմըէղըրը՝ համերաշխության նշանակելին: Իսկ մեր սիրուն, առողջ մանուկներին յէղու պուլ բնութագիրն է տրվում:
Ակնհայտ ճշմարտություն է, որ յէղը մազնան ա, և այդ ակներևությունն էլ Արցախի բարբառում հենց այդ արտահայտությամբ է կնիքվում:
Ուշարժան է մեր մածունի կենսագրապատումը:
Այն բնիկ հնդեվրոպական *mag՛ /g՛>ծ/- արմատին է աղերսվում և նշանակում էր շաղախել, մածուցիկ դարձնել: Հին հայերենում կիրառական էր մածնուլ բայաձևը՝ կպչել, մակարդվել, պնդանալ, լերդանալ նշանակություններով: Բառարմատը տեսանելի է արդի գրական հայերենի մածուցիկ, թանձրամած, տախտակամած բառերում:
Բառարմատը վկայված է նաև ցեղակից լեզուներում՝ ռուսերենում՝ мазь/ քսուք /, масло/յուղ/ բառերում, հ. իռլանդերենում՝ maistre՝ խնոցի նշանակությամբ, հունարենում բառն ունի շաղախված խմոր իմաստը:
Նույն բառարմատից են սերվում տարբեր լեզուներում դրսևորվող բառային այս անկախ միավորները: Եվ մեր մածունը, ունենալով մերձավոր ձևեր ցեղակից լեզուներում, որպես կերակրանուն չունի իր կրկնակը նշված լեզուներից և ոչ մեկում:
Մածնից բաղադրված կայուն բառակապակցություններ են՝ մածնէն թըթօ ասէլ՝ հակադրվել, վիրավորել նշանակություններով, ինչպես՝ Հուվ ա՞ ռիսկ ըրալ մածնէտ թըթօ ասէ. _մածնու մէրան _դարձվածքը՝ խառնակչի համբավ ունեցող մարդու վերաբերմամբ գործածվող. ինչպես՝ Ամէն շէնում էլ մածնու մէրան մարթիքյ կան. մածունը վէր տըէէռնալյ՝ չհաջողել, տրամադրությունը փչանալ. ինչպես՝ Էտ էլ վէր ըսկանում ա, լհա լափ մածունը վէր ա տըէռնում:
Իսկ մածուն տըէռնալյն ունի թանձրանալ նշանակություն. ինչպես՝ Խաշը էնքան իփիլ բիդիս, վէր մածուն տըէռնա:
Առօրյա խոսակցական լեզվում մածունը գործածվում է նաև որպես եղանականիշ բառ՝ իբրև կանչի պատասխան՝ ջան ձայնարկության հականիշ եզր` սաստող երանգով: Ինչպես՝ ___Ավանե՜ս… Մածո՛ւն, քյիզանա պըրծում չըկա:
Կաթ-ը նույնպես ծագմամբ բնիկ հայերեն բառ է ՝ սերված հնդեվրոպական *guet արմատից:
Հիմնական նշանակությունն է կաթիլ, շիթ: Բառազուգաբանությունն առկա է ցեղակից լատիներենում՝ gutta բառաձևով, կաթիլ նշանակությամբ:
Արցախի բարբառում այն _կաթնը _ հնչատարբերակով է դրսևորվում: Ինչպես՝ Կաթնը պէրանն էրալ ա, մածունն էլ ա փըչիլավ օտում: Կավը կաթնըն ըգյօրա կըպըռանչի:
Իսկ ահա պանիր բառը փոխառություն է պահլավերենից՝ panēr : Աստրախանի հայերի մեջ հոմանշային տարբերակմամբ ռուսերեն сыр՝ եվրոպական պանիրի վերաբերմամբ են օգտագործում, իսկ պանիր՝ կովկասյան պանրի: Այդպես և տեղացի ռուսներն ու թաթարները, հայերենից փոխառելով պանիր բառը գործածում են հայկական պանիրը նշելիս:
Յուրաքանչյուր ժամանակ իր հարաբերություններն ու մշակույթն է ավանդում բառային միավորներով ու նրանցով ենք մենք բացահայտում մեր ազգային նկարագիրը և ճանաչում անցյալի նիստն ու կացը:

ՊԱՆԷՐ / ՊԱՆԸԷՐԸ բոլոր ժամանակներում սննդակարգում լայնորեն գործածված կաթնամթերք է։
Չնայած կաթի առատությանը՝ Արցախում տնային պայմաններում պատրաստվող պանրի տեսականին առանձնապես հարուստ չէ։ Առավել տարածված է սովորական պանիրը, որը հաճախ կոչվում է տընական պանէր կամ շէնու պանէր։
Պանիր պատրաստում են կովի (կըվու պանէր), ոչխարի (վըխճարու պանէր), այծի (էծու պանէր), երբեմն նաև գոմեշի (կյյումաշու պանէր) կաթից։
Պատրաստման եղանակը
Կաթը տաքացնելուց հետո ավելացնում են տնային պայմաններում պատրաստված մայա՝ 10 լիտր կաթին 100–150 գ հարաբերությամբ, կամ պատրաստի խմորիչ։ Լավ խառնելուց և 2–3 ժամ թողնելուց հետո մակարդված զանգվածը լցնում են կտավե տոպրակների մեջ և քամում՝ վրան որևէ ծանրություն դնելով։
Ստացված պանրի բլիթը (պըլիթ պանէր) կամ գնդաձև զանգվածը (կըլօխ պանէր) օգտագործում են թարմ ու անալի վիճակում (նալի պանէր)։ Այլ դեպքում այն բաժանում են կտորների, վրան աղ ցանում և պահում ծածկած ամաններում, մինչև աղը ներծծվի (աղ օտէլ), իսկ պանիրը պնդանա։ Երկարաժամկետ պահպանման համար պանրի կտորները դասավորում են ամանի մեջ (պօլիգյ, կըճօճ, ղըզղան և այլն) և վրան լցնում պըն(ը)րաճո̈ւր։
Առանձնապես հարգի է նաև մօթալը՝ մութալու պանէրը, որը ներկայումս պատրաստվում է հազվադեպ։
Պանիրը հիմնականում ուտում են հացի մեջ դրած կամ լավաշով փաթաթած։
Ղարաբաղի բարբառում պանէր բաղադրիչով գործածական են մի շարք բառեր ու արտահայտություններ․
պանէր-հաց / պընըրհաց / հաց ու պանէր՝ 1. պանիրն ու հացը՝ որպես ուտելիք, 2. փոխաբերաբար՝ «շատ հեշտ բան»,
պըն(ը)րաման՝ պանիր պահելու կամ դնելու աման,
պընըրտիրի՝ փոքրիկ ափսե կամ պնակ՝ պանիրը սեղանին դնելու համար։
ՄԱՅԱՆ պանիր (պանէր) պատրաստելու համար կաթի հետ խառնվող նյութ մակարդ է:
Մայայի՝ պանրի մակարդի հիմնական բաղկացուցիչ մասը մատղաշ գառան, ուլի, խոզի, հորթի ստամոքսի չորրորդ բաժանմունք է՝ շուրդունը:
Դա տեղադրում են կավե կճուճի (կըճօճ) կամ ապակե տարայի մեջ, ավելացնում են քիչ քանակությամբ ցորեն, սիսեռ, լոբի, շաքար, չամիչ և ջրով լցնելով ու բերանը փակելով թողնում մեկ շաբաթ(ամռան ամիսներին), 15 օր(ձմռան ամիսներին), որից հետո օգտագործում են 10լ կաթին 100-150գ խառնելով:
Պահում են զով տեղում։ Օգտագործում են մինչև հեղուկի ավարտը։ Եթե ընթացքում պանրի մեջ նկատելի են դառնում փոքրիկ կույտեր, այն այլևս չեն օգտագործում։
Ներկայումս մայայի փոխարեն հաճախ գործածում են խանութներում վաճառվող պատրաստի փոշենման մակարդները՝ պէպսինը:
Ղարաբաղի բարբառում գործածվում են նաև մայա բաղադրիչով կազմված որոշ բառեր ու դարվածներ`
մայալամիշ անէլ (1.մեկին կերակրել՝ կազդուրել, 2.մեկին հարստության` ունեցվածքի տեր դարձնել),
մայալու (ունևոր),
մըյըկալիլ (փող` ունեցվածք կուտակել, հարստանալ),
մայան բաթմիշ ինիլ/կօրչիլ (ունեցվածքը վատնվել),
մայա տալ (1.կաթին մայա խառնել, մակարդել, 2.մեկին դրդել՝ գրգռել մեկ ուրիշի` մի բանի դեմ),
մայա տըէռնալ (որևէ բանի՝ հարստության՝ ունեցվածքի հիմք դառնալ),
մայա փըռնէլ (որևէ բանի՝ հարստության՝ ունեցվածքի հիմքը դնել):
ՊԱՆՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ
ՄՕԹԱԼՈՒ ՊԱՆԷՐ ԿԱՄ ԱԽՏԸՐՄԱ․ մանր եղջերավոր անասունների, հատկապես ուլի կամ գառան մորթուց պատրաստված տիկի (տէգյ) մեջ պահվող պանիրն է սա։
Այն սովորաբար պատրաստում են ոչխարի, այծի, երբեմն նաև կովի կաթից կամ դրանց խառնուրդից ստացված հասունացած՝ «աղ կերած» պանրից։ Հաճախ օգտագործվում է սերզատած կաթից պատրաստված պանիր։
Անասունի ամբողջական հանված մորթին՝ կուպ(ը)րուն, նախ մշակում են․ բուրդը խուզում են՝ թողնելով մինչև 4–5 սմ երկարություն, որոշ ժամանակ պահում ջրի մեջ (թըրչօց տինիլ), ապա լավ մաքրում։ Այնուհետև մորթին շրջում են այնպես, որ բրդոտ կողմը հայտնվի ներսում։ Բոլոր անցքերը, բացի պարանոցի հատվածից, փակում են փայտի կամ այլ կտորներով և ամուր թելով կապում։
Պատրաստի տիկի մեջ տեղադրում են բամբակե կտորից (բիյազ) կարված պարկ։ Պարանոցի կողմից պարկի մեջ լցնում են պանրի փոքր կտորները՝ սեղմելով (կօխէլ) և խիտ դասավորելով դրանք։ Երբեմն պանրին խառնում են նաև շոռ։ Այնուհետև ավելացնում են թույլ աղաջուր, պարկի և տիկի բերանները ամուր կապում և տիկը տեղադրում մութ ու զով վայրում՝ պատին ամրացված փայտաձողերի վրա։ Պահպանման ընթացքում այն ժամանակ առ ժամանակ շրջում են տեղում, որպեսզի խոնավությունը հավասարաչափ պահպանվի, և մորթին չփտի։
Մօթալը հիմնականում օգտագործում են ձմռանը՝ հացի կամ լավաշի հետ։
Ղարաբաղի բարբառում մօթալ / մութըլըէնէ է կոչվում նաև գառան կամ ուլի մորթուց կարված գլխարկը՝ փափաղը։
Գործածական են նաև մութալու պանէր՝ «ընտիր պանիր», և **թայդի կօխած մօթալ՝ «հապճեպ ու անորակ կատարված գործ» **դարձվածային արտահայտությունները։
Մօթալին է վերաբերում հետևյալ հանելուկը.
«Սաղ վախտը չօրքյ աշխարք ա օտում,
Մըռնէլանը յըէտը ընդըրա մաչինը աշխարքըն ա օտում»։
Կաթնաշոռային պանիր
5-7 լիտր կաթը գոլ դարձնել, մածունի մակարդով՝ մայայով մերել(մածնի մեկ գդալը հենց մայան՝ մակարդը):
Մածունը տաք վիճակում՝ նոր մածուն դարձած բացել և դնել կրակին։ 5-7 րոպե թողնել կրակին ու հետո տաք-տաք շրջել տոպարկի մեջ։ Թողնել ջրքամվի, ապա կլոր գունդը տեղավորել թասի մեջ, խոշոր աղ ցանել։ Պահել սառնարանում։ հաջորդ օրվանից կարելի է օգտագործել։
Տե՛ս Բաբայան Ժ., Արցախի խոհանոց, Երևան, 2007, էջ 69։ Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Երևան, 2013, էջ 419, 605, 624։ Тер-Саркисянц А., Армяне Нагорного Карабаха. История. Культура. Традиции, М., 2015, с. 635։ Ղուլյան (Ղուլունց) Ս., Բանաձոր, Երևան, 2013, էջ 92:

ՄԱԾՈՒՆԸ ամենասիրված կաթնամթերքի տեսակ է։ Այն հիմնականում պատրաստում են կովի կաթից։
Եռացրած կաթը հովացնում են մինչև գոլ վիճակի հասնելը, ապա լցնում կավե պուլիկների, ապակե բանկաների, կաթսաների կամ այլ ամանների մեջ։
Որպես մակարդ՝ ավելացնում են նախորդ օրերից մնացած 1–2 գդալ մածուն, խառնում, փաթաթում մաքուր շորով և դնում տաք տեղում՝ մինչև խմորվելը (մէր կյալը) և թանձրանալը։
Նոր մերած և դեռևս չպնդացած մածունը կոչվում է մէրուսկ կամ հօլմուր։ Վերջինս նշանակում է նաև տարբեր նյութերից ստացված միապաղաղ, խմորանման զանգված՝ շաղախ։
Շատ հարգի են նաև ոչխարի (վըխճարու մածուն), այծի (էծու մածուն) և գոմեշի (կ յումաշու մածուն) կաթից պատրաստված մածունները։ Դրանցից հատկապես բարձր է գնահատվում գոմեշի կաթից պատրաստված մածունը, որն առավել պինդ և յուղալի է լինում։
Մածունը ուտում են սառը վիճակում։ Այն գործածվում է նաև տարբեր մթերքների և կերակրատեսակների պատրաստման մեջ՝ թան, թանավ, խաշիլ, շօր, չուրաթան, փըրթուշ և այլն։ Նույն նպատակներով օգտագործվում է նաև քամած մածունը։
Ժողովրդական բժշկության մեջ մածունը կիրառվում է հատկապես աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների և օձի խայթոցի դեպքում։
Ղարաբաղի բարբառում **մածուն ** բառը փոխաբերաբար ունի նաև հետևյալ իմաստները․
ա/ դեռևս չհասունացած, կաթնային վիճակում գտնվող հացահատիկ, բ/ որևէ կանչի կամ տհաճ ձայնի արհամարհական ու վիրավորական պատասխան՝ «գրող ու ցավ», «չոռ ու ցավ» իմաստներով։
Բարբառում գործածական են նաև մածուն բառից կազմված մի շարք բաղադրություններ՝
մըծնաթան / մըզնաթան՝ մածունից պատրաստված թան,
մըծնաճուր՝ մածունի քամված հեղուկը,
մըծնակէր՝ մածուն ուտող,
մըծնահամ՝ մածունի համ,
մըծնասէր՝ մածուն սիրող,
մըծնավըէտ՝ մածունի հոտ,
մըծնըթաթախ՝ վրան մածուն քսած,
մածնով թաթախված, մըծնիրըէս՝ մածունի սերուցք։
Գործածական են նաև դարձվածային միավորներ՝
մածնէն թըթօ ասէլ՝ թեթևակի հանդիմանել, վիրավորել,
մածնէն սըէվ ասէլ՝ որևէ բան հակառակ ձևով ներկայացնել, գնահատել կամ մեկնաբանել, բանսարկու, խառնակիչ,
մածնու քըսակավ ճէղաց քյինօղ՝ ժլատ, մածունըն էլ ա փըչում, յըէտնան օտում՝ խիստ զգուշավոր է,
մածունը վէր տըէռնալ՝ տրամադրությունն ընկնել,
մածուն տըէռնալ՝ թանձրանալ՝ հեղուկների մասին։
Մածունին է վերաբերում հետևյալ հանելուկը.
Սիպտակ հավը մօրթիմ՝ ` ա¨րո¨ւն չի կաթէլ։
Տե՛ս Хан-Агов А., Экономический быт государственных крестьян Джеванширского уезда Елисаветпольской губернии, «МИЭБГКЗК», Тифлис, 1887, т. VI, ч. 2, с. 399։ Բաբայան Ժ., Արցախի խոհանոց, Երևան, 2007, էջ 68, 72–73։ Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Երևան, 2013, էջ 485, 507։ Արցախի բանահյուսությունը, Երևան, 2015, էջ 597։ Սարգսյան Ա., Մինասյան Շ., Ղարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան, Երևան, 2017, էջ 343։
Ավանդական ուտեստ
Թութան մըհասուր, փո̈ւրփո̈ւտան պիխկահաց, Օրախ ապրէ, էրկան կաց:
Արցախյան և ոչ մի ուտեստ անխորհուրդ չէ, յուրաքանչյուրը մեր վարքն ու բնավորությունն է բացահայտում, հնարավորություն տալիս ճանաչելու կյանքի մյուս կողմերն ու հարաբերությունները, յուրաքանչյուրում մեր ընկալումներն են բյուրեղացված, յուրաքանչյուրով մեր ընտանեկան, ազգային արժեքներն են ժառանգորդվում:
Հինչու տըէսնաք՝ սըվըրէցէքյ, ծէր խօխոցը պըտմըէցէքյ: Մէր պապէրը հընարալ ըն, մունք ընք օտում, մունք էլ պահէլ բիդինքյ, վէր մէր խօխէնքյը օտին:
Արցախյան խոհանոցը ազգային կեցության կարևորագույն պայման է, այն արցախցու այցեքարտն է, նրա հպարտությունն ու հյուրասիրության պարծանքը: Խոհանոցն արվեստ է և յուրաքանչյուր ճաշ ինքնին ստեղծագործություն է: <<Խոհանոց>> ասելով՝ արցախցին հասկանում է օջախ, իսկ օջախը պատմություն է՝ ավանդականությամբ սրբագործված: Օջախը խորհրդանշում է արցախցու սերը, նվիրվածությունը, բարությունը, առաքինությունն ու հյուրընկալությունը:
Ճաշելուց առաջ աղոթքով արցախցին շնորհակալություն է հայտնում Արարչին: Նա չափազանց ժուժկալ է իր կենցաղով, թեպետ ունի ճոխ ու հարուստ խոհանոց: Ավանդական բաղադրատոմսերը դարերի փորձության են դիմակայել։ Ինքնօրինակ, պարզ ու մտածված խոհանոցը, ինչպիսին արցախյանն է իր ավանդույթներով, առողջ ապրելակերպի գրավականն է: Ղարաբաղցու երկարակեցության գաղտնիքը ճիշտ սննդակարգ ընտրելու մեջ էր և իհարկե, բնամթերքների օգտագործման:
Հին հայկական կերակրանունները հիմնականում ձավարից, կորկոտից, փոխինձից և հատիկային այլ մշակաբույսերից են պատրաստվում: Գյուղերում պահպանվել էին քարի երկանքը. իրար վրա դրված երկու կլոր քարասալ՝ մեջտեղում բացված անցքով, որի միջով լցնում են ցորենը, վերևի քարը պտտելով՝ մանրացնում, աղում: Հնամենի հայկական շատ կերակրատեսակներ անունը ստացել են այն ամանից, որում պատրաստվել են: Օրինակ՝ տապակը, կճուճը, պուտուկը անուն են տվել տապակային, կճեխաշին, պուտուկին, քրեղանին, չանախին:
Ճաշելուց առաջ աղոթելով պիտի շնորհակալ լինելով Արարչին՝ առաջին հերթին այդ ճաշը մտովի պետք էր մատուցել աշխարհի բոլոր էակներին:
Հարուստ է Արցախի բնաշխարհը, իսկ նրա տերը՝ շնորհաշատ և կարողունակ: Գարնան, ամռան, աշնան ամիսներին արցախցին հոգ է տարել, որ բնության տված բոլոր բարիքներից իր շնորհքի և փորձառության ընձեռնած հնարավորություններով պահվի ձմռան համար, որպեսզի բնության քնի վեց ամիսներին ոչ մի բանի պակասություն չզգան երեխան ու տարեցը, հիվանդն ու երկրորդված հարսը, մեռնողն ու ապրողը: Պտուղները, հատապտուղները, կանաչին, բանջարանոցային, անտառ -դաշտային բարիքները, կաթնեղենը պահվել են ձմռան համար, որը չորացրած, որը՝ աղած, որը փշրած, որը քար վիճակում, որը՝ թթու դրած: Ու դրանք ձմռանը պարզապես սըրտուզիլիքյ էին:
Որքան էլ ընդարձակվում են մեր ճաշացանկերը, ներառում նոր անուններ, մեր սեղանի զարդը շարունակում է մնալ ավանդական արցախյանը, ու սա այն պատճառով, որ յուրաքանչյուր կերակրատեսակ խելամտորեն տարբերակված իր նշանակությունն ունի. նույնիսկ սննդի ընդունման ժամանակն է հաշվարկվել մեր պապերի կողմից, և դա այն ժամանակներում, երբ բժշկագիտությունը դեռ բարուրված էր: